HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թանկարժեք ժամացույցներ, որսորդական հրացան և կես միլիոն դոլար մրցանակ. ինչ են հայտարարագրել «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակով պատգամավորի 281 թեկնածու է առաջադրվել։ Մենք ուսումնասիրել ենք՝ թեկնածուները որքան եկամուտ են ունեցել նախորդ 12 ամսվա ընթացքում, որքան գումար են ունեցել հայտարարագիրը ներկայացնելու պահին և ինչ անշարժ գույք ունեն։

ՔՊ կուսակցության ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներից միայն 10-ը չեն աշխատում։ Նրանցից շատերը աշխատում են Կառավարությունում, Ազգային ժողովում, պետական այլ կառույցներում և համայնքապետարաններում:

1.jpg (694 KB)

Թեկնածուների 52%-ի մեկ տարվա եկամուտը գերազանցել է 10 մլն դրամը։

7.jpg (198 KB)

25%-ի դրամական միջոցները հայտարարագրման օրվա դրությամբ գերազանցել են 10 մլն դրամը, իսկ 7%-ը դրամական միջոցներ չի ունեցել։ 10 թեկնածու ունի 10 և ավելի անշարժ գույք։

6.jpg (219 KB) 

ՔՊ-ի ընտրացուցակի 67%-ը մինչև 45 տարեկան է, 27%-ը՝ 45-55 տարեկան, իսկ 55+ տարիք ունեցողները 6%-ն են։

4.jpg (273 KB)

Թեկնածուների 63%-ը տղամարդիկ են, 37%-ը՝ կանայք։ Ընտրացուցակի մեծ մասը կուսակցական է, միայն ինը անկուսակցական կա ցուցակում։

5.jpg (171 KB)

ՔՊ կուսակցության ցուցակում ամենամեծ եկամուտը ունեցել է Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը՝ 1,949,251,440 դրամ։ Եկամտի ամենամեծ աղբյուրը «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից ստացված շահաբաժինն է՝ 1,347,300,000 դրամ։ Արսենյանը 565 մլն դրամի փոխառություն է վերցրել հորից՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանից։ Որպես մարզպետ՝ Վահագն Արսենյանը 6 մլն 727 հազար դրամ աշխատավարձ է ստացել։ Վահագն Արսենյանը հայտարարագրել է 47 մլն դրամ, 1․8 մլն դոլար, 800 հազար եվրո և 5 մլն ռուբլի։ Արսենյանի գումարները դրամի վերածած կլինեն մոտ 1 միլիարդ 68 մլն դրամ։ 

2.jpg (368 KB)

Վահագն Արսենյանը անշարժ և շարժական գույքի թվով երկրորդ տեղում է, համապատասխանաբար 21 և 5 գույք։ Նա հայտարարագրել է 10 բնակարան, որոնցից երկուսը՝ Երևանում, մեկը՝ Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում, ևս յոթը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում։ Նա ունի վեց հողամաս Վայոց ձորի Գնդեվազ գյուղում, երկու ավտոկայանատեղի Երևանում և երեք հասարակական նշանակության շինություն Ջերմուկ քաղաքում։ Արսենյանի հինգ մեքենաները «Ռոլս-Ռոյս», «Բենթլի», «Մերսեդես», «Աուդի» և «Տոյոտա» մակնիշի են։ Արսենյանը երեք թանկարժեք ձեռքի ժամացույց է հայտարարագրել, երեքի գինը միասին՝ 655,835 ԱՄՆ դոլար։ Որպես թանկարժեք գույք հայտարարագրել է նաև 6․5 մլն դրամանոց որսորդական հրացան։

Եկամտի չափով երկրորդ տեղում Գևորգ Սաղոյանն է։ Նա 12 ամսվա ընթացքում 306 մլն դրամ եկամուտ է ունեցել, որից 230 միլիոնը «Բեյսիք Ինվեսթմենթ Ընդ Դիվելոփմենթ» ՍՊԸ-ից՝ որպես շահաբաժին։ Նա հայտարարագրման օրվա դրությամբ ունեցել է 288 մլն դրամ, 202 հազար դոլար և 44 հազար եվրո։ Սաղոյանը մասնակցություն ունի երկու ընկերությունում՝ «Բնակշինինվեստ» ՍՊԸ-ում (25%) և «Բեյսիք Ինվեսթմենթ Ընդ Դիվելոփմենթ»-ում (50%)։ Նա հայտարարագրել է հինգ անշարժ գույք, անհատական բնակելի տուն, բնակարան, հողամաս և երկու հասարակական նշանակության տարածք։

Եկամտի չափով երրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, նա հայտարարագրել է 201.5 քմ մակերեսով բնակելի տուն հայրենի Իջևանում։ 

3.jpg (342 KB)

Փաշինյանը նախորդ 12 ամսում 31.8 մլն դրամ աշխատավարձ ու պարգևավճար է ստացել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Փաշինյանը 500.000 դրամ ռոյալթի է ստացել։ Կես միլիոն դոլար էլ վարչապետը ստացել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնաժողովից։ 

Նիկոլ Փաշինյանն իր բանկային հաշիվներին, հայտարարագիրը լրացնելու օրվա դրությամբ, ունեցել է 4 մլն դրամ, իսկ կանխիկ գումարը կազմել է 700.000 դրամ և 800 դոլար։

ՔՊ-ի ցուցակի երկրորդ համարը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է։ Նա 941 քմ մակերեսով առանձնատուն ունի Քասախ գյուղում և 159 քմ մակերեսով բնակարան Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։

Միրզոյանը ԱԳՆ-ից ստացել է 30.3 մլն դրամ աշխատավարձ և 5.8 մլն դրամ գործուղման գումար։ ԱԳ նախարարը օգտվել է նաև եկամտային հարկի վերադարձի արտոնությունից և վերջին 12 ամսում ստացել է 2.8 մլն դրամ հետվճար։

Արարատ Միրզոյանի դրամական միջոցները կազմել են 11.7 մլն դրամ և 55.000 դոլար։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ցուցակում երրորդն է։ Նա հայտարարագրել է համատեղ սեփականությամբ իրեն պատկանող 111.7 քմ մակերեսով բնակարան Երևանում և 271.6 քմ մակերեսով ամառանոցային շինություն Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում։

Ավանեսյանը 2012 թվականի արտադրության «Ford Fiesta» ունի։ Նա 28.4 մլն դրամ աշխատավարձ ու պարգևավճար է ստացել Առողջապահության նախարարությունից և 1 մլն դրամ շահաբաժին «Աբովյան 39» ՍՊԸ-ից։ 

Անահիտ Ավանեսյանը հայտարարագրել է 40.035 դոլար և 252.000 դրամ։ Նրան է պատկանում «Աբովյան 39» ՍՊԸ-ի 50%-ը։ Այս ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ։

«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում չորրորդը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է։ Նա համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող երեք հողամաս ունի Լոռի Բերդ համայնքում՝ ընդհանուր 1.5 հա մակերեսով։ Պապիկյանը Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում երկու բնակարան ունի՝ 169 և 86.33 քմ մակերեսներով։ Պաշտպանության նախարարը թեև մեքենա չունի, բայց ունի ավտոկայանատեղի՝ 44.2 քմ մակերեսով։

Պապիկյանը 29.5 մլն դրամ աշխատավարձ է ստացել Պաշտպանության նախարարությունից, 6 մլն դրամ վարձակալության վճար է ստացել, 1.7 մլն դրամ եկամտային հարկի վերադարձ։ 

Նրա դրամական միջոցները կազմել են 15.6 մլն դրամ, 50․000 դոլար և 30․156 եվրո։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ով ցուցակում հինգերորդն է, համատեղ սեփականությամբ իրեն պատկանող երկու բնակարան ունի Երևանում՝ 65.9 և 47.8 քմ մակերեսներով։ Նախարարը նաև 1992 թվականի արտադրության «Vaz 2107» մակնիշի ավտոմեքենա ունի։

Պապոյանը 29 մլն դրամ աշխատավարձ է ստացել Էկոնոմիկայի նախարարությունից, 2.6 մլն դրամ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից։ 1.4 մլն դրամ էլ Պապոյանը եկամտային հարկի վերադարձ է ստացել։

Գևորգ Պապոյանը հայտարարագրել է 11.8 մլն դրամ և 37․050 դոլար։

ՔՊ-ի նախընտրական ցուցակի առաջին տասնյակում գտնվող վերջին նախարարը Սրբուհի Գալյանն է։ Արդարադատության նախարար Գալյանը 83.8 քմ մակերեսով բնակարան ունի Երևանում, 159.7 քմ մակերեսով բնակելի տուն՝ Տավուշի մարզում, 0.05 հա մակերեսով հողամաս՝ Զովունի բնակավայրում և 0.155 հա մակերեսով հողամաս՝ Դիլիջան համայնքում։

Գալյանը 25.9 մլն դրամ աշխատավարձ ստացել է Արդարադատության նախարարությունից, 643․000 դրամ՝ ԵՊՀ-ից։ Նա 1.2 մլն դրամ ալիմենտ է ստացել ու 12 մլն դրամ վարկ վերցրել։ 104․000 դրամ էլ նախարարը ստացել է ավանդի տոկոսից։

Սրբուհի Գալյանը 11.9 մլն դրամ արժեքով պարտատոմս ունի։ Նա հայտարարագրել է նաև 5.2 մլն դրամ և 5200 դոլար։

ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, ով ցուցակում յոթերորդն է, հայտարարագրել է Երևանում գտնվող 119.2 քմ մակերեսով բնակարան և 30.1 քմ մակերեսով ավտոկայանատեղի։

Ազգային ժողովից Ռուբինյանը ստացել է 20.3 մլն դրամ աշխատավարձ։ 1.4 մլն դրամ էլ Ռուբինյանը ստացել է բանկային ավանդների ու պարտատոմսերի տոկոսներից, իսկ եկամտային հարկի վերադարձը կազմել է 2.8 մլն դրամ։

Ռուբինյանի դրամական միջոցները կազմել են 4.4 մլն դրամ։ Նա «Հայէկոնոմբանկ»-ում  ընդհանուր 1000 հատ պարտատոմս ունի՝ 10 մլն դրամ անվանական արժեքով  և 5 մլն դրամ ավանդ։

ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը նախընտրական ցուցակում ութերորդն է։ Նա անշարժ գույք չի հայտարարագրել։ Նրան է պատկանում 2018 թվականի արտադրության «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենա։

Ալեքսանյանը ԱԺ-ից ստացել է 13.4 մլն դրամ աշխատավարձ, եկամտային հարկի վերադարձ՝ 3.6 մլն դրամ։ Նրա դրամական միջոցները կազմել են 5.2 մլն դրամ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի իններորդ համարը ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանն է։ Ընդհանուր բաժնային սեփականությամբ նրան է պատկանում երեք վարելահող՝ ընդհանուր 0.662 հա մակերեսով, 9 խոտհարք՝ ընդհանուր 0.808 հա մակերեսով։ Ղազարյանը նաև Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող 55.49 քմ մակերեսով բնակարան ունի։

Ազգային ժողովից Ղազարյանը 14.8 մլն դրամ աշխատավարձ է ստացել։ 3.7 մլն դրամ էլ եկամտային հարկի վերադարձ է ստացել։ Նրա դրամական միջոցները կազմել են 1.1 մլն դրամ։

Ցուցակի առաջին տասնյակը եզրափակում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նա 800 և 1310 քմ մակերեսներով երկու հաղամաս է հայտարարագրել  Նաիրի և Իջևան համայնքներում։ Հարությունյանը Երևանում գտնվող 89 քմ մակերեսով բնակարանի սեփականատեր է։

Վարչապետի աշխատակազմից Հարությունյանը 34.8 մլն դրամ աշխատավարձ է ստացել, 2.9 մլն դրամ էլ՝  եկամտային հարկի վերադարձից։ Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 17.1 մլն դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter