HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիան և Հայաստանն ավարտել են ուղիղ առևտրի նախապատրաստական աշխատանքները

Անկարան և Երևանն ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին։

«2022 թվականից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շարունակվող գործընթացի համատեքստում ընդունված վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակներում մեր երկրի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստությունները 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են։ Երկու երկրների միջև ընդհանուր սահմանի բացման համար անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքները շարունակվում են»,- X-ի իր միկրոբլոգում գրել է թուրք պաշտոնյան։

Քեչելին նշել է, որ այժմ, որպես ուղարկման կետ կամ վերջնական նպատակակետ, հնարավոր է դարձել նշել երկրի անվանումը՝ Թուրքիա կամ Հայաստան, այն ապրանքների համար, որոնք Թուրքիայից ուղարկվում են երրորդ երկիր, իսկ այնտեղից՝ Հայաստան:

«Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման ամրապնդման համար բացված պատմական հնարավորության լույսի ներքո Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ տարածաշրջանում տնտեսական հարաբերությունների զարգացման և համագործակցության հետագա խորացման գործում՝ ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների»,- ասված է հայտարարության մեջ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է թուրքական կողմի այս հայտարարությունը։ «Ողջունում ենք ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է: Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու և խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից»,- ասված է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Անի Բադալյանի հայտարարության մեջ։

Վերջինիս պնդմամբ՝ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչը կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով: 

Կոլաժը՝ trendsresearch.org-ից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter