Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Բեյթ Շեմեշ քաղաքը, կա 9 զոհ
Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Բեյթ Շեմեշ քաղաքը, ինչի հետևանքով, ըստ վերջին տվյալների, կա 9 զոհ և ավելի քան 20 վիրավոր։ Նման թվեր է հրապարակել Իսրայելի շտապ օգնության ծառայությունը՝ Մագեն Դավիդ Ադոմը։
Ինչպես նշում է The Times of Israel-ը, Բեյթ Շեմեշը, որը գտնվում է Երուսաղեմի մոտ, իրանական կողմից հրթիռակոծվել է բալիստիկ հրթիռներով։
Իսրայելի 9-րդ ալիքը գրում է, որ երեք տուժածների վիճակը գնահատվում է «ծայրահեղ»։ Վիրավորներից մեկը 10-ամյա աղջիկ է, որն ստացել է մարմնական ծանր վնասվածքներ։
Ինչպես նշում է 9-րդ ալիքը, ուղիղ հրթիռակոծության հետևանքով հրթիռներն ընկել են բնակելի շենքի վրա։ Ynet-ը գրում է, որ հարվածի տակ է հայտնվել սինագոգի մոտ գտնվող ապաստարանը։ Ականատեսները կադրեր են հրապարակում, որտեղ երևում է Բեյթ Շեմեշում բռնկված հրդեհը։
Մերձավոր Արևելքում արդեն երկրորդ օրն է ինչ մարտական գործողություններ են ընթանում։ ԱՄՆ-ն ու Իսրայելը երեկ առավոտյան հարձակվել են Իրանի վրա։ Իրանն էլ ի պատասխան հարվածներ է հասցնում ոչ միայն Իսրայելին, այլև Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Այդուհանդերձ, Կատարում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում և Բահրեյնում հարվածների տակ են հայտնվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հարվածների հետևանքով սպանվել են Իրանի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ և զինվորականներ, այդ թվում՝ գերագույն առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին և նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։
Լուսանկարը՝ Ammar Awad/Reuters
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել