Ծառուկյանի միլիոն դոլարանոց մատանինները, Սարգսյանի «անգին» սրբապատկերը ու եկամուտ չունեցողը․ ինչ են հայտարարագրել 19 ուժերի առաջին համարները
Միլիոնավոր դոլարանոց ադամանդե մատանիներ, տասնյակ անշարժ գույք արտերկրում, հարյուր հազար դոլարանոց գրիչների հավաքածու, «անգին» սրբապատկեր, գործազուրկներ, եկամուտ չունեցողներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած հայտարարագրերը բացում են 2026թ. հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերի առաջնորդների ունեցվածքի գաղտնիքները։ Ո՞վ է ամենահարուստը, և ովքե՞ր են ապրում միայն աշխատավարձով։
Առաջին համարների առաջատարը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն է։ Նա հայտարարագրել է մոտ 15 միլիարդ 623 մլն դրամ։ Հայտարարագրման օրվան նախորդող 12 ամիսներին մոտ 11 միլիարդ 224 մլն դրամ եկամուտ է ստացել։ Ունի 19 ավտոմեքենա և 24 անշարժ գույք, այդ թվում՝ բնակարան, առանձնատուն, հողամասեր և այլն։
Ծառուկյանը գույքի թվով զիջում է միայն «Նոր ուժ» կուսակցության առաջին համար Հայկ Մարությանին, որը հայտարարագրել է 29 անշարժ գույք։ Մարությանը ունի մոտ 232 մլն դրամ, իսկ նախորդ 12 ամիսներին մոտ 296 մլն դրամ եկամուտ է ունեցել։ Չնայած ունեցվածքին՝ դրամական միջոցներով Մարությանը զիջում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանին, որը մոտ 1 միլիարդ 578 մլն դրամ գումար ունի, իսկ նախորդ 12 ամիսներին մոտ 57 մլն դրամի եկամուտ է ստացել։ Կարապետյանը 15 անշարժ և երկու շարժական գույք է հայտարարագրել։ Դրամական միջոցներով երրորդ հորիզոնականում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ մոտ 370.6 մլն դրամ։

19 հոգուց ոչ բոլորի եկամուտները կամ դրամական միջոցներն են միլիարդ կամ միլիոն դրամով հաշվվում: Առաջին համարներից չորսը դրամական միջոց չի հայտարարագրել, իսկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջին համար Լևոն Զուրաբյանը եկամուտ չի ունեցել։ Բոլոր կուսակցությունների առաջին համարների հայտարարագրերի մանրամասները կարող եք կարդալ ստորև, հերթականությունը՝ ըստ կուսակցության համարի։
.jpg)
1. «Ռեֆորմիստների» կուսակցություն
«Ռեֆորմիստների» կուսակցության ցուցակի առաջին համարը պաշտպանության նախկին նախարար, ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանն է։
Հարությունյանը հայտարարագրել է Կենտրոն վարչական շրջանում գտնվող 204 քմ մակերեսով մեկ բնակարան։
Հարությունյանը հաշվետու ժամանակահատվածում ստացել է 4.9 մլն դրամի թոշակ Պաշտպանության նախարարությունից։ «Հայէկոնոմբանկ»-ում և ռուսական «Սբերբանկ»-ում ունեցած ավանդներից ստացել է 720.000 դրամ և 884.394 ռուբլի տոկոսավճար։
Վաղարշակ Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 400.000 դրամ և 30.000 դոլար։
2. «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական» կուսակցություն
Նորաստեղծ «Բոլորին դեմ եմ» կուսակցության առաջին համարը Սպարտակ Կյուրեղյանն է։ Նա աշխատում է «Զելըս» ՓԲԸ-ում որպես խորհրդատու։
Կյուրեղյանն ունի 37.32 և 53.49 քմ մակերեսներով երկու բնակարան, կառուցվող շենքում 106 քմ մակերեսով բնակարանի և 18.6 քմ մակերեսով ավտոտնակի գնման իրավունք։
«Բոլորին դեմ եմ»-ի առաջին համարը հայտարարագրել է 2020 թվականի արտադրության «Tesla model Y» մակնիշի ավտոմեքենա։
Հաշվետու ժամանակահատվածում Կյուրեղյանը «Այբբենգիմ» ՓԲԸ-ին բաժնետոմսերի վաճառքից ստացել է 288 մլն 250 հազար դրամ։
«Զելըս» ՓԲԸ-ին բաժնետոմսերի վաճառքից Սպարտակ Կյուրեղյանը ստացել է 52 մլն դրամի եկամուտ։ Նույն ընկերությունից նա 9.3 մլն դրամ աշխատավարձ է ստացել։
«Բուտեխ» ՓԲԸ-ից, որպես աշխատավարձ, Կյուրեղյանը ստացել է 8,450 դրամ, «Թի Էյ Բիզնես Կենտրոն» ՍՊԸ-ից` 11.5 մլն դրամ և «Գոյա» ՓԲԸ-ից 1.3 մլն դրամ։
Կյուրեղյանը հայտարարագրել է 102 մլն դրամ և 37 հազար դոլար։
«Այբբենգիմ գույք» ՓԲԸ-ում, «Բալիստիք» ՓԲԸ-ում, «Բուտեխ» ՓԲԸ-ում և «Ա 3» ՍՊԸ-ում Սպարտակ Կյուրեղյանը փայատեր է։
3. «Ուժեղ Հայաստան» դաշինք
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարը Նարեկ Կարապետյանն է։ Նա «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է։
Կարապետյանը հայտարարագրել է Տաշիր համայնքի Լեռնահովիտ գյուղում 0.188 հա մակերեսով մեկ բնակելի տուն և 12 հողամաս՝ ընդհանուր 3.44 հա մակերեսով։
Կարապետյանը 128.4 քմ մակերեսով բնակելի տուն ունի Մոսկվայում։
0.4 հա մակերեսով մեկ հողամաս էլ Կարապետյանն ունի Վահագնի թաղամասում։
Նարեկ Կարապետյանը հայտարարագրել է 2025 թվականի արտադրության «Toyota Camry» և 2021 թվականի արտադրության «Mercedes Benz»։
Հաշվետու ժամանակահատվածում Կարապետյանը 675.000 դրամ աշխատավարձ է ստացել «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ից և 56.2 մլն դրամ նվիրատվություն Արթուր Հովագիմյանից։
Նարեկ Կարապետյանի դրամական միջոցները կազմել են 16.5 մլն դրամ, 1.8 մլն դոլար և 2.1 մլն եվրո։
«Տաշիր ագրո» ՓԲԸ-ի 100%-ը, «Սյունէներգաշին» ՓԲԸ-ի 98.8%-ը և «Թի թաուեր» ՓԲԸ-ի 50%-ը պատկանում են Նարեկ Կարապետյանին։
4. «Հայաստանի Շնորհապետական» կուսակցություն
«Հայաստանի Շնորհապետական» կուսակցության ցուցակը գլխավորող Գուրգեն Սիմոնյանն անշարժ գույք չունի։ Նա հայտարարագրել է 2015 թվականի արտադրության «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա։
Սիմոնյանը նախորդ 12 ամիսներին 210 հազար դրամ աշխատավարձ ստացել է Սլավոնական համալսարանից, 278 հազար դրամ՝ «Մխիթարեան կրթահամալիր» հասարակական կազմակերպությունից։
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Սիմոնյանն ունեցել է 10.1 մլն դրամ։
5. «Նոր ուժ» ռեֆորմիստական» կուսակցություն
«Նոր ուժ» կուսակցության ցուցակի առաջին համարը Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանն է։ Մարությանը հայտարարագրել է Չեխիայում գտնվող 5 բնակարան` 72.54, 62.70, 51.96, 48.93 և 56.75 քմ մակերեսներով, 2 բնակելի տուն՝ 116 և 252.84 քմ մակերեսներով, 5 ավտոկայանատեղի և հասարակական նշանակության 5 տարածք։ Չեխիայում Մարությանը ունի նաև 7 հողամաս` ընդհանուր 3844 քմ մակերեսով։
Եվրոպական մեկ այլ երկրում՝ Ավստրիայում, Հայկ Մարությանն ունի 3 բնակարան՝ 62.79, 41.4 և 53.7 քմ մակերեսներով։
Երևանում Մարությանն ունի մեկ բնակարան՝ 34.2 քմ մակերեսով և բնակելի տուն՝ 92.5 քմ մակերեսով։
Մարությանն, ըստ հայտարարագրի, գործազուրկ է։ Նա նախորդ 12 ամիսներին գույքի վաճառքից ստացել է 7 մլն 200 հազար չեխական կրոն և 65 մլն դրամ։ Անշարժ գույքի վարձավճարներից նրա ստացած եկամուտը կազմել է 2 մլն չեխական կրոն և 34 հազար 671 եվրո։ Մարությանն անցնող տարում 80.000 եվրո նվիրատվություն է ստացել Եվա Ջակեսովայից։
«ԱԱԱ փրոջեքթս» ՍՊԸ-ից, որի 100% բաժնետերն ինքն է, որպես շահաբաժին ստացել է 17 մլն դրամ և 6 հազար 316 եվրո։
Հայկ Մարությանի դրամական միջոցները կազմել են 76.1 մլն դրամ, 2.6 մլն չեխական կրոն (46 մլն 813 հազար դրամ), 122 հազար 733 եվրո և 154 հազար 673 դոլար։
6. «Միասնության թևեր» կուսակցություն
«Միասնության թևեր» կուսակցության ցուցակը գլխավորում է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նա հայտարարագրել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող 183.95 քմ մակերեսով բնակարան, 25.5 քմ մակերեսով հողատարածք և 25.9 քմ մակերեսով ավտոկայանատեղի։
Արման Թաթոյանը Հայաստանի ամերիկյան համալսարանից ստացել է 33.4 մլն դրամ աշխատավարձ, ԵՊՀ-ից՝ 514 հազար դրամ, իսկ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամից՝ 5.9 մլն դրամ։
Թաթոյանի դրամական միջոցները կազմել են 80 մլն դրամ և 55.700 դոլար։
7. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջին համարը կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանն է։ Նա հայտարարագրել է Կոտայքի մարզում գտնվող 13 հողամաս՝ ընդհանուր 61.388 քմ մակերեսով, անհատական բնակելի տուն՝ 5234 քմ մակերեսով, 7 շենք–շինություն` ընդհանուր 8189 քմ մակերեսով և հողին ամրակցված 2 այլ գույք՝ 8169 և 329.8 քմ մակերեսներով և Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 131.4 քմ մակերեսով բնակարան։
Ծառուկյանը տարբեր մակնիշի 19 ավտոմեքենա ունի՝ 2004-2023 թվականների արտադրության։ Իսկ թանկարժեք գույքի ցանկը կարելի է երկար թվարկել՝ ադամանդե ու ոսկյա մատանիներ, ջահեր, վարագույրներ, կահույք և այլն։ Ընդհանուր առմամբ, Ծառուկյանն ունի 6 մլն 466 հազար եվրո և 7 մլն 313 հազար դոլար արժեքով թանկարժեք գույք։
Հաշվետու ժամանակահատվածում ԲՀԿ առաջնորդը որդուց՝ Նվեր Ծառուկյանից, ստացել է 1 մլրդ 367 մլն դրամի նվիրատվություն, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից՝ 4 մլրդ 180 մլն դրամ շահաբաժին և 950 մլն փոխառություն, «Օլիմպավան» ՍՊԸ-ից՝ 174 մլն դրամ փոխառություն, «Մուլտի ուելնես կենտրոն» ՍՊԸ-ից՝ 292 մլն դրամ շահաբաժին և 61.7 մլն դրամ փոխառություն, «Ֆիրմա նյու» ՍՊԸ-ից՝ 865 մլն դրամ փոխառություն, բաժնեմասերի օտարումից՝ 1.8 մլն եվրո, «Գլոբալ մոթորս» ՍՊԸ-ից՝ 5.4 մլն դրամ վարձավճար, «Զվարթնոց հենդլինգ» ՓԲԸ-ից՝ 1 մլրդ 520 մլն դրամ շահաբաժին, «Մուլտի մոթորս» ՍՊԸ-ից՝ 2.7 մլն դրամ վարձավճար, «Մուլտի սիս» ՍՊԸ-ից՝ 3.5 մլն դրամ շահաբաժին, «Ֆայն քարս» ՍՊԸ-ից՝ 15.2 մլն դրամ շահաբաժին և «Կոնվերս բանկ»-ից՝ 25.000 դրամ բանկային տոկոս։
Գագիկ Ծառուկյանի դրամական միջոցները կազմել են 3 մլրդ 450 մլն դրամ, 26.7 մլն դոլար, 5.4 մլն եվրո և 2.3 մլն ռուբլի։
ԲՀԿ ղեկավարը 56 ընկերությունում 20-ից մինչև 100% մասնաբաժին ունի։
8. «Ազգային-Ժողովրդավարական բևեռ համահայկական» կուսակցություն
ԱԺԲ-ի ցուցակը գլխավորող տնտեսագետ Գևորգ Կարապետյանը համատեղ սեփականության իրավունքով 400 քմ մակերեսով առանձնատուն ունի Մարտունիում։ Նա հայտարարագրել է 1996 թվականի արտադրության «Mercedes» մակնիշի մեքենա։
Կարապետյանը «Բլեսս» ՈւՎԿ-ից 3 մլն դրամ աշխատավարձ է ստացել նախորդ 12 ամիսներին։ Դրամական միջոցներ ԱԺԲ-ի ցուցակի առաջին համարը չի հայտարարագրել։
9. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության ցուցակում առաջին համարը Արտակ Սարգսյանն է։ Նա հայտարարագրել է 0.75 հա մակերեսով մեկ հողամաս։
«Սարգսյան Ֆիշ» ՍՊԸ-ից Արտակ Սարգսյանը ստացել է 1.5 մլն դրամ աշխատավարձ, իսկ Քուվեյթում գտնվող «Արթուր Բռադեռզ լեգասի Քուվեյթ» ընկերությունից 6000 Քուվեյթի դինար` մոտ 7.1 մլն դրամ։
10. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորող Լևոն Զուրաբյանը հայտարարագրել է 250 քմ մակերեսով առանձնատուն, 120 քմ մակերեսով ամառանոց, 70 քմ մակերեսով բնակարան և 0.1 հա մակերեսով հողամաս։
Ըստ հայտարարագրի՝ հաշվետու ժամանակահատվածում Զուրաբյանը որևէ եկամուտ չի ունեցել։ Նա հայտարարագրել է 8 մլն դրամ։
11. «Հանրապետություն» կուսակցություն
Արամ Սարգսյանը, ով գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության ցուցակը, 800 քմ մակերեսով առանձնատուն ունի Արարատ գյուղում։ Սարգսյանը երկու մեքենա ունի՝ 2025 թվականի արտադրության «L7» և 1994-ի արտադրության «Mercedes»։
Սարգսյանը հայտարարագրել է գրիչների հավաքածու, որի գինը 100 հազար դոլարից ավելի է և սրբապատկեր, որը Սարգսյանի համար անգին է։
Վերջին 12 ամիսներին Արամ Սարգսյանը «Գալիք» ՍՊԸ-ից 21.1 մլն դրամ շահաբաժին է ստացել, իսկ ՀՀ կառավարությունից՝ 1.4 մլն դրամ թոշակ։
Սարգսյանը հայտարարագրել է 30.4 մլն դրամ, 100.000 դոլար և 10.000 եվրո։
Արամ Սարգսյանը բաժնետեր է երեք ընկերությունում։ Նրան է պատկանում «Գալիք» ՍՊԸ-ի 50%-ը, «Հատուկ ցեմենտ» ՍՊԸ-ի 45%-ը և «Կավաշեն» ՍՊԸ-ի 25%-ը։
12. «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցություն
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության ցուցակի առաջին համար Լևոն Շիրինյանը համատեղ սեփականության իրավունքով 56 քմ մակերեսով բնակարան է հայտարարագրել։
Շիրինյանը նախորդ 12 ամիսներին Գիտությունների ազգային ակադեմիայից ստացել է 256 հազար դրամ աշխատավարձ, Մանկավարժական համալսարանից՝ 57 հազար դրամ։ Շիրինյանը նաև 79.000 դրամ կենսաթոշակ է ստացել։ Դրամական միջոցներ նա չի հայտարարագրել։
13. «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական» կուսակցություն
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ցուցակում առաջինը Աշոտ Գալստյանն է։ Նա աշխատում է «Հայ. Շին. Պո.» ՍՊԸ-ում որպես ինժեներ։ Այս ընկերությունից նա 70.000 դրամ աշխատավարձ է ստացել։ Գալստյանը նաև 61.500 դրամ կենսաթոշակ է ստացել։
Աշոտ Գալստյանը հայտարարագրել է Երևանում գտնվող 95.4 քմ մակերեսով բնակարան և 2004 թվականի արտադրության «Mercedes Benz»։ Նրա դրամական միջոցները կազմել են 1.1 մլն դրամ։
14. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ցուցակի առաջին համարը Սուրեն Պետրոսյանն է։ Նա հայտարարագրել է Երևանում գտնվող երկու բնակարան՝ 104.5 և 47.6 քմ մակերեսներով և մեկ հողամաս՝ 950 քմ մակերեսով, որը գտնվում է Տավուշի մարզում։
Պետրոսյանը երկու մեքենա ունի՝ 2008-ի արտադրության «Skoda» և 2018-ի արտադրության «Genesis»։
Սուրեն Պետրոսյանը «Էդ էլ վեյս ֆրանս» ընկերությունից 178.000 եվրո շահաբաժին է ստացել։ Նրա դրամական միջոցները կազմել են 4.7 մլն դրամ։
15. «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության նախընտրական ցուցակում առաջինը փաստաբան Լևոն Բաղդասարյանն է։ Նա հայտարարագրել է երկու բնակելի տուն՝ 213 և 171 քմ մակերեսներով, բնակարան՝ 187.3 քմ մակերեսով, 6 հողամաս՝ ընդհանուր 5210.9 քմ մակերեսով և առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտ, որի հողի մակերեսը 96 քմ է, իսկ շենքինը՝ 41.3 քմ։
«Փաստաբանական գրասենյակ «Լև Գրուպ»» ՍՊԸ-ից Բաղդասարյանը ստացել է 1.6 մլն դրամ աշխատավարձ և 69.6 մլն դրամ փոխառություն։
16. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համարն է։ Նա հայտարարագրել է 201.5 քմ մակերեսով բնակելի տուն Իջևանում։
Փաշինյանը նախորդ 12 ամիսներին 31.8 մլն դրամ աշխատավարձ ու պարգևավճար է ստացել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Փաշինյանը 500.000 դրամ ռոյալթի է ստացել։ Կես միլիոն դոլար էլ վարչապետը ստացել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնաժողովից։
Նիկոլ Փաշինյանն իր բանկային հաշիվներին, հայտարարագիրը լրացնելու օրվա դրությամբ, ունեցել է 4 մլն դրամ, իսկ կանխիկ գումարը կազմել է 700.000 դրամ և 800 դոլար։
17. «Հայաստան» դաշինք
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը գլխավորում է «Հայաստան» դաշինքի ցուցակը, 1715.7 քմ մակերեսով բնակելի տուն ունի Երևանում։ Նա հայտարարագրել է նաև Ստեփանակերտում գտնվող 195.83 քմ մակերեսով բնակարան։
Քոչարյանը հաշվետու ժամանակահատվածում պարտատոմսերից և բանկային տոկոսներից ստացել է 34.700 դոլար և 2 մլն 599 հազար ռուբլի։ Երկրորդ նախագահը 15.1 մլն դրամ թոշակ է ստացել։
Ռոբերտ Քոչարյանը հայտարարագրել է 15.3 մլն դրամ, 772.000 դոլար և 14.7 մլն ռուբլի։
18. «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն
«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության առաջին համարը Արման Բաբաջանյանն է։ Նա 103.6 քմ մակերեսով բնակարան ունի Երևանի Նոր նորք վարչական շրջանում։ Հայտարարագրել է նաև երեք հողամաս՝ ընդհանուր 3000 քմ մակերեսով։
Բաբաջանյանը 2011-ի արտադրության «Toyota LC» ունի։
«Սկիզբ մեդիա կենտրոն» ՓԲԸ-ից Բաբաջանյանը ստացել է 230 մլն դրամ շահաբաժին։ Նա 12 մլն դրամ կանխիկ գումար ունի։
19. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը Էդմոն Մարուքյանն է։
Էդմոն Մարուքյանը երկու բնակարան ունի. մեկը 121.7 քմ է և գտնվում է Երևանում, երկրորդը 51.54 քմ է և գտնվում է Վանաձորում։ Մարուքյանին է պատկանում նաև 18.8 քմ մակերեսով ավտոտնակ Երևանում և 2024 թվականի արտադրության «Toyota Camry» մեքենա։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը հաշվետու ժամանակահատվածում 4 մլն 774 հազար դրամ եկամուտ է ստացել։ Մարուքյանը 2,3 մլն դրամ աշխատավարձ ստացել է «Կոնտինենտալ թրեյդինգ քամփնի» ՍՊԸ-ից, 2 մլն 281 հազար դրամ՝ «Գլոբալ Ռիթեյլ» ՍՊԸ-ից։ Լիբերալ քաղաքականության ինստիտուտից Մարուքյանը 189 հազար դրամ հոնորար է ստացել։ Մարուքյանի դրամական միջոցները կազմում են 23 մլն դրամ և 1565 եվրո։
Թեկնածուների ներկայացրած հայտարարագրերը ցույց են տալիս, որ նրանք տարբեր են ոչ միայն իրենց գաղափարներով ու ծրագրերով, այլև ֆինանսական վիճակով։ Միլիոնատեր թեկնածուների կողքին կան եկամուտ ու դրամական միջոցներ չունեցողներ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել