Իսրայելը պնդում է, որ ավիահարվածի հետևանքով սպանվել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) մարտի 17-ի գիշերը հարվածել է տեղակայման այն վայրին, որտեղ այդ պահին եղել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նման պնդում է անում Times of Israel-ը՝ հղում անելով ՑԱԽԱԼ-ի հայտարարությանը։
Ավելի ուշ, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը ևս հայտարարել է, որ հարվածի հետևանքով սպանվել է «Իրանի փաստացի ղեկավար» (սա ուղիղ մեջբերում է Կացի հայտարարությունից՝ խմբ.) Լարիջանին։
Իրանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Իսրայելի 12-րդ ալիքի՝ Իսրայելի անվտանգության ծառայություններում աղբյուրը պատմել է, որ մարտի 16-ի ցերեկը ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ Լարիջանին պետք է ժամաներ Թեհրանում իր բնակարաններից մեկը։ Ըստ իսրայելական կողմի՝ բնակարանում Լարիջանին եղել է որդու հետ միասին, երբ եղել է հարվածը։
«Նա փրկվելու շանս չուներ այդպիսի հարվածից հետո»,- հայտարարել է 12-րդ ալիքի աղբյուրը։
ՑԱԽԱԼ-ը նաև հավելել է, որ «ճշգրիտ հարվածի» հետևանքով Թեհրանում սպանվել է «Բասիջ» կամավորական ռազմականացված կազմավորման հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանին։ «Բասիջ»-ը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ենթակայության ներքո է ու, ըստ արևմտյան լրատվամիջոցների, Իրանում զբաղվում է նաև հակակառավարական ակցիաների ճնշմամբ։
Եթե այս տեղեկատվությունը հաստատվի նաև իրանական կողմից, ապա Ալի Լարիջանին Իրանի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը սպանվել է նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվանից հետո։ The New York Times-ը գրում էր, որ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից ոչ շատ առաջ Իրանի փաստացի ղեկավար էր դարձել հենց Լարիջանին, որին Խամենեին հանձնարարել էր ճնշել բողոքի ակցիաներն ու պատրաստվել պատերազմի։ Նա նաև պատասխանատու էր Թեհրանի հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Կատարի ու Օմանի հետ հարաբերությունների համար ու համակարգում էր նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ամերիկյան կողմի հետ բանակցությունները։
Լուսանկարը՝ AFP/Louai Beshara
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել