Երեւանն ու Կապանն իրար կապող օդանավը վերադարձել է. թռիչքները՝ շուտով
Երեւան-Կապան-Երեւան երթուղով չվերթեր իրականացնող ինքնաթիռը տեխսպասարկումից վերադարձել է Հայաստան եւ առաջիկայում կվերսկսի թռիչքները Երեւանի ու Սյունիքի մարզկենտրոնի միջեւ:
Խոսքը «ՆովԷյր» ավիաընկերության կողմից շահագործվող եւ 19 ուղեւորի համար նախատեսված, չեխական արտադրության L-410UVP-E20 օդանավի (ՀՀ գրանցումը՝ EK-4117) մասին է, որը 2025 թ. սեպտեմբերին թռել էր Չեխիա՝ տեխնիկական սպասարկում անցնելու: Ավիաընկերության տնօրեն Կարեն Վարդանյանը նախորդ տարի «Հետքին» հայտնել էր, որ ինքնաթիռը մեկնել է 10 տարվա օրացուցային տեխսպասարկման: Ընդ որում՝ սա նման առաջին սպասարկումն էր, քանի որ օդանավն արտադրվել է 2015-ին (2018-ից գտնվում է Հայաստանում):
Վարդանյանը նաեւ փոխանցել էր, որ աշխատանքների համար նախատեսվել է 4-5 ամիս, իսկ Երեւանի ու Կապանի միջեւ թռիչքները վերսկսվելու են փոխարինող օդանավ վարձակալելուց հետո, բայց եթե չհաջողվի համապատասխան օդանավ վարձակալել, ապա թռիչքները կվերսկսվեն L-410-ի տեխնիկական աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո։ Ստացվեց այնպես, որ սեպտեմբերից մինչ օրս առանց ինքնաթիռի մնացած «ՆովԷյրը» Երեւան-Կապան-Երեւան երթուղին չշահագործեց:
Թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com կայքի համաձայն՝ գրող Համո Սահյանի անունը կրող L-410-ը մարտի 23-ին չեխական Բռնոյից, որտեղ կանգնած էր սեպտեմբերից, թռել է բուլղարական Վառնա, ամսի 24-ին Վառնայից ուղղություն է վերցրել թուրքական Սամսուն, որտեղից էլ նույնը օրը թռել է Երեւան:
Մարտի 27-ին էլ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարեց, որ Երեւան-Կապան-Երեւան չվերթը վերսկսվելու է ամսի 31-ից:
Հիշեցնենք, որ Կապանի «Սյունիք» օդանավակայանը 2017-2020 թթ. վերակառուցումից հետո սկսել է ուղեւորներ ընդունել 2023-ի օգոստոսից:
Եթե 2023-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին օդանավակայանից օգտվել էր 207 ուղեւոր, ապա 2024-ին այդ թիվը 1365 էր: Իսկ 2025 թ. «Սյունիքը» սպասարկել է 2105 ուղեւորի: Մասնավորապես՝ 2025-ի օգոստոսին գրանցվել է ռեկորդային ցուցանիշ՝ ամսական 608 ուղեւոր: Պայմանավորված L-410-ի պարապուրդով՝ հոկտեմբեր-դեկտեմբերին կտրուկ անկում է եղել, եւ տեղափոխվել է ընդամենը 9 ուղեւոր (այլ փոխադրողի կողմից ոչ կանոնավոր չվերթերով):
Նկատենք, որ «ՆովԷյրը» Երեւան-Կապան-Երեւան թռիչքներն ի սկզբանե կատարում էր երկուշաբթի եւ ուրբաթ օրերին, 2024-ի սեպտեմբերից սրանց ավելացավ չորեքշաբթին, իսկ 2025-ի գարնանից չվերթերը կատարվում են երկուշաբթի-ուրբաթ օրերին (կարեւոր է նշել, որ թռիչքներն իրականացվում են միայն բարենպաստ եղանակային պայմաններում, այլապես չեղարկվում են): Ավիաընկերության տնօրեն Կ. Վարդանյանը «Հետքին» հայտնել էր, որ կա նաեւ չարտերային (ոչ կանոնավոր, ըստ պատվերի) թռիչքների որոշակի պահանջարկ:
EK-4117-ը՝ Կապանի «Սյունիք» օդանավակայանում, 09.08.2024, հեղ.՝ Մարիուս Հյոպներ, russianplanes.net
Կապանի օդանավակայանը 2017-ին 25 տարով անհատույց կոնցեսիոն կառավարման է հանձնվել ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ին, որի 50 տոկոսի սեփականատերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամն է: Այս հիմնադրամն է նաեւ «ՆովԷյր» ընկերության եւ դրա միակ ինքնաթիռի սեփականատերը:
Հաշվի առնելով, որ «ՆովԷյրի» միակ օդանավը տեխնիկական պատճառներով պիտանի չէր թռիչքների համար՝ Քաղավիացիայի կոմիտեն, օրենսդրության պահանջներին համապատասխան, հոկտեմբերի 27-ին 6 ամսով կասեցրել էր ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը:
Բայց ինչպես տեղեկանում ենք ՔԱԿ-ի կայքից, կասեցումն արդեն հանվել է, քանի որ L-410-ն այժմ թռիչքային պիտանիություն ունի:
Կապան-Երեւան թռիչք, syunik.aero
Նախորդ տարի «ՆովԷյրը» թարմացրել է իր պաշտոնական կայքը, որտեղ, ըստ Կարեն Վարդանյանի, կարելի է նաեւ առցանց եղանակով տոմսեր ձեռք բերել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել