Սպասվում է Փաշինյան-ֆոն դեր Լայեն հեռախոսազրույց. թեման կլինի եվրոպական շուկաներ հայկական արտադրանքի արտոնյալ արտահանումը
Հինգշաբթի՝ հունիսի 4-ին, սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Այդ մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով անանուն պաշտոնյաներին։
«Սպասվում է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն արդեն վաղը կխոսի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասված է հաղորդագրությունում։
«Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկելու են Հայաստանին Եվրամիության աջակցությունը՝ Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումների ֆոնին, որոնք կապված են դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի սահմանափակումների հետ։
Լրատվամիջոցը գրում է, որ այս ֆոնին Եվրամիությունը պատրաստվում է ֆինանսական օգնություն հատկացնել Երևանին, թեև հայտնի չէ դրա հստակ ծավալը։
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ եվրոպական կողմը մտադիր է Հայաստանի համար առևտրի ոլորտում սահմանել արտոնյալ պայմաններ։ Ընդ որում, «խոսքը Առևտրի ինքնավար միջոցառումների (Autonomous Trade Measures – ATM) մասին է, որի շրջանակում հայկական որոշ ապրանքներ կարող են եվրոպական շուկա մտնել առանց մաքսատուրքերի և քվոտաների»,- գրում է «Ազատություն»-ը՝ հավելելով, որ դեռևս հայտնի չէ, թե հայկական որ ապրանքների վրա կարող է տարածվել այս արտոնյալ ռեժիմը, իսկ այս գործիքը Եվրամիությունը սովորաբար կիրառում է, երբ անհրաժեշտ է լինում աջակցել գործընկերներին՝ ճգնաժամային իրավիճակներում տնտեսությունը կայունացնելու և եվրոպական շուկային ինտեգրումը խորացնելու համար։
Ընդ որում, ինչպես փոխանցում է ռադիոկայանը, առևտրային այս արտոնությունները միակողմանի են, և Հայաստանը պարտավորված չէ եվրոպական ապրանքների նկատմամբ կիրառել նույն միջոցները, ինչը կարող էր հակասել ԵԱՏՄ շրջանակում Երևանի ստանձնած պարտավորություններին։ Այդուհանդերձ, եթե Եվրամիությունը վերջնականապես հաստատի Հայաստանի համար Առևտրի ինքնավար միջոցառումների կիրառումը, դա հայկական արտադրողների համար հնարավորություն կստեղծի մտնել շուրջ 450 միլիոն սպառող ունեցող եվրոպական շուկա՝ պայմանով, որ արտահանվող արտադրանքը համապատասխանի Եվրոպական չափանիշներին ու որակին։
Հիշեցնենք, որ նախօրեին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Կողմերը քննարկել էին ՀՀ-ԵՄ գործընկերության տնտեսական բաղադրիչի խթանմանը, այդ թվում՝ ապրանքաշրջանառության ավելացմանն ուղղված մեխանիզմների շրջանակը: Փաստացի, այս հեռախոսազրույցը ևս տեղի էր ունեցել այս տրամաբանության մեջ։
Եվրոպական միության այս արտոնյալ պայմաններից ներկայումս օգտվում են Ուկրաինան և Մոլդովան։ Ուկրաինայի համար այն սահմանվել է 2022 թվականի հունիսին՝ ռուսական ներխուժումից մի քանի ամիս անց։ Իսկ Մոլդովան «Առևտրի ինքնավար միջոցառումներից» օգտվում է 2008 թվականից։ 2014 թվականին Բրյուսելն ընդլայնեց այն Քիշնևի համար, երբ Ռուսաստանն արգելեց մոլդովական գինիների, մրգերի ու մսամթերքի ներկրումը։
Հայկական կողմն այս ռեժիմի շուրջ Բրյուսելի հետ բանակցություններն սկսել էր տարիներ առաջ, որոնք, ըստ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, հեշտ չէին ընթանում։
Լուսանկարում՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը/ՀՀ կառավարության մամուլի ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել