ԱՄՆ-ն հարվածել է Իրանի հարավում գտնվող ռազմական օբյեկտի, Թեհրանը հայտարարել է պատասխան հարվածի մասին
ԱՄՆ-ն հարված է հասցրել Իրանի հարավում գտնվող Բանդեր-Աբբաս քաղաքում գտնվող ռազմական օբյեկտին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներից մեկին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան զինուժը Հորմուզի նեղուցի շրջանում խոցել է նաև իրանական չորս անօդաչու։ Reuters-ի զրուցակիցը նշել է, որ հարվածը հասցվել է Բանդեր-Աբբասում տեղակայված ցամաքային կառավարման կետին, որտեղից, ըստ ամերիկյան կողմի, նախապատրաստվում էր ևս մեկ անօդաչու սարքի արձակում։
Աղբյուրը հավելել է, որ այդ գործողությունները «կրել են պաշտպանական բնույթ և ուղղված են եղել հրադադարի պահպանմանը»։
Դրանից կարճ ժամանակ անց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան ամերիկյան հարվածի՝ Իրանը թիրախավորել է ամերիկյան ռազմաբազաներից մեկը։ ԻՀՊԿ-ն այդ քայլը անվանել է «նախազգուշացում» ԱՄՆ-ին՝ ընդգծելով, որ «ագրեսիան անպատասխան չի մնա», իսկ դրա կրկնության դեպքում Իրանի արձագանքը «առավել վճռական կլինի»։
Իրանական կողմը չի հստակեցրել, թե որ ռազմաբազայի մասին է խոսքը, սակայն գրեթե նույն ժամանակահատվածում Քուվեյթի բանակը հայտնել է անօդաչու սարքերի և հրթիռների խոցման մասին։ Քուվեյթում տեղակայված է տարածաշրջանի ամերիկյան խոշորագույն ռազմաբազաներից մեկը։
Reuters-ը, հղում անելով իրանական Tasnim գործակալությանը, հայտնում է, որ ամերիկյան հարվածից քիչ առաջ ԻՀՊԿ-ն կրակ է բացել Հորմուզի նեղուցով անցնել փորձող ամերիկյան նավթային տանկերի ուղղությամբ, ինչի հետևանքով նավը ստիպված է եղել փոխել երթուղին։
ԱՄՆ-ի և Իրանի միջև այս հարվածները տեղի են ունեցել երկու երկրների միջև ընթացող բանակցությունների ֆոնին, որոնք ուղղված են ռազմական հակամարտության դադարեցմանը։ Կողմերը շարունակում են տարաձայնություններ ունենալ, մասնավորապես, Հորմուզի նեղուցով նավագնացության հարցում։ Իրանը պատերազմի մեկնարկից հետո փակել էր նեղուցը, իսկ ԱՄՆ-ն սահմանափակումներ է կիրառել իրանական ծովային նավահանգիստների նկատմամբ։
Լուսանկարը՝ AFP-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել