Աղբավայր Եղեգնավան և Լուսառատ գյուղերի ճանապարհին. համայնքապետարանի կոմունալ բաժինը տեղյակ չէ
Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսառատ և Եղեգնավան բնակավայրերը միմյանց կապող ճանապարհի կողքի մի հատվածը կրկին աղբանոցի է վերածվել։ Կենցաղային և շինարարական աղբ է թափված։ Երկու գյուղերի մեջտեղում գտնվող նախկին պոմպակայանի տարածքը հաճախ է աղբավայրի վերածվում։ Աղբն այնքան է շատանում, որ դուրս է գալիս ճանապարհի երթևեկելի հատված։ Երբեմն, երբ աղբի կույտերը մեծանում են, դրանք հավասարեցնում են գետնին և ծածկում հողով, հաճախ էլ աղբակույտերը վառում են։ Այս խնդիրը տարիների պատմություն ունի։ Աղբավայրի վերածված նախկին պոմպակայանը Լուսառատ գյուղի վարչական տարածքում է։
2022 թվականի հուլիսի 22-ին «Հետքը» այս մասին գրել էր։ Հրապարակումից օրեր անց աղբը մաքրվել էր, ծածկվել հողով։ Շինաղբի կույտերը հողին էին հավասարեցվել։
Մի քանի ամիս անց տարածքում նորից աղբ էր կուտակված:
Երկու բնակավայրերում էլ շաբաթական 1 անգամ աղբահանություն է իրականացվում:
«Մաքուր երկիր» ՍՊԸ-ի աշխատակիցները բնակիչների դռների մոտից հավաքում են կենցաղային աղբը։
Անհասկանալի է՝ ինչո՞ւ են բնակիչները աղբ թափում գյուղերի ճանապարհին, երբ բնակավայրերում աղբահանություն իրականացվում է:
«Հետքը» կապ է հաստատել Եղեգնավան և Լուսառատ բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։
Եղեգնավանի վարչական ղեկավար Դավիթ Մեհրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աղբավայր դարձած տարածքը ամիսներ առաջ կրկին մաքրվել էր, ինքն անձամբ է շինաղբ տեղափոխող վարորդներին զգուշացնում, որ այնտեղ աղբ չթափեն: Վերջերս էլ աղբանոցի տարածքին մոտ՝ այգիներում, տեսախցիկներ են տեղադրել, որպեսզի վերահսկեն։ «Բացի այդ, աղբանոցի վերածված տարածքը դուրս է Եղեգնավանի վարչական տարածքից»,- նշում է Դավիթ Մեհրաբյանը։
Լուսառատ բնակավայրի վարչական ղեկավար Սիրանույշ Ֆարֆարյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ պարբերաբար՝ տարին 1-2 անգամ, տարածքը մաքրում են, հարթեցնում աղբանոցը՝ հիմնականում սեփական միջոցներով, բայց խնդիրը վերջնական լուծում չի ստանում, բնակիչները շարունակում են տարածքում աղբ թափել։
«Իմ նախկին աշակերտներից, ով որ տրակտոր ունի, խնդրում եմ, գալիս հարթեցնում, հողով ծածկում են, բայց էլի չենք կարողանում դեմն առնել, բնակիչները նորից են բերում աղբ թափում»,- ասում է Ֆարֆարյանը։
Վարչական ղեկավարի խոսքով՝ նախկին պոմպակայանի տարածքը հիմնական աղտոտողները Լուսառատի բնակիչներն են, բայց չի բացառում նաև, որ հարևան բնակավայրերից էլ են բերում և աղբ թափում։
Սիրանույշ Ֆարֆարյանն աղբը չնախատեսված վայրում թափելը չի արդարացնում, բայց նաև նշում է, որ մոտակայքում չունեն աղբավայր, որտեղ կարող են շինաղբ թափել։ Վարչական ղեկավարի խոսքով՝ հենց դա է պատճառը, որ նախկին պոմպակայանը օգտագործում են որպես աղբանոց։
Բնակավայրի ղեկավարը պատրաստվում է նաև աղբավայր դարձած տարածքի հարցը բարձրաձայնել համայնքապետարանում։
Վեդու համայնքապետարանի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ից հայտնում են՝ խնդրի մասին առաջին անգամ են լսում, երբևէ բնակիչներից բողոք չեն ստացել։ Կոմունալ բաժնի հաշվապահ Վահան Միրզոյանը նախ զարմացավ, թե ինչու են համայնքապետարանից իրենց բաժին միացրել, ապա ասաց, որ կփորձի պարզել, թե ինչ աղբանոցի մասին է խոսքը և կտեղեկացնի պատասխանատուներին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել