Թրամփից հետո Պուտինը ևս կայցելի Չինաստան
Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հրավերով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան։ Պետական այցի ժամկետների մասին հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը կքննարկեն «երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր», գործընկերության խորացման և ռազմավարական փոխգործակցության ուղիները, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն միջազգային խնդիրների շուրջ: Նախատեսվում է, որ բանակցությունների արդյունքում երկու երկրների առաջնորդները հանդես կգան համատեղ հայտարարությամբ ու կստորագրեն մի քանի երկկողմ փաստաթուղթ։
Կրեմլում հավելել են, որ երկու երկրների նախագահները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն նաև կրթության, բարձր տեխնոլոգիաների և մարդասիրական բնույթի հարցեր։
Նախատեսվում է, որ Պուտինը կհանդիպի նաև ՉԺՀ Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն առևտրատնտեսական հարցեր:
Պուտինի այս այցը նվիրված է Ռուսաստանի և Չինաստանի միջև բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակին: Պեկին այցի հրավերի մասին հայտնի էր դարձել դեռ փետրվարին։
ՌԴ նախագահը վերջին անգամ Չինաստան էր այցելել անցած տարվա օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին։
Պուտինը Չինաստան է գալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցից հետո։ Նա այդ երկրում էր մայիսի 13-15-ը։ 2017 թվականից ի վեր դա ԱՄՆ առաջնորդի առաջին այցն էր Չինաստան։ Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո Թրամփը հայտարարել է «ֆանտաստիկ գործարքների» մասին։ Դրանց թվում է Չինաստանի կողմից Boeing ընկերության 200 ինքնաթիռի ձեռքբերումը։
Լուսանկարը՝ Alexei Druzhinin–Sputnik/AFP/Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել