HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Դատախազն իր նախաձեռնությամբ 2026թ. հունիսի 5-ին, 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004թ. նոյեմբերի 8-ից մինչև 2016թ. փետրվարի 11-ը Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գորիկ Հակոբյանի նկատմամբ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ենթակա աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելը կազմակերպելու համար: Այս մասին հայտնում են Դատախազությունից։

«Մասնավորապես՝ քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, 2008 թվականի մարտի 1-ին, ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնն զբաղեցրած Գորիկ Հակոբյանը, «Ազատության» հրապարակում ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների բռնարարքներն արդարացնելու, ՀՀ ոստիկանության ուժերի կողմից «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու հիմքերի ակնհայտ բացակայության պայմաններում, կեղծ հիմքեր ստեղծելու նպատակով՝ հետին ամսաթվով՝ 2008թ. փետրվարի 28-ի թվագրմամբ, իր ենթակա աշխատակիցների օժանդակությամբ կազմել և ՀՀ ոստիկանության պետի պաշտոնն զբաղեցրած Հ.Հ.-ին գաղտնի փոստի միջոցով ուղարկել է բովանդակությամբ կեղծ, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող գրություն այն մասին, թե «Ըստ ԱԱԾ-ում ստացվող օպերատիվ տվյալների՝ ՀՀ նախագահական ընտրություններից հետո՝ փետրվարի 20-ից, Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմակիցների կողմից Երևանի «Ազատության» հրապարակում իրականացվող չարտոնված հանրահավաքներն ու երթերը նպատակ են հետապնդում ապակայունացնել իրավիճակը Երևան քաղաքում: Հանրահավաքների ընթացքում պարբերաբար հնչում են սադրիչ բնույթի հայտարարություններ և կոչեր: Ստացվել են նաև տեղեկություններ, որ ցուցարարներին բաժանվելու է հրազեն, պայթուցիկ նյութեր, մետաղյա ձողեր և մահակներ, որոնք կարող են օգտագործվել նրանց կողմից հրահրվող հնարավոր սադրիչ և հակաիրավական գործողությունների ընթացքում:»: 

Այնուհետև,Գորիկ Հակոբյանը վերոնշյալ փաստաթղթի կեղծ լինելու հանգամանքը քողարկելու նպատակով, 2008թ. մարտի դրությամբ ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Տ.Բ.-ին դրդել է կազմակերպել և ղեկավարել օպերատիվ բնույթի կեղծ տեղեկանքներ կազմելու ու հանձնելու գործընթացը: Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ հետին ամսաթվերով՝ 2008թ. փետրվարի 23-ի, փետրվարի 24-ի և փետրվարի 28-ի թվագրմամբ, կազմվել և պաշտոնեական փաստաթղթաշրջանառության մեջ են դրվել օպերատիվ բնույթի կեղծ տեղեկանքներ, որոնց բովանդակությունն իբրև թե հիմք է հանդիսացելԳորիկ Հակոբյանի 2008թ. փետրվարի 28-ի կեղծ գրության համար:  

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նաև 2008թ. ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Տ.Բ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը կազմակերպելը), վարչության 4-րդ դեպարտամենտի քարտուղարի պաշտոնն զբաղեցրած Ն.Մ.-ի, սահմանադրական կարգի պահպանման բաժնի պետի պաշտոնն զբաղեցրած Ա.Գ.-ի և բաժնի պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Ա.Բ.-ի նկատմամբ՝ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ Գորիկ Հակոբյանը մահացել է 2017 թվականին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter