Ռուսաստանը ըմբռնումով կվերաբերվի Հայաստանի ցանկացած ընտրությանը. ՌԴ փոխվարչապետ
Մոսկվան ըմբռնումով կվերաբերվի ցանկացած ընտրությանը, որը կանի Հայաստանի ժողովուրդը։ TACC-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Իհարկե, ինչպես դա բազմիցս ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, մենք ըմբռնումով կմոտենանք ցանկացած ընտրության, որը կանի Հայաստանի ժողովուրդը»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան՝ պատասխանելով Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցման մասին TACC գործակալության լրագրողի հարցին։
Օվերչուկի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանին մոտ և դաշնակից պետություն է, իսկ երկու երկրներին միավորում են խորը և վաղեմի բարեկամական կապերը: «Մոսկվան մեծ հարգանք է տածում հայ ժողովրդի նկատմամբ»,- նշել է ռուսաստանցի պաշտոնյան։ «Հայաստանը մեզ շատ մոտ, դաշնակից երկիր է։ Նա Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի անդամ է։ Եվ պարզապես մարդկային կապերը, որոնք միավորում են մեզ, դրանք շատ խորն են, շատ լուրջ, վաղեմի»,- շարունակել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը ինչ-որ փուլում ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև։ «Այնտեղ (Հայաստանում՝ խմբ.) խոսում են Եվրամիության հետ մերձենալու ձգտման մասին։ Մենք բազմիցս ասել ենք, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է։ Հայաստանում դա նույնպես շատ լավ են հասկանում, այդ երկրի ղեկավարներն էլ են դրա մասին ասում, որ երկուսն անհամատեղելի են։ Ինչ-որ փուլում նրանք ստիպված կլինեն նման ընտրություն կատարել, եթե որոշեն դա անել»,- շարունակել է Օվերչուկը՝ հավելելով, որ ռուսական կողմը փորձում է հայկական կողմին հասցնել այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ։
«Դա վերջին հաշվով իրենց ընտրությունն է»,- եզրափակել է նա։
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել