HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանը ոչ պաշտոնապես հայտնել է ՌԴ-ից որոշ դիտորդների ոչ ցանկալի լինելու մասին. Զախարովա

Ռուսաստանը դժգոհություն է հայտնել Հայաստանի կողմից ռուսաստանցի որոշ դիտորդների՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հավատարմագրումից հրաժարվելու կապակցությամբ և հայտարարել, որ այդ քայլը հաշվի կառնի Երևանի հետ հետագա հարաբերություններում։ Այդ մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը հավատարմագրման նպատակով սահմանված կարգով հայկական իշխանություններին փոխանցել էր դիտորդական առաքելության կազմը, սակայն Երևանը ոչ պաշտոնական ձևաչափով հայտնել է, որ դիտորդական առաքելության կազմում որոշ ռուսաստանցիների մասնակցությունն անցանկալի է։

«Ռուսաստանցի դիտորդների ցուցակները սահմանված կարգով ուղարկվել էին հավատարմագրման գործընթացի համար, ինչպես պահանջում էր հայկական կողմը։ Ցավոք, հայկական գործընկերները ոչ պաշտոնական ձևաչափով իսկապես տեղեկացրել են առաքելության կազմում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ընդգրկման անցանկալիության մասին։ Խոսքը Պետդումայի երեք պատգամավորի և Կարաչայ-Չերքեզիայի ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի մասին է»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվայում չեն հասկանում նման որոշման տրամաբանությունը և այն ընկալում են որպես ոչ բարեկամական քայլ։ «Ռուսաստանցիներին հավատարմագրումից հրաժարվելու որոշումն առաջացնում է խորը ափսոսանք և շփոթություն։ Մենք պատրաստ չենք ընդունել այդ տրամաբանությունը և ստիպված կլինենք դա հաշվի առնել Երևանի հետ մեր հետագա աշխատանքում։ Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչու են նրանց նկատմամբ կիրառվել նման ոչ բարեկամական գործողություններ»,- շարունակել է Զախարովան։

Ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ հայտարարելով, թե Ռուսաստանը մտահոգված է Երևանի՝ ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության հետ մերձեցման գործընթացով։

«Մեզ չի կարող չմտահոգել Հայաստանի ղեկավարության քաղաքական կուրսը՝ ուղղված եվրատլանտյան համայնքի հետ մերձեցմանը, որի հիմնական քաղաքական գիծը կառուցված է հենց Մոսկվայի դեմ։ Նույն Եվրոպական միությունը տնտեսական միավորումից վերածվում է ագրեսիվ ռազմական դաշինքի։ Նկատվում է նաև դրա փաստացի սերտաճումը ՆԱՏՕ-ի հետ»,- նեղսրտել է ռուսաստանցի պաշտոնյան։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանի հետագա զարգացման ուղին պետք է որոշի հենց հայ ժողովուրդը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես գործընկեր։ «Հայաստանի ժողովրդի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը չի փոխվել։ Մենք շարունակում ենք այդ հանրապետությունը համարել մեր բնական գործընկերը Հարավային Կովկասում, իսկ հայ ժողովրդին՝ եղբայրական ժողովուրդ, որի համար ցանկանում ենք բացառապես խաղաղություն և բարեկեցություն»,- նշել է նա։

Զախարովան նաև պնդել է, որ թեև Երևանը հայտարարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու մտադրության մասին, սակայն, ըստ Մոսկվայի, Հայաստանի իշխանությունների խոսքերն ու գործողությունները հաճախ չեն համընկնում։ «Մենք լսում ենք հայ պաշտոնյաների հայտարարությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու մտադրության մասին, սակայն սովոր ենք դատել ոչ միայն խոսքերով, այլ նաև գործերով։ Իսկ դրանք գնալով ավելի ու ավելի են հակասում այդ հայտարարություններին»,- հայտարարել է Զախարովան։

Վերջինս նաև հավելել է, որ Ռուսաստանը երբեք դեմ չի եղել «Հայաստանի կողմից արտաքին կապերի դիվերսիֆիկացմանը, սակայն Հայաստանի իշխանությունների այսօրվա գիծը հազիվ թե այդպես կարելի է անվանել եւ հազիվ թե ընդհանրապես կարելի է խոսել Ռուսաստանի համատեքստում դրա հավասարակշռվածության մասին»:

Լուսանկարը՝ Спутник գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter