Ռուսաստանում կասեցվել է ևս 64.5 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը
«Ռոսպոտրեբնադզոր»-ը հանձնարարել է կասեցնել հայկական «Ջերմուկ» հանքային ջրի 64.5 միլիոն շշի վաճառքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, հայտարարություն է տեղադրվել Ծառայության պաշտոնական կայքում։
««Ռոսպոտրեբնադզոր»-ի կողմից լրացուցիչ հանձնարարական է ուղարկվել «Честный знак» մակնշման պետական համակարգի օպերատորին՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու գազավորված ջրի 64.5 միլիոն միավորի իրացումը կասեցնելու վերաբերյալ, արտադրող՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ (Հայաստանի Հանրապետություն)։ Նոր խմբաքանակների արգելափակման մասին հանձնարարականը գործում է 2026 թվականի մայիսի 28-ից՝ մինչև լրացուցիչ ծանուցում»,- նշված է Ծառայության հայտարարության մեջ։
Նշվում է, որ հանձնարարականի հիմք են հանդիսացել արտադրողի կողմից տեխնիկական կանոնակարգման մասին օրենսդրության պարտադիր պահանջների խախտումները։
«Ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատ-իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում։ Դա կարող է մոլորության մեջ գցել սպառողներին՝ ջրի բուժիչ հատկությունների վերաբերյալ և բացասաբար անդրադառնալ առողջության վրա»,- հայտարարել են «Ռոսպոտրեբնադզոր»-ից։
Հայկական «Ջերմուկ»-ի վերաբերյալ սա առաջին հայտարարությունը չէ ռուսական ծառայության կողմից։ Այս տարվա ապրիլի վերջին հայտնի դարձավ, որ Ռուսաստանում արգելվել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը։ 2026 թվականի սկզբից ի վեր, «Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարականով, «Честный знак» մակնշման պետական համակարգի օպերատորն արդեն իսկ արգելափակել է «Ջերմուկ» շշալցված ջրի 38.4 միլիոն շշի իրացումը մանրածախ առևտրում և օնլայն հարթակներում։
Երեկ՝ մայիսի 28-ին, «Ռոսսելխոզնադզոր»-ն էլ իր հերթին հայտարարել է, որ 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառելու հայկական ծագման թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա։ Սահմանափակումը կգործի մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։
Ռուսաստանում վերջերս «վտանգավոր» են դարձել նաև հայկական գինին ու կոնյակը, ծաղիկները։
- «Վտանգավոր» գինին ու կոնյակը, գազի գնի մասին ակնարկները. նոր հայտարարություններ ՌԴ-ից
- Ինչու են հայկական ապրանքները Ռուսաստանում դառնում «վտանգավոր»
- Ռուսաստան մատակարարվող հայկական բանջարեղենի ու մրգի մասով ևս խնդիրներ են արձանագրվում
Զուգահեռ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գնի շուրջ ակնարկները վերածվել են բաց և ուղիղ հայտարարությունների։
Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանա Հայաստանին գազ և նավթամթերք մատակարարել գործող գներով, եթե հանրապետությունն անդամակցի Եվրամիությանը։ Ինչպես փոխանցում է vedomosti.ru-ն, այս մասին մայիսի 28-ին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը։
Նրա խոսքով՝ Եվրոպայում գազի գինը բազմապատիկ ավելի բարձր է։ Այդ իսկ պատճառով ռուսական կողմը որոշել է նախապես տեղեկացնել Երևանին՝ արտաքին տնտեսական կուրսի փոփոխության հնարավոր հետևանքների մասին։
Դրանից առաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ մայիսի 27-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայկական կողմին է պաշտոնապես փոխանցել Ցիվիլյովի նամակը՝ ուղղված հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
Փաստաթղթում, Զախարովայի խոսքով, ասվում է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի շարունակման դեպքում Մոսկվան կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղարկել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման մասին 2013 թ․ դեկտեմբերի համաձայնագիրը։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ երեկ հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի մասնակցության թեման կքննարկվի մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ։
- ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ մայիսի 29-ին կքննարկվի Հայաստանի թեման. ՌԴ նախագահի օգնական
- Հայաստանը ոչ պաշտոնապես հայտնել է ՌԴ-ից որոշ դիտորդների ոչ ցանկալի լինելու մասին. Զախարովա
Հայաստանը 2015 թվականի հունվարից պաշտոնապես միացել է Եվրասիական տնտեսական միությանը։ Վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում է Եվրամիությանը ՀՀ անդամակցության հարցը, սակայն ռուս պաշտոնյաները պարբերաբար նշում են, որ Երևանը չի կարող միաժամանակ գտնվել երկու միություններում։
Գլխավոր լուսանկարը՝ «Ջերմուկ գրուպ»-ի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել