Դատարանը թույլատրեց Աջապահյանին ներկա գտնվել Սուրբ Հարության պատարագին
Վերաքննիչ դատարանն այսօր՝ մարտի 18-ին, որոշեց մերժել Միքայել Աջապահյանի պաշտպանների միջնորդությունը և կիրառված խափանման միջոց տնային կալանքը թողնել անփոփոխ։
Փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին ներկայացրեց նաև Շիրակի թեմի հավատավոր ժողովրդի խնդրանքը և միջնորդությունը՝ թույլատրել Միքայել Աջապահյանին մասնակցել և հանդիսապետել Գյումրու Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցում կատարվող ծիսակարգերը, ժամերգությունները, պատարագները։ Երեմ Սարգսյանի խոսքով՝ սա ևս կարևոր փաստարկ է, որ տնային կալանք խափանման միջոցը վերացվի։
Դատարանն այս մասով միջնորդությունը բավարարեց՝ որոշելով Միքայել Աջապահյանին թույլատրել ներկա գտնվել կիրակնօրյա պատարագներին, ինչպես նաև Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցվող Ճրագալույցի պատարագին։ Սակայն պատարագի մատուցման հետ կապված որևէ գործառույթ չթույլատրեց դատարանն իրականացնել. «Պատարագին ներկա գտնվելը չի ենթադրում մասնակցություն»,- նշեց դատարանը։
Հաջորդիվ Երեմ Սարգսյանը Վերաքննիչ դատարանին ներկայացրեց իրենց ներկայացրած բողոքը՝ նշելով, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը ենթակա է բեկանման և Միքայել Սրբազանը ենթակա է արդարացման։ «Սա այն բացառիկ բողոքներից է, որտեղ այսքան շատ են խախտումները»,- ասաց փաստաբանը։
Նա թվարկեց այն խախտումները, որոնք, ըստ պաշտպանական կողմի, թույլ է տվել Առաջին ատյանի դատարանը։ Այդ խախտումներից են՝
- խախտվել են ընդդատության կանոնները,
- քրեական հետապնդման դադարեցման համար հիմքերի առկայության պայմաններում դատարանը չի դադարեցրել քրեական հետապնդումը,
- խախտվել է արդար դատաքննության սկզբունքը,
- սխալ է մեկնաբանել կրկին անգամ դատվելու սկզբունքը,
- խախտվել է պատշաճ ապացուցման սկզբունքը,
- խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը, խախտվել է մրցակցության սկզբունքը,
- հաստատվել է անորոշ մեղադրանք՝ առարկայազրկելով արդար դատաքննության իրավունքը,
- դատարանը փոխել է մեղադրանքի փաստական հիմքը և ինքն է ձևավորել նոր մեղադրանք,
- կիրառել է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասը, որը ենթակա չէ կիրառման։
- խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված ազատ խոսքի և կրոնական իրավունքները։
Խախտումների թվարկումից հետո փաստաբանը կետ առ կետ և մանրամասն սկսեց անդրադառնալ այդ խախտումներին։
Երեմ Սարգսյանը հայտնեց, որ երկու տեսանյութերը, որոնցում հնչեցված խոսքերի համար այժմ Աջապահյանը քրեական հետապնդման է ենթարկվում, նկարահանվել են Գյումրի քաղաքում, այդ մասին իրենց հայտնել են նկարահանող լրատվամիջոցները։ Հետևաբար Աջապահյանի դատական գործը պետք է քննության առներ Գյումրու դատարանը։ Փաստաբանի խոսքով՝ եթե անգամ քրեական վարույթում հնարավոր չի եղել պարզել ենթադրյալ հանցանքի կատարման վայրը, նախնական դատալսումների ընթացքում դատարանը պետք է պարզեր և վերադարձներ հայցադիմնումը։ Երեմ Սարգսյանը նշում է, որ ընդդատության կանոնների խախտումը հանգեցնում է ամբողջ դատաքննության անօրինականության, իսկ անօրինական դատաքննության արդյունքում որևէ մեկը չի կարող մեղավոր ճանաչվել հանցանք կատարելու համար։ «Հենց այս ակնհայտ խախտումները թույլ տալու պատճառով էլ պաշտպանության կողմի մոտ օբյեկտիվ և հիմնավոր կասկածներ առաջացան, որ նախագահող դատավորն ինչ-ինչ հանգամանքներով, դա կլինի՝ վախ, կաշկանդվածություն, հանձնարարություն, թշնամանք և այլ հանգամանքներ, հատուկ ցանկանում է, որ այս գործը մնա իր վարույթում և ինքը քննի այն, ինչի հետ կապված մենք իրեն բացարկ հայտնեցինք»,- նշեց է պաշտպանը՝ հավելելով, որ դատավորը մերժել է բացարկի միջնորդությունը։
Դատախազն ասաց, որ իրենց դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ այն է, որ թեև ձևական առումով հանցանքն ավարտված է համարվում կոչը հնչեցնելու պահից, սակայն այս դեպքում հանցանքի կատարման ավարտի պահ պետք է համարել հասարակության լայն զանգվածներին հասանելիություն ունենալու պահը։ «Իսկ տվյալ իրավիճակում խոսքն ուղղված է եղել ամբողջ Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց դատախազը՝ պաշտպանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը և վստահություն հայտնելով, որ այստեղ ընդդատության խախտում չկա։
Սակայն Երեմ Սարգսյանը նշեց՝ նույնիսկ եթե հանցանքի կատարման վայր համարենք Հայաստանի Հանրապետությունը և ոչ թե կոնկրետ Գյումրի քաղաքը, Առաջին ատյանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը նույնիսկ այդպիսի պնդում չի արել. «Դատարանն ասել է՝ բացահատված չի (հանցանքի կատարման վայրը-խմբ.)։ Պետք է դատարանի որոշման հիմնավորվածության համատեքստում գնահատել»,- ասաց Երեմ Սարգսյանը։
Դատարանը վերոնշյալի մասին հարց ուղղեց դատախազին։ Ըստ դատարանի՝ եթե դատարանը համարել է, որ հանցանքի կատարման վայրը բացահայտված չէ, իսկ դատախազը պնդում է, որ բացահայտված է և այդ վայրը Հայաստանի Հանրապետությունն է, հետևաբար դատախազը ևս համաձայն չէ՞ դատարանի որոշման հետ։
Դատախազն ասաց, որ եթե նույնիսկ դա խախտում է համարվում, իր համար դա էական խախտում չէ, քանի որ իրավական հետևանքը նույնն է եղել, գործը քննվել է Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանում։
Այս դատական նիստում Երեմ Սարգսյանը հասցրեց անդրադառնալ միայն առաջին՝ ընդդատության խախտմանը, հաջորդ դատական նիստերին նա կշարունակի անդրադառնալ Առաջին ատյանի դատարանի թույլ տված մյուս խախտումներին։
Հիշեցնենք՝ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին Միքայել Աջապահյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։ Նա հունիսի 28-ից կալանավորված էր, և դատարանի որոշմամբ՝ Աջապահյանը շարունակում էր մնալ կալանավորված՝ մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Փետրվարի 6-ին Վերաքննիչ դատարանը Միքայել Աջապահյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց տնային կալանքով և բացակայելու արգելքով։
Առաջին ատյանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեղավոր էր ճանաչել Միքայել Աջապահյանին Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով կատարված արարքի համար։ Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել