«Հարսանիքներ վաղուց չեն եղել գյուղում». քվեարկության օրը Առափիում
Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Առափի բնակավայրում կա մեկ ընտրատեղամաս. այն տեղակայված է գյուղի նախկին Մշակույթի տան շենքում, որը հիմա ժամանցի վայր է գյուղացիների համար:
Գյուղում ընտրելու իրավունք ունեցողների թիվը 1555 է, ժամը 17:40-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 626 ընտրող:
Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Չարխիֆալաքյանը «Հետքին» ասաց, որ մասնակցության ամենաակտիվ ժամը եղել է 11:00-12:00-ն:
«Դրսում մեկ-երկու անգամ կուտակումներ եղել են, սակայն ոստիկանության ծառայողները պատշաճ կերպով ամեն ինչ նորմալացրել են»,- նշեց նա:
Դիտորդները և վստահված անձինք ևս մեզ հետ զրույցում նշեցին, որ միջադեպեր, ընտրախախտումներ չեն գրանցվել օրվա ընթացքում:
Գյուղի տարեցներին հարցրինք՝ ինչպես են տեսնում իրենց ապագան, սակայն նրանք հրաժարվեցին պատասխանել` նշելով, որ երիտասարդները պետք է խոսեն, իրենք ասելու բան չունեն։
Գյուղում կա երկու խանութ: Ամենահինը Սեյրան Խաչատրյանինն է, գործում է 90-ականներից: Մեզ հետ զրույցում Սեյրան Խաչատրյանը նշեց, որ գյուղի բնակիչներից շատերը մոտ 10 տարի առաջ աշխատել են Գյումրու ռուսական զորամասում, հետագայում Ռուսաստանի կողմից նրանք առաջարկ են ստացել այնտեղ տեղափոխվելու, ինչից հետո շատերը ընտանիքներով լքել են գյուղը: Սեյրան Խաչատրյանն ասում է` նրանց գնալուց հետո բնակչության թիվը նվազել է:
Ասում է` վաղուց գյուղում հարսանիք չի եղել: Սակայն ապագայի նկատմամբ լավատեսությամբ է լցված:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել