Ռոբերտ Քոչարյանը՝ վարչապետի թեկնածու
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ինչպես և 2021-ին։ Այսօր՝ մարտի 16-ին, «Հայաստան» դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ձևաչափը և վարչապետի թեկնածուին։ Վերջին ամիսներին Քոչարյանն ասում էր, որ հարցումներ են անցկացնում, և վարչապետի թեկնածուն լինելու է իրենց ուժից ամենաբարձր ռեյտինգ ունեցողը։
️«Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի։ Բայց դա բավարար չէ։ Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների մահվան համար, ովքեր հանձնեցին Արցախը, ովքեր ստիպում են մեր ժողովրդին մոռանալ իր հերոսական անցյալը»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Դաշինքի կազմում խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և հանրային, հասարակական գործիչներ, ինչպես նաև «ԱռԱջ» կուսակցությունը, որի նախագահ Սևակ Խաչատրյանը նախորդ տարի Վաղարշապատի ընտրություններին մասնակցում էր «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի կազմում։ Նա համայնքապետի թեկնածուն էր, ուժը հավաքեց 31,9 տոկոս՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։
«Հայաստան» դաշինքն ընտրություններին մասնակցում է «Միասին կարող ենք» կարգախոսով։ Իրականություն ստեղծող, ոչ թե իրականության հետ հաշտվող Հայաստան է տեսնում Իշխան Սաղաթելյանը, եթե իրենց ուժն ընտրվի։
«Մենք առաջարկում ենք այլընտրանք մեր ժողովրդի համար, այլընտրանք հիմնված երեք անկյունաքարերի վրա․
- Անվտանգ և մրցունակ պետություն. Հայաստանը պետք է լինի ոչ թե իրականության հետ հաշտվող, այլ իրականություն ստեղծող պետություն։
- Ինքնության վրա հիմնված ազգային պետություն. Որտեղ հայոց լեզուն, մշակույթը, ընտանիքն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր գոյության հիմքերն են։ Մենք պետք է լինենք արդիական՝ պահպանելով մեր արմատները։
- Համահայկականություն. Հայաստանը բոլոր հայերի պետությունն է։ Սփյուռքը մեր ռազմավարական ուժն է և պետականաշինության մասնակիցը»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Հայաստան» դաշինքն այժմ խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է։ 2021-ին ստացել էին ձայների մոտ 21%-ը։ Այդ ժամանակ ցուցակի առաջին համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր մանդատը չէր վերցրել։ Նա հայտնել էր, որ ինքը առաջ էլ պատգամավոր եղել է, բայց գործադիր իշխանության մարդ է․
«Այնպես է ստացվել, որ ժամանակին եղել եմ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի խորհրդարանների պատգամավոր, սակայն բնավորության կերտվածքով միշտ հանդիսացել եմ գործադիր իշխանության մարդ։ Համոզված եմ, որ հիմա ավելի ճիշտ է տեղս զիջել թիմակիցներիս, որոնցից յուրաքանչյուրը, վստահ եմ, լավ պատգամավոր է դառնալու»,- հայտարարել էր Քոչարյանը։
Մինչև 2026 թվականը դաշինքի պատգամավորներից մի քանիսը հեռացան ԱԺ-ից՝ շարունակելու իրենց մասնագիտական գործունեությունը։ Արմեն Չարչյանը վերադարձավ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենի իր պաշտոնին, Արամ Վարդևանյանը գնաց իրավաբանությամբ զբաղվելու։ Չարչյանի հրաժարականից հետո ցուցակում ընդգրկված երկու հոգի չվերցրին մանդատը, խորհրդարան անցավ Լևոն Քոչարյանը, որը կալանավորված էր ոստիկանների հետ միջադեպի համար։
Այս հինգ տարվա ընթացքում դաշինքի շարքերը լքեցին նաև «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները՝ բացառությամբ Զեմֆիրա Միրզոևայի, որը ներկայացնում էր ազգային փոքրամասնության շահեր։
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի կազմում խորհրդարան էր անցել նաև Անդրանիկ Թևանյանը, որը մանդատը վայր դրեց և գլխավորեց «Մայր Հայաստան» ուժը Երևանի ավագանու ընտրություններում։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Թևանյանը կմասնակցի Գագիկ Ծառուկյանի ուժի հետ։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն 2026 թվականի հունիսի 7-ին։
Լուսանկարը՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել