Հայաստանում ընտրությունները տեղի են ունեցել ընդդիմության ճնշումների ֆոնին. Մարիա Զախարովա
Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և Արևմուտքի միջամտության պայմաններում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հայտարարությունը հրապարակվել է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում։
«Հունիսի 7-ին Հայաստանում ընդդիմության վրա աննախադեպ ճնշման ու Արևմուտքի, առաջին հերթին՝ ԵՄ-ի միջամտության պայմաններում, տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան:
Նա նշել է, որ նախնական արդյունքները, որոնք հրապարակվել են ՀՀ ԿԸՀ-ի կողմից, վկայում են այն մասին, որ իր հաղթանակի մասին հայտարարած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «չի ստացել իշխանության մենաշնորհի հնարավորություն»։ «Ավելին, նախորդ ընտրական ցիկլի համեմատ՝ նրա աջակցությունը նկատելիորեն նվազել է»,- շարունակել է Զախարովան։
Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման քաղաքական ուղեծրի մասին՝ Զախարովան ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հետագա հարաբերություններում իր քաղաքական կուրսը մտադիր է կառուցել՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության իրական քայլերը:
Ինչ վերաբերում է հայ ժողովրդի բարեկամական հարաբերություններին, Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ուժեղ և իսկապես ինքնիշխան Հայաստանով, իսկ հայ ժողովուրդը ՌԴ-ի համար եղբայրական է:
«Մոսկվայում միշտ եղել և շահագրգռված կլինեն ուժեղ ու իրապես ինքնիշխան Հայաստանով։ Հայ ժողովուրդը մեզ համար եղբայրական է, մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում: Միևնույն ժամանակ, անցած ընտրությունները ցույց տվեցին, որ հայ հասարակությունը չափազանց բևեռացված է»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ «նման պայմաններում Հայաստանի զարգացման ուղիների վերաբերյալ միակողմանի որոշումներ կայացնելը, առանց հաշվի առնելու բնակչության բոլոր շերտերի կարծիքը, նշանակում է երկիրը տանել դեպի հետագա պառակտում ու սոցիալ-տնտեսական ցնցումներ»: «Ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները կառաջնորդվեն ազգային շահերի վրա հիմնված մոտեցումներով»,- ընդգծել է Զախարովան:
Զախարովան նաև նշել է, որ «հայ հանրության շրջանում ակնհայտ է ՌԴ-ի հետ կապերի զարգացման և ԵԱՏՄ-ին Հայաստանի հետագա անդամակցության լայն պահանջը»:
Լուսանկարը՝ Дмитрий Челяпин/Матч ТВ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել