Լիտվան, Լատվիան և Էստոնիան Մոսկվա մեկնելու համար Ֆիցոյին չեն տրամադրի իրենց օդային տարածքը
Լատվիան և Լիտվան որոշել են փակել իրենց օդային սահմանը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ինքնաթիռի համար, որը մայիսի 9-ին պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ մասնակցելու ռազմական շքերթին։ Այդ մասին հայտարարել է Սլովակիայի կառավարության ղեկավարը։
«Լիտվան և Լատվիան արդեն տեղեկացրել են մեզ, որ դեպի Մոսկվա ճանապարհին թույլ չեն տա մեզ թռչել իրենց տարածքով։ <...> Ես անպայման կգտնեմ այլ երթուղի, ինչպես դա արեցի անցյալ տարի»,- հայտարարել է Սլովակիայի վարչապետը, որի տեսաուղերձը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում։
Ավելի ուշ, Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հայտարարել է, որ Տալլինը ևս Ֆիցոյի համար կփակի իր օդային սահմանը։ «Մենք դա արգելել ենք անցյալ տարի, և նույն սկզբունքը գործում է նաև հիմա»,- հայտարարել է նա։
Ցահքնան ընդգծել է, որ Էստոնիան պահպանում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների համար պաշտոնական այցերի շրջանակներում վայրէջքի ու թռիչքի թույլտվությունների տրամադրման միասնական կարգը, սակայն այդ կարգը չի տարածվում դեպի Ռուսաստան թռիչքների համար:
Այն մասին, որ Ռոբերտ Ֆիցոն մայիսի 9-ին պատրաստվում է մեկնել Մոսկվա, դեռ ապրիլի սկզբին հայտարարել էր հենց Սլովակիայի վարչապետը։ Իր հերթին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ընդգծել էր, որ օտարերկրյա մի քանի առաջնորդներ մայիսի 9-ին պատրաստվում են ժամանել Ռուսաստան:
2025 թվականին Հաղթանակի օրվա տոնակատարությանը Մոսկվա էին ժամանել 27 պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի, Չինաստանի, Բելառուսի, Կուբայի, Վենեսուելայի, Սերբիայի և Սլովակիայի։
Այդ ժամանակ Բալթյան երեք երկրները հրաժարվել էին օդային տարածք տրամադրել Ֆիցոյին։ Նրա ինքնաթիռը ՌԴ մայրաքաղաք էր հասել առավել երկար երթուղով՝ Հունգարիայի, Ռումինիայի, Սև ծովի և Վրաստանի տարածքներով։
Լուսանկարը՝ AFP-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել