Լճի տակ, ինչպես Լուսնի վրա
2019 թ․ դեկտեմբերի 31-ի գիշերը սեւանցի Վահեն վերցրել էր ջրասուզակի հանդերձանքը, բալոնները, մնացած պարագաներն ու գնացել Սեւանա լիճ։ Չէր մոռացել վերցնել նաեւ Ձմեռ պապի գլխարկը։ 23։50-ին մտել էր ջուրն ու սուզվել։ Մինչ լճից դուրս մարդիկ շտապում էին բարձրացնել հեռուստացույցի ձայնը, Վահեն կարգի էր բերում տեսանկարող սարքերը։ Ուղիղ կեսգիշերին նայել էր ժամացույցին ու տեսագրել իր կյանքի հիշարժան այդ դրվագը։
-2020 թ. դիմավորեցի ջրի տակ։ ԱԻՆ-ի տղերքն էլ եկել, ընկել էին իմ խելքին: Էդ մի անգամն էր: Գիշերային սուզումը շատ հետաքրքիր է։ Լճի տակ կյանքն ակտիվ է, լրիվ ուրիշ աշխարհ է: Երբ նույն հատվածն իջնում եմ ցերեկը, ուրիշ աշխարհ է, գիշերը՝ լրիվ ուրիշ․ կենդանիների շարժը, ակտիվությունն ուրիշ է։ Բայց, օրինակ, ձկան տեսակ կա, որ պասիվ վիճակում է, եւ դրանով հետաքրքիր է։
Ամանորը Սեւանի ջրերում դիմավորելու պատմությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանը 6 տարի անց հիշում է լճի ափերից մեկում։ Կապույտ «Օպելի» բեռնախցիկից հանում է ջրասուզման պարագաներն ու պատրաստվում սուզման։ Դա օրվա մեջ նրա երկրորդ սուզումն է։
Լիճը նախորդ օրերի համեմատ հանդարտ է։ Օդի ջերմաստիճանը +3 է:
-Ի՞նչ տրամադրություն ունի Սեւանն էսօր։
-Շատ լավ, հայելի կանգնած է։ Շատ սիրով սպասում է իմ գնալուն: Երեկ, օրինակ, էսպես չէր,- ասում է Վահեն։
-Սուզումից առաջ Սեւանի տրամադրությունը ստուգո՞ւմ եք:
-Հիմնականում նայում եմ, երբ նավակով ենք դուրս գալիս, եւ մարդիկ կան նավակում, շատ կարեւոր է էդ ժամանակ, իսկ էնպիսի դեպքերում լիճն իր բնավորությամբ չի կարող ինձ վախեցնել։ Ալիքը մեծ լինի, քամի թե փոթորիկ, սուզվելու եմ, իմ գործն անելու եմ: Ինձ համար կապ չունի, որ վերեւն ալիք ա, ես ներքեւում ինձ լավ եմ զգում,- ասում է ջրասուզակը։
Վահեն մեկ կամ երկու օր առաջ պատրաստում է սուզման պլանը՝ հաշվի առնելով ամեն մանրուք. որ ուղղությամբ է աշխատելու, ինչ խորությամբ, ինչ խնդիր է դրել իր առջեւ, պատրաստում է սուզման գործիքները եւ այլն։
Նախորդ օրերի համեմատ եղանակն արեւոտ է։ Վահեն հագնում է ջրասուզակի հերմետիկ հանդերձանքը. սուզման ժամանակ թրջվում են միայն գլուխն ու ձեռքերը։
Սուզման պատրաստվելը տեւում է 20 րոպե, նույնքան պետք է ջրից դուրս գալուց հետո հանդերձանքը հանելու համար։
Հանդերձանքը, օդաբալոններն ու շնչառական գործիքները ընդհանուր 50-55 կգ են։ Վահեն ասում է, որ սա դեռ թեթեւ է, ջրասուզակի ծանր հանդերձանք կա, որ մոտ 125 կգ է։
Եթե մինչեւ մակարդակի իջեցումը Սեւանի առավելագույն խորությունը 98,7 մ էր, ապա ներկայում ամենախորը կետը մոտ 83 մետր է։ Վահեն սուզվել է մինչեւ 56 մետր, բայց այդ խորության վրա չի աշխատել։ Ասում է, որ այդ խորության վրա թթվածնային թունավորում կարող է առաջանալ մինչեւ անգամ մահվան ելքով։ Նրա աշխատանքային խորությունը մինչեւ 46-47 մ է։
-Ջրի տակ է լա՞վ, թե՞ ջրից դուրս։
-Ջրի տակ է լավ, խոսացող չկա, թագավորն էլ ես եմ։ Իմ թագավորությունն է՝ ինչ ուզում, անում եմ։ Աշխարհից կտրվում եմ, գնում ուրիշ աշխարհ: Համեմատելու ոչ մի բան չկա էստեղի հետ: Հույս ունեմ, որ մի օր էլ մեծ ձկներ կլինեն, մեծ ձկների հետ կլողանք: Ջրահարս չի լինի, հեքիաթների չեմ հավատում,- իրեն բնորոշ ծիծաղով ու հումորով ասում է Սեւանի «իշխանը»։
-Կա՞ մի խոսք, որ ասում եք ինքներդ Ձեզ սուզվելուց առաջ։
-Հետաքրքիր է, թե լիճն ինչ անակնկալ է անելու ինձ, որովհետեւ ամեն անգամ ես մի սյուրպրիզ սպասում եմ: Մեր լիճը շատ քիչ է հետազոտված։ Ամեն անգամ մի բան սպասում եմ, ու շատ-շատ է լինում, որ գտնում եմ տարբեր իրեր՝ կավե ամաններ, ոսկորներ, տարբեր բաներ:
-Հաճելի՞ անակնկալներ են։
-Հա, շա՜տ, սովորական մի կավե աման, որ կարող է արժեք չունենա, ինձ համար էնքան մեծ ուրախություն է, կամ կենդանիների ոսկորները, որոնք գիտնականի համար կարող է շատ մեծ արժեք ունենան:
-Ամենալավ անակնկալը Սեւանից։
-Ընկերներս են,- ծիծաղում է,- ջրասուզակ ընկերներս։ Շատ անակնկալներ կան: Օրինակ՝ էստեղից մի քիչ հեռու մի նավակ եմ գտել: Ինչ էլ լճի տակ մնացել է, կարող է մնացել է հարյուրամյակներ կամ հազարամյակներ։ Տեղեր ես հասնում, որ առաջինը քո ձեռքն է կպնում: 35-40 մետրից ավելի որ իջնում եմ, ոնց որ իջնեմ Լուսնի վրա, ստանում ես կադրեր, որ կարող ես ցույց տալ ժողովրդին:
Վահե Մելքոնյանը 47 տարեկան է։ Մոտ 22 տարի զբաղվում է պրոֆեսիոնալ սուզմամբ։
-Վահե, ե՞րբ եք առաջին անգամ սուզվել։
-Վաննայի մեջ,- լիաթոք ծիծաղում է։
7-8 տարեկան էր, երբ հակագազ էր ձեռք բերել, սուզման ինքնաշեն ապարատ պատրաստել։ 12 տարեկանում մեքենայի անիվ փչելու պոմպով սուզման սարքավորումներ էր պատրաստել, որոնցով սուզվում էր։ Այն ժամանակ սուզվում էր մինչեւ 2 մետր, ուսումնասիրում մանր ձկներին ու խեցգետիններին։ Ավելի ուշ՝ 17–19 տարեկանում, խորհրդային արտադրության ջրասուզակային սարքավորումներ էր ձեռք բերել։
«Ջրասուզակի աշխատանքն ամբողջ աշխարհում համարվում է վտանգավոր ու ծանր աշխատանքներից մեկը: Երեխեքիս չեմ թողնի, որ ջրասուզակ դառնան»,- նշում է «Հետքի» զրուցակիցը՝ ավելացնելով, որ նրանք անպայման կզբաղվեն սիրողական սուզմամբ, բայց ոչ կոմերցիոն։
«Մենք ունենք դայվինգի դպրոց, հատուկ տարածք, որտեղ 14 տարեկանից բարձր ցանկացած մարդ կարող է զբաղվել դյավինգով, բայց կոմերցիոն դայվինգով կյանքում չեմ թողնի զբաղվեն: Շատ ծանր, վտանգավոր, առողջությունը քայքայող աշխատանք է»,- նկատում է սեւանցի ջրասուզակը։
-Ջրում խոսո՞ւմ եք ինքներդ Ձեզ հետ, հարցեր տալի՞ս եք Ձեզ:
-Հա, Աստծո հետ եմ խոսում, ասում եմ՝ ինչի՞ ինձ սարքեցիր վադալազ, սարքեիր դեպուտատ,- ծիծաղով պատասխանում է Վահեն: Առհասարակ հումորը, պարզությունը, ջերմությունը բնորոշ են նրան:
Վահեն հաճախ տարբեր ջրամբարներից, լճերից ու գետերից ջրախեղդ եղած մարդկանց մարմիններ է դուրս բերում։ Երբեմն որոնումները տեւում են մի քանի օր։ Աշխատանքը պահանջում է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական բարձր պատրաստվածություն: Խեղդվածների մարմինների հայտնաբերման մասին հաղորդագրությունների հետեւում հաճախ հենց Վահեն ու նրա ընկերներն են:
-Կա՞ օր, որ չեք մոռացել:
-Կան մի քանի օրեր իմ աշխատանքային 21-22 տարիների ընթացքում… Ծննդիս օրը գնացել եմ Գյումրուց խեղդվածի հանել: Արարողությունը թողեցի, գնացի: Չեմ կարա հիշեմ, թե որ թվականին, բայց հունիսի 1-ին 24 ժամվա մեջ երեք խեղդվածի հանեցի, որոնցից, ցավոք, երկուսը փոքր երեխաներ էին: Հունիսի 1-ն էլ երեխաների պաշտպանության օրն է: Նրանցից մեկին հանեցի Ապարանի ջրամբարից, մյուսին՝ Սեւջուր գետից:
Վահեի սուզվելուց հետո մի քանի մեծ ալիք է բարձրանում, հետո լիճը հանդարտվում է։ Լճի մակերեսին բադերն ու որորներն են։ Հանդարտ ալիքների ձայնը մաքրում է շրջակայքի աղմուկը։
Աշխատանքն ավարտելուց հետո Վահեն ջրից դուրս է բերում մի մեծ ոսկոր։ Ափին նրան սպասող Անդրանիկ Գյոնջյանը, որը Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող է, վերցնում է գտածոն։ Ըստ գիտնականի՝ այն նման է ձիու ազդոսկրի: Մեր զրույցից հետո Անդրանիկը ոսկորը Երեւան է բերում՝ ուսումնասիրության համար. ճշտելու են մորֆոմետրիկ տվյալները, սկանավորելու են, ապա ավելացնելու իրենց հավաքածուներում:
«Մենք հիմա իրականացնում ենք «Սեւանի ավազանի հոլոցենյան ֆաունայի հնակենդաբանական ուսումնասիրություններ» ծրագիրը, որում Վահեն մեծ ներդրում ունի. կարելի է ասել՝ Վահեի գտածոների վրա է հիմնված մեծ մասը, որոնք գիտության համար բացառիկ նմուշներ են, հատկապես վերջին 2 տարվա ընթացքում հայտնաբերված զուբրերի ամբողջական գանգերը: Կարելի է ասել, որ նման պահպանվածությամբ նմուշներ չունենք»,- նշում է հնակենդանաբանը:
Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հնակենդանաբանության գիտական խմբի ղեկավարն ասում է, որ ընդհանրապես ոսկորները տեղեկություն են փոխանցում ոչ միայն Սեւանի ավազանի կենդանատեսակների, այլեւ կլիմայական փոփոխությունների վերաբերյալ:
Գիտնականը նկատում է, որ դեռ խորհրդային տարիներին Սեւանա լճի ջրհավաք ավազանն ուսումնասիրվել է հնակենդաբանների կողմից, եւ բավականին հարուստ տեղեկություններ կան:
Հնակենդանաբանները համագործակցում են հնաբուսաբանների հետ, որոնք, բացի հնաբուսական գտածոներից, հայտնաբերում են հնակենդանաբանական նյութեր: Անդրանիկը հուսով է, որ միջգիտական հետազոտությունը լավ արդյունք կտա:
Ջրասուզակ Վահեն ասում է, որ ոգեւորված է աշխատում գիտնականների հետ: Բացի վերջիններիս գտածոներ փոխանցելուց՝ սուզակը նմուշներ ունի նաեւ իր տանը:
-Ի՞նչ երազանք ունի ջրասուզորդ Վահեն:
-Երեխեքս լավ սովորեն,- մտածելուց հետո պատասխանում է նա, մի պահ լռում, նորից շարունակում,- երեխեքս լավ սովորեն, իմ երազանքն է: Եթե կյանքս հետ տային, ասեին՝ նորից հետ գնայիր, ի՞նչ կանեիր, դպրոցում լավ կսովորեի: Ինձ համալսարան-բան չի հետաքրքրում… Դպրոցի՛ գիտելիքը: Կյանքում չեմ մտածել, որ եթե որսորդ կամ ջրասուզակ դարձար, կյանքում պետք կգա էն հասարակ գիտելիքը, որը տալիս է դպրոցը: Մեզ բաժին ընկան 90-ականները, դժվարություններն ավեի շատ էին, ուսմանը լուրջ չէինք վերաբերվում:
-Իսկ ջրասուզակ դառնալը Ձեր ընտրությունը չէ՞ր:
-Սիրելով եմ արել, իմ ընտրությունն էր… Ես իմ մասնագիտության մեջ ապրում եմ, ցանկացած բարդության գործ անում եմ:
-Լիճը թողնո՞ւմ է, որ իր գաղտնիքներն իմանաք:
-Լիճն իր գաղտնիքները միշտ բացում է իմ դեմ: Ես բնությունն եմ սիրում, բնությունն էլ՝ ինձ: Եթե մի օր չեմ գնացել, սուզում չի եղել, պիտի գնամ, աչքս առնի: Դրա համար ընկերներս ԱՄՆ-ում են, ընկերս էլ Ֆրանսիայից 10 տարի կանչում է, բայց չեմ գնում: Երբ տեսնում եմ, թե լիճը ոնց են կեղտոտում, ոնց որ մտնեմ իմ տուն, էդ աղբը տեսնեմ: Լճի տակն էլ է կեղտոտ, ափերը դեռ լավ է, բա ջրի տակ, որտեղ շատերին հասանելի չի մաքրելը:
Վահե Մելքոնյանն ասում է, որ ջրասուզակ ընկերներով հաճախ մաքրում են լճի հատակը, բայց դա բավավարար չէ:
Օրվա ծանր աշխատանքից հետո սեւանցի սուզակն իր տան պատշգամբում սուրճ է խմում, սիգար ծխում ու մտածում անցնող օրվա մասին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել