HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ինչպես պատերազմի մասնակիցը զրկվեց զինվորական թոշակից

Պետության ընդունած օրենքները Արարատ Ազիզյանի մարմինը, կարծես, բաժանել են երկու մասի: Առաջին մասի համար նա զինվորական թոշակ էր ստանում, վիրավորվել էր պատերազմում, ձեռքը վնասված է, մարմնում բեկորներ կան: Երկրորդ մասը շաքարախտից կորցրած ոտքերն են: Եւ քանի որ ոտքերը կորցրել է պատերազմից հետո՝ հիվանդության պատճառով, նրան զրկել են զինվորական թոշակից: Մինչեւ ոտքերի անդամահատումը նա ստանում էր 92 հազար դրամ թոշակ, այժմ պետությունը 37 հազար դրամ է տալիս։

Արցախյան առաջին պատերազմում վիրավորված Արարատ Ազիզյանը 1994 թվականից զինհաշմանդամության թոշակ էր ստանում։ Նրան զինվորական երկրորդ կարգի հաշանդամություն էր նշանակվել անժամկետ։ 2024-ին՝ երկրորդ ոտքի անդամահատումից հետո հաշմանդամության նրա կարգը իջեցվել է՝ զինվորականից դարձել քաղաքացիական։ 

Արարատ Ազիզյանի  ձախ ձեռքի խնձորակը վնասված է, ձեռքը մասամբ է աշխատում, մեջքի, փորի, թոքերի հատվածում արկի բեկորներ կան։ Ազիզյանի խոսքով՝ աշխարհազորի կազմում մասնակցել է 44-օրյա պատերազմին։ 2020-ի նոյեմբերի 1-ին Շուշիի դիրքերում է եղել, երբ ձախ ոտքում ուժեղ ցավ է սկսվել: 

«Ոտքս բռնվել էր, չէի կարում քայլեի։ Չէի շարժվում, անհասկանալի ցավ էր սկսվել, որ նախկինում չէի ունեցել երբևէ»,- պատմում է Արարատը։

Նա տեղափոխվել է Ստեփանակերտ, ապա՝ Երևան: Արարատին ասել են, որ շաքարային դիաբետի պատճառով իր մոտ փտախտ է առաջացել, և ոտքը պետք է ամպուտացվի։ Վիրահատությունից հետո նրա երկրորդ կարգի զինվորական հաշմանդամությունը պահպանվել է։

2024 թվականին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում նրա երկրորդ ոտքն են անդամահատել։ Արարատ Ազիզյանի երկու ոտքերը՝ ծնկներով հանդերձ, կտրված են։ Նա 5 ամիս շարունակ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում բուժում է ստացել։

Բժիշկը խորհուրդ է տվել դիմել առաջին կարգի հաշմանդամություն ստանալու համար։ Արարատի քույրը նրա փաստաթղթերը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն արդյունքում նախկին երկրորդ կարգի զինվորական հաշմանդամությունը փոխարինվել է երկրորդ կարգի քաղաքացիականով։

Այս փոփոխությունը կտրուկ ազդել է նրա սոցիալական վիճակի վրա։ Եթե նախկինում ստանում էր 92 հազար դրամ թոշակ, այժմ ամսական թոշակը 37 հազար դրամ է։ Ֆինանսական միջոցների կրճատումը միակ բացասակա հետևանքը չէ։ Քաղաքացիական 2-րդ կարգի դեպքում Արարատը զրկվում է նաև որակյալ պրոթեզավորումից։

«Քաղաքացիական թոշակի դեպքում ես չեմ կարողանա նորմալ պրոթեզ ունենալ, եթե զինվորական թոշակս պահպանվեր, ես կկարողանայի ֆունկցիոնալ պրոթեզ ունենալ։ Սովորական պրոթեզ ստացել եմ, բայց չեմ կարողացել օգտագործել, քանի որ ծնկներ չունեմ, չեմ կարողանում քայլել, մի քանի անգամ ընկել եմ»,-ասում է նա։

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից դուրս գրվելուց հետո, մեկ տարուց ավել է՝ նա ապրում է «Խնամի» խնամքի կենտրոնում։ Կենտրոնի տնօրինությունը անհատույց սենյակ է հատկացրել Արարատին, հոգում է նաև սննդի համար։ 

Նա դուստր և որդի ունի, երկուսն էլ ամուսնացած են։ Դուստրն ապրում է ամուսնու ընտանիքի հետ, որդին էլ բազմահարկ շենքի 4-րդ հարկում։ Որդու տուն տեղափոխվելու դեպքում Արարատը չի կարող ինքնուրույն բակ իջնել։ Այժմ նա սայլակով է տեղաշարժվում։

«Ինձ սենյակ է պետք, որ հարմար զուգարան լինի, մտնեմ, դուրս գամ, ներս գամ։ Չեմ կարող չորրորդ հարկ բարձրանալ։ Դրա համար եմ ուզում՝ իմ համար մի փոքր տեղ լինի, գնամ ապրեմ, կամ գոնե իմ կարգը վերականգնեն, պրոթեզավորվեմ ու քայլել կարողանամ»,-ասում է նա։

2026թ. ապրիլի 5-ին լրանում է Արարատ Ազիզյանի հաշմանդամության ժամկետը, այն մեկ տարով էր տրամադրվել, շուտով նորից պետք է ֆունկցիոնալության գնահատում անցնի։ 

«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ պարզելու, թե ինչ իրավական և բժշկական հիմքով է փոխվել շուրջ 31 տարի զինվորական հաշմանդամության կարգ ունեցող անձի կարգավիճակը, ինչո՞ւ է սահմանվել քաղաքացիական հաշմանդամություն, եւ ինչու՞ Արարատ Ազիզյանը չի կարողանում ֆունկցիոնալ պրոթեզավորում ստանալ։

Նախարարությունից «Հետքին» հայտնել են. «ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 35-րդ կետի համաձայն՝ ֆունկցիոնալ պրոթեզ ստանալու իրավունք ունեն՝ զինծառայության հետ կապված պատճառական կապերով հաշմանդամություն ունեցող անձինք, զինծառայության ժամանակ ստացած վիրավորման կամ վնասվածքի հետևանքով վերջույթի անդամահատում ունեցող անձինք՝ անկախ հաշմանդամություն ունենալու հանգամանքից և դրա պատճառական կապից, ինչպես նաև վերին զույգ վերջույթը անդամահատված անձինք՝ անկախ հաշմանդամություն ունենալու հանգամանքից կամ պատճառական կապից՝ աջ կամ ձախ ձեռքի համար»։ 

Անդրադառնալով հաշմանդամության պատճառական կապին, նախարարությունը հայտնել է, որ զինծառայության հետ կապված պատճառական կապը կարող է սահմանվել միայն համապատասխան բժշկական կամ ռազմաբժշկական փաստաթղթերի առկայության դեպքում, իսկ դրանց բացակայության պարագայում հաշմանդամությունը սահմանվում է ընդհանուր հիվանդությամբ։ 

«Նշված կարգավորումը խնդիր էր առաջացնում Ղարաբաղից տեղահանված անձանց և այնտեղ վնասվածք կամ վիրավորում ստացած ՀՀ քաղաքացիների համար, որոնք փաստացի ունեցել են զինծառայության հետ կապված պատճառական կապով հաշմանդամություն, սակայն օբյեկտիվ պատճառներով չեն կարողացել պահպանել կամ վերականգնել համապատասխան փաստաթղթերը։ Խնդրի կարգավորման նպատակով մշակվել է Կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որն ընդունվել է 2026 թվականի փետրվարի 5-ի N 125-Ն որոշմամբ։ Կատարված փոփոխությունների արդյունքում Ղարաբաղից տեղահանված անձինք և Ղարաբաղում վնասվածք կամ վիրավորում ստացած ՀՀ քաղաքացիները, որոնք փաստացի ունեցել են զինծառայության հետ կապված պատճառական կապով հաշմանդամություն, սակայն չեն կարողանում ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը, հնարավորություն կունենան վերականգնելու (պահպանելու) իրենց իրավական կարգավիճակը և օգտվելու համապատասխան զինվորական հաշմանդամության կենսաթոշակից, ինչպես նաև ֆունկցիոնալ պրոթեզավորման իրավունքից»,- ասվում է նախարարության պատասխանում։

Չնայած Արարատ Ազիզյանը պահպանել է իր զինգրքույկը, հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթը, Արցախի ազատամարտիկների միության անդամատոմսը, այս ամենը բավարար չէ բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովի որոշումը վերանայելու համար։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին, չի պատասխանել մեր կոնկրետ հարցերին, թե ի՞նչ իրավական եւ բժշկական հիմքով է Արցախյան առաջին պատերազմի մասնակից, 1994 թվականից երկրորդ կարգի զինվորական հաշմանդամություն ունեցող, Արցախից բռնի տեղահանված Արարատ Ազիզյանի հաշմանդամության կարգը փոխվել «2-րդ քաղաքացիականի»։ Ինչպե՞ս է երկու ստորին վերջույթների ամպուտացիայով մարդու ֆունկցիոնալության սահմանափակումը գնահատվել 72 միավոր, եւ ինչպես է մեկնաբանվում «ընդհանուր հիվանդություն» պատճառաբանությունը։ Արդյոք հաշմանդամության կարգի վերանայման գործընթացում հաշվի են առնվել պատերազմի ժամանակ ստացած վնասվածքները, տարիների ընթացքում հաստատված հաշմանդամության կարգը, բժշկական կենտրոնի բժիշկների առաջարկությունները։ Ինչո՞ւ է հաշմանդամության կարգը սահմանվել մեկ տարով, եթե խոսքն անդառնալի ֆունկցիոնալ խանգարումների (ամպուտացիա) մասին է։ Ի՞նչ կարգով եւ ո՞ր հիմքով է նման փոփոխության դեպքում կրճատվել սոցիալական վճարի չափը՝ 92.000 դրամից մինչեւ 37.000 դրամ։ Ի՞նչ քայլեր է նախատեսում նախարարությունը՝ պարզելու՝ արդյոք խախտվել են Արարատ Ազիզյանի սոցիալական եւ առողջապահական իրավունքները։ Այս հարցադրումներին նախարարությունը չի պատասխանել՝ որակելով դրանք անձնական տվյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter