«Մենակ էլ մնամ, ես իմ գյուղից դուրս չեմ գա»
Առավոտյան ժամը հինգն անց կես է։ Սալվարդ գյուղի վրա կախված մշուշը դեռ չի ցրվել։ Արևը կամաց-կամաց լուսավորում է գյուղը։ Նորիկ Անդրեասյանը մտնում է գոմ։ Կովերին պետք է կթել։ Ժամը 6։30 «կաթի մեքենան» կգա, պետք է մինչ այդ ամեն ինչ հասցնել։ Կովերը օրը 2 անգամ են կթում՝առավոտյան՝ նախքան նախիրը ճանապարհելը, և երեկոյան, երբ նախիրը վերադառնում է։ 8 կովը օրական 90-100 լիտր կաթ է տալիս, որը հանձնում են կաթնամթերքի գործարան։
Կաթը հանձնելուց հետո Նորիկը մաքրում է գոմը։ Որդին՝ Մովսեսը, կովերին նախիր է ճանապարհում։ Հետո նախաճաշի ժամն է։ Նորիկի կինն ու հարսը սեղան են գցում։ Սեղանի շուրջ հավաքվում են բոլորը՝ Նորիկը, կինը, տղաները, հարսը, երեխաները։ Նորիկն ասում է՝ իրենց ընտանիքի ամենակարևոր սովորույթն է միասին սեղան նստելը։ Մինչև քաղաքում մարդիկ արթնանում են, գյուղում առօրյա գործերի մի մասն արդեն ավարտված է։
61-ամյա Նորիկ Անդրեասյանը ծնվել ու ամբողջ կյանքն անցկացրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սալվարդ գյուղում։ Անդրեասյանների ընտանիքում ապրում են Նորիկն ու կինը՝ Արմանուշը, որդիները՝ Մովսեսն ու Մասիսը, Մասիսի կինը՝ Մանեն, թոռները՝ Սառան, Սերինեն ու Նորիկը։ Մեծ որդու ընտանիքը Կապանում է։
Արդեն կեսօր է։ Սալվարդում ցերեկը այգեգործական աշխատանքներ են անում, վարուցանքի շրջան է։ Տան տիկինները կերակուր են պատրաստում։ Մանեն՝ Նորիկի հարսը կուտապ է թխում։ Կուտապը խմորից ու շրեշտից (սարերում տարածված բույսի տեսակ) պատրաստված ուտեստ է։
Սալվարդում քիչ ընտանիքներ են մնացել։ Նորիկն ասում է՝ գյուղը տարիների ընթացքում դատարկվել է։ Երբ ինքը երեխա էր, գյուղում 80 ընտանիք կար, հիմա՝ 30-ից էլ քիչ։ Շատ տների դռներ փակ են։
Գյուղի 9 աշակերտներից 2-ը Նորիկ Անդրեասյանի թոռներն են՝ Սերինեն ու Նորիկը։ Սերինեն սովորում է 4-րդ դասարանում, դասարանի միակ աշակերտն է, Նորիկը՝ առաջին։ Գյուղի դպրոցն այս տարվա սեպտեմբերից կփակվի։ Աշակերտները պիտի գնան հարևան Աշոտավանի դպրոց։
Թեպետ Սիսիանում տուն ունեն, բայց Սալվարդը լքել չեն ուզում։ «Ես առավոտյան պիտի դուրս գամ բակ, մտնեմ գոմ, մեր սարերի օդը շնչեմ, անասուններին սարը տանեմ, առանց դրա չեմ կարա։ Շատ առիթներ ա եղել, որ կարայի գյուղից գնամ, բայց չեմ գնացել»,-ասում է Նորիկը։
Նա չի մեղադրում գյուղից հեռացողներին։ Ասում է՝ երիտասարդները գյուղում ապագա չեն տեսնում։ Իր որդիները չեն ուզում գնալ գյուղից, բայց ինքն էլ վստահ չէ, որ թոռները կմնան Սալվարդում։
«Ամենակարևորը՝ հիասթափություն չունենք, մեր ընտանիքում չկա էդ բանը, էսօր չի ստացվի, չի ստացվի, ոչինչ, վաղը կլինի։ Պիտի աշխատես, չաշխատես՝ շուտ կծերանաս։ Շուտ կհոգնես, կհիասթափվես, ես հլը չեմ ծերանում, չեմ էլ ծերանալու։ Խի՞ ծերանամ, ծերությունը լավ բան չի։ Գյուղը ծերացել է, մարդիկ ելան մի կտոր հացի համար ստեղ-ընդեղ գնացին, հետ չեկան, լրիվ տները, դռները փակ է, որ էսօր կողքով անցնում ես, մոլախոտն է փակում դռները։ Շատ վատ է, բայց դե չեմ գնում, ես չեմ պատկերացնում, որ իմ ծննդավայրը թողնեմ, գնամ։ Ես Արմանուշի հետ կմնամ ստեղ»,-ասում է Նորիկը։
Սալվարդի ապագայի մասին Նորիկը խոսել չի սիրում, չի ուզում մտածել, որ տարիներ հետո գուցե գյուղը դատարկվի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել