«Մագնիտսկու գործի» հետքերով. կասկածելի կես միլիոն ֆրանկը Շվեյցարիայից հասել է Հայաստան
Մինչ Շվեյցարիայի դատարանը փորձում է «Մագնիտսկու գործի» շրջանակում կալանք դնել միլիոնավոր դոլարների վրա, այդ գումարների մի մասը հայտնվել է Հայաստանում։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) արձանագրել է՝ պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցի գործարար Դենիս Կացիվին (Denis Katsyv) հաջողվել է 2026 թ․-ի փետրվարին մոտ 6,5 միլիոն ֆրանկ դուրս բերել շվեյցարական բանկերից եւ դրանք տեղափոխել Իսրայել ու Հայաստան։ Վեհաժողովում քննարկվել է, թե ինչպես է Շվեյցարիայի դատարանների սխալը Դենիս Կացիվին հնարավորություն տվել այդ երկրից տեղափոխել իր գումարները։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2026թ. ապրիլյան նստաշրջանում հրապարակել է N 16362 զեկույցը։ Այն վերնագրված է «Սերգեյ Մագնիտսկու կողմից բացահայտված հանցագործության եկամուտների հետագծումը և դրա մեղավորներին պատասխանատվության ենթարկելը» (Tracking the proceeds of the crime denounced by Sergei Magnitsky and holding its perpetrators accountable.)։ Զեկույցում հստակ նշվում է Դենիս Կացիվի կողմից շվեյցարական UBS բանկից Իսրայել և Հայաստան կատարված փոխանցումների մասին: Շվեյցարիայի դաշնային դատարանը արդեն իսկ հաստատել է, որ Կացիվի հաշիվների միջոցները հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ են: Իսրայել փոխանցվել է 6 մլն, Հայաստան՝ 524,000 շվեյցարական ֆրանկ (մոտ $592,000):
Հասկանալու համար, թե ինչ գումարների մասին է խոսքը, հիշեցնենք, թե ինչ է «Մագնիտսկու գործը»։
Մագնիտսկու գործը․ 230 միլիոն ԱՄՆ դոլարի խարդախություն Ռուսաստանում
2007 թվականին պաշտոնյաներից և քրեական տարրերից բաղկացած խումբը («Կլյուևի խումբ») իրականացրել է Ռուսաստանի պատմության մեջ ամենախոշոր հարկային հափշտակություններից մեկը։ 2007 թվականին ՌԴ իրավապահ մարմինները խուզարկություններ իրականացրին Hermitage Capital ներդրումային հիմնադրամի մոսկովյան գրասենյակներում և առգրավեցին երեք դուստր ընկերությունների՝ «Ռիլենդ» (Rilend), «Պարֆենիոն» (Parfenion) և «Մախաոն» (Makhaon) կնիքներն ու հիմնադիր փաստաթղթերը։
Օգտագործելով այս փաստաթղթերը՝ հանցավոր խումբը կեղծել է սեփականության իրավունքները և ընկերությունները վերագրանցել կեղծ անձանց (մասնավորապես՝ դատապարտված հանցագործ Դմիտրի Կլյուևի հետ կապված անձանց) անուններով։
Կեղծ դատական հայցերի միջոցով ստեղծվել են արհեստական պարտավորություններ, որոնց հիման վրա պետբյուջեից հետ է պահանջվել նախկինում վճարված 230 միլիոն դոլարի շահութահարկը։ Այս սխեման բացահայտած իրավաբանը՝ Սերգեյ Մագնիտսկին, ձերբակալվեց հենց այն պաշտոնյաների կողմից, որոնց դեմ ցուցմունք էր տվել, և գրեթե մեկ տարի կտտանքների ենթարկվելուց հետո մահացավ «Մատրոսկայա տիշինայի» մեկուսարանում։
Նրա անունով է կոչվում հայտնի «Մագնիտսկու ակտը» (Magnitsky Act), որն ընդունվեց ԱՄՆ-ում (հետագայում՝ նաև այլ երկրներում) և պատժամիջոցներ է սահմանում մարդու իրավունքների խախտումների ու կոռուպցիայի մեջ ներգրավված անձանց նկատմամբ։
Դենիս Կացիվի և Prevezon ընկերության դերը
Քննությամբ պարզվել է, որ հափշտակված գումարների մի մասը լվացվել է ընկերությունների միջոցով։ Հանցավոր եկամուտ ստացողներից մեկը կիպրոսյան Prevezon Holdings Ltd. ընկերությունն է։ Դենիս Կացիվը կիպրոսյան Prevezon Holdings ընկերության սեփականատերն էր։
Ինչպե՞ս գումարը հասավ Երևան
2026 թ. ապրիլի 18-ին swissinfo.ch -ին հրապարակեց հետաքննություն, որտեղ նկարագրել էր, թե ինչպես են Կացիվի փողերը հոսել Հայաստան։ Որոշ ժամանակ անց հոդվածից հեռացվեց հայկական ընկերության անունը։ Սակայն վեբարխիվում այն պահպանվել է։
2026թ. փետրվարի 12-ին Դենիս Կացիվի անձնական UBS հաշվից երկու փոխանցում է կատարվել՝ ընդհանուր 523,569 ֆրանկ (338,569 և 185,000 ֆրանկ) շվեյցարական Incore Bank AG-ում «Լենդմարկ Կապիտալ» (Landmark Capital) ընկերության գործող հաշվին։ Գործարքի նպատակում հստակ նշված է եղել՝ «Լենդմարկ Կապիտալ»-ի հաճախորդ Դենիս Կացիվի հաշվի համալրում»՝ Երևանում գործող «Էվոկաբանկի» հաշվին։

«Լենդմարկ Կապիտալ» ՓԲԸ-ն Հայաստանում գործող ներդրումային ընկերություն է, որն ունի Կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիա՝ թիվ 0016։
Փետրվարի 12-ին՝ գումարների փոխանցման օրը, Շվեյցարիայի Գերագույն դատարանն արդեն իսկ բեկանել էր Կացիվի օգտին կայացված նախկին որոշումը և պահանջել էր վերահաշվարկել բռնագանձման ենթակա գումարները։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ գումարները Հայաստան են տեղափոխվել՝ Շվեյցարիայում դրանց հնարավոր կալանքից խուսափելու համար։
Ինչու Դատախազությունը և Կենտրոնական բանկը քայլեր չեն ձեռնարկել
Զեկույցի 13-րդ կետում Վեհաժողովը «լուրջ մտահոգություն» է հայտնում առ այն, որ Շվեյցարիայի իշխանությունները թույլ են տվել Կացիվին գումարները դուրս բերել երկրից, և հստակ արձանագրում է, որ այդ միջոցները փոխանցվել են հայաստանյան և իսրայելական բանկեր։
Համաձայն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի` առկա են բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ տեղի է ունեցել հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացում: Տրամաբանությունը հուշում է, որ ԵԽԽՎ զեկույցի հրապարակումից հետո Հայաստանի իրավապահներն անմիջապես պետք է քրեական վարույթ նախաձեռնեին՝ պարզելու Հայաստան մտած միջոցների օրինականությունը:
Միաժամանակ, պետք է կիրառվեր կալանք, կամ դրանց հետագա շրջանառությունը կանխելու համար պետք է սառեցվեին այդ դրամական միջոցները։ Տեսնենք, թե ինչ քայլեր է ձեռնարկել Հայաստանը։
Գաղտնիության քող. «Էվոկաբանկը», Կենտրոնական բանկն ու ներդրումային ընկերությունը, հղում անելով օրենքներին, հրաժարվում են խոսելուց
«Հետքը» պաշտոնական հարցումներ է ուղարկել գործարքի բոլոր մասնակիցներին՝ պարզելու, թե արդյոք իրականացվել է պատշաճ ուսումնասիրություն (Due Diligence)՝ հաշվի առնելով, որ գումարների տերը միջազգային սկանդալի կենտրոնում գտնվող անձ է։
«Էվոկաբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը մեր հարցմանը հրաժարվել է պատասխանել՝ բանկային գաղտնիքի վկայակոչմամբ։ Հղում անելով «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածներին՝ հայտնել է, որ հայցվող տեղեկությունները երրորդ անձանց տրամադրել չեն կարող։ Այդուհանդերձ, բանկի ղեկավարը հավելել է, որ ««Էվոկաբանկն» իր գործունեության ընթացքում լիարժեք դիտարկում, վերահսկում և պահպանում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենսդրության պահանջները»։ Թե ինչպես է այդ «լիարժեք վերահսկողությունը» թույլ տվել ընդունել Մագնիտսկու գործով անցնող անձի միջոցները, այդ մասին բանկը լռում է։
Նույնատիպ պատասխան ենք ստացել նաև «Լենդմարկ Կապիտալ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գոռ Գևորգյանից։ Նա նշել է, որ հարցվող տեղեկատվությունը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ծառայողական բնույթի տեղեկատվություն է, որի հրապարակումն արգելվում է։ Ընկերությունը ո՛չ հերքել, ո՛չ էլ հատատել է, որ Դենիս Կացիվն իրենց հաճախորդն է, և որ նման փոխանցում իրականում եղել է։
Կենտրոնական բանկի «խոստումնալից» պատասխանը
Վերոհիշյալ գործարքների, հնարավոր պատժամիջոցների ռիսկերի վերաբերյալ մեր հարցերին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նույնպես չի պատասխանել։ ԿԲ-ն նշել է, որ Ֆինանսական դիտարկումների կենտրոնին (ՖԴԿ) օրենքով արգելվում է ստացվող և վերլուծվող տեղեկությունների հրապարակումը, ուստի իրավասու չեն տեղեկություններ տրամադրել կոնկրետ փոխանցումների մասին։
Այնուամենայնիվ, ԿԲ-ն փորձել է շեշտադրել իր կարևորությունը հետեւյալ կերպ․ «ՀՀ կենտրոնական բանկը հետևում է Հայաստանին առնչվող բոլոր ազդակներին և ձևավորում վերահսկողական արձագանք։ Ցանկացած միջազգային հանցավոր սխեմայում ՀՀ ֆինանսական հաստատության որևէ կերպ հնարավոր ներգրավման վերաբերյալ ազդակն ուսումնասիրվում է»։ Սակայն, ակնհայտ է, որ ԵԽԽՎ-ի զեկույցի՝ Հայաստանին առնչվող հատվածն ընդհանրապես չի հետաքրքրել Կենտրոնական բանկին։ Թե որքանով է արդյունավետ այդ ուսումնասիրությունը, պարզ է դառնում հաջորդ պաշտոնական նամակից։
Դատախազությունը տեղյակ չէ
Մեր պաշտոնական հարցմանն ի պատասխան Դատախազությունից հայտնել են․
«2025-2026թթ. ընթացքում Դենիս Կացիվի կամ նրա հետ փոխկապակցված ընկերությունների կողմից շվեյցարական բանկից «Էվոկաբանկ» կատարված փոխանցումների մասին ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն տեղեկատվություն չի ստացվել։
Սա նշանակում է, որ ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնը (ՖԴԿ) կա՛մ ընդհանրապես չի նկատել ԵԽԽՎ-ին անհանգստացնող այս բանկային գործարքը, կա՛մ այն չի որակել որպես կասկածելի և չի փոխանցել իրավապահ մարմիններին։ Մինչ ԿԲ-ն հավաստիացնում է, թե հետևում է «Հայաստանին առնչվող բոլոր ազդակներին», Դատախազության պատասխանից ակնհայտ է դառնում, որ ԵԽԽՎ-ի զեկույցը նրանց համար ազդակ չէ։
Դատախազությունը նաև հայտնել է, որ Շվեյցարիայի իրավասու մարմիններից իրավական օգնության որևէ հարցում չի ստացվել։ Սա հաստատում է նաև շվեյցարացի փաստաբանների այն պնդումները, որ Շվեյցարիայի դատախազությունը թույլ է տվել կոպիտ թերացում՝ ժամանակին չսառեցնելով Կացիվի հաշիվները և միջազգային հետախուզում չհայտարարելով գումարների հետագծով։
«Հետքը» հարցում էր ուղարկել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սոնա Ղազարյանին, ով մասնակցել էր ԵԽԽՎ 2026թ. ապրիլյան նստաշրջանին, որտեղ ընդունվել էր վերոնշյալ աղմկահարույց զեկույցը։ Մենք փորձել ենք պարզել՝ արդյոք պատգամավորը տեղեկացրել է ՀՀ իրավապահներին Հայաստանի վերաբերյալ այդ ահազանգի մասին, և արդյոք հարցը քննարկվել է իրենց կուսակցությունում։
Պատգամավոր Սոնա Ղազարյանը պատասխանել է․ «Տեղեկացնում եմ, որ «Սերգեյ Մագնիտսկու կողմից բացահայտված հանցագործության եկամուտների հետագծումը և դրա մեղավորներին պատասխանատվության ենթարկելը» զեկույցը հանրային հասանելի փաստաթուղթ է և չի պարունակում որևէ մեղադրանք Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մեղադրանք չի հնչել նաև քննարկումների ընթացքում, հետևաբար երկու հարցերի պատասխանն է՝ ոչ»։
Հոդվածը հրապարակման պատրաստելու ընթացքում «Հետքին» հայտնի դարձավ, որ «Մագնիտսկու գործով» տասնամյակներ շարունակ հետաքննություններ նախաձեռնող և Շվեյցարիայում առաջին քրեական բողոքը ներկայացրած «Hermitage Capital Management Limited» ընկերությունը պաշտոնական դիմում-բողոքներ է հասցեագրել հայաստանյան պետական կառույցներին։
Մասնավորապես, նամակներ են ուղարկվել Գխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի (ՖԴԿ) ղեկավար Աստղիկ Կարամանուկյանին։
«Հետքը» կապ հաստատեց ընկերության ներկայացուցչի հետ՝ խնդրելով մանրամասներ ներկայացնել ՖԴԿ ղեկավարին և Գլխավոր դատախազին ուղղված դիմումներից։
«Աստղիկ Կարամանուկյանին ուղղված դիմումով պահանջել ենք անհապաղ սառեցնել Դենիս Կացիվի հաշիվներից «Էվոկաբանկ» փոխանցված շուրջ 524,000 ֆրանկը և քննել բոլոր հարակից գործարքները։ Իսկ Աննա Վարդապետյանից պահանջում ենք հարուցել քրեական վարույթ՝ կիրառելով ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմները, քանի որ այդ միջոցների կապը ՌԴ բյուջեի մեծածավալ հափշտակության հետ արդեն իսկ հաստատված է միջազգային բարձր դատական ատյանների կողմից»,- «Հետքի» հետ զրույցում ասել է Hermitage Capital-ի ներկայացուցիչը։
Այս անվանական նամակներից հետո Կենտրոնական բանկը և Գլխավոր դատախազությունը այլևս չեն կարող ասել՝ գաղտնիք է, տեղյակ չեն։
Լուսանկարում՝ Դենիս Կացիվ
Գլխավորը նկարը և ինֆոգրաֆիկան՝ Արեն Նազարյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել