«18 անձանց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում». «Սրբազան պայքար»-ի գործով պաշտպան
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր՝ ապրիլի 30-ին, շարունակվեց «Սրբազան պայքարի» գործի քննությունը։ Բացման խոսք ասաց պաշտպանական կողմը։
Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց՝ հիմնավորելու են, որ այս գործով 18 անձանց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։
«Հիմնավորելու ենք, որ այս անձինք քաղաքական հետապնդման են ենթարկվում կոնկրետ իրենց դրսևորած քաղաքական վարքի, հասարակական վարքի, պետական կարևորության նշանակություն ունեցող հանգամանքներին՝ որպես քաղաքացի իրենց անմիջական մասնակցությունն ապահովելու իրավունքն իրացնելու պատճառով»,- հայտարարեց նա։
Ըստ պաշտպանի՝ այս գործընթացին մասնակից են դարձել ՀՀ տարբեր գերատեսչություններ, տարբեր պաշտոնատար անձինք։ Պաշտպանը պնդում է՝ գործընթացին նախևառաջ մասնակից է եղել ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն, դատախազությունը, որը կեղծ ապացույցների հիման վրա մեղադրական եզրակացություն է ներկայացրել դատարան, և դրա նպատակը քաղաքական իշխանության քաղաքական քմահաճույքներին ուղղակիորեն ծառայելն է եղել։
«Գործընթացի մասնակից են դարձել դատարանները, որոնք աչք են փակել կեղծ ապացույցների վրա։ Սույն գործով նախագահող դատարանին բազմիցս ներկայացվել է նման ապացույցների առկայությունը, սակայն դատարանը կրկին աչք է փակել բարձրացված բոլոր հարցերի վրա, որոնք վերաբերում են կեղծ ապացույցներին»,- շեշտեց Հովաննես Խուդոյանը։
Որն էր քաղաքական հետապնդման շարժառիթը. պարզաբանում է պաշտպանը
Ըստ պաշտպան Խուդոյանի՝ դեռևս 2024թ. մարտին վարչապետը մեկնել էր Տավուշի մարզի գյուղեր և բնակչությանը հարևան երկրի ագրեսիայի սպառնալիքով համոզում էր, որ անհրաժեշտ է ՀՀ ինքնիշխան տարածքներից հողեր փոխանցել, այնպիսի տարածքներից, որոնք ունեին Կադաստրի կոմիտեի տված վկայականներ, համարվում էին ՀՀ քաղաքացիների սեփականություն։ Եվ առաջին մարդկանցից մեկը Բագրատ Սրբազանն էր, ով դուրս եկավ այդ անարդարության դեմ։
«Ընդ որում, երբ գործով անձանց դեմ մեղադրանք է բերված ահաբեկչության հանցակազմով, ՀՀ Կառավարությունն ու իշխող ուժն էր 2024թ. ահաբեկում Տավուշի բնակչությանը՝ ասելով՝ եթե համաձայն չեք լինելու ձեր սեփականությունը փոխանցել թշնամական պետությանը, ապա ձեր նկատմամբ տեղի է ունենալու բռնություն՝ պատերազմ Ադրբեջանի կողմից։
Բագրատ Սրբազանը դուրս է եկել էդ անարդարության դեմ 2024թ. մարտին և փորձել է օրենքով չարգելված բոլոր եղանակներով կասեցնել պետության՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգությունները։ Սկսվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը չէր կարող լոկալ նշանակություն ունենալ, այդ տարածքների հանձնումը միայն տարածքի բնակիչների խնդիրը չէր։ Շատ մարդիկ միացել են շարժմանը։
Հունիսին բացառապես օդից վերցված տվյալների հիման վրա «Սրբազան պայքար»-ի մասնակիցները սկսել են գաղտնալսվել»,- նշեց նա։
Հովհաննես Խուդոյանն անդրադարձավ նաև գործի նյութերի արձանագրություններում առկա շեղումներին։ Որպես օրինակ պաշտպանը նշեց, որ ԱԱԾ երկու աշխատակից նույն խոսակցությունն արձանագրել է մեկը ամսի 4-ին, մյուսը՝ ամսի 10-ին։
«Հիմա ինչպե՞ս է դատախազությունը հիմնավորելու՝ որ օրն է եղել այդ խոսակցությունը»,- ասաց Խուդոյանը։
Բացի այդ, պաշտպանի հավաստմամբ՝ իրենք հիմնավորելու են նաև, որ կան մարդիկ, որոնք որևէ առնչություն չեն ունեցել, սակայն պատահականության սկզբունքով կամ վրեժխնդրությունից ելնելով՝ ենթարկվել են քրեական հետապնդման։ Պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարեց՝ դա, օրինակ, Տիգրան Գալստյանի պարագայում է, քանի որ արձանագրություններից մեկում նշվում է Տիգրան Գալստյանի անունը, սակայն Վարդևանյանը պնդում է՝ իր պաշտպանյալը չի մասնակցել զրույցին։
Բագրատ Սրբազանի և Լիդյա Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանն էլ հանրային մեղադրողներին խնդրեց՝ թե ահաբեկչության, և թե իշխանությունը զավթելու պարագայում ներկայացնել՝ կոնկրետ ապացույցը գործողություններից որ մեկն է հիմնավորում և ում է վերաբերում։
Հաջորդ դատական նիստին պաշտպանական կողմը կշարունակի բացման խոսքը։ Նիստը նշանակվել է մայիսի 7-ին՝ ժամը 15.00-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել