HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպե՞ս են գործակցում տելեգրամյան ալիքները նախընտրական շրջանում. ուղիղ հղումների և վերահրապարակումների պատկերը

«Տելեգրամն» այսօր դարձել է քաղաքական լուրերի և տեղեկատվության տարածման հիմնական հարթակներից մեկը։ Հայաստանում սպասվող ընտրությունների նախաշեմին այստեղ նկատվում է որոշակի թեմաների ու պատումների կազմակերպված առաջմղում։

«Հետքն» ուսումնասիրել է այս հարթակում գործող երկու ալիքների՝ КАВКАЗАРЬ-ի ու MIKA BADALYAN-ի՝ նախընտրական շրջանում արված հրապարակումները՝ նպատակ ունենալով պարզել դրանց միջև առկա բովանդակային նմանություններն ու փոխգործակցությունը։

КАВКАЗАРЬ-ի հրապարակումների թեմատիկ ուղղվածությունը

КАВКАЗАРЬ (@caucasar) տելեգրամյան ալիքը ստեղծվել է 2025 թ. հուլիսի 6-ին։ Ալիքը հունիսի 5-ի դրությամբ ունի 20.062 հետևորդ։ 

Ալիքի նկարագրության բաժնում նշված է. «Անդրկովկասը՝ Ռուսաստանի դեմ նոր հենակե՞տ»։ 

Screenshot 2026-06-05 211040.png (43 KB)

КАВКАЗАРЬ-ը (@caucasar) ռուսական Рыбарь տելեգրամյան ալիքի՝ Հարավային Կովկասի թեմայով բովանդակություն տարածող ալիքն է։ Рыбарь-ը, որն ունի 1,5 մլն-ից շատ հետևորդներ, վերահրապարակում է КАВКАЗАРЬ-ի (@caucasar) հրապարակումները։

КАВКАЗАРЬ-ը տարածում է բացառապես ռուսալեզու բովանդակություն՝ հիմնականում Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Իրանին և Ռուսաստանին առնչվող քաղաքական ու տարածաշրջանային թեմաներով։

Ալիքը 2026 թ. ապրիլի 1-ից մայիսի 10-ն ունեցել է 270 հրապարակում, դրանցից 147-ը վերաբերել են Հայաստանին կամ որևէ կերպ առնչվել են Հայաստանի թեմատիկային։ 

Ալիքը հաճախ է անդրադառնում Հայաստանի արտաքին քաղաքականությանը, հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև արևմտյան երկրների ներգրավվածությանը մեր տարածաշրջանում, ինչը մշտապես ներկայացվում է որպես բացասական և հակառուսական երևույթ։ Ալիքը անդրադառնում է նաև անվտանգային թեմաներին։ Հրապարակումներում հաճախ են օգտագործվում ենթադրությունների վրա հիմնված, էմոցիոնալ երանգ ունեցող բովանդակություններ։ Եթե նույնիսկ ներկայացվում են ճշգրիտ փաստեր, դրանք ուղեկցվում են գնահատողական դատողություններով, որոնք հիմնականում պարունակում են պրոռուսական և հակաարևմտյան նարատիվներ։ 

Տելեգրամյան այս ալիքում հաճախ են հանդիպում այնպիսի ձևակերպումներ, որոնք ռուսամետ են և հակաարևմտյան. օրինակ՝ антироссийский курс (հակառուսական կողմնորոշում), западные кураторы (արևմտյան կուրատորներ)։ Մեր ընտրած ժամանակահատվածում՝ ապրիլի 1-ից մայիսի 10-ը, հաճախ կիրառված բառերից են՝ фактически-ն (իրականում, փաստացի), որը 32 անգամ կիրառվել է՝ հիմնականում մեկնաբանությունները որպես փաստ ներկայացնելու նպատակով, влияние (ազդեցություն) բառը կիրառվել է 43 անգամ, հիմնականում արևմտյան, օտարերկրյա ազդեցությունների մասին տեքստերում, Հայաստանի, Վրաստանի եկեղեցիների ազդեցությունների մասին բովանդակություններում։

Screenshot 2026-06-05 211257.png (15 KB)           Screenshot 2026-06-05 211358.png (14 KB)

Ընտրություններ Հայաստանում

Հայաստանում 2026-ի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ КАВКАЗАРЬ ալիքը մեր ուսումնասիրած ժամանակահատվածում (40 օր) շուրջ 20 հրապարակում է արել, այսինքն՝ 1 հրապարակում 2 օրվա ընթացքում։ Ընտրություններին վերաբերող հրապարակումների համար առանձին թեգ կա՝ выборы։ Դրանցում հիմնականում խոսվում է այն մասին, որ Արևմուտքը միջամտում է Հայաստանում սպասվող ընտրություններին՝ աջակցելով Նիկոլ Փաշինյանին։ Մասնավորապես՝ պնդում է արվում, որ ԵՄ-ի կողմից (հիբրիդային սպառնալիքների) արագ արձագանքման խմբի, ինչպես նաև ֆրանսիական Viginum կազմակերպության ներկայացուցիչներին Հայաստան ուղարկելը միջամտություն է Հայաստանի ընտրություններին, իսկ Արևմուտքին իբրև հոմանիշ կիրառվում է «եվրոպացի բյուրոկրատներ» արտահայտությունը։ Մի քանի անգամ կիրառվել է նաև «մոլդովական սցենար» ձևակերպումը։ 

Մայիսի սկզբին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ալիքը ներկայացնում է որպես աջակցություն Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին։

Ալիքը շատ է խոսում ռուսական հիբրիդային սպառնալիքների մասին՝ մշտապես այդ ձևակերպումը չակերտների մեջ առնելով։ Ցույց է տալիս, թե դա կեղծ թեզ է՝ հորինված Արևմուտքի կողմից և վերածվել է լրատվամիջոցներին վերահսկելու գործողության։ Այսինքն՝ հիմնական նարատիվն այն է, որ ապատեղեկատվության դեմ պայքարը իրականում մեդիայի նկատմամբ ճնշում է Արևմուտքից, ինչպես նաև ՔՊ-ի քարոզարշավի մի մասն է։ Հիբրիդային սպառնալիքների և ռուսական ազդեցության դեմ պայքարը ալիքը ներկայացնում է որպես Արևմուտքի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտելու պատրվակ։

Նարատիվներից է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանի վստահությունը հանրության շրջանում անկում է ապրել, և նրա իշխանությունը ստիպված հույսը դրել է Արևմուտքի վրա։ Սակայն այս պնդման համար որևէ փաստ ալիքը չի բերում։ Դրան զուգահեռ ներկայացվում է, որ ընդդիմության վստահությունն աճում է, ներկայացվում է, որ սփյուռքը և եկեղեցին պայքարում են ընդդեմ Փաշինյանի իշխանության։ 

Միքայել Բադալյանի տելեգրամյան էջը և իրավական արձագանքները

MIKA BADALYAN (@mikayelbad) հեղինակային տելեգրամյան ալիքը ստեղծվել է 2020 թ. դեկտեմբերի 5-ին։ Ալիքը հունիսի 5-ի դրությամբ ունի 32,432 հետևորդ։ 

Ալիքի պաշտոնական նկարագրության (description) մեջ նշված են հետևյալ տեղեկությունները.

  • «#АЗАТАГРУМ ժողովրդական շարժման առաջնորդ»
  • «Հարավային Կովկասում ամենից շատ մեջբերվող հեղինակային ալիքը»
  • «Mika Badalyan ալիքի ողջ նյութը հանդիսանում է հեղինակի մասնավոր դիրքորոշումը»։

Screenshot 2026-06-05 212324.png (62 KB)

Ալիքի հեղինակը հանրային-քաղաքական ակտիվիստ և բլոգեր Միքայել Բադալյանն է։ Ալիքի բովանդակությունը հիմնականում ռուսալեզու է և ներառում է Հայաստանին ու տարածաշրջանին առնչվող ռազմաքաղաքական ու հասարակական իրադարձությունների լրահոս և մեկնաբանություններ։ Իր հրապարակումներում հեղինակը հանդես է գալիս Հայաստանի գործող իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականության քննադատությամբ։

Միքայել Բադալյանի նկատմամբ արձանագրվել են հետևյալ իրավական գործընթացները.

  • 2022 թ. մայիսին նա ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։ Ավելի ուշ ազատ է արձակվել գրավի դիմաց, իսկ 2023 թ. մայիսին դատարանի որոշմամբ ենթարկվել է տուգանքի։
  • 2023 թ. սեպտեմբերին Սյունիքի մարզում ձերբակալվել է զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության կասկածանքով, «Sputnik Արմենիա»-ի լրագրող Աշոտ Գևորգյանի հետ միասին։ Կարճ ժամանակ անց երկուսն էլ ազատ են արձակվել։ Այս դեպքի վերաբերյալ հայտարարություններ են արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը։

Միքայել Բադալյանը ՌԴ-ում գրանցված «Եվրասիա» (АНО «Евразия») ոչ առևտրային կազմակերպության խորհրդի անդամ է և այդ կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում։ Այս կարգավիճակով նա համակարգում է կազմակերպության կողմից իրականացվող կրթական, հումանիտար և մեդիա ծրագրերը։

Հունիսի 1-ին AteoBreaking տելեգրամյան ալիքը, հղում անելով ակտիվիստ Արշակ Մակիչյանի տրամադրած սքրինշոթներին, գրել էր, թե Հայաստանում գործող պրոռուսական հիմնադրամները կազմակերպում են ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Երևան՝ հունիսի 7-ի ընտրությունների վրա ազդելու նպատակով։ Ըստ այդ հրապարակման՝ Միքայել Բադալյանն առաջարկում է հունիսի 4-ի համար Մոսկվայից Երևան անվճար ավիատոմսեր ձևակերպել։

Ստացված փաստական տվյալների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում հունիսի 3-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։

26 ուղիղ վերահրապարակում և հարյուրավոր մեջբերումներ.
ալիքների տեխնիկական կապը

Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերը նշված երկու ալիքները, ինչպես նաև տելեգրամյան այլ ալիքներ, գործում են փոխկապակցված։ Դրանք պարբերաբար տարածում են ամբողջությամբ նույն հրապարակումները, արձագանքում են միմյանց գրառումներին, վերջին շրջանում հաճախակիացել են նաև միմյանց հղում տալն ու փոխադարձ մեջբերումները։

Screenshot 2026-06-04 134739.png (148 KB)

Տելեգրամյան փոխկապակցված ալիքների գրաֆիկայի էկրանապատկեր՝ Bloom Social Analytics-ից

Այս մեխանիզմով հարթակներում տարածվում են մի քանի հիմնական տեղեկատվական և ապատեղեկատվական պատումներ․

  • Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի շուրջ վախերի սերմանումը. ալիքները փորձել են տպավորություն ստեղծել, թե ռազմաբազան կանգնած է անհապաղ փակման վտանգի առաջ, և դրա հետևանքով Հայաստանի շուրջ անվտանգային լուրջ սպառնալիքներ են հասունանում։
  • Հայաստանի՝ որպես հակառուսական միջավայրի ներկայացումը. նպատակային թեզեր են շրջանառվել Հայաստանում գտնվող կամ ժամանել պատրաստվող ռուսաստանցիների շրջանում, թե երկիրն այլևս անվտանգ ու հյուրընկալ վայր չէ ռուսաստանցի ռելոկանտների կամ զբոսաշրջիկների համար։

Տվյալների հետազոտությամբ զբաղվող LetsData թիմի զեկույցի համաձայն, որում ուսումնասիրվել են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող երկու շաբաթները (մայիսի 11-25), հայաստանյան լսարանին ուղղված 11 տելեգրամյան ալիքներ ընդհանուր առմամբ 26 անգամ ուղիղ վերահրապարակել են պատժամիջոցների տակ գտնվող ռուսական Рыбарь (@rybar) մեդիա-նախագծի և КАВКАЗАРЬ (@caucasar) ալիքի նյութերը։

LetsData-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ այս տեղեկատվական հոսքի տարածման մեջ  առանցքային դեր է խաղում հենց Միկա Բադալյանի տելեգրամյան ալիքը, որը @azatagrum, @rusyerevantoday և @tzitzak ալիքների հետ միասին ապահովել է բոլոր վերահրապարակումների կեսից ավելին։

Մասնավորապես՝ КАВКАЗАРЬ-ի (@caucasar) հեղինակած «Արևմուտքը տեսել է լույսը. ինչպես Փաշինյանը կործանեց արևմտյան ժողովրդավարության պատկերը» հրապարակման բնօրինակի հայտնվելուց ընդամենը 6 րոպե անց այն արդեն նույնությամբ վերահրապարակվել է Միքայել Բադալյանի և @azatagrum ալիքներում։

Փոխկապակցվածությունն արձանագրվում է նաև Bloom Social Analytics-ի միջոցով հավաքագրված տվյալներով, ըստ որոնց նախընտրական քարոզարշավի ընթացքում Միկա Բադալյանի տելեգրամյան ալիքում արվել է երեք հրապարակում, որոնք ուղիղ հղում են տալիս КАВКАЗАРЬ-ին։

Այսպես՝ մայիսի 7-ին Բադալյանի ալիքում հրապարակվել է հայ-ուկրաինական հնարավոր գործակցության և Ուկրաինայի տարածքում ՀՀ ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումների ենթադրյալ մարզումների վերաբերյալ նյութ, որտեղ հեղինակն ուղիղ տեքստային հղում է կատարել КАВКАЗАРЬ ալիքին։

Screenshot 2026-06-05 212644.png (31 KB)

Մայիսի 20-ին Հայ Առաքելական եկեղեցու և ԵԽԽՎ պատվիրակության հայտարարություններին վերաբերող «Հոգևոր պատասխան» (Духовный ответ) նյութի հրապարակման մեջ ևս ուղիղ հղում է արվում КАВКАЗАРЬ-ին։

Screenshot 2026-06-05 212749.png (34 KB)

Հաջորդ օրը՝ մայիսի 21-ին, Բադալյանի կողմից նույնությամբ տարածվել է КАВКАЗАРЬ-ի հեղինակած «Արևմուտքը տեսել է լույսը. ինչպես Փաշինյանը կործանեց արևմտյան ժողովրդավարության պատկերը», որի մասին արդեն նշեցինք։

Screenshot 2026-06-05 212813.png (35 KB)

Այս էջերի բովանդակության տարածմամբ աչքի են ընկնում նաև հայաստանյան ընդդիմադիր գործիչները։ Օրինակ՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանն իր տելեգրամյան ալիքում КАВКАЗАРЬ-ից վերահրապարակել է 40 նյութ։ Ընդ որում՝ այդ աղբյուրից նյութերի տարածումը Աբովյանն սկսել է հենց 2025-ի հուլիսից՝ КАВКАЗАРЬ (@caucasar) ալիքի ստեղծման պահից։ Բացի դրանից՝ Արման Աբովյանի էջում դեռևս 2022-ից արձանագրվել է Միքայել Բադալյանի տելեգրամյան հրապարակումների շուրջ 1296 վերահրապարակում։ 

Screenshot 2026-06-05 212959.png (14 KB)       Screenshot 2026-06-05 212924.png (14 KB)

Ինչո՞ւ հենց «Տելեգրամ». հարթակի ընտրությունը՝ պատումների տարածման համար

Սոցիալական մեդիայի ժամանակակից տիրույթում «Տելեգրամը» վաղուց դադարել է պարզապես մեսենջեր լինելուց։ Այն հաճախ վերածվում է ապատեղեկատվության և մանիպուլյատիվ նարատիվների տարածման հարթակի։ Կիբեռանվտանգության փորձագետ Արթուր Պապյանը նշում է, որ, ի տարբերություն «Ֆեյսբուքի» կամ «Ինստագրամի», «Տելեգրամը» չունի բաց ալգորիթմիկ լրահոս, իսկ կասկածելի ալիքների հրապարակումները հաճախ նույնիսկ 1000 դիտում չեն հավաքում։ Այդ դեպքում ինչո՞ւ են չարագործներն ընտրում հենց այս հարթակը։

«Առաջինը՝ «Տելեգրամը» շատ պոպուլյար է հաքերների մոտ, այն շատ է օգտագործվում, և նրանք շատ լավ պատկերացնում են դրա կողմերը։ Հաջորդը՝ «Տելեգրամը»՝ որպես հարթակ, շատ պասիվ է. ինքը չի արձագանքում, երբ դիմում եք աջակցման կենտրոնին։ Ի տարբերություն «Ֆեյսբուքի» կամ «Ինստագրամի», որտեղ արագ արձագանքում ու վերականգնում են էջերը, «Տելեգրամում» կոտրած օգտահաշիվը հաքերը կարող է հույս ունենալ, որ երկար ժամանակ կօգտագործի։ Երրորդ գործոնն անվտանգության համակարգն է. գրանցումը հիմնականում SMS կոդով է, և հարթակը by default անվտանգ չէ։ Օգտատերը պետք է ինքը ջանք գործադրի, որպեսզի միացնի երկփուլային վավերացումը, ինչը շատերը չեն անում։ Դրա պատճառով էլ «Տելեգրամում» հաշիվներ կոտրելն ավելի հեշտ է»,- ասում է Պապյանը։

Փորձագետը նշում է, երբ տարբեր ալիքներ րոպեների ճշտությամբ սկսում են տարածել նույն թեզերը, սա մեդիադաշտում կոորդինացված արշավի նշան է։ «Տելեգրամի» մեխանիզմները թույլ չեն տալիս նյութերի պատահական տարածում, ինչը նշանակում է՝ այսօրինակ սինխրոնիզացիայի հետևում հիմնականում կոնկրետ պլանավորում կա։

««Տելեգրամի» տարածման մեխանիզմները այնքան էլ ալգորիթմիկ չեն։ Այնտեղ «Տիկտոկի» նման համակարգ չկա, որ ալգորիթմի պատճառով ինքնուրույն նոր բան բացահայտես. դու պետք է իմանաս՝ ինչ ալիքի հետևես, որպեսզի նյութը տարածես։ Եվ երբ տեսնում ենք, որ շատ քիչ հետևորդներ ունեցող ալիքի կոնտենտը հանկարծ ինչ-որ կախարդական ձևով տարածվում է շատ արագ, բնական է, որ հարցեր պիտի առաջացնի։ 100 %-ով բավարար չէ պնդման համար, բայց լիովին բավարար է առաջին դատողություններն անելու և կասկածներ հայտնելու համար»,- ասում է փորձագետը՝ նշելով, որ այսպես տարածվածության պատրանք է ստեղծվում։

Փոքր, նորաբաց ու անհայտ ալիքները ներկայացվում են որպես ապատեղեկատվության «աղբյուր», որից հետո, ըստ փորձագետի, այդ նյութերը տեղափոխվում են ավելի մեծ լսարան ունեցող հարթակներ կամ ավանդական լրատվամիջոցներ՝ ստանալով լեգիտիմություն։

«Տեսնում ես՝ ինչ-որ բան է հայտնվել տելեգրամյան ալիքում, դրան հղում տալով՝ մեկ-երկու ավելի հայտնի ալիքներ վերատարածում են, հետո էլ լրատվամիջոցն է վերցնում ու ասում՝ «այս տելեգրամյան ալիքը սենց բան է գրել»։ Ու գաղտնիք է մնում, թե դու որտեղից իմացար երեկ չէ առաջին օրը բացված այդ կասկածելի ալիքի տեղը։ Բնական է, որ սա հանգեցնում է նրան, որ գործ ունենք կոորդինացված, համակարգված վարքագծի հետ՝ կոնկրետ չարամիտ նպատակներով»,- նշում է Արթուր Պապյանը։

Տելեգրամյան տիրույթի և առանձին հարթակների գործունեության վերլուծությունը ցույց է տալիս, որ թվային տեղեկատվական արշավները հաճախ հենվում են ոչ թե մեծաթիվ օրգանական լսարանի, այլ տեխնիկական սինխրոնիզացիայի և կոորդինացված վարքագծի վրա։ Տարածաշրջանային մեդիացանցերի և տեղական քաղաքական ու հանրային դերակատարների միջև առկա տեխնիկական կապի փաստագրումը բացահայտում է ընտրական գործընթացներին զուգահեռ թվային տիրույթում կիրառվող ազդեցության իրական մեխանիզմները։

*Bloom Social Analytics-ի միջոցով տվյալների հավաքագրումը ստացվել է EITF-ի հետ համագործակցության արդյունքում։

Գլխավոր նկարը պատրաստվել է արհեստական բանականությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter