Հակակոռուպցիոն կոմիտեն կորոշի քրեական վարույթ նախաձեռնելու հարցը
Ազգային Ժողովի «Քաղաքացիական խմբակցության» ղեկավար Հայկ Կոնջորյանի, Կոտայքի փոխմարզպետ, ՔՊ-ական Հայկ Մկրտչյանի եւ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի վերաբերյալ «Հետքի» հրապարակումն ուսումնասիրվել է Գլխավոր դատախազությունում։ Ուսումնասիրության արդյունքներով՝ հրապարակումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթի հարցը լուծելու նպատակով։ Այս մասին տեղեկացանք Դատախազության հանրային կապերի բաժնից։ Ավելի վաղ Դատախազությունը Կոնջորյանի առանձնատան գնման գործարքի վերաբերյալ հրապարակումն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ օպերատիվ ստուգման։
«Հետքը» 2025 թ․ դեկտեմբերին գրեց, որ Հայկ Կոնջորյանն առանձնատուն է գնել շուկայականից ցածր գնով, իսկ 2026 թ․-ի մարտին հրապարակեցինք, թե ինչպես են Առինջ համայնքի հողերը շուկայականից բազմապատիկ էժան օտարվել Կոնջորյանին առանձնատուն վաճառած ընկերության սեփականատիրոջը։ Ավելին, պարզել էինք, որ Աբովյանի քաղաքային զբոսայգու մի մասը ևս սեփականաշնորհվել է և վաճառվել նույն կառուցապատողին։ Զբոսայգին օտարվել էր Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի ընտանիքի անդամներին (2012–2016թթ.-երին), հետո փոխանցվել էր Հայկ Կոնջարյանի հետ կապվող գործարարին։
2026 թվականի մարտի 5-ին, Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում անդրադառնալով մամուլում պաշտոնյաների մասին կոռուպցիոն հրապարակումներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Ընդհանրապես, պետական իշխանության համակարգում, Կառավարության համակարգում գործում է աշխատանքային խումբ, ով պաշտոնյաների հնարավոր ոչ օրինական, ոչ իրավական գործողությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկում է իրավապահ մարմիններին։ Բացառված է, որ մեր իրականության մեջ որեւէ պաշտոնյայի կողմից ապօրինություն իրականացնելու վերաբերյալ տեղեկատվություն լինի եւ դա համապատասխան մարմինների կողմից քննության չարժանանա»։
Փորձեցինք գրավոր հարցմամբ պարզել՝ արդյոք նշված աշխատանքային խումբը և անձամբ վարչապետ Փաշինյանը ծանոթացել են «Անշարժ գույք՝ զբոսայգու դիմաց. ՔՊ-ականների, Էդուարդ Բաբայանի եւ արտոնյալ գործարարի կապը» վերտառությամբ մեր հրապարակմանը։ Եվ եթե ծանոթացել են, ի՞նչ ընթացք է տրվել դրան։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ նշված տեղեկատվությունը ստանալու համար կարող ենք դիմել Գլխավոր դատախազություն։ Մեր արդեն բանավոր հարցին ի պատասխան՝ Արմեն Խաչատրյանն ասաց, որ պաշտոնյաների կողմից կատարված ենթադրյալ իրավախախտումների բոլոր դեպքերն ուսումնասիրվում են աշխատանքային խմբի կողմից։ Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը ծանոթ է Հայկ Կոնջորյանին վերաբերող հրապարակմանը, Արմեն Խաչատրյանը չպատասխանեց։
Լուսանկարում՝ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան, ԱԺ պատամավոր Հայկ Կոնջորյան, Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայան, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել