ԱՄՆ-ն և Իրանը ձեռք են բերել երկշաբաթյա հրադադարի համաձայնություն. Իսրայելը ևս կմիանա դրան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է այն մասին, որ Միացյալ Նահանգները երկու շաբաթով դադարեցնում է Իրանի տարածքի ուղղությամբ ամերիկյան հարվածները։ Truth Social-ում Թրամփի գրառման համաձայն՝ պայմանը Հորմուզի նեղուցի անհապաղ բացումն է։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հրադադարը երկկողմանի է լինելու։ «Մենք Իրանից ստացել ենք տասը կետից բաղկացած առաջարկ և այն համարում ենք բանակցությունների համար աշխատունակ հիմք»,- գրել է Թրամփը:
Իրանի իշխանությունները հաստատել են հրադադարի վերաբերյալ համաձայնությունը։ Պաշտոնական Թեհրանի հայտարարության մեջ նշվում է, որ Իրանը «մեծ հաղթանակ է տարել և ստիպել է հանցավոր Ամերիկային ընդունել իր տասը կետից բաղկացած ծրագիրը»:
Իրանի անվտանգության խորհուրդը հրապարակել է այն 10 կետերը, որոնք, ըստ իրանական կողմի, ընդունել է ԱՄՆ-ն։ Դրանք են՝
- Հրաժարվել Իրանի դեմ ագրեսիայից,
- Պահպանել Իրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ,
- Ճանաչել ուրանի հարստացումը,
- Վերացնել առաջնային բոլոր պատժամիջոցները,
- Վերացնել երկրորդային բոլոր պատժամիջոցները,
- Դադարեցնել Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերը,
- Դադարեցնել Կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերը,
- Իրանին վճարել փոխհատուցում,
- Տարածաշրջանից դուրս բերել ԱՄՆ մարտական բոլոր ուժերը,
- Դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին առանձին հայտարարությամբ հաստատել է, որ երկու շաբաթվա ընթացքում նավերը կկարողանան անցնել Հորմուզի նեղուցով՝ Իրանի զինված ուժերի հետ իրենց գործողությունների համակարգման պայմանով: Ավելի ուշ Թրամփը Truth Social-ում կիսվել է Արաղչիի հայտարարությամբ:
Իրանական պետական լրատվամիջոցները նաև հայտնել են, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցությունները կսկսվեն ապրիլի 10-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում: Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հաստատել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այդ հնարավորությունը, սակայն ընդգծել, որ այդ առիթով արժե սպասել Թրամփի պաշտոնական հայտարարություններին:
The New York Times-ը, հղում անելով իրանցի երեք պաշտոնյաների, գրում է, որ Թեհրանն ընդունել է հրադադարի առաջարկը «Պակիստանի հուսահատ դիվանագիտական ջանքերից» և Չինաստանի միջամտությունից հետո, որը վերջին պահին Իրանին կոչ է արել «ճկունություն ցուցաբերել»:
Ինչպես փոխանցում է CNN-ը, հղում անելով իր աղբյուրին, Իսրայելը ևս կմիանա երկշաբաթյա հրադադարին։
Թե կոնկրետ երբ է ուժի մեջ մտնում հրադադարը, պարզ չէ։ Արդեն Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո Իսրայելը և Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել էին Իրանից հրթիռների և անօդաչու թռչող սարքերի նոր արձակումների մասին:
Թրամփի հաղորդագրությունը հրապարակվել է Հորմուզի նեղուցի բացման համար Իրանին տրված վերջնաժամկետից երկու ժամ առաջ: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ հակառակ դեպքում «մի ամբողջ քաղաքակրթություն կվերանա այս գիշեր»։
Թրամփի հայտարարությունից մի քանի ժամ առաջ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հրապարակավ խնդրել էր ԱՄՆ նախագահին երկու շաբաթով հետաձգել վերջնաժամկետը՝ խաղաղության համաձայնության հասնելու համար: Նույն գրառման մեջ Շարիֆն Իրանին խնդրել էր բացել Հորմուզի նեղուցը՝ «որպես բարի կամքի դրսևորում»։
Լուսանկարը՝ AFP/AFP POOL via Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել