Ռումինիայի հետ համագործակցությունը կընդլայնվի. ՆԳՆ
Ապրիլի 21-23-ը ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուխարեստում էր։ Պատվիրակության կազմում էին ՆԳ նախարարի խորհրդական Կարեն Հակոբյանը, ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը, ինչպես նաև ՆԳ նախարարության կառուցվածքային այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ լրատվական ծառայությունը։
Այցի նպատակն էր ամրապնդել և զարգացնել երկու երկրների միջև ինստիտուցիոնալ համագործակցությունն՝ ուղղված մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի արմատական բարեփոխումների իրականացմանը։
Ռումինիայի ՆԳ նախարարությունում պետքարտուղար Բոգդան Դեսպեսկուի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման, լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Պատվիրակությունն այցելել է նաև Ռումինիայի ոստիկանության ակադեմիա։ Ռեկտոր Կատալին Անդրուշի հետ հանդիպմանը շարունակվել են կրթական ոլորտին առնչվող քննարկումները։
Կողմերը համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել։
Այցը կազմակերպվել էր ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ՝ Ռումինիայի ՆԳՆ «Ալեքսանդրու Իոան Կուզա» ոստիկանության ակադեմիայի հետ համագործակցությամբ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել