Պենտագոնը պաշտոնից ազատել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարին
ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Ջոն Ֆելանը լքում է իր պաշտոնը։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Փարնելը։
«Պաշտպանության նախարարի և նրա տեղակալի անունից շնորհակալություն ենք հայտնում Ֆելանին գերատեսչությունում և ԱՄՆ ռազմածովային ուժերում կատարած ծառայության համար»,- նշել է Փարնելը։
Ֆելանի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նրա տեղակալ Հունգ Կաոն։ Հեռացման պատճառները պաշտոնապես չեն նշվում։
CNN-ի փոխանցմամբ՝ Ֆելանի հրաժարականը տեղի է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի ծովային շրջափակման ֆոնին, ինչի հարցում այդ երկրի ռազմածովային ուժերը առանցքային դեր ունեն։
Միևնույն ժամանակ, Axios-ի աղբյուրները նշում են, որ Ֆելանի հեռանալը «անակնկալ էր շատերի համար» և նա համալրել է այն բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների շարքը, որոնք Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության օրոք «կամ ինքնակամ են հեռացել, կամ էլ ազատվել են իրենց պաշտոններից»։ Axios-ի զրուցակիցներից մեկի խոսքով՝ Ֆելանը «չի հասկացել, որ ինքը գլխավոր որոշողը չէ», և նրա գործառույթը պետք է լիներ հրահանգների կատարումը, ոչ թե դրանց արձակումը։ Նույն աղբյուրը նաև նշել է, որ նա լարված հարաբերություններ ուներ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ։
Հեգսեթի և Ֆելանի միջև տարաձայնությունների մասին հաղորդում են նաև CNN-ի աղբյուրները։ Զրուցակիցներից մեկը նշում է, որ Պենտագոնի ղեկավարը դժգոհ էր նավաշինության ոլորտում բարեփոխումների դանդաղ ընթացքից, ինչպես նաև Ֆելանի կողմից Թրամփի հետ ուղիղ կապ հաստատելու փորձերից, որոնք ընկալվում էին որպես «իրեն (Փիթ Հեգսեթին՝ խմբ.) շրջանցելու քայլեր»։ CNN-ի տեղեկություններով՝ Ֆելանին պաշտոնից ազատելու որոշումը կայացրել է անձամբ Թրամփը՝ դժգոհ լինելով նավաշինության ծրագրերի իրականացման տեմպերից։
Ջոն Ֆելանը, որը ԱՄՆ ռազմածովային ուժերի 79-րդ նախարարն էր, պաշտոնը ստանձնել էր 2025 թվականի մարտի 25-ին։ Մինչ այդ նա ղեկավարում էր Ֆլորիդայում գործող Rugger Management մասնավոր ներդրումային ընկերությունը։ Իր պաշտոնավարման ընթացքում Ֆելանը պատասխանատու էր, մասնավորապես, նավաշինության ծրագրերի և ժամանակակից մարտական նավերից բաղկացած «ոսկե նավատորմի» ձևավորման համար, որի ստեղծման մասին հայտարարել էր Թրամփը։
Լուսանկարը՝ NBC News-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել