HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սատկած կենդանիներ, աղբ ու գարշահոտություն` Մասիսի դրենաժներում

Մասիս համայնքից Սիս բնակավայր տանող ճանապարհի դրենաժային համակարգերից մեկը վերածվել է աղբավայրի։ Ջրատարում պլաստիկ շշեր են, կենցաղային, շինարարական աղբ և սատկած կենդանիներ։ Աղբով լցված դրենաժը ոչ միայն էկոլոգիական աղետի, այլև՝ համաճարակային բռնկումների աղբյուր է։

Դրենաժը ջրահեռացման համակարգ է՝ հողում կուտակված ավելորդ ջրերը հեռացնելու համար։ Այն օգնում է կանխել հողերի ճահճացումը, աղակալումը և պահպանել ստորգետնյա ջրերի բնական մակարդակը։

Դրենաժի հարակից տարածքում ձկնաբուծարան, քարերի մշակման արտադրամաս և այլ տնտեսություններ կան։ Մի քանի հարյուր մետր հեռավորության վրա էլ Մասիս քաղաքի աղբավայրն է։ 

Աղբը հիմնականում մասիսցիներն են թափում

Մասիսի համայնքապետարանի կոմունալ ծառայության բաժնի պետ Սուրեն Ամիրջանյանն ասում է՝ դրենաժները մաքրվում են սահմանված պարբերականությամբ, սակայն աղբը կրկին կուտակվում է՝ բնակիչներն են թափում։

Նրա խոսքով՝ մեր զրույցից ընդամենը ժամեր առաջ համայնքապետարանը տեխնիկա է ուղարկել տարածք՝ հնարավորության սահմաններում մաքրելու համար։ 

«Էնդեղ պետք է աշխատի էնպիսի տեխնիկա, որը թումբերի վրայով գնում է։ Դրանից ունի մենակ «Մելիորացիա» ՓԲԸ-ն, իրենք էլ երկու տարին մեկ իրենց գործն անում, մաքրում են»,- նշում է Սուրեն Ամիրջանյանը:

Նրա խոսքով, համայնքը որոշ դեպքերում վարչական տուգանք կիրառում է ապօրինի աղբ թափողների նկատմամբ։

«Մաքրեցինք, անցանք առաջ, հետո էս աղբը նորից է կուտակվելու։ Իրականում չես կարա էդ հսկողությունն իրականացնես, չի ստացվում, մարդկանց վերաբերմունքը պիտի փոխվի բնության հանդեպ»,- ասում է Սուրեն Ամիրջանյանը։

Ապա հավելում է՝ խնդիրը միայն համայնքի ուժերով հնարավոր չէ լուծել։ Հարակից աղբավայրը նույնպես խնդիրներ է ստեղծում։ Համայնքը որոշել է աղբավայրը փակել, սակայն դեռ չի հաջողվում, քանի որ աղբավայրի փակման վերաբերյալ դատական գործ կա, եւ աղբատար մեքենաները շարունակում են այստեղ աղբ թափել։ 

2024 թվականին ամենաշատ դրենաժային համակարգերը մաքրել են Մասիսում

Դրենաժային համակարգերի շահագործմամբ, մաքրությամբ զբաղվող, ՏԿԵՆ Ջրային կոմիտեի ենթակայությամբ գործող «Մելիորացիա» ՓԲԸ-ի տնօրեն Սասուն Միրոյանը ևս ասում է՝ Մասիս համայնքը ամենախնդրահարույց հատվածներից է։

2024 թվականին բոլոր ժամանակներում ամենաշատ դրենաժային համակարգերը մաքրել են Մասիս խոշորացված համայնքում՝ շուրջ 100 կմ։ Դրենաժները մաքրվում են սահմանված հաճախականությամբ՝ երկու տարին մեկ անգամ։ Սասուն Միրոյանի խոսքով՝ ընկերության գործառույթը դրենաժներից բնական նստվածքների հեռացումն է, ոչ թե կենցաղային աղբի մաքրումը։

Ընկերության գործունեության նպատակը բերվածքները հանելն է, որպեսզի ջրի մակարդակն իջնի։ Բայց մարդիկ պարբերաբար շիշ, աղբ, սատկած կենդանիներ են նետում։

Միրոյանի խոսքով՝ մաքրումից կարճ ժամանակ անց նույն դրենաժները կրկին աղտոտվում են, լցվում կենցաղային աղբով, սատկած կենդանիներով։ Առավելագույնը մեկ ամիս անց նույն վիճակն է լինում։ 

Մասիսցիները, ըստ Միրոյանի, կոյուղու խողովակներն ապօրինի միացնում են դրենաժին, հետո բողոքում են գարշահոտությունից։

Դրենաժային ջրերը միանում են Հրազդան գետին։ Մասիսի մեր մատնանշած դրենաժը, «Մելիորացիա» ՓԲԸ-ի ղեկավարի պնդմամբ, ոռոգման նպատակով չի օգտագործվում, բայց դա չի նշանակում, որ վարակի շղթան կտրվում է։ 

Միրոյանը հիշեցնում է, որ դրենաժները չմաքրելու պատճառով 1995-2005 թվականներին Հայաստանում մալարիա բռնկվեց։ 

Կեղտոտ դրենաժները կարող են համաճարակի պատճառ դառնալ

Ջրային ռեսուրսների կառավարման մասնագետ Էդուարդ Մեսրոպյանի խոսքով՝ խնդիրը միայն տեսանելի աղբը չէ։ Նրա գնահատմամբ՝ դրենաժներում կուտակվող թափոնները կարող են վտանգավոր ազդեցություն ունենալ ինչպես բնապահպանական, այնպես էլ առողջապահական տեսանկյունից։Այդ ամբողջ կեղտաջուրը և աղբը, լցվելով դրենաժային համակարգ, աղտոտում են նաև ընդերքը՝ ստորգետնյա ջրային հորիզոնները։ Մյուս կողմից էլ՝ աղտոտվում են հողատարածքները։

Նա հատկապես վտանգավոր է համարում հակասանիտարական պայմանները։ Ամենամեծ վնասը առողջապահական կարող է լինել։ Ստեղծվում է հակասանիտարական վիճակ, որը համաճարակի բռնկման համար լավ աղբյուր է: Ամռան ամիսներին աղտոտված և կանգնած ջրերում կարող են ակտիվորեն բազմանալ միջատներ։

«Եթե դրենաժում կենդանի ընկնի կամ բերեն լցնեն, դա կարող է լուրջ ռիսկեր առաջացնել։ Բացի դրանից, հաճախ մորթված կենդանիների մնացորդներն էլ են հայտնվում կոյուղու կամ դրենաժային համակարգերում»,- ասում է նա։

Մասնագետը կարևորում է նաև Մասիսի կեղտաջրերի մաքրման կայանի կառուցումը։ Նրա խոսքով՝ նախկինում կայան եղել է, սակայն այժմ չի գործում, տեղում այլ բան է: «Հետքը» 2023 թվականի հուլիսի 20-ին գրել էր Մասիս քաղաքի նախկին մաքրման կայանի մասին։

«Այսօր կեղտաջրի մաքրման կայանի բացակայությունը բերում է բնապահպանական և առողջապահական խնդիրների։ Կեղտաջրերի խառնվելը ոռոգման ջրերին կարող է ազդել նաև գյուղմթերքի որակի վրա, էն լոլիկն ու սմբուկը, որ գնում և հաճույքով ուտում ենք, մեծ մասամբ ոռոգված են լինում կոյուղաջրերով։ Էստեղ շատ կարևոր դեր ունեն նաև Առողջապահության նախարարությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը, որովհետև խախտվում են նաև իրենց վերահսկողության ոլորտները»,- նշում է Մեսրոպյանը։

Պատասխանատուները խոստանում են մաքրել ջրատարները, մասնագետներն առաջարկում են կանխարգելիչ գործողություններ ձեռնարկել։ Մասիս համայնքի բնակիչներից է կախված՝ ջրատարը մաքուր կմնա, թե կրկին աղբով կլցվի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter