Ինչ են հայտարարագրել «Բոլորին դեմ եմ» կուսակցության թեկնածուները
Մինչ մենք կսկսեինք ուսումնասիրել «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության ցուցակում ներառված պատգամավորության 87 թեկնածուների հայտարարագրերը, նրանցից 57-ը դուրս եկան ցուցակից։ Այս հանգամանքը պայմանավորված է կուսակցության քաղաքական նպատակներով, այլ ոչ թե անհամաձայնությունների կամ տարաձայնությունների նշան է։
30-ից երեքը հայտարարագիր չեն ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ 27 թեկնածուներից ամենամեծ եկամուտն ունեցել է Սպարտակ Կյուրեղյանը՝ մոտ 316 մլն դրամ։ Ամենաշատ դրամական միջոցները հայտարարագրել է Վարդան Քալանթարյանը` մոտ 180 մլն դրամ։ Նա նաև ունի ամենաշատ անշարժ գույքը՝ 19 միավոր։
.jpg)
Կուսակցության թեկնածուները, հիմնականում, երիտասարդ են։ Նրանցից 11-ը մինչև 34 տարեկան է, ևս 11 թեկնածու 35-44 տարեկան է։ Ամենաերիտասարդ թեկնածուներն են Միքայել Նահապետյանը և Արտակ Քամալյանը՝ 29 տարեկան, իսկ ամենատարիքով թեկնածուն Սուսաննա Մուրադյանն է՝ 68 տարեկան։ Թեկնածուներից ինը կանայք են, 21-ը` տղամարդիկ։ Հայտարարագիր ներկայացրած 27 հոգուց ութը չի աշխատում, 19-ը աշխատում է։
.jpg)
.jpg)
Ինչ են հայտարարագրել առաջին 10 համարները
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Սպարտակ Կյուրեղյանը։ Նա աշխատում է «Զելըս» ՓԲԸ-ում որպես խորհրդատու։
Կյուրեղյանն ունի 37.32 և 53.49 քմ մակերեսներով երկու բնակարան, կառուցվող շենքում 106 քմ մակերեսով բնակարանի և 18.6 քմ մակերեսով ավտոտնակի գնման իրավունք։ «Բոլորին դեմ եմ»-ի առաջին համարը հայտարարագրել է 2020 թվականի արտադրության «Tesla model Y» մակնիշի ավտոմեքենա։
Հաշվետու ժամանակահատվածում Կյուրեղյանը «Այբբենգիմ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքից ստացել է 288 մլն 250 հազար դրամ։ «Զելըս» ՓԲԸ-ին բաժնետոմսերի վաճառքից Սպարտակ Կյուրեղյանը ստացել է 52 մլն դրամի եկամուտ։ Նույն ընկերությունից նա 9.3 մլն դրամ աշխատավարձ է ստացել։
«Բուտեխ» ՓԲԸ-ից, որպես աշխատավարձ, Կյուրեղյանը ստացել է 8,450 դրամ, «Թի Էյ Բիզնես Կենտրոն» ՍՊԸ-ից` 11.5 մլն դրամ և «Գոյա» ՓԲԸ-ից 1.3 մլն դրամ։ Կյուրեղյանը հայտարարագրել է 102 մլն դրամ և 37 հազար դոլար։ «Այբբենգիմ գույք» ՓԲԸ-ում, «Բալիստիք» ՓԲԸ-ում, «Բուտեխ» ՓԲԸ-ում և «Ա 3» ՍՊԸ-ում Սպարտակ Կյուրեղյանը փայատեր է։
Ցուցակում երկրորդը Իշխան Գևորգյանն է։ Նա չի աշխատում, հայտարարագիրն էլ ամբողջովին դատարկ է։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի երրորդ համարն է։ Նա նաև կուսակցության վարչապետի թեկնածուն է։ Կարապետյանցը Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանի համասեփականատեր է։ Նա հայտարարագրել է 2006 թվականի արտադրության «Kia Sorento» մակնիշի մեքենա։ Եկամուտներ և դրամական միջոցներ Կարապետյանցը չի ունեցել։
Ծրագրավորող Արամ Քոչարյանը, ով «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախագահն է, ցուցակում չորրորդն է։ Քոչարյանը 86.1 քմ մակերեսով բնակարանի համասեփականատեր է։ Նա երկու մեքենա ունի՝ 2010-ի արտադրության «Nissan Xterra» և 2020-ի արտադրության «Tesla Model 3»։
Արամ Քոչարյանը նախորդ 12 ամսիներին 54 մլն դրամ աշխատավարձ է ստացել «Բրանսֆեր» ՍՊԸ-ից։ Նրա դրամական միջոցները կազմել են 5000 դոլար և 7 մլն դրամ։
Քոչարյանը «Layerswap Labs Inc» ընկերության 34% փայատեր է։
Ցուցակի հինգերորդ համարը Միքայել Նահապետյանն է։ Նա 52 քմ մակերեսով բնակարանի և 0,0466 հա մակերեսով հողամասի համասեփականատեր է։ Նահապետյանը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից ստացել է 7.8 մլն դրամ աշխատավարձ, «Քրոփարտ» ՍՊԸ-ից 1.3 մլն դրամ աշխատավարձ, իսկ «Այդի բանկ» ՓԲԸ-ից 1 մլն դրամ փոխառություն։
Նահապետյանի միջոցները կազմել են 2.5 մլն դրամ և 712 դոլար։
«Ջեյ դաբլյու հոլդինգ» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն Տաթևիկ Քամալյանը ցուցակի վեցերորդ համարն է։ Նա հայտարարագրել է 73.3 քմ մակերեսով բնակարան։ Նա որևէ եկամուտ չի հայտարարագրել։ Դրամական միջոցները կազմել են 2 մլն դրամ։
«Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակում յոթերորդը Հովսեփ Ղազարյանն է։ Նա չի աշխատում։ Դրամական միջոցներ, անշարժ և շարժական գույք Ղազարյանը չի հայտարարագրել։
Լիլիթ Մուրադյանը «Բոլորին դեմ եմ»-ի ութերորդ համարն է։ Նա ունի 60 քմ մակերեսով բնակարան և 1000 քմ մակերեսով հողամաս։ Մուրադյանը «Զայլինքս Արմենիա» ՍՊԸ-ից 899 հազար դրամ աշխատավարձ է ստացել։ Դրամական միջոցներ Մուրադյանը չի հայտարարագրել։
«Բրեյնբիզ» ՍՊԸ-ում որպես սպասարկման բաժնի մասնագետ աշխատող Արամայիս Պետրոսյանը «Բոլորին դեմ եմ»-ի ցուցակում իններորդն է։ Նա 1200 քմ մակերեսով հողամասի սեփականատեր է։
Պետրոսյանը «Բրեյնբիզ» ՍՊԸ-ից ստացել է 7.8 մլն դրամ աշխատավարձ։ Նրա դրամական միջոցները կազմել են 31 մլն դրամ։
«Բոլորին դեմ եմ»-ի ցուցակի առաջին տասնյակը եզրափակում է «Ինտեք» ՍՊԸ-ի տնօրեն Հրաչյա Ամիրբեկյանը։ Նա համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Երևանում գտնվող 61.97 քմ մակերեսով բնակարան է հայտարարագրել։ Ամիրբեկյանը նաև 131.8 քմ մակերեսով բնակարան, 0.05305 հա մակերեսով հողամաս և 2.5 քմ մակերեսով հավանոց ունի Վանաձոր քաղաքում։
Հրաչյա Ամիրբեկյանին է պատկանում «Սկապա» ՍՊԸ-ի 50%-ը և «Ինտեք» ՍՊԸ-ի 100%-ը։ «Ինտեք» ՍՊԸ-ից Ամիրբեկյանը 500 հազար դրամ աշխատավարձ է ստացել։ Դրամական միջոցներ նա չի ունեցել։
Այսպիսով՝ 30 հոգանոց կուսակցությունը, հիմնականում, բաղկացած է երիտասարդներից, որոնց նպատակն է փոխել ընտրական համակարգը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել