HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վարորդական իրավունքի վերականգնում՝ 50 000 դրամով. ՆԳՆ-ն նախագիծ է ներկայացրել

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որով առաջարկում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկա մեխանիզմը։ ՆԳՆ առաջարկով՝ վարելու իրավունքի դադարեցման հիմքի վերացումից հետո 1 տարվա ընթացքում դիմելու դեպքում քաղաքացին մեկ անգամ կարող է վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննության, օրենքով սահմանված պետական տուրքը վճարելով (բազային տուրքի հիսնապատիկի չափով` 50.000 դրամ)։

Դրանից հետո կսահմանվի փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով։ Երկրորդ և հաջորդ անգամ զրկվելու դեպքում վարորդական իրավունքի վկայականը կարող են ստանալ միայն որակավորման քննություններ հանձնելուց հետո:

Վարորդական իրավունքից զրկվելու ժամկետի ավարտից հետո քաղաքացուն խիստ սահմանափակ՝ 6 տուգանային միավոր կտրվի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին խոստացավ սեղմ ժամկետներում լուծել խնդիրը։

Հիշեցնենք, որ վարորդական իրավունքից զրկվածները պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում, դժգոհում էին տեսական քննությունից, ասում, թե իրենք տարիքով մեծ են և չեն կարողանում բոլոր հարցերին պատասխանել։ Նրանցից շատերը վարորդական իրավունքից զրկվել էին խմած վարելու համար։

Փաշինյանը հայտնել էր, որ վարորդական իրավունքից զրկվելուց հետո մեկ տարի ոչ մի տարբերակ չի լինի այն վերականգնելու համար։

«Նրանք, ում դեպքում մեկ տարին արդեն լրացել է, մենք առաջարկում ենք, որ հնարավորություն ունենան վերականգնվելու՝ առանց քննության։ Որ պահին վերականգնվեց, վարորդին տրվում է ոչ թե 13 բալ, այլ՝ 6 բալ։ Եթե մեկ տարվա ընթացքում մարդը իրավունքից չի զրկվում, արդեն վերադառնում է սովորական՝ լիարժեք ռեժիմին, 13 բալին»,- հայտնել էր նա։

Փաշինյանի առաջարկը քաղաքացիները ծափահարություններով ընդունեցին։

ՆԳՆ-ն կարծում է, որ նման մոտեցումը պետությանը թույլ կտա վերաիմաստավորել անձի վարքագծի փոփոխության տրամաբանությունը առավել նվազ միջամտությամբ՝ չխաթարելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը, ապահովել վարորդի ռեաբիլիտացիան՝ վարորդին տալով հնարավորություն՝ սահմանափակ պայմաններով փորձաշրջանի ընթացքում ապացուցելու իր վարքագծային փոփոխությունը։

Ներկայում վարորդական իրավունքից զրկվածները ժամկետի ավարտից հետո վարելու իրավունքը վերականգնելու համար քննություն են հանձնում՝ անկախ նրանից՝ առաջին անգամ են զրկվել, թե՝ ոչ։

«Մինչդեռ միջազգային փորձի ուսումնասիրությունը և կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ վարելու իրավունքից զրկման ժամկետը լրանալուց հետո, հատկապես առաջին անգամ զրկումների պարագայում, կիրառվում են վարորդի վարքագծի փոփոխությանը միտված առավել թիրախային մեթոդներ՝ զուգահեռաբար ապահովելով դրա նկատմամբ պատշաճ վերահսկողություն։

Օրինակ՝ կիրառվում են վարելու իրավունքից զրկված անձանց լրացուցիչ դասընթացների, վերապատրաստումների, վարվող տրանսպորտային միջոցներում ալկոփականների տեղադրման, սահմանափակ հնարավորություններով փորձաշրջանի սահմանման և այլ ընթացակարգեր»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter