HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Տասնյակ հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի վերջին տասնօրյակում այցելել են Վրաստան ու Ղազախստան: Նրանց տեղափոխել է գործարար պատգամավոր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ավիաընկերության բիզնես դասի ինքնաթիռը (բիզնես ջեթը):

Միայն փոխվարչապետ Գրիգորյանի պատվիրակությանը Ղազախստան տանելու եւ հետ բերելու համար Սուքիասյանների «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ն ՀՀ պետբյուջեից 28.600.000 դրամ է ստացել (հարկերը ներառյալ): Կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով այս գումարը հավասար է մոտ 77 հազ. դոլարի: Թե որքան է վաստակել ավիաընկերությունը Վ. Խաչատուրյանին Վրաստան տանել-հետ բերելու համար, նախագահի աշխատակազմը չի ասում:

Երեւան-Թբիլիսի-Երեւան՝ ոչ թե պետական, այլ մասնավոր ինքնաթիռով

Մարտի 22-ին Վ. Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Երեւանից թռել է Թբիլիսի՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հուղարկավորության արարողությանը:

Նախագահի պաշտոնական կայքի տարածած լուսանկարներում տեսնում ենք, որ Խաչատուրյանին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Հուղարկավորությանը մասնակցելուց բացի՝ Թբիլիսիում Վ. Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնավորապես՝ նախագահին ու վարչապետին, սպասարկում է ՀՀ կառավարական բորտը՝ Airbus A319 ACJ տիպի ինքնաթիռը, որը VIP օդանավ է: 1998 թ. արտադրության այս ինքնաթիռը ՀՀ սեփականությունն է եւ մեր երկրում շահագործվում է 2007-ից:

Պետական բորտի այն չվերթերը, որոնք սպասարկում են վարչապետին, ներկայում համարակալվում են FIE4001, նախագահի պարագայում՝ FIE4002, մյուս պաշտոնյաների համար (օրինակ՝ ԱԺ նախագահ, ԱԳ նախարար)՝ FIE4003 (FIE-ն 2023-ի սեպտեմբերից պետական ինքնաթիռը շահագործող «Ֆլայուան Արմենիայի» կոդն է, իսկ թիվը բնորոշում է թռիչքի շահառու պաշտոնյային):

Կառավարական Airbus A319-ը՝ Ֆրանկֆուրտում, 20.02.2026, հեղ.՝ Յենս Բրոկուֆ, jetphotos.com

Մարտի 22-ին, երբ նախագահը պետք է մեկներ Թբիլիսի, Airbus A319-ը, ըստ թռիչքներին առցանց հետեւող հարթակների, այլ պաշտոնյաների սպասարկող չվերթերի մեջ (FIE4001 կամ FIE4003) ներգրավված չի եղել: Բայց թե ինչու Խաչատուրյանը չի թռել պետական բորտով, պարզ չէ:

Փոխարենը նախագահին սպասարկել է Gulfstream G450 տիպի բիզնես ջեթ, որը պատկանում է «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ին: Օդանավը Երեւանից թռել է ամսի 22-ի առավոտյան՝ 9:06-ին՝ Թբիլիսիում վայրէջք կատարելով 30 րոպե անց:

Նախագահն ու նրան ուղեկցողները վերադարձել են նույն օրը երեկոյան: Հետադարձ թռիչքը տեւել է 32 րոպե:

Flightradar24.com կայքում G450-ի թռիչքների պատմությունը հուշում է, որ այն հիմնականում կայանում է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում: Բայց հարկ է շեշտել, որ օդանավը գրանցված է ոչ թե ՀՀ-ում, այլ Ռումինիայում որպես YR-SIL (YR-ն Ռումինիայի ազգային նիշն է, իսկ SIL-ը Սուքիասյան ընտանիքին պատկանող «ՍԻԼ Կապիտալ» ընկերության անունից է, որը 2022-2025 թթ. փայատեր էր «Ֆլայուան Արմենիայում»): Ինքնաթիռը շահագործողը «Ֆլայուան Արմենիայի» ռումինական քույր ընկերությունն է՝ FlyOne Romania-ն (երկուսն էլ մոլդովական Fly One ավիաընկերության ցանցի մաս են):

Սուքիասյանների G450-ը՝ Տեներիֆեում, 19.04.2025, հեղ.՝ Մարիանո Ռոդրիգես, jetphotos.com

Անվճար փոխադրու՞մ, թե՞ պետական գնում նախկին գործընկերներից

«Ֆլայուան Արմենիայի» 50 %-ը պատկանում է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրներից Էդուարդ Սուքիասյանին, 4 %-ը՝ ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանին, մնացած 46 %-ը՝ մոլդովական Fly One ավիաընկերությանը: Այսինքն՝ Է. Սուքիասյանը ավիաընկերության ամենախոշոր սեփականատերն է:

Ձախից երկրորդը՝ Էդուարդ Սուքիասյանը, չորրորդը՝ Արամ Խաչատրյանը, facebook.com

Մյուս կողմից՝ Խաչատուր, Սարիբեկ եւ Էդուարդ Սուքիասյաններին է պատկանում «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի վերահսկիչ փաթեթը՝ 51,45 %-ը: Իսկ 2022-ին ԱԺ-ի կողմից նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանը 2019-2021 թթ. եղել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի խորհրդի ազատ անդամ: Ընդ որում՝ այս խորհրդի անդամ է ավիափոխադրողի ղեկավար Ա. Խաչատրյանը, իսկ խորհրդի նախագահը Սարիբեկ Սուքիասյանն է:

Այլ կերպ ասած՝ երկրի նախագահին սպասարկել է մի օդանավ, որը պատկանում է խոշոր գործարար ընտանիքի, մյուս կողմից՝ Խաչատուրյանը Սուքիասյանների նախկին գործընկերն է բանկային բիզնեսում: Ինչպե՞ս է սա տեղի ունեցել:

Հավանական է երկու տարբերակ:

Առաջինը նախագահին անվճար տեղափոխելու կամ նրան անվճար ծառայություն մատուցելու տարբերակն է՝ հաշվի առնելով Խաչատուրյանի կապը Սուքիասյանների հետ:

Սակայն այս դեպքում բախվում ենք օրենքի արգելքի, քանի որ «Հանրային ծառայության մասին» օրենքն արգելում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում՝ երկրի նախագահին, իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունել: «Նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, այդ թվում՝ անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ այլ գործողություններ, որոնց հետեւանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն, եւ որը տրամադրվում է պայմանավորված անձի պաշտոն զբաղեցնելու հանգամանքով։ 

Երկրորդ տարբերակը պետական գնում կատարելն է, այսինքն՝ Խաչատուրյանի աշխատակազմը պետբյուջեի հաշվին փոխադրման ծառայություն է ձեռք բերել, որը մատուցել է Սուքիասյանների օդանավը: Բայց ի՞նչ ընթացակարգով է գնումը կատարվել: Եթե ընտրվել է «մեկ անձից» (առանց մրցույթի) ընթացակարգը, ապա օրենսդրական ի՞նչ հիմնավորմամբ, եւ ինչու՞ է ընտրվել հենց «Ֆլայուան Արմենիան» կամ FlyOne Romania-ն (պարզ չէ, թե սրանցից որի հետ է պայմանագիր կնքվել, եթե, իհարկե, պետգնում է իրականացվել):

YR-SIL-ի սրահը

Ընդգծենք՝ միայն այն, որ նախագահն օգտվել է Սուքիասյանների բիզնես ջեթից (անկախ նրանից՝ դա եղել է անվճար, թե վճարի դիմաց), հարց է առաջացնում, թե արդյոք այստեղ չկա շահերի բախում:

«Հանրային ծառայության մասին» օրենքը նշում է, որ պաշտոն զբաղեցնող անձը պետք է խուսափի շահերի բախման իրավիճակի առաջացումից, ձեռնպահ մնա նման իրավիճակում գործողություն (անգործություն) կատարելուց կամ որոշում ընդունելուց:

Իսկ շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձի (այս դեպքում՝ Վ. Խաչատուրյանի) մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ եւ օբյեկտիվ կատարման վրա։ Մասնավոր շահը ներառում է որեւէ արտոնություն, մասնավորապես, այն անձանց (այս դեպքում՝ Սուքիասյաններին) կամ կազմակերպություններին, որոնց հետ ինքը ունի գործարար, քաղաքական կամ այլ գործնական կամ անձնական հարաբերություններ։

Այսպիսով՝ եթե փոխադրումը եղել է անվճար, ապա, ըստ էության, գործ ունենք ոչ միայն նվեր ընդունելու օրենսդրական արգելքը խախտելու հետ, այլեւ շահերի բախման, քանի որ նման նվերը պետք է որ ազդի նախագահի պաշտոնեական պարտականությունների անաչառ եւ օբյեկտիվ կատարման վրա: Իսկ եթե փոխադրումը եղել է վճարի դիմաց, շահերի բախման տեսանկյունից հարց է ծագում, թե ինչու է ընտրվել հենց «Ֆլայուան Արմենիան» (կամ FlyOne Romania-ն), արդյոք այդ ընտրության վրա չի ազդել Վ. Խաչատուրյանի անձնական ու նախկին գործնական կապը Սուքիասյանների հետ:

Հաշվի առնելով այս ամենը՝ նախագահ Խաչատուրյանին հարցրել էինք, թե արդյոք շահերի բախում չի տեսնում այն բանում, որ իբրեւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա օգտվել է Սուքիասյանների ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի մատուցած ծառայություններից։ 

Հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչու նա չի թռել ՀՀ պետական օդանավով, G450-ը փոխադրման ծառայությունը մատուցել է անվճա՞ր, թե՞ վճարի դիմաց, եթե եղել է վճարի դիմաց, ապա արդյոք կատարվել է պետական գնում եւ ումի՞ց՝ հայկական «Ֆլայուան Արմենիայի՞ց», թե՞ ռումինական FlyOne Romania-ից, ի՞նչ ընթացակարգով է իրականացվել գնումը (ենթադրելի է, որ եղել է «մեկ անձից» ընթացակարգով – հեղ.): Եթե գնումն իրականացվել է «մեկ անձից», ապա ո՞րն է դրա իրավական հիմնավորումը, եւ նույնիսկ այդ դեպքում ինչու՞ է ընտրվել հենց Սուքիասյաններին անմիջականորեն («Ֆլայուան Արմենիա») կամ ոչ անմիջականորեն (FlyOne Romania) առնչվող ընկերությունը: Խնդրել էինք հայտնել, թե որքան է կազմել փոխադրման ծառայության պայմանագրի արժեքը:

Ինչպես են բարձրաստիճան պաշտոնյաները «պաշտպանվում» լրագրողների հարցերից

Ի պատասխան «Հետքի» հարցման՝ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ «Գնումների մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ ՀՀ նախագահի կեցության, սննդի, փոխադրման, տրանսպորտային սպասարկման ծախսերը ներառված են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում: Սրա հիման վրա նախագահի աշխատակազմը հրաժարվել է պատասխանել «Հետքի» հարցերին:

«Գնումների մասին» օրենքը սահմանում է. «Պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց (դրանց թվում է ՀՀ նախագահը – հեղ.) արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկմանապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները» (ընդգծումները մերն են – հեղ.):

YR-SIL-ի սրահը

Մեր փորձը ցույց է տալիս, որ 2016-ի դեկտեմբերին ընդունված օրենքի այս դրույթը դարձել է լրագրողների անցանկալի հարցերից «պաշտպանվելու» միջոց բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց աշխատակազմերի համար: Այս առումով ներկա պաշտոնյաները արդյունավետորեն կրկնօրինակում են նախկինների փորձը:

2018-ին գրել էինք, որ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող Gulfstream G650 տիպի բիզնես ջեթը այդ տարվա հունվարին վարչապետ Կարեն Կարապետյանի պատվիրակությանը տեղափոխել էր Ցյուրիխ՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: Կառավարությունից մամուլին հայտնել էին, որ օդանավի վարձակալության համար պետբյուջեից գումար չի հատկացվել: Հաշվի առնելով, որ գործարար Ս. Կարապետյանը այն ժամանակվա (2016-2018 թթ.) վարչապետ Կ. Կարապետյանը ընկերն է ու սանահայրը՝ մենք կասկած էինք հայտնել, որ չվերթն իրականացվել է անվճար (այսինքն՝ Կ. Կարապետյանը սեփական գրպանից եւս չէր վճարել), բայց այդ դեպքում առաջ էր գալիս «Հանրային ծառայության մասին» օրենքը խախտելու տարբերակը, քանի որ հանրային ծառայողին արգելվում է ծառայողական պարտականությունների առնչությամբ այլ անձանցից ստանալ ծառայություններ: 

Կառավարությունից մեր հարցերին չէին պատասխանել, այսինքն՝ չէին հերքել շահերի բախման եւ օրենքի խախտման փաստը: Չէին հայտնել նաեւ, թե արդյոք վարչապետ Կարապետյանն ինքն իր գրպանից է վճարել ծառայության դիմաց՝ հաստատելով մեր կասկածը, որ օդանավը նրա պատվիրակությանը սպասարկել է անվճար:

Այնուհետ մեր ընթերցողներից մեկի հուշման շնորհիվ պարզել էինք, որ Ս. Կարապետյանի բիզնես ջեթը 2017-ի հուլիսին էլ նախագահ Սերժ Սարգսյանին էր տեղափոխել Թեհրան՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահի երդման արարողությանը: 

Երբ Ս. Սարգսյանի աշխատակազմին հարցրել էինք, թե արդյոք պետբյուջեից վճարում է կատարվել օդային փոխադրման ծառայության դիմաց, ստացել էինք նույնպիսի պատասխան, ինչպիսին տվել է Վ. Խաչատուրյանի աշխատակազմը:

Չնայած նախկին ու ներկա նախագահների աշխատակազմերը հղում են կատարել «Գնումների մասին» օրենքին, ինչից կարելի է ենթադրել, որ փոխադրման ծառայությունը գնվել է եւ ոչ թե պաշտոնյաներին տրամադրվել անվճար, իրականում այս հարցում չի կարելի վստահ լինել եւ պնդել, որ հենց այդպես էլ եղել է՝ առաջին հերթին հաշվի առնելով Սերժ Սարգսյանի ու Սամվել Կարապետյանի, ինչպես նաեւ Վահագն Խաչատուրյանի ու Սուքիասյանների հարաբերությունները:

Երբ նախագահի աշխատակազմը հղում է կատարում պետական գաղտնիքին եւ, դրա թիկունքում «պաշտպանվելով», չի մեկնաբանում նաեւ շահերի բախման հավանական իրավիճակը, ընդամենը ամրապնդում է կասկածները, որ նվազագույնը տեղի է ունեցել շահերի բախում:

Օրենքին հղում անելը՝ ըստ հայեցողության ու քաղաքական իրավիճակի

Մեր փորձը ցույց է տվել նաեւ, որ «Գնումների մասին» օրենքի վերոնշյալ դրույթին հղում անելն ու մասնավոր բիզնես ջեթերից օգտվելու մասին ինֆորմացիան չհանրայնացնելը կարող է կատարվել ըստ հայեցողության եւ քաղաքական իրավիճակի: Նման բան արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորեւ ներկայացվող հղումներով: 

77 հազար դոլար՝ Մհեր Գրիգորյանի պատվիրակության փոխադրման համար 

Մարտի 18-ին վարչապետ Փաշինյանը որոշում է կայացրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Ղազախստան (ք. Շիմքենդ) պատվիրակություն գործուղելու մասին: Դրա կազմում եղել են ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղեւոնդյանը, էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը, ՊԵԿ փոխնախագահ Ռաֆայել Գեւորգյանը, փոխվարչապետի խորհրդականն ու արարողակարգի պատասխանատուն:

Փաշինյանն իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին հանձնարարել է կազմակերպել չվերթ. մարտի 26-ին՝ Երեւան-Շիմքենդ, իսկ 27-ին՝ Շիմքենդ-Երեւան երթուղով:

Ինչպես մարտի 22-ին (նախագահի թռիչքի օրը), այնպես էլ ամսի 26-27-ին ՀՀ պետական Airbus A319-ը, ըստ ավիացիոն հարթակների, ներգրավված չի եղել թռիչքների մեջ: Սակայն այս դեպքում եւս Մ. Գրիգորյանի պատվիրակությանը Ղազախստան է տարել ու հետ բերել Սուքիասյանների Gulfstream G450-ը:

Մ. Գրիգորյանի պատվիրակությունը ժամանել է Շիմքենդ. երկրորդ պլանում՝ YR-SIL-ը, 26.03.2026, gov.am

Քանի որ փոխվարչապետը պետական պահպանության ենթակա պաշտոնյա չէ, եւ նրա վրա չի տարածվում «Գնումների մասին» օրենքի վերոնշյալ դրույթը պետական գաղտնիքի մասին, մենք վարչապետի աշխատակազմի ղեկավար Ա. Հարությունյանին հարցում էինք ուղարկել նույնպիսի բովանդակությամբ, ինչ նախագահի աշխատակազմին՝ ակնկալելով պատշաճ պատասխան: Սակայն աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը չի պատասխանել հետեւյալ հարցերին:

1. Ինչու՞ ՀՀ պատվիրակությունը չի օգտվել ՀՀ կառավարական ինքնաթիռից, կամ ինչու՞ ձեռք չեն բերվել ավիատոմսեր կանոնավոր ուղեւորափոխադրումներ կատարող ավիաընկերություններից, այլ ընտրվել է բիզնես դասի օդանավի ծառայություններից օգտվելու տարբերակը:
2.
Պայմանագիր կնքելուց առաջ արդյոք իրականացվել է գնային համեմատություն այս օդանավի մատուցած ծառայության եւ կանոնավոր ուղեւորափոխադրումներ կատարող ավիաընկերությունների տոմսերի արժեքների միջեւ:
3.
Եթե գնումը կատարվել է «մեկ անձից» ընթացակարգով, ապա ո՞րն է դրա իրավական հիմնավորումը, եւ նույնիսկ այդ պարագայում ինչու՞ է պայմանագիր կնքվել իշխող խմբակցության անդամի ընտանիքին անմիջական (Ֆլայուան Արմենիա) կամ ոչ անմիջական (FlyOne Romania) առնչություն ունեցող ընկերության հետ:

Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ պայմանագրով նախատեսված վճարումները կատարվել են «արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի» հոդվածով, որի շրջանակներում ծախսերը չեն մուտքագրվում պետական գնումների armeps.am հարթակ: Այդուհանդերձ, մեզ ուղարկել են մարտի 24-ին վարչապետի աշխատակազմի եւ «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագիրը:

Սուքիասյանների ընկերությունը պարտավորվել է բիզնես դասի Gulfstream G450-ով 7 հոգու Երեւանից տեղափոխել Շիմքենդ, այնտեղից էլ՝ Երեւան:

Պայմանագիրը ներառել է օդանավավակայանի սպասարկման ծառայությունը, սննդի տրամադրումը, VIP սպասարկման ծառայությունը, օդանավի շահագործման ծառայությունները, այդ թվում՝ անձնակազմի, վառելիքի, տեխսպասարկման, աերոնավիգացիայի, օդանավակայանային վճարները: Պայմանագրի գինը 28.600.000 դրամ է (ներառում է հարկերն ու տուրքերը), որը ԿԲ ներկա փոխարժեքով հավասար է մոտ 77 հազ. դոլարի:

Անպատասխան են մնում հարցերը, թե ինչու փոխվարչապետի պատվիրակությունը չի մեկնել «սովորական» ավիաընկերություն(ներ)ով. Երեւանի ու Շիմքենդի միջեւ չկա ուղիղ չվերթ, սակայն տրամաբանորեն փոխադրումը կարելի էր կազմակերպել չվերթերի կապակցմամբ: Այդ իսկ պատճառով վարչապետի աշխատակազմի ղեկավարին հարցրել էինք, թե արդյոք իրականացվել է գնային համեմատություն: Սրա պատասխանի բացակայությունը նոր հարցեր է առաջացնում, ինչպես եւ այն, թե ինչու է ընտրվել իշխող թիմի անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի «Ֆլայուան Արմենիան»: 

Առաջին նկարում՝ փոխվարչապետ Մ. Գրիգորյանը, նախագահ Վ. Խաչատուրյանը, գործարար Է. Սուքիասյանը, երկրորդ պլանում՝ G450 ինքնաթիռը, կոլաժը՝ հեղինակի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter