ԵՄ-ն ընտրություններին ընդառաջ հիբրիդային արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան
ԵՄ-ն Հայաստան կուղարկի հիբրիդային արագ արձագանքման խումբ՝ ընտրություններին ընդառաջ։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Մեր հարևանության ժողովրդավարական դիմադրողականության աջակցությունը մնում է կարևոր։ Մենք չենք թողնի, որ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը։ Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա»,- նշել է նա ելույթի ընթացքում։
Դեռ նախորդ տարվա վերջում Կալասը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները ԵՄ-ից օգնություն են խնդրել, ինչպիսին Եվրամիությունը տրամադրել է Մոլդովային։
Նույն օրը ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնեց․ «Տարբեր ուղղություններով Հայաստանի դիմակայունության բարձրացման, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցությունը շարունակական է և նոր չի սկսվել»։
Շուրջ մեկ շաբաթ առաջ Արտաքին հետախուզության ծառայություն էլ հայտարարեց, որ տվյալներ ունեն, թե այլ երկրում այդ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել