HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական CV. ընտրապայքարին մասնակցող ուժերի անցյալն ու ներկան

19 քաղաքական ուժ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք, մասնակցելու է 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին։ «Հետքը» ներկայացնում է, թե ինչ քաղաքական ուժեր են սրանք, ինչ անցյալ ունեն, ովքեր են գլխավորում այս ուժերի նախընտրական ցուցակներն ու ինչ կարգախոսով են գնում ընտրություններին։

1. Ռեֆորմիստների կուսակցություն

1.jpg (493 KB)

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանի ղեկավարած Ռեֆորմիսների կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին։

Հիմնադրվելուց մինչ օրս կուսակցությունը համապետական որևէ ընտրության չի մասնակցել։ 2017 թվականին կուսակցությունը հայտարարել էր ընտրություններին դաշինքով մասնակցելու մտադրության մասին՝ չբացառելով «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցությունը։ Չնայած նախնական հայտարարություններին՝ Ռեֆորմիստների կուսակցությունը պաշտոնապես չառաջադրվեց և չմասնակցեց 2017-ի ընտրություններին։ 

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը կմասնակցի «Անվտանգություն և զարգացում» կարգախոսով։ Կուսակցության ցուցակը գլխավորում է Վաղարշակ Հարությունյանը։

Վաղարշակ Հարությունյանը 1991-2000 թվականներին բարձր պաշտոններ է զբաղեցրել ուժային կառույցներում՝ ՀՀ ՆԳ փոխնախարար, ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ և ՀՀ պաշտպանության նախարար։ 2018 թվականին, Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետ, Հարությունյանը նշանակվել է նախ վարչապետի գլխավոր խորհրդական, ապա՝ պաշտպանության նախարար։ 2022-2024 թվականներին էլ Վաղարշակ Հարությունյանը զբաղեցրել է Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը։

2. «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն

2.jpg (336 KB)

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը գրանցվեց այս տարվա մարտի 19-ին։ Նրանց նպատակը 100 օրով իշխանության գալն ու ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելն է։

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը ստեղծվել է նույնանուն շարժման հիմքի վրա։ Կուսակցության անդամները ունեն տարբեր մոտեցումներ ներքին ու արտաքին քաղաքական շատ հարցերի վերաբերյալ, սակայն միավորվել են, որ, իրենց խոսքով, փոխեն ընտրական խաղի կանոնները։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի «Նժար» սահմանադրական շարժումը և բժիշկ Հայկ Մանասյանի «Հիմնադիր» ազատակարգ կուսակցությունը ընտրություններին մասնակցում են «Բոլորին դեմ եմ»-ի ցուցակով։

«Բոլորին դեմ եմ» կուսակցության հետ համագործակցելու մասին էր հայտարարել նաև Հայաստանի եվրոպական կուսակցությունը, սակայն այդ համագարծակցությունը տևեց ընդամենը մի քանի օր։

Նորաստեղծ ուժի վարչապետի թեկանածուն Նինա Կարապետյանցն է։ Նա պետք է ստորագրի ինքնասահմանափակող փաստաթուղթ, որ վարչապետ դառնալուց և նախանշված նպատակներն իրականացնելուց հետո պետք է 10 տարի չզբաղվի քաղաքական գործունեությամբ։

Ընտրացուցակի առաջին համարը Azatazen, Tech Week և այլ հասարակական նախաձեռնությունների հիմնադիր Սպարտակ Կյուրեղյանն է, նրան հաջորդում է Իշխան Գևորգյանը, երրորդ համարն էլ կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն է։

3․ «Ուժեղ Հայաստան» դաշինք

3.jpg (426 KB)

Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 2025 թվականի հունիսի 17-ին News.am-ին տված հարցազրույցում իր աջակցությունը հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն և դատապարտեց իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ իրականացվող արշավը։

«Փոքրիկ խմբակը, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել ա հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»,- ասել էր Կարապետյանը։

Նույն օրը երեկոյան Սամվել Կարապետյանի առանձնատանը «օպերատիվ գործողություններ» իրականացվեցին, իսկ հաջորդ օրը գործարարը կալանավորվեց։ Կարապետյանը մինչև տարեվերջ ԱԱԾ-ի մեկուսարանում էր, հիմա տնային կալանքի տակ է։

Հենց ԱԱԾ-ի մեկուսարանից էլ 2025 թվականի հուլիսի 4-ին միլիարդատեր գործարարը հայտարարեց քաղաքականություն մուտք գործելու և նոր ուժ ստեղծելու մտադրություն մասին։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրանցվել է 2025 թվականի դեկտեմբերին՝ «Հայամետ» անվամբ։ 2026-ի հունվարին կուսակցությունն անվանափոխվել է։

«Ուժեղ Հայաստանը» այս ընտրություններին մասնակցում է դաշինքով։ Դաշինքը պետք է կոչվեր «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ», սակայն Ազգային ժողովը հրատապ կարգով փոփոխություններ արեց «Ընտրական օրենսգրքում»՝ արգելելով դաշինքների անվանումների մեջ անձնանունների օգտագործումը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի կազմում բացի նույնանուն կուսակցությունից ընդգրկված են «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունները։ Մի շարք կուսակցություններ, այդ թվում՝ նախկին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննսիայնի «Ժառանգությունը», նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատությունը» և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարներ Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի հիմնադրած «Ապրելու երկիր»-ը իրենց աջակցությունն են հայտնել «Ուժեղ Հայաստանին»։

«Նոր դարաշրջան» կուսակցությունը հիմնադրվել է 2024 թվականի սեպտեմբերին, պետական գրանցում ստացել՝ 2025-ին։ Կուսակցության նախագահը փաստաբան Հարություն Հարությունյանն է, անդամների զգալի մասը իրավաբաններ են։

«Միավորված հայեր» կուսակցությունը դաշտի հնաբնակներից է, հիմնադրվել է 2000 թվականին, սակայն այս ընթացքում որևէ էական հաջողության չի հասել։ Կուսակցությունը 2003-ի նախագահական ընտրություններին առաջադրել է կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանի թեկնածությունը, որը ստացել է ձայների 0,41%-ը։

Դաշինքի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Սակայն գործող օրենսդրությամբ նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը․ Կարապետյանը, բացի ՀՀ քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն։ Կարապետյանը հայտարարել է, որ արդեն սկսել է Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը։

«Ուժեղ Հայաստանի» անդամները նշում են, որ իշխանության գալու դեպքում փոփոխություններ են կատարելու Սահմանադրությունում, որը թույլ կտա Սամվել Կարապետյանին դառնալ վարչապետ։

Ուժն ընտրություններին ընդառաջ «Փոփոխություն միայն Սամվել Կարապետյանի հետ» կարգախոսն է ընտրել։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում է Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։ Ցուցակի երկրորդ համարը փաստաբան Արամ Վարդևանյանն է, ով 2021 թվականին պատգամավոր է ընտրվել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակով։ Ցուցակի առաջին եռյակը եզրափակում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

4․ Հայաստանի շնորհապետական կուսակցություն

4.jpg (553 KB)

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը կուսակցություն ստեղծելու մասին հայտարարեց 2024 թվականի մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության անկախության օրը։ 2025 թվականին էլ տեղի ունեցավ կուսակցության հիմնադիր համագումարը։

Հայաստանի շնորհապետական կուսակացությունը աջ կենտրոնամետ ուժ է։ Կուսակցությունը կողմ է արտահայտվում ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը, առաջարկում է Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից։

Այս ընտրություններին կուսակցությունը մասնակցում է «Գործը ծնում է ուժ, ուժն՝ իրավունք» կարգախոսով։

Կուսակցության վարչապետի թեկնածուն Գուրգեն Սիմոնյանն է։ Նախընտրական ցուցակի եռյակում են նաև քաղաքագետ Էդվարդ Անտինյանը և Լուսինե Մկրտչյանը։

5․ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն

5.jpg (466 KB)

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը հիմնադրվել է 2024 թվականի մայիսի 1-ին կայացած հիմնադիր համագումարով։ Նախագահը Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանն է, որն այդ ժամանակ արդեն հայտարարել էր, որ 2026-ին մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին։

Հայկ Մարությանը ակտիվ քաղաքականությամբ սկսեց զբաղվել 2018-ի իշխանափոխությունից հետո։ Նույն տարում Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը, որի առաջին համարը Մարությանն էր, հաղթեց, Մարությանն ընտրվեց Երևանի քաղաքապետ։

2021-ի դեկտեմբերին Երևանի ավագանին նրան անվստահություն հայտնեց։ Մարությանը հեռացավ պաշտոնից՝ մեղադրելով արդեն նախկին թիմակիցներին հեղափոխության արժեքներից շեղվելու համար։ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացն իշխող թիմը հիմնավորել էր նրա հետ քաղաքական խզմամբ։ 

Հայկ Մարությանը երկրորդ անգամ փորձեց քաղաքապետ դառնալ 2023-ին։ Նա ընտրություններին մասնակցում էր «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով, որը հավաքեց ձայների մոտ 18,9%-ը՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: 2024-ին Հայկ Մարությանին հեռացրին ավագանու կազմից` որպես պատճառ նշելով բացակայությունները։ Դրանից հետո ստեղծվեց «Նոր ուժ» կուսակցությունը, որի վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է։ 

Ընտրական ցուցակում նախկին քաղաքապետին հաջորդում են նրա մամուլի քարտուղար, լրագրող Հակոբ Կարապետյանը, իրավապաշտպան, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Նարինե Արամյանը։

2026 թ․ ԱԺ ընտրություններին «Նոր ուժը» մասնակցում է «Կառուցենք կարգին երկիր» կարգախոսով։

6․ «Միասնության թևեր» կուսակցություն

6.jpg (396 KB)

2018 թվականին հիմնադրված «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը 2026 թվականի ապրիլի 13-ին անվանափոխվել է՝ դառնալով «Միասնության թևեր»։ Հենց այս կուսակցության ցուցակն էլ գլխավորում է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Արժանապատիվ ուղի» կուսակցության հիմնադիրը նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն է։ Կուսակցության հիմնադիր համագումարում հայտարարվել էր, որ մասնակցելու են 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին, բայց չմասնակցեցին։

«Միասնության թևեր» շարժման հիմնադրման միջոցառումը տեղի ունեցավ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին։ Այդ օրը հայտարարվեց ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։

«Միասնության թևեր» կուսակցության հետ նույն ցուցակով ընտրություններին մասնակցում է նաև Շահեն Հարությունյանի գլխավորած «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը։

«Շանթ դաշինք» կուսակցությունը հիմնադրվել է 2021 թվականին։ Կուսակցությունը մասնակցել է ՏԻՄ ընտրությունների Սյունիքի մարզի մի քանի համայնքում։ Կապան համայնքում «Շանթ դաշինք»-ը հաղթանակ տարավ միայնակ, իսկ Տաթև համայնքում կոալիցիա կազմեց «Ապրելու երկիր» կուսակցության հետ։

«Միասնության թևեր» կուսակցության հետ դաշինքով ընտրություններին մասնակցելու մասին էր հայտարարել նաև «Հայկական քվե» կուսակցությունը։ Ապրիլի 10-ին նրանք դադարեցին համագործակցությունը։

Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Արդարությունը գալիս է» կարգախոսով։ Նախընտրական ցուցակի երկրորդ համարը նախկին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն է, երրորդ համարը՝ իրավաբան Աստղիկ Մատինյանը։

7․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

7.jpg (454 KB)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2004 թվականին։ Հիմնադիր-նախագահը գործարար Գագիկ Ծառուկյանն է։ 

Կուսակցության առաջին լուրջ փորձությունը 2007 թվականի խորհրդարանական ընտրություններն էին, որտեղ ԲՀԿ-ն ստացավ ընտրողների ձայների 15 տոկոսը և զբաղեցրեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Ընտրություններից հետո ԲՀԿ-ն մաս կազմեց իշխող կոալիցիային՝ ստանալով մի շարք նախարարական պաշտոններ։ 2008 թվականի նախագահական ընտրություններում կուսակցությունը պաշտոնապես սատարեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը և շարունակեց իր գործունեությունը կառավարության կազմում մինչև 2012 թվականը։

2012 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը հավաքեց ձայների 30,1 տոկոսը՝ կրկին դառնալով խորհրդարանի երկրորդ ամենամեծ խմբակցությունը։ Սակայն ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ կուսակցությունը չի միանալու իշխող կոալիցիային և ԱԺ-ում ունենալու է «հավասարակշռող դերակատարություն»։ Այս շրջանում ԲՀԿ-ն սկսեց համագործակցել ընդդիմադիր ուժերի՝ «Հայ ազգային կոնգրեսի», «Ժառանգության» և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» հետ՝ ձևավորելով այսպես կոչված «ոչ իշխանական քառյակը», որը հետագայում՝ Դաշնակցության դուրս գալուց հետո, վերածվեց «եռյակի»։

Իշխանությունների հետ հարաբերությունները հատկապես սրվեցին 2015 թվականին։ Ընդդիմադիրները դեմ էին սահմանադրական փոփոխություններին՝ այդ գործընթացը որակելով որպես ՀՀԿ-ի կողմից «իշխանության վերարտադրման փորձ»:

2015 թվականի փետրվարի 5-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Հայաստանին պետք է նոր որակի իշխանություն, որը կազմված կլինի նոր մարդկանցից, ու պետք է պատրաստվել ընտրությունների միջոցով նոր իշխանությունների ձևավորմանը: 

Փետրվարի 12-ին կայացած ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հանդես եկավ ծավալուն և խիստ քննադատական ելույթով, որտեղ հայտարարեց Գագիկ Ծառուկյանին Ազգային անվտանգության խորհրդի կազմից հեռացնելու մասին և հանձնարարեց ստուգել նրա բացակայությունների օրինականությունը խորհրդարանում, ինչպես նաև հարկային ստուգումներ սկսել նրան պատկանող ձեռնարկություններում։

Ի պատասխան սրան՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց շուրջօրյա հանրահավաքներ սկսելու և իշխանափոխության հասնելու մտադրության մասին։ Երկրում ստեղծվեց սուր քաղաքական ճգնաժամ, որն ուղեկցվում էր երկու կողմերի ներկայացուցիչների կոշտ հռետորաբանությամբ։ Սակայն մի քանի օր տևած լարվածությունից հետո, որի ընթացքում տեղի ունեցան փակ քաղաքական քննարկումներ և միջնորդական փորձեր, կողմերը եկան համաձայնության։ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից հեռանալու ու ԲՀԿ նախագահի պաշտոնը թողնելու մասին։ Կուսակցության ղեկավար ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը։ Այս շրջանում կուսակցությունը որոշակիորեն կորցրեց իր նախկին ազդեցությունը և ներկայացվածությունը տեղական ինքնակառավարման մարմիններում։

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Գագիկ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն և ձևավորեց «Ծառուկյան» դաշինքը, որի հիմքը ԲՀԿ-ն էր։ Ընտրությունների արդյունքում դաշինքը ստացավ ձայների 27,3 տոկոսը՝ կրկին դառնալով խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժը։ 

2018 թվականի գարնանը կայացած ներքաղաքական իրադարձությունների ժամանակ ԲՀԿ-ն սատարեց բողոքի շարժմանը և միացավ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ժամանակավոր կառավարությանը։ Սակայն նույն թվականի հոկտեմբերին, քաղաքական տարաձայնությունների պատճառով, ԲՀԿ նախարարները հեռացվեցին կառավարությունից։

2018 թվականի դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն հավաքեց 8,2 տոկոս ձայն և յոթերորդ գումարման Ազգային ժողովում հանդես եկավ որպես խորհրդարանական մեծագույն ընդդիմադիր խմբակցություն։ 2020 թվականի պատերազմից հետո կուսակցությունը միացավ «Հայրենիքի փրկության շարժմանը»՝ պահանջելով կառավարության հրաժարականը։ 

2021 թվականի հունիսի արտահերթ ընտրություններին ԲՀԿ-ն ստացավ ձայների միայն 3,9 տոկոսը, ինչը բավարար չէր 5 տոկոսի շեմը հաղթահարելու համար։ Այսպիսով, իր պատմության մեջ առաջին անգամ կուսակցությունը դուրս մնաց խորհրդարանից՝ շարունակելով իր գործունեությունը որպես արտախորհրդարանական ուժ։

2026-ի ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ ԲՀԿ-ին միացել են և նույն ցուցակով են ընտրություններին մասնակցում Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան» և Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները։

8․ «Ազգային ժողովրդավարական բեվեռ» համահայկական կուսակցություն

8.jpg (512 KB)

«Ազգային ժողովրդավարական բևեռը» հիմնադրվել է 2020 թվականի մայիսին, որպես կուսակցություն գրանցվել մեկ տարի անց։ Հիմնական կորիզը «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամներն էին։

ԱԺԲ անդամները պահանջում են դուրս գալ բոլոր ռուսակենտրոն կառույցներից և դառնալ ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ դաշնակից երկիր։

«Ազգային ժողովրդավարական բևեռը» չի ճանաչում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները, կարծում է, որ ՀՀ-ն պիտի իրեն հռչակի Հայաստանի Առաջին Հանրապետության իրավահաջորդ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը հայտարարի որպես ազգային ռազմավարության գերակայություն։ 

ԱԺԲ-ն մասնակցեց 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ստացավ 18 976 քվե կամ ձայների 1,49%-ը, ինչը բավարար չէր խորհրդարան անցնելու համար։

2026-ի ընտրություններին «Ազգային ժողովրդավարական բևեռը» մասնակցում է «Հավատ, հայրենիք, ինքնիշխանություն» կարգախոսով։ Կուսակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Վարուժան Ավետիսյանին։ Վարուժան Ավետիսյանը 2022 թվականի մայիսից անազատության մեջ է։ Նա անցնում էր «Սասնա ծռեր» զինված խմբի՝ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների հետ կապված գործով։ Ավետիսյանը ազատազրկման է դատապարտվել 7 տարի 4 ամիս ժամկետով։ 

Ընտրացուցակի առաջին համարներում կուսակցության նոր սերնդի երիտասարդ ներկայացուցիչներն են։ Ցուցակը գլխավորում է տնտեսագետ Գևորգ Կարապետյանը։ 

9․ Քոչարի ազգային վերածնունդ եվ ազգի զարթոնք կուսակցություն

9.jpg (552 KB)

Ընտրապայքարին մասնակցող երիտասարդ ուժերից մեկը «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունն է։ Այս կուսակցությունը հիմնադրվել է 2025 թվականն, պետական գրանցում ստացել 2026-ի մարտին։

Կուսակցության վարչության նախագահը Արտակ Սարգսյանն է, փոխնախագահը՝ եղբայրը՝ Արման Սարգսյանը։ Նախընտրական ցուցակի երկրորդ համարը ԱԺ նախկին պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանն է։

Արտակ Սարգսյանը և եղբայրը հանրության առավել  հայտնի են «Արթուր Բրադերզ» անունով։ Նրանք 2000-ականների սկզբին ակտիվ տնտեսական ու քաղաքական գործունեություն են ծավալել Քենիայում։ 

Եղբայրների անվան հետ են կապվում մի շարք աղմկահարույց պատմություններ, այդ թվում՝ «Standard Group» հրատարակչության վրա հարձակումը, որի նպատակն էր եղել կանխել «Likoni Road» լրատվամիջոցի տպագրությանը։ Լրատվամիջոցը պատրաստվում էր հոդված հրապարակել Քենիայի նախագահի կանանց մասին։

Արտակ Սարգսյանն ու եղբայրը հայ հանրությանը հայտնի դարձան 2024 թվականին՝ Սրբազան պայքարի օրերին։ Նրանք իրենց աջակցությունն էին հայտնել Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը։

Մինչ այդ՝ 2023 թվականի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, նրանք աջակցում էին «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությանը։

10․ Հայ ազգային կոնգրես կուսակցություն

10.jpg (405 KB)

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը (ՀԱԿ) ձևավորվել է 2008 թվականին որպես 18 քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների դաշինք, իսկ 2013 թվականին վերակազմավորվել է որպես առանձին քաղաքական կուսակցություն՝ երկու հիմնական բաղադրիչի՝ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության, համաժողովրդական շարժման մասնակից այլ կազմակերպությունների միաձուլմամբ։ Կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կառույցը տարիներ շարունակ հանդես է եկել որպես արմատական ընդդիմություն։ 2012 թվականի ընտրություններում ՀԱԿ-ը՝ որպես դաշինք, ստացել էր ձայների 7,08 տոկոսը և ներկայացված էր խորհրդարանում։

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ը մասնակցեց  «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքով։ Դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական շեշտադրումն ուղղված էր Արցախյան հարցի անհապաղ կարգավորմանը, որը դիտարկվում էր որպես Հայաստանի տնտեսական զարգացման և անվտանգության ապահովման նախապայման։ Քարոզարշավի ընթացքում դաշինքի առաջնորդները հորդորում էին ընտրողներին կողմ քվեարկել խաղաղության ծրագրին։ Ընտրությունների արդյունքում դաշինքը ստացավ 25 950 ձայն՝ 1,65 տոկոսը, և չկարողացավ հաղթահարել խորհրդարան անցնելու՝ դաշինքների համար սահմանված 7 տոկոսի շեմը։

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ը մասնակցեց առանձին ցուցակով ու կրկին չհաղթահարեց անցողիկ շեմը։

2026-ի ընտրություններում կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, կարգախոսը՝ «Խելամիտ ուղի»։ Ցուցակում Զուրաբյանին հաջորդում են Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը և ՀԱԿ վարչության անդամ Տաթևիկ Զորյանը։

11․ «Հանրապետություն» կուսակցություն

11.jpg (481 KB)

«Հանրապետություն» կուսակցությունը հիմնադրվել է 2001 թվականին Արամ Սարգսյանի (պաշտպանության նախկին նախարար և վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբոր) և նրա թիմակիցների կողմից։ Կուսակցությունն իր գործունեության ողջ ընթացքում աչքի է ընկել ընդգծված արևմտամետ դիրքորոշմամբ և Եվրոպական Միությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու առաջնահերթությամբ։ 

2007 թվականի ԱԺ ընտրությունների ժամանկ «Հանրապետություն» չի հաղթահարել անցողիկ շեմը։ 

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը մասնակցեց «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հետ՝ «Ելք» դաշինքի կազմում։ Դաշինքը ստացավ ձայների 7,78 տոկոսը և խորհրդարանում ներկայացվեց 9 պատգամավորով։

2018 թվականի իշխանափոխությունից հետո կուսակցությունը նույն թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցեց  «Մենք» դաշինքով՝ Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ, սակայն չհաղթահարեց անցողիկ շեմը և չստացավ պատգամավորական մանդատներ։

Նախորդ՝ 2021 թվականի ընտրությունների ժամանակ, Հանրապետությունը մասնակցեց առանձին, ստացավ 38 758 և չհաղթահարեց անցողիկ շեմը։

«Հանրապետություն» կուսակցությունը առանձին և դաշինքի կազմով մասնակցել է ՏԻՄ մի շարք ընտրությունների։

2026-ի ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է։

12․ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն

12.jpg (429 KB)

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը ստեղծվել է 2021-ի փետրվարին, նախագահը քաղաքագետ, հասարակական գործիչ Լևոն Շիրինյանն է։

Կուսակցությունը 2021 թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններին Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցության հետ մասնակցեց «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքով։ Դաշինքը ստացավ ձայների 1,5%-ը, չհաղթահարեց անցողիկ շեմն ու չանցավ 8-րդ գումարման ԱԺ։

2024 թվականին Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը արևմտամետ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և Եվրոպական կուսակցությունների հետ ձևավորեց Հայաստանի ժողովրդավարական ուժերի հարթակը։ Այս նախաձեռնության անդամները հետագայում սկսեցին ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման հարցով հանրաքվե անցկացնելու գործընթացը, որին Շիրինյանի գլխավորած կուսակցությունը չմասնակցեց։

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցություն վարչապետի թեկնածուն ու ցուցակի առաջին համարը Լևոն Շիրինյանն է։ 

13․ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն

13.jpg (360 KB)

«Ալյանս» առաջադիմական կուսակցությունը հիմնադրվել է 2015 թվականի մայիսին Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնությամբ։ Կուսակցությունը ձևավորվեց Ուրիխանյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռանալուց հետո՝ նպատակ ունենալով ստեղծել նոր քաղաքական հարթակ, որը կդիրքավորվեր որպես ցենտրիստական ուժ։ Կուսակցությունն իր գործունեության սկզբնական փուլում շեշտադրում էր սոցիալական արդարության և պետական վերահսկողության ուժեղացման գաղափարները։ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «Ալյանսը» որոշում կայացրեց միանալ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Ծառուկյան» դաշինքին, ինչի արդյունքում կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը դաշինքի ցուցակով ընտրվեց պատգամավոր և ներկայացված էր վեցերորդ գումարման Ազգային ժողովում։

2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին Ուրիխանյանը կրկին պատգամավորական մանդատ ստացավ ԲՀԿ ցուցակով։ Սակայն հետագա տարիներին կուսակցության և ԲՀԿ-ի միջև քաղաքական կապերը թուլացան, և Ուրիխանյանը սկսեց հանդես գալ որպես անկախ պատգամավոր։

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցության վարչապետի թեկնածուն Տիգրան Ուրիխանյանն է։ Նա նաև գլխավորում էր կուսակցության ներկայացրած ընտրական ցուցակը, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց նրա գրանցումը, քանի որ ներկայացված փաստաթղթերում բացակայել է «Վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին» տեղեկանքը: Ցուցակում նրան հաջորդում էր Աշոտ Գալստյանը։

Կուսակցության կարգախոսն է «Մահապատիժ պետական դավաճաններին»։

14․ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

14.jpg (457 KB)

Ի սկզբանե «Ժողովրդավարական համախմբումը» 2019 թվականին հիմնադրվել է որպես քաղաքական նախաձեռնություն: 2021 թվականին այն դարձավ կուսակցություն: Կուսակցության նախագահը քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն է։ 

2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ստացավ 2 345 ձայն կամ ձայների մոտ 1%-ը և չհաղթահարեց անցողիկ շեմը։

Կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը առավել հայտնի դարձավ 2024-ին, երբ մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տավուշի հատվածում։ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ձևավորվեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, Սուրեն Պետրոսյանը դարձավ դրա առանցքային դեմքերից մեկը։

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներից և ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակների կիրառումից հետո Սուրեն Պետրոսյանը հանկարծակի անհետացավ։ Օրեր անց նա հայտարարեց, թե իրեն առևանգել էին։

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցության վարչապետի թեկնածուն Սուրեն Պետրոսյանն է, ցուցակի երկրորդ համարը՝ սահմանադրագետ, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։ «Ժողովրդավարական համախմբումն» ընտրություններին մասնակցում է «Անենք անհրաժեշտը, հետո հնարավորը և հանկարծ կտեսնենք, թե ինչպես ենք իրականացնում անհնարինը» կարգախոսով։

15․ «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն

15.jpg (471 KB)

Լաս Վեգասի բանտում գտնող նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը ընտրություններին մասնակցում է «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության ցուցակով։

Կուսակացությունը հիմնադրվել է 2024 թվականին։

2022-2024 թվականնին Վարդան Ղուկասյանը «Հանրային ձայն» կուսակցության անդամ էր։ 2023 թվականի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Ղուկասյանն աջակցում էր այս կուսակցությանը։

«Հանրային ձայնը» այդ ընտրություններում ստացավ 9.68% ձայն և հայտնվեց ավագանիում։

2024 թվականի հունվարին Վարդան Ղուկասյանը դադարեցերց իր անդամակցությունը «Հանրային ձայն» կուսակցությանը։

Համաձայն ՀՀ Սահամանդրության՝ Վարդան Ղուկասյանը չի կարող լինել պատգամավորի թեկնածու կամ վարչապետ, քանի որ երկքաղաքացի է և վերջին 4 տարիներին չի բնակվել Հայաստանում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է նրա գրանցումը։ Նրա փաստաթղթերից բացակայել է «Վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին» տեղեկանքը եւ թեկնածուի գրավոր հայտարարությունը պատգամավորի թեկնածու գրանցվելու մասին։ Ցուցակը գլխավորում է փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ Կարգախոսը կուսակցության անունն է՝ «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն»։

16․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

16.jpg (512 KB)

2013 թվականի հունվարի 24-ին այդ ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակեց «Քաղաքացիական պայմանագիր» վերնագրով փաստաթուղթ՝ քաղաքացիներին կոչ անելով միանալ դրան: 

Այսպես ստեղծվեց «Քաղաքացիական պայմանագիրը»՝ որպես հանրային-քաղաքական միավորում, որն էլ 2015-ին դարձավ կուսակցություն։

Կուսակցությունն առաջին անգամ խորհրդարանական ընտրություններին մասնակցեց 2017 թվականին՝ «Ելք» դաշինքի կազմում։ 

Դաշինքը ստացավ ձայների 7,78 տոկոսը և խորհրդարանում ներկայացվեց 9 պատգամավորով՝ 4-ը ՔՊ կուսակցությունից (Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան)։

2018 թվականի սկզբում հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է առաջադրվել որպես վարչապետի թեկնածու: 2018 թվականի մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից մեկնարկեց քայլարշավ դեպի Երևան։

«Իմ քայլը» քայլերթը հանգեցրեց Սերժ Սարգսյանի հրաժարականին։ 2018 թ. դեկտեմբերին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցեց «Իմ քայլը» դաշինքով, որը ձևավորվեց «Առաքելություն» կուսակցության հետ: Ընտրությունների արդյունքներում «Իմ քայլը» դաշինքը ստացավ քվեարկությանը մասնակցած ընտրողների ավելի քան 70 տոկոսի ձայները և ձևավորեց բացարձակ խորհրդարանական մեծամասնություն:

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թ. հունիսին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առանձին մասնակցեց ու ստացավ քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 53,9 տոկոսը:

2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին ՔՊ-ն նորից առանձին կգնա՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ Նախընտրական ցուցակը կրկին կգլխավորի Նիկոլ Փաշինյանը։ Առաջին եռյակում են նաև Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

17․ Հայաստան կուսակցությունների դաշինք

17.jpg (398 KB)

Հայ հեղափոխական դաշնակցությունը և «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը ընտրություններին կմասնակցեն «Հայաստան» դաշինքով։ Դաշինքը գլխավորում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանը 2021-ի ընտրություններին ևս գլխավորել էր «Հայաստան» դաշինքը, բայց նախորդ անգամ ՀՅԴ-ի հետ դաշինքի կազմում էր «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը։

«Վերածնվող Հայաստան»-ը 2022 թվականի նոյեմբերին դուրս եկավ «Հայաստան» դաշինքից։

«Վերածնվող Հայաստանի» ցուցակով պատգամավոր էր դարձել վեց հոգի։ Նրանցից երեքը վայր դրեցին մանդատները, իսկ Աննա Գրիգորյանը, Արթուր Սարգսյանը և Զեմֆիրա Միրզոևան շարունակեցին մնալ «Հայաստան» խմբակցությունում։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայկական քաղաքական իրականության ամենահին կուսակցություններից է, որը հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում՝ Քրիստափոր Միքայելյանի, Ստեփան Զորյանի և Սիմոն Զավարյանի ջանքերով։ 

Կուսակցության գաղափարախոսությունը հիմնված է ազգային սոցիալիզմի սկզբունքների վրա, իսկ նրա պատմական առաքելությունը ձևավորվել է Հայ դատի հետապնդման և հայկական հողերի միավորման գաղափարի շուրջ։ 

ՀՅԴ-ն առանցքային դերակատարում է ունեցել Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թթ.) կայացման գործում՝ լինելով այն ժամանակվա հիմնական կառավարող ուժը, սակայն Հայաստանի խորհրդայնացումից հետո կուսակցությունն իր գործունեությունը շարունակել է բացառապես սփյուռքում։ 

Հայաստանի երրորդ հանրապետության տարիներին ՀՅԴ-ն վերադարձավ հայրենիք և պաշտոնապես վերագրանցվեց 1991 թվականին։ Սակայն 1990-ականների կեսերին կուսակցության և այն ժամանակվա իշխանությունների միջև հարաբերություններում սուր հակասություններ առաջացան։ 1994 թվականի դեկտեմբերին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ՀՅԴ գործունեությունը Հայաստանում կասեցվեց, իսկ կուսակցության մի շարք առաջնորդներ և անդամներ ձերբակալվեցին։ 

Կուսակցությունը հնարավորություն ստացավ վերականգնել իր օրինական գործունեությունը միայն 1998 թվականի իշխանափոխությունից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ կասեցումը հանվեց։ 1999 թվականին կուսակցությունը մասնակցեց խորհրդարանական ընտրություններին, ստացավ ավելի քան 84 հազար ձայն և դարձավ խորհրդարանական ուժ 10 մանդատով։ 

2000-ական թվականներին ՀՅԴ-ն սերտորեն համագործակցում էր իշխանությունների հետ՝ սատարելով նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ 2003 թվականի ընտրություններում կուսակցությունը բարելավեց իր արդյունքը՝ ստանալով 136 հազար ձայն (11 մանդատ) և կազմելով կոալիցիա ՀՀԿ-ի ու «Օրինաց երկիր» կուսակցության հետ։ 

2007 թվականի ընտրություններում ՀՅԴ-ն արձանագրեց իր ամենաբարձր ցուցանիշը՝ 178 հազար ձայն կամ 13,02 տոկոս, և կրկին մաս կազմեց իշխող կոալիցիային։ Սակայն 2009 թվականին կուսակցությունը հայտարարեց կոալիցիայից դուրս գալու և ընդդիմություն դառնալու մասին՝ պատճառաբանելով իր անհամաձայնությունը նախագահ Սերժ Սարգսյանի վարած հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտությանը» և Ցյուրիխյան արձանագրություններին։ 

2012 թվականի ընտրություններում ՀՅԴ-ն ստացավ 86 հազար քվե կամ ձայների 5,7 տոկոսը և շարունակեց հանդես գալ որպես ընդդիմադիր ուժ։ Սակայն 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո, որոնց կուսակցությունը կողմ էր արտահայտվում տասնամյակներ շարունակ, ՀՅԴ-ն կրկին վերադարձավ իշխանական համակարգ։ 

2016 թվականին ստորագրվեց քաղաքական համագործակցության համաձայնագիր ՀՀԿ-ի հետ, որը շարունակվեց նաև 2017 թվականի ընտրություններից հետո։ 2017-ի ընտրություններին ՀՅԴ-ն մասնակցեց «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով։ Ընտրական ցուցակը գլխավորում էր Արմեն Ռուստամյանը։ Ընտրությունների արդյունքում կուսակցությունը ստացավ ձայների 6․6%-ն (103 հազար քվե) ու պատգամավորական 7 մանդատ։

2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին կուսակցությունը ստացավ 48 816 ձայն կամ քվեների 3.88%-ը և չկարողացավ հայտնվել խորհրդարանում։

2021 թվականի Ազգային Ժողովի ընտրություններին կուսակցությունը մասնակցեց «Հայաստան» դաշինքի կազմում, որը հավաքեց 21.09% դառնալով ընդդիամդիր ամենամեծ խմբակցույթյունը 8-րդ գումարման ԱԺ-ում։

«Առաջ» աջակենտրոն կուսակցությունը հիմնադրվել է 2024 թվականին։ Կուսակցության ղեկվարը Սևակ Խաչատրյանն է։ ՀՊՏՀ նախկին պրոռեկտոր, Հանրապետական կուսակցության նախկին անդամ Սևակ Խաչատրյանը «Առաջ» և ՀՅԴ կուսակցություներից կազմված «Հաղթանակ» դաշինքի համայնքապետի թեկնածուն էր 2025-ի Վաղարշապատի ընտրություններում։ Այդ ընտրություններում «Հաղթանակ» դաշինքը զբաղեցրեց երկրորդ տեղը, Սևակ Խաչատրայանն էլ դարձավ ավագանու անդամ։

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, ցուցակում նրան հաջորդում են Իշխան Սաղաթելյանը և Աննա Գրիգորյանը։ Դաշինքը ընտրություններին մասնակցում է «Միասին կարող ենք» կարգախոսով։

18․ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» 

18.jpg (505 KB)

«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը հիմնադրվել է 2020 թվականի սեպտեմբերին։ Կուսակցությունն ունի պրոեվրոպական ուղղվածություն։

Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավարը Արման Բաբաջանյանն է։ Նա նախկին լրագրող է։ 2018 թվականին ընտրվել է ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով, ապա դուրս է եկել խմբակցությունից։

Կուսակցությունը նախորդ ԱԺ ընտրություններին մասնակցում էր «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» կազմում, որը, սակայն, անցողիկ շեմը հաղթահարել չկարողացավ։ Դաշինքի կազմում բացի «Հանուն հանրապետության» կուսակցությունից ընդգրկված էր նաև Լևոն Շիրինյանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը։

Բացի 2021-ի ԱԺ ընտրություններինց կուսակցությունը առանձին և դաշինքային ձևաչափով մասնակցել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մի քանի համայնքում։

«Հանուն հանրապետության» կուսակցությունը «Եվրաքվե» նախաձեռնության անդամներից էր, որի նպատակը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրենքի ընդունումն էր։

Կուսակցության վարչապետի թեկնածուն Արման Բաբաջանյանն է, ցուցակում նրան հաջորդում են կուսակցության փոխնախագահ, բժիշկ Ռուբեն Մեհրաբյանը և փաստաբան Լուսինե Զեյնալյանը։ Ընտրություններին մասնակցում են «Քո ձայնը խորհրդարանում» կարգախոսով։

19․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

19.jpg (416 KB)

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերին Էդմոն Մարուքյանի և նրա համախոհների կողմից։ Կուսակցությունը որդեգրել էր դասական լիբերալիզմի և եվրոպական մոդելի պետականաշինության գաղափարախոսությունը։ 

Կուսակցությունն 2016 թվականի Վանաձորի ավագանու ընտրություններում դարձավ քաղաքի երկրորդ քաղաքական ուժը։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ԼՀԿ-ն «Քաղաքացիական պայմանագրի» և «Հանրապետության» հետ ձևավորեց «Ելք» դաշինքը, որն այն ժամանակ միակ արևմտամետ ընդդիմադիր ուժն էր ԱԺ-ում։ 

Երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության և Գյումրիից քայլերթ սկսելու մասին, ԼՀԿ-ն չմիացավ այդ գործողությանը։ Էդմոն Մարուքյանը և նրա թիմակիցները կարծում էին, որ փողոցային պայքարի միջոցով Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալելու հնարավորությունները քիչ են, և կա բախումների վտանգ։ Չնայած դրան՝ ԼՀԿ-ն կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։

2018 թվականի արտահերթ ընտրություններին կուսակցությունը մասնակցեց առանձին և անցավ խորհրդարան, սակայն 2021 թվականի ընտրություններում չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը։

2026-ի ընտրություններից առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ վարչապետ լինելու պայքարի մեջ չի մտնելու, վարչապետի թեկնածու չի առաջադրելու։

Ցուցակի առաջին համարը Էդմոն Մարուքյանն է, նրան հաջորդում են լրագրող, հրապարակախոս Կարպիս Փաշոյանը, հակակոռուպցիոն փորձագետ Շուշան Ավագյանը։ Կուսակցությունը ընտրություններին մասնակցում է «Պաշտպանի՛ր ինքնությունդ» կարգախոսով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter