HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Նախաքննությունը շարունակվում է. ինչու են տարիներով ձգվում վարույթները

Այն պահին, երբ Քննչական կոմիտեն գրում է իր հերթական ձեւական պատասխանները, հանցագործները, հնարավոր է, թիրախավորում են հերթական քաղաքացուն։ Իրավապահ համակարգի այս դանդաղկոտությունը ոչ միայն խթանում է անպատժելիությունը, այլ, հնարավոր է, դառնում է նոր հանցագործությունների առիթ: Տուժողը տեսնում է, որ իրավապահներն անկարող են իրեն պաշտպանել, մտածում է հաշվեհարդարի  մասին: Այնպես որ, Քննչական կոմիտեի «նախաքննությունը շարունակվում է» ձևակերպումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ:  

2026թ․ հունվարի 26-ին «Հետքը» հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ խնդրելով տեղեկություն տրամադրել նախորդ մեկ տարվա ընթացքում «Հետքի» հրապարակած այն բոլոր նյութերի մասին, որոնց վերաբերյալ նախաքննական մարմնում վարույթ էր նախաձեռնված։

Քննչական կոմիտեն մեր հարցերին պատասխանելու համար 30 օր ժամկետ էր խնդրել, ապա բոլոր դեպքերի մասին նույնաբովանդակ պատասխան տվել։ Այդ վարույթների մեծ մասով նախաքննությունը ամիսներով, իսկ մեր նախորդ հոդվածներով հարուցված վարույթները տարիներով չեն ավարտվում, մեղադրյալներ չկան, իսկ որոշ դեպքերում տուժողների թիվը շարունակում է աճել։ Քննչական կոմիտեի պատասխաններում կրկնվում է նույն ձևակերպումը՝ «նախաքննությունը շարունակվում է»։ 

20 մլն դրամի չբացահայտված գողություն

«Հետքը» 2025 թվականի փետրվարի 12-ին գրել էր 2024 թ.-ի սեպտեմբերի 25-ի գիշերը Երևանում մի քաղաքացու տնից 20 մլն դրամ գողության մասին։ Նախաքննական մարմինը տեսագրությունների առկայության պայմաններում մինչ օրս չի պարզել հանցանքը կատարած անձանց ինքնությունը։

Քննչական կոմիտեին խնդրել էինք հայտնել, թե ինչ գործողություններ են իրականացվել դեպքի բացահայտման ուղղությամբ։ Ըստ Կոմիտեի՝ կատարվել են բազմաթիվ ապացուցողական ու վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ և ստացվել դրանց եզրակացությունները, սակայն քննության ներկա փուլում հնարավոր չի եղել պարզել գողությունը կատարած անձին: «Որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի իրականացվում, և նախաքննությունը շարունակվում է»,-նշված է Քննչական կոմիտեի պատասխանում։ 

Գողությունից 1,5 տարի անց Քննչական կոմիտեն, ունենալով տեսագրություններ, չի կարողացել պարզել հանցանքը կատարողներին։

Մահ՝ ձեռքի վիրահատության ժամանակ 

2025 թվականի մարտի 15-ին ներկայացրել էինք Արտաշատի բժշկական կենտրոնում ձեռքի վիրահատության ժամանակ անզգայացման պահին սրտի կանգ ունեցած Նշան Նշանյանի պատմությունը։ 2021 թվականի դեկտեմբերի 13-ին Նշան Նշանյանը կոտրել էր ձեռքը։ 2021-ի դեկտեմբերին 45-ամյա Նշան Նշանյանն Արտաշատի բժշկական կենտրոնում ձեռքի կոտրվածքի վիրահատության ընթացքում կորցրել է գիտակցությունը և ընկել կոմայի մեջ։

Դեպքից 14 օր անց այդպես էլ գիտակցության չգալով՝ Նշան Նշանյանը մահացել է։ Հարազատների պնդմամբ՝ բժիշկը վիրահատություն է առաջարկել այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը չկար։ Քաղաքացու մահից գրեթե 4 տարի անց Քննչական կոմիտեն չի պարզել Նշանյանի մահվան հանգամանքները։ Դեպքի վաղեմության ժամկետը լրանում է 2026 թվականի դեկտեմբերի 27-ին, մահացածի քույրը՝ Լուսինե Ազնաուրյանը պնդում է, որ քննչականը դիտավորությամբ ձգձգում է վարույթը, որպեսզի վաղեմության ժամկետը լրանա, և եղբոր մահվան մեղավորները պատասխանատվության չենթարկվեն։

«Հետքը» Քննչական կոմիտեին խնդրել էր պարզաբանել՝ ինչու՞ մինչ օրս որեւէ մեղադրյալ չկա, ի՞նչ հիմնական քննչական գործողություններ են իրականացվել այս ընթացքում, ո՞ր փուլում է վարույթը։ Քննչական կոմիտեն հայտնել է հետևյալը. «Նշան Նշանյանի մահվան կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ և ստացվել են դրանց եզրակացությունները, որոնց արդյունքներով պայմանավորված` իրականացվում են անհրաժեշտ ապացուցողական գործողություններ: Նախաքննության ներկա փուլում որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի իրականացվում, և նախաքննությունը շարունակվում է»:

Դեպքից ավելի քան 5 տարի անց Քննչական կոմիտեն չի պարզել՝ ով է մեղավոր Նշան Նշանյանի մահվան մեջ, այն դեպքում, երբ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի երկու պատասխաններն առկա են։ 

Մինչ Քննչական կոմիտեում «շարունակում են նախաքննությունը», Նշան Նշանյանի քույրը՝ Լուսինե Ազնաուրյանը, մարտի 12-ին մեզ հայտնեց, որ նախաքննությունն ավարտվել էր դեռևս  փետրվարի 24-ին, և գործն ուղարկվել է դատարան։ Մարտի 12-ին նշանակված է առաջին դատական նիստը։ Ոչ Լուսինե Ազնաուրյանը և ոչ էլ նրա փաստաբանը ծանուցված չեն եղել նախաքննության ավարտի և դատավարության մեկնարկի մասին։

Այսինքն՝ Քննչական կոմիտեն «Հետքին» պատասխանելիս չի ճշտել վարույթի ընթացքը։

Մարատ Ղուկասյանի խարդախությունները

2025-ի սեպտեմբերի 15-ին գրել էինք Մարատ Ալեքսանյանի (Ղուկասյան) մասին, որը խաբում է մարդկանց՝ աշխատանք է խոստանում, գումարներ վերցնում և անհետանում։

«Հետքի» խմբագրությունը Մարատ Ղուկասյանի գործունեության վերաբերյալ մի քանի տասնյակ ահազանգ է ստացել։ Նրա գործողություններից տուժածների նամակներն ու զանգերը չեն դադարում մինչ օրս։ Մարատ Ղուկասյանի խաբեության զոհերից ոմանք հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանություն։

Քննչական կոմիտեն «Հետքին» հայտնել է, որ Մարատ Ղուկասյանի գործունեության վերաբերյալ դեռևս 2025 թվականի հունիսից նախաձեռնված է քրեական վարույթ։ 

Փաստորեն, քրեական վարույթը Մարատ Ղուկասյանին չէր խոչընդոտել։ Նա ներկայում էլ շարունակում է իր գործունեությունը՝ «Ներուժ» անվամբ նոր նախաձեռնությամբ՝ օգտագործելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անունը։ 

Օրերս ԲՏԱ նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ հերքելով իր կապը դրա հետ. «Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում տարածվող «Ներուժ զարգացման հիմնադրամ» («neruzhfoundation») անվամբ էջը և դրա կողմից տարածվող հրապարակումները որևէ առնչություն չունեն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և նրա կողմից իրականացված «Ներուժ» ծրագրի հետ։ Տվյալ էջի հեղինակները թիրախավորված կերպով օգտագործում են նախարարության «Ներուժ» (Neruzh) հայտնի ծրագրի անվանումը և պաշտոնական միջոցառումների լուսանկարները՝ հանրության շրջանում վստահություն շահելու և թյուր տպավորություն ստեղծելու նպատակով»։

Առաջին անգամ չէ, որ Մարատ Ղուկասյանը շահարկում է պետական կառույցների անունը՝ վստահություն շահելու համար։ Նախկինում նա ներկայացել է որպես ԿԳՄՍ աշխատակից, Երևանի համայնքապետարանի ներկայացուցիչ, ՊՆ-ի հետ համատեղ ծրագիր իրականացնող։

Այս ամենը, սակայն, բավարար չէ Քննչական կոմիտեի համար՝ նախաձեռնված քրեական վարույթին ընթացք տալու։ Մարատ Ղուկասյանի գործունեությունից տուժածների թիվն օրեցօր աճում է, բայց Քննչական կոմիտեն բավարարվում է միայն տուժածներին հարցաքննելով։ 

Այս պահի դրությամբ վարույթի շրջանակում որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։ «Մարատ Ալեքսանյանի (Ղուկասյանի) կողմից առերևույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի քննության ընթացքում մի շարք անձինք ճանաչվել են տուժող և հարցաքննվել, կատարվել են նաև բազմաթիվ ապացուցողական և վարութային այլ գործողություններ: Քննության ներկա փուլում որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի իրականացվում, և նախաքննությունը շարունակվում է»,-նշված է նախաքննական մարմնի պատասխանում։

Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններ List.am-ում

List.am հայտարարությունների հարթակում բնակարանների կեղծ հայտարարություններ տեղադրող զույգի՝ Մարիամ Գրիգորյանի ու Հայկ Թումանյանի մասին հոդվածի հարապարկումից հետո վերջիններս կապ էին հաստատել մեզ հետ եւ խնդրել ջնջել հոդվածը։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում ամուսինների վերաբերյալ 4 նույնանման դատական գործ կա, որոնցից 2-ը քննության փուլում են, 2-ով արդեն վճիռ է կայացվել։ Դրանցից մեկով Մարիամ Գրիգորյանը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել, սակայն վճռի կատարումը հետաձգվել է, քանի որ Մարիամը մինչև 6 տարեկան երեխա ունի։ 

Այս պահին էլ զույգը շարունակում է նույն գործունեությունը։ Բնակարանների վարձակալության ֆեյսբուքյան խմբերում  հաճախ կարելի է հանդիպել երիտասարդ զույգի մասին գրառումների։

«Հետքը» Քննչական կոմիտեից հետաքրքրվել է՝ հոդվածում նշված խարդախության բազմակի դեպքերը քննվում են մեկ միավորվա՞ծ վարույթի շրջանակում, թե առանձին վարույթներով։ Ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվել գումարների փոխանցումների, պայմանագրերի և տուժողների վկայությունների ստուգման ուղղությամբ։ Արդյոք Մարիամ Գրիգորյանի և Հայկ Թումանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, կամ կիրառվե՞լ են խափանման միջոցներ։ Ինչպե՞ս է քրեական վարույթի պայմաններում զույգը շարունակում իր գործունեությունը։

Քննչական կոմիտեն հայտնել է. «Մարիամ Գրիգորյանի ու Հայկ Թումանյանի կողմից առերևույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են համապատասխան գործողություններ, սակայն քննության տվյալ փուլում որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի իրականացվում, և նախաքննությունը շարունակվում է»։ 

Կապանցի գուշակը

Մեկ այլ դեպքով էլ տասնյակ կանայք դարձել են կապանցի գուշակի՝ Նարինե Մանուչարյանի խարդախության զոհը։ «Հետք»-ն այս մասին գրել էր 2025 թվականի հոկտեմբերի 28-ին։

Կապանցի կինն օնլայն գուշակություններ էր անում, խարդախությամբ քաղաքացիներից վերցնում ոսկյա զարդեր, թանկարժեք իրեր և գումար։ Իր ամուսինը՝ Արթուր Սարգսյանը զանգահարում և ահաբեկում էր մարդկանց։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Հոդվածի հրապարակումից հետո Նարինեն և ամուսինը զանգահարել էին «Հետքին» դիմած քաղաքացիներին և սպառնացել։

Քննչական կոմիտեն այս դեպքի մասին հայտնել է. «Նարինե Մանուչարյանի և Արթուր Սարգսյանի կողմից առերևույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով իրականացվում են համապատասխան վարութային և ապացուցողական գործողություններ, քննության ներկա փուլում որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի իրականացվում, և նախաքննությունը շարունակվում է»։

Առևտուր կեղծ գումարներով

2025 թվականի դեկտեմբերի 1-ին հրապարակված Անկաշկանդ գնումներ կեղծ թղթադրամներով» նյութից հետո «Հետքի» խմբագրությունը շարունակում էր նամակներ ստանալ ընթերցողներից, որոնք պատմում էին նույնանման դեպքերի մասին։ Նրանք նկարներ և տեսանյութեր էին ուղարկում տարբեր խանութներից, կրպակներից, առևտրի կետերից, որոնցում երիտասարդ կինը՝ Մագդա Հարությունյանը, նկեղծ գումարով գնումներ էր անում։

Հոդվածի հրապարակումից հետո՝ դեկտեմբերի 10-ին Մագդա Հարությունյանը այցելել էր «Հետքի» խմբագրություն ու պահանջում էր հեռացնել հրապաարկումը։ Դրանից հետո էլ բազմաթիվ ընթերցողներ մեզ ահազագնում էին Մագդա Հարությունյանի գործունեության մասին։ 

«Հետքը» Քննչական կոմիտեին հարցրել էր, թե ինչ փուլում է քրեական վարույթը, և ինչ միջոցներ են ձեռնարկվում Մագդա Հարությունյանի հետագա գործունեությունը կանխելու համար։

 Քննչական կոմիտեն հայտնել է, որ նույն անձի կողմից կեղծ (հուշանվեր) թղթադրամներով խարդախության առերևույթ հանցանքների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի ԿԿԳ քննության  գլխավոր վարչությանը։

«Քննության համար կարևոր հանգամանքները պարզելու նպատակով իրականացվում են մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողություններ, խարդախություն կատարելու համար քաղաքացի Մ. Հ.-ին մի քանի դրվագով ներկայացվել է մեղադրանք, որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, իսկ նախաքննությունը շարունակվում է»,- նշված է Քննչական կոմիտեի պատասխանում։ Կոմիտեն չի հայտնել, թե երբ է Մագդա Հարությունյանին տնային կալանք նշանակվել։

Այս բոլոր վարույթների նախաքննությունը շարունակվում է ամիսներով կամ տարիներով, մինչդեռ որոշ դեպքերում ենթադրյալ հանցագործները շարունակում են իրենց գործունեությունը։ Կարելի է ենթադրել, որ Քննչական կոմիտեն հետաքրքրված չէ քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ։ Սրանք մի քանի դեպքեր են բազմաթիվներից, որոնց նախաքննությունը տարիներով ձգվում է։ Դա է պատճառը, որ մարդիկ խուսափում են դիմել իրավապահ մարմիններին, քանի որ համոզված չեն, որ իրենց խնդիրները լուծում կստանան, որ իրավապահներին դիմելուց հետո իրենց իրավունքները պաշտպանված կլինեն։ Քննչական կոմիտեի դանդաղկոտությունը հնարավորություն է տալիս զեղծարարներին անկաշկանդ շարունակել իրենց գործը՝ վստահությամբ, որ պատասխանատվության չեն ենթարկվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter