«Սրբազան պայքար»-ի գործով մեղադրողները ապացույցների փոխկապակցվածությունը կներկայացնեն եզրափակիչ ելույթում
«Սրբազան պայքար»-ի գործով մեղադրանքի կողմը հրաժարվում է այս փուլում ապացույցները ներկայացնելիս նշել, թե դրանք որ մեղադրյալին են վերաբերում և ինչպես են փոխկապակցված մյուս մեղադրյալների հետ։
Հիշեցնենք, որ դատարանն այժմ ապացույցների հետազոտման փուլում է։ Հանրային մեղադրողները պնդում են՝ եզրափակիչ ելույթում կներկայացնեն ապացույցների վերաբերելիությունն ու փոխկապակցվածությունը։ Այս տեսակետի հետ համաձայն չէ պաշտպանական կողմը։
Այս գործով կա 18 մեղադրյալ։
Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև՝ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
Այսօր՝ հունիսի 11-ին կայացած դատական նիստում հանրային մեղադրող Վահան Հարությունյանը ներկայացրեց «Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձաքննության արդյունքը։ Ըստ այդմ, մեղադրյալ Հայկ Շահնազարյանի բնակարանում 2025թ. հունիսի 25-ին կատարվել է խուզարկություն, հայտնաբերվել է 87 փամփուշտ, որոնք գործարանային արտադրության են։
Ըստ փորձաքննության արդյունքների՝ 47 մարտական փամփուշտները պիտանի են կրակելու համար և ռազմամթերք են հանդիսանում մարտական ակոսափող զենքերի համար, մնացած 40-ը որսորդական փամփուշտներ են, պիտանի են կրակելու համար և ռազմամթերք են հանդիսանում քաղաքացիական որսորդական ակոսափող զենքերի համար։
Մեղադրյալ Հայկ Շահնազարյանի պաշտպանը նշեց, որ իր վստահորդը Որսորդմիության անդամ է, և կվերահաստատվի, որ առկա են եղել որսորդական հրացաններ, որոնց համապատասխանում են խուզարկությամբ ձեռք բերված փամփուշտները։
Ապացույցը ներկայացնելուց հետո դատարանում կողմերի միջև բանավեճ սկսվեց։ Պաշտպանական կողմը պահանջեց, որ դրանք ներկայացնելիս դատախազները նշեն, թե այն կոնկրետ ում է վերաբերում։
Դատարանը մեղադրող կողմին ասաց, որ հետայսու ապացույցները ներկայացնելիս նշեն, թե որ մեղադրյալին են վերաբերում։
Հանրային մեղադրող Վահան Հարությունյանն էլ հայտնեց՝ եզրափակիչ ելույթներում ներկայացնելու են, թե ինչ առնչություն ունի մեղադրանքը 18 մեղադրյալների հետ։
«Պաշտպանական կողմը պահանջում է յուրաքանչյուր ապացույցը մանրակրկիտ վերլուծենք, կստացվի, որ յուրաքանչյուր ապացույցի դեպքում փոքրիկ եզրափակիչ ելույթներով պետք է հանդես գանք, նման պարտականություն Քրեական դատավարության օրենսգիրքը հանրային մեղադրողների վրա չի դրել»,- հայտարարեց մեղադրողը։
Թեև պաշտպանները հերթով տեսակետ հայտնեցին, որ այդ պարագայում պաշտպանական կողմը զրկված է պաշտպանություն իրականացնելու հնարավորությունից, մեղադրանքի կողմի դիրքորոշումը չփոխվեց։
«Կներկայացնենք ապացույցները, կհետազոտենք, վերջում եզրափակիչ ելույթներում յուրաքանչյուրի վերաբերյալ վերլուծություն կիրականացվի»,- հայտարարեց Հարությունյանը։
Բագրատ Սրբազանն էլ հետաքրքրվեց՝ Հայկ Շահնազարյանին ո՞վ է հանձնարարություն տվել որևէ տեղ որևէ կերպ այս զենքերն օգտագործել. «Կոնկրետացե՛ք, մի՛ խուսանավեք, սա մարդկանց կյանքերի հետ է կապված, սա պարզապես գործ չէ»։
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 18-ին՝ ժամը 14.30-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել