HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ինչու է իշխող մեծամասնությունը մերժում ընդդիմության ձայնը

8-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ավելի քան 4 տարիների ընթացքում ընդդիմադիր խմբակցությունների և խմբակցություններում չընդգրկված պատգամավորների ներկայացրած գրեթե բոլոր նախաձեռնությունները մերժվել են։ Օրենսդրական նախաձեռնություններից բացի՝ իշխող մեծամասնությունը մերժում է նաև ընդդիմադիր պատգամավորների առաջարկությունները։ Ըստ ԱԺ կայքում հրապարակված տվյալների՝ 2026 թվականի փետրվարի 19-ի դրությամբ՝ 8-րդ գումարման Ազգային ժողովն ընդունել է 2418 օրենք, հայտարարություն, նախագիծ, ընտրել անկախ մարմինների անդամներ։ Դրանցից 2272-ը օրենսդրական նախաձեռնություններ են։ Այդ նախաձեռնություններից միայն 6-ն են հեղինակել ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ»։ 

«Հետքն» ուսումնասիրել է ընդդիմադիր և անկախ պատգամավորների նախաձեռնությունները։ Ճշգրիտ և ամբողջական վիճակագրություն, թե քանի նախաձեռնություն է ներկայացվել, և դրանք ինչ ճակատագիր են ունեցել, ոչ խմբակցությունները, ոչ անկախ պատգամավորները չեն վարում։ Թեև նրանք տրամադրել են իրենց տվյալները, պաշտոնական աղբյուրների և խմբակցությունների ներկայացրած վիճակագրության համադրմամբ պարզ է դարձել, որ դրանք ամբողջական չեն։ Ներկայացված վիճակագրությունը կազմվել է տարբեր աղբյուրներից ստացված տվյալների համադրման արդյունքում։

Ինչպես ձևավորվեց 8-րդ գումարման Ազգային ժողովը

8-րդ գումարման Ազգային ժողովը ձևավորվել է 2021 թվականին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Ընտրություններն անցկացվեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի պայմաններում։ Պատերազմում պարտություն կրելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով լայնամասշտաբ բողոքի ակցիաներ իրականացրին ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի համախոհները։ Սակայն, արտահերթ ընտրություններով Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրկին ստացավ սահմանադրական մեծամասնություն, երկրորդ և երրորդ տեղերում էին Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը և Սերժ Սարգսյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։ Պատգամավորների 107 մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ․ 71 մանդատ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, 29 մանդատ՝ «Հայաստան» խմբակցություն, 7 մանդատ՝ «Պատիվ ունեմ» խմբակցություն։

2021 թվականի դեկտեմբերին «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս եկավ Իշխան Զաքարյանը, 2024-ին ԱԺ «Հայաստան» խմբակցությունից դուրս եկավ Գեղամ Նազարյանը։ Նույն թվականին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացվեցին Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։ Այս չորս պատգամավորները մանդատները վայր չդրեցին և շարունակում են գործել որպես խմբակցություններում չընդգրկված՝ անկախ պատգամավորներ։ Այս իրադարձություններից հետո խմբակցություններն ունեցան մանդատների հետևյալ բաշխվածությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 69 պատգամավոր, «Հայաստան»՝ 28 պատգամավոր, «Պատիվ ունեմ»՝ 6 պատգամավոր, խմբակցություններում չընդգրկված 4 պատգամավոր։

«Հայաստան» խմբակցություն

Ազգային ժողովում ընդդիմադիր ամենամեծ քաղաքական ուժը  «Հայաստան» խմբակցությունն է՝ 28 պատգամավորով։ Խմբակցության տրամադրած և ԱԺ կայքում առկա տեղեկություններով, խմբակցությունը և նրա պատգամավորները 2025 թվականի դեկտեմբերի 16-ի դրությամբ ներկայացրել են 53 նախաձեռնություն։ Այդ նախաձեռնություններից ընդունվել է միայն 6-ը, մերժվել է 26 նախաձեռնություն, հեղինակի կողմից հետ է վերցվել 21 նախաձեռնություն։ Նշենք, որ խմբակցության տրամադրած վիճակագրության մեջ նույն նախագծի լրամշակված տարբերակները ներկայացված են որպես առանձին նախաձեռնություններ, սակայն մենք դրանք հաշվարկել ենք որպես մեկ նախաձեռնություն։ Իսկ մեկ նախաձեռնությունից բխող այլ օրենսդրական փոփոխությունների նախագծերը ընդունել ենք որպես առանձին նախաձեռնություններ։

Նախաձեռնություններ (6).jpg (370 KB)

Խմբակցության նախաձեռնությունները վերաբերել են հիմնականում անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերին, իրավական փոփոխություններին։ Ընդունված 6 նախագծերից 3-ը հեղինակել է պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Դրանք են՝

  1. «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը համահեղինակել է Էլինար Վարդանյանը։ 
  2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնները և ռեժիմը խախտելու համար նախատեսված տուգանքի չափն է բարձրացվել։ 
  3. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
  4. «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, հեղինակ՝ Աղվան Վարդանյան։
  5. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
  6. «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին օրենքի նախագիծը։ Այս նախագիծը  համահեղինակել են մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորները։

«Հայաստան» խմբակցության 28 պատգամավորից 26-ը որպես հեղինակ մասնակցել է նախաձեռնությունների։ Ընդամենը երկու պատգամավոր որևէ օրենսդրական նախաձեռնություն չի հեղինակել՝ Արմինե Խերանյանը և Պետրոս Մեղրյանը։ Սակայն նրանցից Պետրոս Մեղրյանը պատգամավորի մանդատ ստացել է 2025 թվականի սեպտեմբերին՝ փոխարինելով Արեգնազ Մանուկյանին։ Իսկ Արմինե Խերանյանը պատգամավորի մանդատը ստացել է 2025 թվականի փետրվարին՝ փոխարինելով ավտովթարից մահացած պատգամավոր Մհեր Սահակյանին։ Պատգամավորներից շատերն էլ հեղինակել են միայն մեկ նախաձեռնություն, որը մերժվել է ԱԺ-ի կողմից. խոսքը «Բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրություն իրականացնող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագծի մասին է։

Նշենք, որ բացի օրենսդրական նախաձեռնություններից՝ խմբակցությունը և պատգամավորները ներկայացրել են առաջարկություններ, կազմակերպել են հրատապ քննարկումներ, մասնակցել իրենց պարտականություններից բխող այլ աշխատանքների։

Ընդդիմադիր խմբակցության օրենսդրական նախաձեռնությունները, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, հիմնականում մերժվում են։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Հետքի» հետ զրույցում ևս հաստատեց, որ իշխող ուժի պատգամավորները չեն ընդունում ընդդիմության նախաձեռնությունները։ 

«Մենք նախաձեռնություն էինք ներկայացրել հենց, օրինակ, նվազագույն կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ, դա մերժվել է, բայց հիմա իրենք բարձրացնում են։ Ոչ միայն օրենսդրական նախաձեռնությունները, հրատապ հարցերը` արտահերթ նիստեր, լսումներ` Արցախին, անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը, քաղբանտարկյալների առկայությանը, բռնաճնշումներին և այլնին վերաբերող նախաձեռնություններն են մերժվում»,- ասում է Սեյրան Օհանյանը։

Թե ինչու են շատ դեպքերում հեղինակները հետ վերցրել ներկայացրած նախաձեռնությունները, Օհանյանն ասում է՝ հիմնականում լրացումներ կատարելու, համակողմանի քննարկումներ իրականացնելու նպատակով։ «Նյութեր են եղել՝ մենք զգացել ենք, որ միևնույն է, չեն ընդունվելու և այդ պատճառով հետ ենք վերցրել»,- ասում է Սեյրան Օհանյանը։

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ շատ դեպքերում մտավախություն, կանխավարկած են ունենում, որ չեն ընդունելու իրենց առաջարկը, սակայն, միևնույն է, ներկայացնում են։ 

«Խորհրդարանական կառավարման համակարգում, մանավանդ ընտրական գործընթացների, ընտրական համակարգի և նաև կուսակցական համակարգի չկայացած լինելու պարագայում ուժերի այսպիսի դասավորումը անընդունելի է։ Ուժերի այսպիսի դասավորման՝ 69 պատգամավոր իշխանություններն են և մնացածը` ընդդիմությունը և անկախ պատգամավորները, խորհրդարանը դառնում է գործադիրի կցորդ, և դա է հիմնական պատճառը, որ իրենք ինչ ուզում` անց են կացնում, ինչ ուզում` դակում են և ինչ ուզում` մերժում են»,- ասում է Սեյրան Օհանյանը։

Ըստ նրա՝ խորհրդարանական կառավարման համակարգի հիմքում կոալիցիոն գործընկերությունն է, կոալիցիոն կառավարումն է, որ հնարավորություն է տալիս փոխզսպման մեխանիզմների, փոխադարձ քննարկումների արդյունքում ճիշտ որոշումներ ընդունել։ «Իրական ժողովրդավարություն, կարող ենք ասել, որ չկա»,- նշում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցություն

Խորհրդարանում երկրորդ ընդդիմադիր ուժը «Պատիվ ունեմ» խմբակցությունն է՝ 6 պատգամավորով։ Խմբակցության և ԱԺ կայքում առկա տվյալների համաձայն, 2021 թվականից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 26-ը հանդես են եկել 16 նախաձեռնությամբ։ Այդ նախաձեռնություններից 5-ը հեղինակների կողմից հետ են կանչվել, 1 նախաձեռնություն ընդունվել է, մնացած 10-ը՝  մերժվել։ Ազգային ժողովի ընդունած  նախաձեռնություններից մեկը «Հայաստան» խմբակցության պատգամավորների համահեղինակությամբ ստեղծված ««Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծն է, որի մասին վերը հիշատակել ենք։ 

Նախաձեռնություններ (7).jpg (378 KB)

Խմբակցության տրամադրած վիճակագրության մեջ նշվել էին նաև Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի մասին, ռազմագերիների մասին հրատապ քննարկում անցկացնելու նախագծերը, որոնք, ըստ էության, օրենքի  նախագծեր չէին։ 

Խմբակցության բոլոր 6 պատգամավորները մասնակցել են օրենսդրական նախաձեռնությունների հեղինակմանը։

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցության ներկայացրած նախագծերը չեն ընդունվում, և դրանց քննարկումները նույնիսկ հանձնաժողովներից դուրս չեն գալիս, ինչը հակասում է ժողովրդավարական կառավարման սկզբունքներին։ Նրա խոսքով՝ եղել են նախաձեռնություններ, որոնք քաղաքական օրակարգ չեն պարունակել, բայց կրկին մերժվել են, կամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տապալել է նիստը։

«Առանձին ուշադրության է արժանի, կարծում եմ, խորհրդարանի ձևավորման սկզբում մեր խմբակցության կողմից ներկայացված վերահսկողական հավելյալ գործիքների մեխանիզմը, որը ենթադրում էր վարչապետի և արտաքին գործերի նախարարի հաշվետվողականության մակարդակի բարձրացում, այն է` պարբերական հաշվետվությունների ներկայացում Ազգային ժողովին, որի մերժումը ևս, կարծում եմ, հակասում է Հայաստանի Հանրապետության պետական համակարգի և կառավարման ձևի, այսինքն` խորհրդարանական կառավարման ձևի տրամաբանությանը»,- ասում է Հայկ Մամիջանյանը։ 

Հ. Մամիջանյանի փոխանցմամբ՝  յուրաքանչյուր պատգամավոր, երբ որոշում է հանդես գալ այս կամ այն օրենսդրական նախաձեռնությամբ, հաշվի է առնում մի շարք գործոններ, որոնց թվում, բնականաբար, այն կանխավարկածը կարող է լինել, որ իշխող ուժից կազմված խորհրդարանական մեծամասնությունը կմերժի դա։ 

Խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ

8-րդ գումարման Ազգային ժողովում 4 անկախ պատգամավոր կա։ Հիշեցնենք՝ նրանցից Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը նախկինում եղել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, Իշխան Զաքարյանը՝ «Պատիվ ունեմ», իսկ Գեղամ Նազարյանը՝ «Հայաստան» խմբակցություններից։

Իշխան Զաքարյանի հետ զրուցել չհաջողվեց: Նա Ազգային ժողովի նիստերին 2 տարի է՝ չի մասնակցում, սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պատգամավորի բացակայությունները հարգելի են։ 8-րդ գումարման Ազգային ժողովի ընդունած նախագծերի հեղինակների մեջ նրա անունը չկա, այսինքն՝ պատգամավորի ներկայացրած որևէ նախաձեռնություն չի ընդունվել։ Իշխան Զաքարյանին ուղղված մեր գրավոր հարցերը՝ արդյոք երբևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել է, եթե այո, ապա ի՞նչ նախաձեռնություններով և ի՞նչ ճակատագիր են ունեցել դրանք, մնացին անպատասխան։

Պատգամավոր Հակոբ Ասլանյանն ասաց, թե հստակ վիճակագրություն չի վարում իր նախաձեռնությունների վերաբերյալ։ Նա մտաբերեց դրանցից մեկը՝ տիեզերական գործունեության վերաբերյալ, որը մերժվել է։ Եվս մեկ նախաձեռնություն ներկայացրել է Հովիկ Աղազարյանի հետ, բայց այն բացասական եզրակացություն է ստացել Կառավարության կողմից։ 8-րդ գումարման Ազգային ժողովի ընդունած նախաձեռնությունների հեղինակների շարքում պատգամավորի անունը մեկ անգամ է հիշատակված. «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախաձեռնության համահեղինակն է եղել, նախագիծն ամբողջությամբ ընդունվել է, սակայն այդ ժամանակ Հակոբ Ասլանյանը եղել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։ 

Հակոբ Ասլանյանը, խոսելով տիեզերական գործունեության վերաբերյալ իր նախագծի ճակատագրից, ասաց. «Երբ որ մեզ, այսպես ասած, դուրս շպրտեցին, ամբողջը ծածկեցին, գնացին»։ Իսկ թե ինչու են մերժում իր նախաձեռնություններն ու առաջարկները, պատգամավորը հետեւյալ կերպ է  բացատրում. «Որովհետև իրանց խելքը չի հասնում։ Կրթության հանձնաժողովը ղեկավարում է մարդ, որը կրթության հետ ոչ մի կապ չունի, կրթության նախարարությունը ղեկավարում է մարդ, որը կրթության հետ կապ չունի, հասկանու՞մ եք, այս իշխանությունների ամենամեծ դժբախտությունն այն է, որ իրենք չեն ընդունում պրոֆեսիոնալներին»։ 

Հակոբ Ասլանյանի խոսքով՝ օրենսդրական նախաձեռնություններից զատ՝ բազմաթիվ առաջարկներ է արել, հատկապես՝ կրթության բնագավառի վերաբերյալ, բայց դրանք ևս մերժվել են։ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ունեցել է առաջարկներ, որոնք նույնպես չեն ընդունվել։ Նրա խոսքով՝ նույնիսկ նախագծի վերաբերյալ քննարկումների մասին տեղյակ չեն պահել իրեն։

Հակոբ Ասլանյանի փոխանցմամբ՝ 2024 թվականի դեկտեմբերից հետո, երբ արդեն դուրս էր եկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ 2 անգամ հարցադրում է արել, սակայն Կառավարության անդամները չեն արձագանքել իր հարցերին: «Վարչապետը Ալեն Սիմոնյանին դիմեց, թե ասա` թող գրավոր հարցնի։ Ես գրավոր գրեցի, երկու անգամ էլ գրավոր չպատասխանեցին, դրա համար տարուց ավելի է՝ ոչ խոսում եմ, ոչ էլ հարցադրումներ եմ անում»,- ասում է պատգամավորը։

Հովիկ Աղազարյանը ևս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է եղել և հեռացվել է խմբակցությունից: Այժմ որևէ խմբակցությոնոււմ ընդգրկված չէ: Ներկայացրել է 6 նախաձեռնություն, որից ընդունվել է մեկը։ Նախագիծն ընդունվել է այն ժամանակահատվածում, երբ պատգամավորը իշխող խմբակցությունից էր։ Անկախ պատգամավոր դառնալուց հետո՝ 2024 թվականի դեկտեմբերից ի վեր, Հովիկ Աղազարյանն օրենսդրական նախաձեռնություններով հանդես չի եկել։ Խմբակցությունից նրան հեռացնելուց հետո Ազգային ժողովը չի ընդունել նաև պատգամավորի՝ նախկինում ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները։ Պատգամավորը «Հետքին» փոխանցեց, որ նույնիսկ հանձնաժողովներում ընթացք չեն տվել այդ նախաձեռնություններին։ Օրինակ՝ գույքահարկին վերաբերող նախաձեռնության առնչությամբ պատգամավորն ասաց. «Նախագիծը քննարկվեց խմբակցությունում և Կառավարությունում, բայց իմ հետ կապված հայտնի դեպքերից հետո շարունակություն չունեցավ»։

Անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը ներկայացրել է 2 նախագիծ, երկուսն էլ՝ 2024 թվականին։ Նախագծերից մեկը՝ «Հունվարի 27-ը հայրենիքի համար զոհված զինվորականների համար հիշատակի օր սահմանելու մասին»,  ընդունվել է որոշ փոփոխություններով, մյուսը՝ «ՀՀ պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագիծը, մերժվել է։ Նախագծի նախնական տարբերակում պատգամավորն առաջարկել է հիշատակի օր սահմանել 44-օրյա պատերազմի սկսվելու օրը՝ սեպտեմբերի 27-ը, սակայն, ինչպես ինքն է նշում, «հաշվի առնելով առկա տարաձայնությունները, հանձնաժողովի քննարկումները, այն երկու ամսով հետ է կանչել»։

2025 թվականին Գեղամ Նազարյանի նախագծի  համահեղինակ է դարձել ՔՊ խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Առաջարկվող հիշատակի օրը՝ սեպտեմբերի 27-ը փոխվել է  հունվարի 27-ով, և օրենքն այդ տեսքով 2026 թվականին ընդունվել է։

Բացի օրենսդրական նախաձեռնություններից՝ Գեղամ Նազարյանը հանդես է եկել առաջարկություններով և այլ նախագծերով։ Դրանց թվում նշել է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքներին բնակարանային մատչելիության ծրագիրը, որը, ըստ նրա, աննշան փոփոխություններով ընդունել է Կառավարությունը։ Պատգամավորը նշել է նաև, որ իր նախաձեռնությունն է եղել «Զինապահ» հիմնադրամի կայքում բոլոր զոհերի անունները նշելը։ Գեղամ Նազարյանի խոսքով՝ պատրաստվում է առաջիկայում այլ նախագծեր ներկայացնել։

Նախաձեռնություններ (8).jpg (419 KB)

«Անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ». փորձագետ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ստեղծված իրավիճակը Ընտրական օրենսգրքի կարգավորումներից է բխում։ 

«Ակնկալիք կար, որ պետք է սահմանադրական փոփոխություններ լինեին, բայց փաստացի մինչ օրս մենք այս մասով որևէ տեղաշարժ չունենք: Իսկապես լուրջ խնդիր է, որովհետև ամենաշատ ձայներ հավաքած քաղաքական ուժը, ըստ էության, կարող է առաջ տանել իր ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, կարող է կարևորագույն պետական ինստիտուտների ձևավորումը իրականացնել, օրինակ` օմբուդսմենի նշանակում, գլխավոր դատախազ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրություն, Կենտրոնական բանկի անդամներ և այլն»։

Նրա խոսքով՝ այս պայմաններում ընդդիմությունը արդյունավետ մասնակցության հնարավորություն չի ունենում, դառնում է ձևական։ «Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի համապատասխան փոփոխություններ են անհրաժեշտ, որոնց արդյունքում, ընդդիմությունը ինչպիսի ներկայացվածություն էլ ունենա, ավելի բովանդակային և արդյունավետ մասնակցություն ունենա, ոչ թե դա ձևական բնույթ կրի։ Իսկ եթե դու ներկայացված ես քաղաքացու անունից, այդ քվեն ստացել ես, պիտի ինչ-որ ազդեցություն ունենաս և՛ օրենսդրական պրոցեսների, և՛ ինստիտուտների ձևավորման վրա, հակառակ դեպքում ներկայացվածությունը դառնում է անարդյունավետ»,- նշում է Հասմիկ Հարությունյանը։ 

Քանի դեռ փորձագետի նշած օրենսդրական փոփոխությունները չեն կատարվել, այսպիսի սցենար կարող է կրկնվել նաև նոր կազմով Ազգային ժողովում։ Այսինքն՝ ընդդիմությունը կարող է կրկին հայտնվել լուսանցքում, իսկ օրենսդրական գործընթացներում որոշողի դերում լինի միայն իշխող մեծամասնությունը։ Հիշեցնենք՝ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններից հետո ձևավորվելու է 9-րդ գումարման Ազգային ժողովը։

Հաջորդ հրապարակմամբ անդրադառնալու ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և Կառավարության օրենսդրական նախաձեռնություններին։

Ինֆոգրաֆիկաները և գլխավոր նկարը՝ Նարե Պետրոսյանի
Գլխավոր նկարը մշակվել է արհեստական բանակության միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter