Թաթոյանի «Միասնության թևեր»-ը հրապարակել է ընտրական ցուցակը
«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է իր ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակի անունները։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն է։ Հիշեցնենք, որ այս ուժը 2026-ի խորհրդարանական ընտրություններին պատրաստվում էր մասնակցել «Հայաքվե» միավորման հետ։ Սակայն մոտ երկու շաբաթ առաջ հայտարարվեց համագործակցությունը դադարեցնելու մասին։ «Միասնության թևերն» ընտրություններին մասնակցում է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության հետ։
1․ Արման Թաթոյան
2․ Դավիթ Անանյան
3․ Աստղիկ Մատինյան
Արման Թաթոյանը իրավունքի մասնագետ է։ 2013-2016-ին եղել է Արդարադատության նախարարի տեղակալ, 2016-2022 թվականներին՝ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան։ Դավիթ Անանյանը 2016-2018 թվականներին եղել է Ֆինանսների նախարարի տեղակալ։ Հաջորդիվ՝ երկու տարի զբաղեցրել է ՊԵԿ նախագահի պաշտոնը։ Աշխատանքից հեռացել է սեփական դիմումի համաձայն։ Աստղիկ Մատինյանն իրավաբան է։ Ըստ իրավաբանների հայկական ասոցիացիայի՝ աշխատել է Ազգային ժողովի պետա-իրավական, այնուհետ՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովներում՝ որպես համակարգող փորձագետ։
4․ Շահեն Հարությունյան
5․ Ավետիս Ավետիսյան
6․ Հասմիկ Ղազարյան
Չորրորդ համարը պատմական գիտությունների թեկնածու Շահեն Հարությունյանն է, նա Հայաստանի «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին է, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահը, միջազգային հարաբերությունների մագիստրոս։ Ավետիս Ավետիսյանը «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության անդամ է, նրա ֆեյսբուքյան էջում նշված է, որ 2006-2012 թվականներին աշխատել է նախագահի աշխատակազմում։
7․ Արմեն Գալստյան
8․ Լիպարիտ Դրմեյան
9․ Անուշ Սեդրակյան
10․ Գոռ Թադևոսյան
Արմեն Գալստյանը փաստաբան է, ըստ իր ֆեյսբուքյան էջի՝ աշխատել է նաև Արդարադատության նախարարությունում։ Լիպարիտ Դրմեյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարն էր մինչև 2025 թվականի օգոստոս։ Գրասենյակը հայտարարել էր, որ ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրի վճիռը ենթակա է պարտադիր կատարման։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում նշեց, որ Կառավարությունը չի պատրաստվում կատարել արբիտրի որոշումը։ «Կառավարությունը ես եմ ... չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ»,- ասաց նա։ Հաջորդ օրը Դրմեյանն ազատվեց աշխատանքից։ Անուշ Սեդրակյանը բանասեր է, գրականագետ, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչն է։ 1998-2001թթ. եղել է ՀՀ նախագահի ռեֆերենտը: 2004-2006թթ.՝ ՀՀ ԱԺ նախագահի օգնականը: 2008-2009 թթ. աշխատել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում որպես քաղաքական մեկնաբան:
«Միասնության թևեր»-ը ընտրություններին մասնակցում է «Արդարությունը գալիս է» կարգախոսով։
Լուսանկարը՝ կուսակցության ՖԲ էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել