HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը և ԱՄՆ-ն հարվածել են Իրանին, իրանական հարվածի տակ են հայտնվել նաև Ծոցի երկրները

«Հետք»-ը այսքանով ավարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման առաջին օրվա հեռարձակումը։ Հետևեք սոցիալական ցանցերի մեր էջերին։

23:59

Իսրայելում սկսել են տոնել Խամենեիի ենթադրյալ մահը։

23:50

⚡️Նեթանյահուին ցույց են տվել տեսանյութ, որտեղ երևում է Խամենեիի մարմինը. Իսրայելի 9-րդ ալիք

23:48

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը հաստատել է Ալի Խամենեիի մահը. լրագրող Բարաք Ռավիդ

23:46

⚡️⚡️⚡️Reuters-ը փոխում է իր պնդումը և հայտարարում, որ իսրայելցի բարձրաստիճան զինվորականը իր թղթակցին հաստատել է Խամենեիի մահը։

23:44

⚡️Իսրայելի 12-րդ ալիքը պնդում է, որ Նեթանյահուին են ներկայացվել Խամենեիի մարմնի հայտնաբերման մասին ապացույցները։

23:43

⚡️⚡️⚡️Reuters-ը չի հաստատում իսրայելական լրատվամիջոցների՝ Խամենեիի մահվան մասին հայտարարությունը։

23:41

⚡️⚡️⚡️Իսրայելի մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում՝ 9-րդ ալիքը, հղում անելով Իսրայելի հետախուզության իրենց աղբյուրներին, հայտնում են, որ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է։

Ըստ այդ լրատվամիջոցների՝ նրա դին հանվել է նստավայրի փլատակների տակից։

Այս տեղեկությունը հաստատող դեռևս տվյալներ չկան։

23:39

⚡️Իրանը հարձակվել է նաև Դուբայի Ջեբել Ալի նավահանգստի վրա։

Սա աշխարհի ամենախոշոր նավահանգիստներից մեկն է, որտեղ տեղակայված է նաև ամերիկյան նավատորմը։

23:36

Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին X-ում գրառում է արել։

«Մենք սիոնիստ հանցագործներին և անբարեխիղճ ամերիկացիներին կստիպենք զղջալ։ Իրանի զինվորներն ու ժողովուրդը դաս կտան դժոխքից եկած միջազգային բռնակալին»,- գրել է նա։

23:31

Իրանից, համենայն դեպս, մի քանի տարի կպահանջվի, որպեսզի վերականգնվի այս հարձակումից. Դոնալդ Թրամփ

23:28

⚡️ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը դատապարտել է Իրանի դեմ պատերազմին ԱՄՆ-ին ներքաշելու Թրամփի որոշումը։

«Ես դեմ եմ հանուն Իրանում ռեժիմի փոփոխության պատերազմին, և մեր զորքերը վտանգի են ենթարկվում հանուն այն պատերազմի, որն ընտրել է Թրամփը»,- հայտարարել է Քամալա Հարիսը։

23:25

ԱՄՆ-ն ողջ աշխարհում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել ցուցաբերել բարձր զգուշավորություն։

23:22

«Բացի այդ, ես ուզում եմ ուղղակիորեն դիմել Նյու Յորքում բնակվող իրանցիներին։ Դուք այս քաղաքի կյանքի մի մասն եք, դուք մեր հարևաններն եք, փոքր բիզնեսի սեփականատերերը, ուսանողները, նկարիչները, աշխատավորները և համայնքի ղեկավարները: Այստեղ դուք ապահով կլինեք»,- շարունակել է Մամդանին։

23:20

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին քննադատել է Իրանի դեմ հարձակումը։ 

«Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից այսօր իրականացված ռազմական հարվածները նշանավորում են անօրինական ագրեսիվ պատերազմի աղետալի էսկալացիան: Քաղաքների ռմբակոծում: Քաղաքացիական անձանց սպանություններ: Ռազմական գործողությունների նոր թատրոնի բացում: Ամերիկացիները դա չեն ուզում։ Նրանք չեն ցանկանում նոր պատերազմ՝ հանուն ռեժիմի փոփոխության։ Նրանք ցանկանում են ազատվել բնակարանային մատչելիության ճգնաժամից: Նրանք խաղաղություն են ուզում»,- գրել է Մամդանին։

23:18

Ուժեղ պայթյուն է հնչել Կատարի մայրաքաղաք Դոհայում։ 

23:17

Քուվեյթում դարձյալ հնչում են օդային տագնապի ազդանշանները։

23:09

Իրանի մշակույթի նախարարը հայտարարել է, որ Ալի Խամենեին այսօր հանդես չի գա ուղերձով։

23:07

Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդների ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ. Սպիտակ տուն

23:03

Քուվեյթում Իրանի դեսպանը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն։

Քուվեյթի արտաքին քաղաքական գերատեսչությունը բողոքի նոտա է փոխանցել իրանցի դիվանագետին՝ Քուվեյթի ուղղությամբ Իրանի հարձակումների համար։

23:00

Իրանը հարվածել է նաև Էրբիլում ԱՄՆ հյուպատոսությանը։

22:59

Նոր տեսանյութ Բահրեյնի երկնաքերերից մեկի վրա իրանական անօդաչուի հարձակումից։ Տեսանյութն արվել է հենց շենքի ներսից։

22:58

Ռազմագործողությունը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է. Նեթանյահու

22:56

⚡️⚡️Իսրայելի վարչապետը Իրանի քաղաքացիներին կոչ է անում դուրս գալ փողոցներ։ Նեթանյահուն իր ուղերձում նաև շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

22:55

⚡️⚡️Հնարավոր է, որ Ալի Խամենեին զոհվել է։ Մենք դեռ հաստատում չունենք. Նեթանյահու

«Կան որոշակի նշաններ այդ մասին»,- հավելել է նա։

22:53

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել։

22:49

Սպասվում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հատուկ ուղերձը։

22:39

ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը հրապարակել է Իրանի դեմ ռազմագործողությանը ամերիկյան ուժերի մասնակցության կադրերը։

22:37

Իսրայելի լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանի ՀՕՊ համակարգը ճնշվել է։

Իսրայելի զինուժի գնահատականներով՝ մինչև վաղը Իսրայելն ու ԱՄՆ-ն գործառնական վերահսկողություն կունենան Իրանի օդային ողջ տարածքի նկատմամբ։

22:36

Թեհրանի քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանի հրթիռակոծման հետևանքով զոհվել են Ալի Խամենեիի փեսան և հարսը։

22:32

⚡️Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ից և Իսրայելից պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները։

22:27

Հազարավոր իրանցիներ դուրս են եկել փողոցներ իրենց աջակցությունը հայտնելու Իրանի իշխանություններին։

22:18

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերը հետ են մղել Իրանի հարյուրավոր հրթիռներ և անօդաչուներ։ 

«Ամերիկացի զինվորականների շրջանում կորուստներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։

22:15

Clash Report-ը գրում է, որ Թրամփը վերջին 8 ժամվա ընթացքում որևէ հրապարակում չի արել Truth Social-ի իր էջում, ինչը նրան բնորոշ չէ։

22:13

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի երկնաքերերից մեկի վրա իրանական անօդաչուի հարձակման հետևանքները։

22:12

Իրանական հրթիռների հերթական խմբաքանակն է արձակվել Իսրայելի ուղղությամբ։

22:10

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը Sky News-ին հայտնել է, որ Իրանի հոգևոր առաջնորդը ողջ է և գտնվում է անվտանգ վայրում։

22:07

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան խստորեն դատապարտում է Իրանի վրա հարձակումները։

«Անընդունելի ենք համարում նաև Իրանի հարձակումները Պարսից ծոցի երկրների վրա՝ անկախ դրդապատճառներից։ Եթե դիվանագիտության համար տարածք չստեղծվի, մեր տարածաշրջանը կարող է հայտնվել կրակե օղակի մեջ»,- հայտարարել է Էրդողանը։

22:03

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Կատարի ԱԳ նախարար Մուհամեդ բին Աբդել Ռահման ալ Թանիի հետ։

22:02

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ներկա պահին Իրանը խոցել է իսրայելական Hermes 900 տեսակի 5 անօդաչու։

22:01

Իսրայելի 13-րդ հեռուստաընկերության տվյալներով՝ առավոտվանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 220 հրթիռ։

21:58

Ադրբեջանը սկսել է իր քաղաքացիների տարհանումը Իրանից։

21:56

Al Hadath հեռուստաընկերությունը փոխանցում է, որ Թեհրանի արևմուտքում հզոր պայթյուն է եղել։ Ենթադրաբար, պայթյունը տեղի է ունեցել իրանական բանակի հրթիռային պահեստներից մեկում։

21:53

⚡️ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով Իրանում զոհվել է 201 մարդ. Կարմիր մահիկ

Մարդասիրական կազմակերպության տվյալներով՝ վիրավորվել է 747 մարդ։

21:43

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ այս հարվածը Իսրայելի ռազմաօդային ուժերի պատմության մեջ ամենամասշտաբայինն է։

Ըստ ՑԱԽԱԼ-ի՝ գործողությանը մասնակցել է ավելի քան 200 ինքնաթիռ, իսկ Իրանի ողջ տարածքում հարձակման է ենթարկվել մոտ 500 թիրախ։

21:39

Պակիստանը քննադատել է Իրանի դեմ հարձակումները և կոչ արել անհապաղ դադարեցնել ագրեսիայի բոլոր գործողությունները։

Այդ մասին Իրանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Պակիստանի ԱԳ նախարար Մուհամմադ Իսհակ Դարը։

21:37

Մինաբ քաղաքի իգական տարրական դպրոցում տեղի ունեցած ողբերգությունը ցնցել Է Իրանի ժողովրդի և բոլոր ազատ մարդկանց սրտերը. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան

Իրանի նախագահը տեղի ունեցածն անվանել է «անմարդկային հանցանք»։

«Ցավակցում եմ Իրանի ողջ ժողովրդին և կիսում նրա խոր վիշտը: Քաղաքացիական օբյեկտների վրա ամերիկացի-սիոնիստ ագրեսորների վախկոտ հարձակումից հետո այդքան անմեղ աշակերտների մահը հավերժ կմնա ազգի պատմական հիշողության մեջ»,- հայտարարել է նա։

21:32

Իսրայելի երկնքում աշխատում են հակահրթիռային համակարգերը։

21:30

Տագնապի ազդանշաններ են հնչում Օմանում։

21:18

Համացանցում կան կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են իրանական անօդաչուները շարժվում Բուրջ Խալիֆայի մոտակա թաղամասերում։

21:16

KUNA գործակալությունը հայտնում է, որ Քուվեյթի օդանավակայանին հարվածից տուժել է 12 մարդ։

21:15

Իրանական հրթիռը Բահրեյնի երկնքում։

21:13

Իսրայելական կողմը հերթական կադրերն է հրապարակել իրանական հրթիռային կայանների խոցումից։

21:12

Al Mayadeen հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԻՀՊԿ հրամանատարներից մեկը հաստատել է, որ Կորպուսը փակել է Հորմուզի նեղուցը։

21:10

Իրանը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռազմաբազային. Fars

21:06

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։

Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ երկուստեք կարևորելով ճգնաժամային պայմաններում սերտ փոխգործակցությունը։

Նախարար Միրզոյանն ընդգծել է ստեղծված իրավիճակի՝ բանակցությունների և խաղաղ կարգավորման միջոցով հանգուցալուծման հասնելու կարևորությունը:

Նախարար Միրզոյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ըստ անհրաժեշտության աջակցելու ՀՀ տարածքով Կանադայի քաղաքացիների տարհանմանը:

21:04

Ադրբեջանի ԱԳՆ-ն խորը մտահոգություն է հայտնել ռազմական էսկալացիայի կապակցությամբ, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը:

21:02

Բահրեյնի ՆԳՆ-ն հայտնում է, որ շարունակվում են փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները։

21:01

Երուսաղեմում, Թել Ավիվում և Կենտրոնական Իսրայելի մյուս քաղաքներում միացել են օդային տագնապի ազդանշանները. The Times of Israel

21:00

Թեհրանի մի քանի թաղամասերում պայթյուններ են հնչում. Tasnim

20:57

⚡️Ականատեսները կադրեր են հրապարակում, թե ինչպես է իրանական անօդաչուն Բահրեյնում հարվածում երկնաքերին։

20:56

⚡️Ռուսական РИА Новости-ն հայտնում է, որ Դուբայում դարձյալ պայթյունների ձայներ են հնչել։

Ընդհանուր առմամբ, լսվել է 3 բավականին ուժեղ պայթյուն, որից երկուսը՝ հաջորդաբար, իսկ մեկը՝ որոշ ժամանակ անց։

20:53

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է, որ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։

Նա նաև հայտնել է, որ Թրամփը Մար-ա-Լագոյի իր կեցավայրից հետևում է գործողության ընթացքին։ Դրան մասնակցում են նաև Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով թիմի անդամները։

20:37

Գերմանիայի իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում լքել Լիբանանը։

Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ն։

20:30

Ռուսական TACC գործակալությունը հայտնում է, որ Դուբայի բնակիչները սկսել են SMS հաղորդագրություններ ստանալ, որոնցով իշխանությունները մարդկանց խնդրում են մնալ անվտանգ վայրերում։

«Այդուհանդերձ, իրավիճակն ամբոջական վերահսկողության ներքո է»,- նշվում է հաղորդագրության մեջ։

20:25

Պարսից ծոցի առևտրային նավերն արդեն իսկ հաղորդագրություն են ստացել Հորմուզի նեղուցի փակման մասին. Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի համակարգման կենտրոն

20:19

Իսրայելի 15-րդ ալիքը հայտնում է, որ Իրանը բազմաթիրախ հրթիռներով հարվածել է Թել Ավիվին։

20:17

Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնում է, որ իրանական Լամարդի սպորտային դահլիճներից մեկին Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 15 մարդ։

20:04

⚡️Դուբայի Փալմ Ջումեյրա թաղամասին հարվածի հետևանքով կա 4 վիրավոր։

Այդ մասին նշվում է Dubai Media Office-ի հայտարարության մեջ։

20:01

Չեղարկվել են Qatar Airways ընկերության Դոհա-Երևան և Երևան-Դոհա չվերթները։

19:56

Բահրեյնի ՆԳՆ-ն թագավորության բնակիչներին խորհուրդ է տալիս առանց անհրաժեշտության դուրս չգալ տնից և մնալ անվտանգ վայրում։

19:41

Մինաբում զոհերի թիվը հասել է 85-ի. Tasnim

19:40

⚡️Հեզբոլահը կոչ է անում դիմադրել Իրանի դեմ նոր ագրեսիային։

19:39

Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածների նոր շարք է սկսել Իրանի ուղղությամբ։

ՑԱԼԱԼ-ից հայտնել են, որ ներկայումս ինքնաթիռները հարվածներ են հասցնում իրանական հրթիռների արձակման վայրերի ուղղությամբ։

19:38

Դուբային Shahed-ի հարվածի կադրերը։

19:34

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Եմենի հութիները սկսել են հարվածել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ ռազմաբազաներին։

19:28

⚡️⚡️⚡️Դուբային հարվածի կադրերը։

19:26

Իրանական ISNA գործակալությունը հայտնում է, որ հարձակումների ընթացքում Իրանը կիրառել է հիպերձայնային Fattah-1 հրթիռ։

19:25

⚡️Նոր պայթյուններ Դոհայում։

19:23

⚡️Թրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել։

19:22

Նոր կադրեր Քուվեյթի միջազգային օդանավակայանից։

19:19

Ելնելով տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակից՝ Քուվեյթի իշխանությունները ժամանակավորապես փակել են երկրի օդային տարածքը։ Դա հանգեցրել է բազմաթիվ թռիչքների հետաձգման։

ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին, իսկ թռիչքների հետաձգման հետ կապված հարցերով՝ ավիափոխադրող ընկերությունների ծանուցումներին։

Քուվեյթում ՀՀ դեսպանություն

19:15

Իրանական անօդաչուն հարվածել է Քուվեյթի միջազգային օդանավակայանին, կան տուժածներ։

19:13

Իրանական հեռուստաընկերությունը ազդարարում է, որ շուտով կհեռարձակվի Ալի Խամենեիի ուղերձը։

19:10

Շտապ օգնության տասնյակ մեքենաներ շարժվում են դեպի Դուբայի Fairmont The Palm հյուրանոց։ Մարդիկ խուճապի մեջ են։

19:07

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Իրանը կարող է վերջ դնել այս ամենին։

«Նրանք պետք է զերծ մնան հետագա հարձակումներից, հրաժարվեն իրենց սպառազինության ծրագրերից և դադարեցնեն Իրանի ժողովրդի դեմ սարսափելի բռնություններն ու ճնշումները»,- հայտարարել է նա։

Սթարմերը նաև հայտարարել է, որ բրիտանական ինքնաթիռները ևս մասնակցում են ռազմական գործողությանը։

19:05

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ հարվածերի նոր ալիք է սկսել։

19:03

Իրանական հարվածի հետևանքները Իսրայելում։

19:01

Իրանական Mehr գործակալությունը հայտնում է, որ Իրանի ՀՕՊ ուժերը խոցել են Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes տեսակի երեք անօդաչու։

18:59

Իսրայելի 12-րդ հեռուստաընկերությունը հայտնել է, որ Խամենեու որդուն սպանելու փորձը ձախողվել է։

18:57

Հրթիռի բեկորն ընկել է Five հյուրանոցի մոտ։

18:56

Պայթյունը հնչել է Դուբայի Փալմ Ջումեյրա թաղամասում։

18:55

Նոր կադրեր Դուբայից։

18:50

Տեսանյութում երևում է, թե ինչպես է իրանական Shahed անօդաչուն հարվածում Բահրեյնում ամերիկյան ռազմաբազային։

18:48

Իսրայելական ավիաընկերությունները երկրից տարհանում են իրենց ինքնաթիռները։ Դրանք կտեղակայվեն Հունաստանում և Կիպրոսում։

18:47

⚡️ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստը կկայանա այս գիշեր, Երևանի ժամանակով 01:00-ին։

18:46

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ իսրայելական զինուժն ավարտել է Իրանի ռազմավարական պաշտպանական համակարգերի խոցման զանգվածային գործողությունը։

18:45

ՌԴ-ն և Չինաստանը պահանջում են հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։ Թեման Իրանն է։

18:42

Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանի ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվեն։

«Չինաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, կանխել հետագա էսկալացիան, վերսկսել երկխոսությունն ու բանակցությունները, ինչպես նաև ջանքեր գործադրել Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության պահպանման համար»,- ասված է հայտարարության մեջ։

18:34

Կադրեր Քերմանշահի հրթիռակոծությունից։

18:31

Կառավարամետ քաղաքացիները Թեհրանում դուրս են եկել ակցիայի։ Նրանք վանկարկում են «Մահ Ամերիկային»։

18:30

⚡️Իրանը շրջափակել է Հորմուզի նեղուցը: Ըստ այդմ՝ նավթատարների շարժը կանգնեցվել է:

18:27

Իրանի շուրջ լարվածության ֆոնին հեռախոսազրույց են ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը։

18:22

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պնդում է, որ իրանցի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները ողջ են և գտնվում են անվտանգ պայմաններում։ «Հնարավոր է, որ մենք կորցրած լինենք մեկ կամ երկու հրամանատարի»,- նշել է նա։

18:20

Մինաբում զոհված անձանց թիվը հասել է 63-ի, իսկ վիրավորներինը՝ 92։

Փլատակների տակ դեռ մի քանի մարդ կա։

18:19

Տվյալներ են ստացվում այն մասին, որ իսրայելական հարվածների հետևանքով կարող են զոհված լինել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի երեք թիկնապահները։ Նախկին նախագահի վերաբերյալ տվյալներ չկան։

18:18

Իրանը հայտնում է Կատարում ամերիկյան AN/FPS-132 ռադարի ոչնչացման մասին։

18:15

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնում է ռազմաբազաների ուղղությամբ հարձակման հետևանքով ամերիկացի առնվազն 200 զինվորականների զոհվելու մասին։

Պենտագոնում պնդում են, որ որևէ զինծառայող չի տուժել։

18:13

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմից հայտնել են, որ Թուրքիան չի աջակցում Իրանի վրա հարձակմանը և թույլ չի տալիս օգտագործել իր օդային տարածքը։

18:12

Իրանի վարչակարգն ինքն է որոշել դառնալ Պուտինի հանցակիցը. Վլադիմիր Զելենսկի

18:10

Reuters գործակալությունը, հղում անելով Իսրայելի ռազմական ղեկավարության ճեպազրույցի տվյալներին, գրում է, որ Իսրայելի կարծիքով՝ հարվածների հետևանքով սպանվել են իրանցի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Թե կոնկրետ ում մասին է խոսքը, դեռևս հայտնի չէ։ Հնարավոր է, որ խոսքը հենց պաշտպանության նախարար և ԻՀՊԿ հրամանատարի մասին է։

18:08

Օդային տագնապի ազդանշան Թել Ավիվում։

18:06

Ամերիկյան Tomahawk հրթիռները Իրանի երկնքում։

17:56

⚡️⚡️⚡️Երեք աղբյուրներ Reuters-ին փոխանցել են, որ հարվածների հետևանքով զոհվել են Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Պակպուրը։

Այս տվյալները, սակայն, դեռևս հաստատված չեն։

17:54

Իրանի կարմիր կիսալուսնի մամուլի քարտուղար Մոջաբ Խալեդին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածներից տուժել է Իրանի 31 օսթաններից (մարզ) 20-ը։

Զոհերի և վիրավորների տվյալներ նա չի նշել։

17:52

Իսրայելը կադրեր է հրապարակել Հուդեա և Սամարիա մարզում ընկած իրանական բալիստիկ հրթիռից։

17:51

Օմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջում է կողմերին դրդել հրադադարի։

17:50

Նոր կադրեր Բահրեյնից։

17:48

Պայթյուններ Թավրիզում մի քանի րոպե առաջ։ Ամերիկյան զինուժը հարվածել է քաղաքի արդյունաբերական համալիրներից մեկին, որը կապ ունի Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության հետ։

17:45

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «արդարացի կլինի Իրանին հնարավորություն տալ ազատվելու ահաբեկչական ռեժիմից՝ ապահովելով Իրանից եկող ահաբեկչությունից տուժած բոլոր երկրների անվտանգությունը»։

17:43

Իրավիճակը Դուբայի Atlantis The Royal հյուրանոցի մոտ։ Հրթիռի բեկորներից մեկն ընկել է հյուրանոցի տարածքում։

17:40

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացրել։

Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հանդիպման ընթացքում քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։

17:37

Դեռևս տվյալներ չկան, թե Մինաբի իգական դպրոցի հրթիռակոծության զոհերից քանիսն են անչափահաս։ Վերջին տվյալներով՝ այնտեղ գրանցվել է առնվազն 53 զոհ։

17:36

Իրանական հարվածի հետևանքով Սիրիայում 4 մարդ է զոհվել։

Պետական SANA գործակալության փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Էս-Սուվայդա քաղաքում։ 

Քաղաքում ընկած հրթիռը, հավանաբար, արձակվել էր Իսրայելի ուղղությամբ։ Այս քաղաքը գտնվում է Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձրունքներից մոտ 70 կիլոմետր հեռավորության վրա։ 

17:08

Իրանական հրթիռներից մեկը խոցվել է Դուբայի ամենահայտնի հյուրանոցներից մեկի՝ Atlantis The Royal-ի երկնքում։

17:06

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի հյուսիսում գտնվող Զանջանին։

17:05 

Իրանական հրթիռի արձակման կադրերը։

17:03

Չնայած որ Իտալիայի ԱԳՆ-ն նշում էր, որ Քուվեյթում տեղակայված իտալացի զինվորականները չեն տուժել, ըստ որոշ լրատվամիջոցների, զոհվել և վիրավորվել է մինչև 20 իտալացի զինծառայող։

17:02

Առաջիկա րոպեներին սպասվում է այաթոլահ Ալի Խամենեիի ուղերձը։

17:01

Դուբայի երկնքում աշխատում է ՀՕՊ համակարգը։

16:58

⚡️ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը:

«Ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

16:54

Նախկինում հետաձգված Դուբայ-Երևան և Աբու Դաբի-Երևան չվերթները չեղարկվել են։

16:53

Թրամփը «Ամերիկան` առաջին հերթին» սկզբունքը վերածել է «Իսրայելը` առաջին հերթին» սկզբունքի. Աբբաս Արաղչի

16:50

Աբբաս Արաղչին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն անվանել է «բացարձակ չհրահրված, ապօրինի և ոչ լեգիտիմ»։

16:48

Agence France-Presse-ը փոխանցում է, որ իրանական հրթիռն ընկել է Քուվեյթի ռազմաբազաներից մեկի վրա, որտեղ տեղակայված էին իտալացի զինվորականները։

Լրագրողների տվյալներով՝ մեծապես տուժել է թռիչքուղին։ Իտալիայի ԱԳՆ-ում հաստատել են այս տեղեկությունը և հայտնել, որ ավիաբազայում տեղակայված մոտ 300 զինվորականներից որևէ մեկը չի տուժել։

16:46

⚡️Մինաբում զոհերի թիվը հասել է 53-ի։

16:44

⚡️Օմանի արտաքին գործերի նախարարը քննադատել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունները։

«Ես անհանգստացած եմ։ Ակտիվ և լուրջ բանակցությունները հերթական անգամ ձախողվեցին։ Դա չի ծառայում ոչ Միացյալ Նահանգների շահերին, ոչ էլ գլոբալ խաղաղության գործին։ Եվ ես աղոթում եմ անմեղ մարդկանց համար, ովքեր կտուժեն: Ես կոչ եմ անում ԱՄՆ-ին էլ ավելի չներքաշվել սրա մեջ։ Սա ձեր պատերազմը չէ»,- նշել է Բադր իբր Համադ ալ-Բուսայդին։

16:41

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արաղչիի հետ հեռախոսազրույցի ժամանակ Լավրովը.

  • դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի՝ ոչնչով չհրահրված զինված հարձակումը,
  • նշել Իրանի դեմ հարձակումների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը,
  • ️նշել Ռուսաստանի պատրաստակամությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, աջակցելու խաղաղության որոնմանը։

16:39

ԱՄՆ-ն երբեք չի բախվել իր օտարերկրյա բազաների ուղղությամբ միաժամանակ այսքան հարվածների հետ. The Wall Street Journal

16:37

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը այսօրվա իրադարձությունները քննարկել է Սաուդյան Արաբիայի, Իրանի, Իրաքի և Կատարի ԱԳ նախարարների հետ։

16:36

NBC News-ի փոխանցմամբ՝ Կանադան և Ավստրալիան իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ-ի գործողություններին։

16:34

Դարձյալ օդային տագնապի ազդանշաններ են հնչում Բահրեյնում։

16:32

⚡️Դուբայի օդանավակայանը ամբողջությամբ դադարեցրել է իր աշխատանքը։ 

16:31

⚡️Մինաբի իգական դպրոցի ուղղությամբ արձակված հրթիռի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի. իրանական իշխանություններ։

16:30

Դեռևս չի հաջողվում մարել Բահրեյնում տեղակայված ԱՄՆ հինգերորդ նավատորմի կենտրոնակայանում բռնկված հրդեհը։

16:28

Իրանական հրթիռի ընկնելու կադրերը Դոհայում, Կատար։

16:27

Երեք խոշոր պայթյուն է հնչել Հորդանանի մայրաքաղաք Ամմանում։

16:25

Կայացել է Լավրով-Արաղչի հեռախոսազրույց։ Այն իրականացվել է իրանական կողմի նախաձեռնությամբ։

16:23

Հութիները կվերսկսեն Կարմիր ծովում նավերի վրա հարձակումը։

Նման որոշում ընդունվել է ի պատասխան Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին։ 

Խմբավորման աղբյուրներից մեկը հայտնել է, որ հարձակումները կվերսկսվեն այսօրվանից։

16:22

⚡️ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան սպառնում են պատասխանել իրենց տարածքների դեմ Իրանի հարվածներին 

Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այդ երկիրը ենթարկվել է «Իրանի բալիստիկ հրթիռներով իրականացված աղաղակող հարձակման»։ Հայտարարության մեջ նշվում է, որ հրթիռի խոցման ժամանակ դրա բեկորներն ընկել են Աբու Դաբիի բնակելի թաղամասերից մեկում, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ։

«ԱՄԷ-ն իրեն վերապահում է այս էսկալացիային պատասխանելու և իր տարածքը, քաղաքացիներին ու բնակիչներին պաշտպանելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու լիարժեք իրավունք»,- ասված է հաղորդագրության մեջ։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունն էլ դատապարտել է «Իրանի աղաղակող ագրեսիան» և լիակատար համերաշխություն հայտնել ԱՄԷ-ին, Բահրեյնին, Կատարին, Քուվեյթին և Հորդանանին։ Այդ երկիրը նաև նախազգուշացրել է լուրջ հետևանքների մասին, եթե շարունակվեն «միջազգային իրավունքի նման խախտումները»։

16:18

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը դատապարտել է և Իսրայելին ու ԱՄՆ-ի, և Իրանի գործողությունները։

«Մենք մերժում ենք Միացյալ Նահանգների և Իսրայելի միակողմանի ռազմական գործողությունները, որոնք հանգեցնում են էսկալացիայի և նպաստում են ավելի անորոշ ու թշնամական միջազգային կարգի հաստատմանը: Մենք նաև մերժում ենք իրանական վարչակարգի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողությունները։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ Միջին Արևելքում ևս մեկ երկարատև ու կործանարար պատերազմ ունենալ։ Մենք պահանջում ենք անհապաղ թուլացնել իրավիճակը և լիարժեքորեն պահպանել միջազգային իրավունքի նորմերը։ Ժամանակն է վերսկսել երկխոսությունը և տարածաշրջանի համար հասնել կայուն քաղաքական լուծման»,- հայտարարել է Սանչեսը։

16:12

Համացանցում հայտնվել են Իրանի Մինաբ քաղաքի իգական դպրոցներից մեկի կադրերը, որի ուղղությամբ հրթիռ էր արձակվել։ Նախնական տվյալներով՝ կա առնվազն 24 զոհ։

16:09

Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է Իրանի ուղղությամբ Իսրայելի հարձակման առաջին կադրերը։

16:06

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան պահանջել է անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։

16:01

CNN-ի փոխանցմամբ՝ Իսրայելի այսօրվա գործողությունների թիրախում եղել են իրանցի հետևյալ պաշտոնյաները.

  • հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի,
  • նախագահ Մասուդ Փեզեշքիան,
  • ԶՈւ գլխավոր շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավի,
  • Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամհանի,
  • Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանի

15:59

Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Արաղչին Իրանի նկատմամբ գործողություններն անվանել է ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում և հայտարարել, որ Իրանը կօգտվի ինքնապաշտպանության իրավունքից:

Իրանական կողմի փոխանցմամբ՝ մի շարք երկրներ դատապարտել են հարձակումները և կոչ արել անհապաղ դադարեցնել դրանք։

15:58

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Իրաքի և Պակիստանի արտաքին գործերի նախարարների հետ։

15:54

Կատարի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կատարի ԶՈՒ-ն հաջողությամբ հետ է մղել Իրանի կողմից իրականացվող հրթիռային հարձակման երրորդ ալիքը։

15:53

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը կողմերից պահանջել է անհապաղ վերադառնալ քաղաքական և դիվանագիտական կարգավորման ուղուն։ «ՌԴ-ն, ինչպես նախկինում, պատրաստ է նպաստել միջազգային իրավունքի, փոխադարձ հարգանքի և շահերի հավասարակշռության վրա հիմնված խաղաղ լուծումների որոնմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

15:50

Պաշտոնական Լոնդոնը հայտարարել է, որ բրիտանական զինուժը չի մասնակցել Իրանի դեմ հարձակումներին։

15:49

Նոր կադրեր Կատարի մայրաքաղաք Դոհայից։

15:46

Բահրեյնում ԱՄՆ հինգերորդ նավատորմի ռազմաբազայում ուժեղ հրդեհ է բռնկվել։

15:45

⚡️Իսրայելի իշխանությունները դժգոհ են իրենց գործողությունների արդյունքներից. The New York Times

15:32

Իսրայելի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը հրապարակել է Իրանի ուղղությամբ հարձակման մեկնարկի կադրերը։

15:30

Mehr գործակալությունը, հղում անելով Իրանի նախագահի որդուն, նշել է, որ երկրի ղեկավարը ողջ է, իսկ նրա նկատմամբ հարձակման փորձը, ձախողվել է։

15:29

ՀԱՄԱՍ-ը իր աջակցությունն է հայտնել Իրանին։

15:25

Իրանի բարձր ղեկավարությունը, ներառյալ՝ երագույն առաջնորդը և նախագահը, գտնվում են անվտանգ վիճակում. Tehran Times

15:23

Իրանական Fars գործակալությունը հայտնում է, որ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը ներկայումս գտնվում է անվտանգ վայրում։

15:20

Համացանցում տարածվում են Իրանի հոգևոր առաջնորդի նստավայրի փլուզման արբանյակային կադրերը։

 

15:19

Իրանի ազգային անվտանգության խորհուրդը Թեհրանի բնակիչներին կոչ է արել լքել քաղաքը։

15:18

Իսրայելի մի քանի քաղաքներում միացել են օդային տագնապի ազդանշանները։

15:17

Իրանական Tasnim գործակալությունը հայտնում է, որ Մինաբում դպրոցի ուղղությամբ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ։

15:16

ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը։

15:15

Iberia Express-ը դադարեցրել է դեպի Թել Ավիվ այսօրվա թռիչքը։

15:14

Swiss Air-ը, մինչև մարտի 7-ը, դադարեցրել է դեպի Թել Ավիվ թռիչքները, իսկ հանգստյան օրերին՝ դեպի Դուբայ։

15:14

Japan Airlines-ը չեղարկել է այսօրվա թռիչքը դեպի Դոհա։

15:13

Virgin Atlantic-ը չեղարկել է Լոնդոնից այսօրվա թռիչքը դեպի Դուբայ։

15:10

🇪🇺 Առաջին պաշտոնական արձագանքը Եվրամիության ղեկավարությունից։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան համատեղ հայտարարության մեջ նշել են, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները «լուրջ մտահոգություն» են առաջացնում:

«Միջուկային անվտանգության ապահովումը և ցանկացած գործողությունների կանխումը, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը կամ խաթարել չտարածման գլոբալ ռեժիմը, խիստ կարևոր նշանակություն ունի: Եվրամիությունը լայնածավալ պատժամիջոցներ է ընդունել ընդդեմ Իրանի արյունարբու ռեժիմի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողությունների, ու հետևողականորեն առաջ է մղում դիվանագիտական ջանքերը՝ ուղղված բանակցությունների միջոցով միջուկային և բալիստիկ ծրագրերի խնդիրների լուծմանը»։

ԵՄ ղեկավարությունը բոլոր կողմերին կոչ է արել «առավելագույն զսպվածություն ցուցաբերել, պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և լիովին պահպանել միջազգային իրավունքը»:

15:05

Turkish Airlines-ը, մինչև մարտի 2-ը, դադարեցնում է դեպի Լիբանան, Սիրիա, Իրաք, Իրան և Հորդանան թռիչքները։ Չեղարկվել են նաև դեպի Կատար, Քուվեյթ, Բահրեյն, ԱՄԷ և Օման այսօրվա թռիչքները։

15:04

WizzAir-ը, մինչև մարտի 7-ը, դադարեցրել է դեպի Թել Ավիվ, Դուբայ, Աբու Դաբի և Ամման թռիչքները։

15:03

British Airways-ը, մինչև մարտի 3-ը, դադարեցրել է դեպի Թել Ավիվ և Բահրեյն թռիչքները։

15:01

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շարունակում է հարվածներ հասցնել Իսրայելին և տարածաշրջանում ամերիկյան բազաներին։

15:00

Air France-ը չեղարկել է դեպի Թել Ավիվ և Բեյրութ թռիչքները, իսկ KLM-ը՝ դեպի Թել Ավիվ։ Դեռ չորեքշաբթի օրը այս ավիաընկերությունները հայտարարել էին մինչև մարտի 1 դեպի Իսրայել թռիչքների չեղարկման մասին։

14:58

Fox News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Բահրեյնում ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ հարձակման հետևանքով զոհեր և տուժածներ չկան։

14:55

Մինչև մարտի 7-ը Lufthansa-ն դադարեցրել է դեպի Թել Ավիվ, Բեյրութ և Օման թռիչքները, իսկ այս հանգստյան օրերին նաև դեպի Դուբայ։ Ավիաընկերությունը հայտարարել է, որ մինչև մարտի 7-ը կխուսափի Իսրայելի, Լիբանանի, Հորդանանի, Իրաքի ու Իրանի օդային տարածքներից։

14:54

Մինչ ռազմագործողության մեկնարկը դեպի Իսրայել մեկնող ինքնաթիռները վայրէջք են կատարել Լառնակայում և Աթենքում։

14:53

Իրանական ISNA գործակալությունը հայտնում է, որ Իրանի Մինաբ քաղաքի ուղղությամբ իրականացված հարձակման հետևանքով ավերվել է դպրոցներից մեկը, իսկ տասնյակ աշակերտներ գտնվում են փլատակների տակ:

14:50

Կատարի ԶՈւ-ն գործի է դրել երկրի ՀՕՊ ուժերը։

14:48

Ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման կադրերը Դոհայից։

14:45

Air India-ն դադարեցնում է դեպի Մերձավոր Արևելքի երկրներ թռիչքները։

14:44

Նոր կադրեր Բահրեյնից։

14:41

Ինքնաթիռները շարունակում են թռչել Հորդանանի և Սաուդյան Արաբիայի տարածքներով։ Թել Ավիվի օդանավակայանը գործում է։

14:37

Այս պահին ամբողջությամբ փակ է 6 երկրի օդային սահման։

  • 🇮🇷 Իրան
  • 🇮🇶 Իրաք
  • 🇰🇼 Քուվեյթ
  • 🇧🇭 Բահրեյն
  • 🇶🇦 Կատար
  • 🇦🇪 ԱՄԷ

14:34

⚡️ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին։

14:33

Emirates-ը ևս դադարեցրել է իր որոշ թռիչքներ։

14:32

⚡️Տվյալներ են ստացվում դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ իրանական նոր հրթիռների արձակման մասին։

14:30

Reuters-ը հայտնում է, որ Աբու Դաբիի օդանավակայանից ոչ շատ հեռու պայթյուններ են հնչում։

14:29

Qatar Airways-ը ժամանակավորապես դադարեցնում է Դոհայից և դեպի Դոհա թռիչքները։

14:27

Չհաստատված տվյալներով հարձակում է իրականացվել Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Շամհանիի նկատմամբ։

14:26

⚡️Առաջիկայում սպասվում է Իրանի հոգևոր առաջնորդի ուղերձը ժողովրդին։

14:24

Իսրայելցի լրագրող Բարաք Ռավիդը հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն այսօր փորձել են սպանել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին, նրա որդուն ու նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Ըստ նրա՝ փորձը տապալվել է։

14:21

Պայթյուններ են հնչել նաև Էրբիլում գտնվող ամերիկյան ռազմաբազայի մոտ։

14:18

ՌԴ-ն իր քաղաքացիներին կոչ է անում Իրանի տարածքը լքել Հայաստանի «Ագարակ» սահմանային անցակետով։

14:17

Պայթյուններ Թեհրանի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու մոտ։

14:15

Պարսից ծոցում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ իրանական հարվածների հետևանքով տուժածներ չկան. Fox News

14:13

Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ հարձակումների հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարներ և բարձրաստիճան քաղաքական գործիչներ։

14:11

ԱՄԷ իշխանությունները Իրանի գործողություններն անվանել են «ազգային ինքնիշխանության և միջազգային իրավունքի անթաքույց խախտում» ու հայտարարել, որ իրենց իրավունք են վերապահում «պատասխանել էսկալացիային»։

14:10

Թրամփը հանդես կգա քաղաքացիներին ուղղված երկրորդ ուղերձով. Axios

14:09

Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցնում Իրանի արևմուտքին։

Ինչպես հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, հարձակման թիրախ են դարձել երկրի արևմուտքում գտնվող ռազմական նշանակության օբյեկտները։

Առավոտյան պայթյուններ էին գրանցվել նաև Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ և Թավրիզ քաղաքներում։

14:08

⚡️Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին «գլուխ չխոնարհել արտաքին ագրեսիայի առջև»։

14:06

Տվյալներ են ստացվում այն մասին, որ ամերիկյան և իսրայելական զինուժը հարվածել են նաև Բաղդադի հարավային մատույցներին։

14:05

Ամերիկացի պաշտոնյան Fox News-ին հայտնել է, որ Իսրայելը թիրախավորել է Իրանի առաջնորդներին, իսկ ԱՄՆ-ն՝ ռազմական օբյեկտներին։

14:04

Իրանական հարվածի հետևանքով Աբու Դաբիում զոհվել է 1 մարդ. Reuters

14:03

Իրանական հրթիռները հարվածել են նաև Հորդանանում գտնվող Մուվաֆաք Սալթի ավիաբազան, որտեղ ԱՄՆ-ն կենտրոնացրել էր ավիացիոն մեծ խումբ։

14:02

Իսրայելի ողջ տարածքը գտնվում է զանգվածային հրթիռակոծման տակ։

14:01

Սաուդյան Արաբիայում հարձակման է ենթարկվել Արքայազն Սուլթան ավիաբազան։

13:58

Խուճապ Աբու Դաբիի փողոցներում։

13:57

Բահրեյնում ամերիկյան հինգերորդ նավատորմի կենտրոնակայանին հարվածի կադրերը։

13:54

Իրանական Fars գործակալությունը հաստատել է, որ Թեհրանը հրթիռային հարվածներ է հասցրել տարածաշրջանի ամերիկյան ռազմաբազաներին։ Դրանց թվում են՝

  • «Ալ-Ուլեյդ» ավիաբազան Կատարում,
  • «Ալի Ալ-Սալեմ» ավիաբազան Քուվեյթում,
  • «Ալ-Դաֆրա» ավիաբազան Արաբական Միացյալ Էմիրություններում,
  • ԱՄՆ հինգերորդ նավատորմի կենտրոնակայանը Բահրեյնում։

13:52

Նոր կադրեր Աբու Դաբիից։

13:50

Պայթյուններ Աբու Դաբիում։

13:48

Կատարը խոցել է երկրի ուղղությամբ արձակված իրանական բոլոր հրթիռները. Կատարի ՊՆ

13:47

⚡️Agence France-Presse-ը հայտնում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում պայթյունների մասին։

13:45

Բենյամին Նեթանյահուն հաստատել է իսրայելական ռազմագործողության անվանումը՝ «Առյուծի մռնչյուն» («Շաագատ Հաառի»)։

13:44

Իրանի ԶՈւ ԳՇ-ում հայտարարել են, որ ցանկացած երկրի ռազմաբազա, որն օգնություն կտրամադրի Իսրայելին, կդառնա Իսլամական Հանրապետության հարվածների թիրախ։

13:42

The New York Times-ի փոխանցմամբ՝ ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ իրանական հարվածները կարող են շարունակվել օրեր, նույնիսկ շաբաթներ։

13:41

⚡️⚡️⚡️Դուբայում պայթյուններ են հնչել։ Սկսվել է Բուրջ Խալիֆայից մարդկանց տարհանում։

13:39

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ներկայումս լայնամասշտաբ հարվածներ են հասցնում Իրանի ռազմական մի շարք թիրախների։

13:37

Իսրայելի հյուսիսը գնդակոծվում է «ուղղակի առանց դադարի». Իսրայելի ձայն

13:35

Իրանը հրթիռների նոր խմբաքանակ է արձակել Իսրայելի ուղղությամբ։

13:33

⚡️⚡️Նոր պայթյուններ Կատարի մայրաքաղաք Դոհայում։

13:31

Ամերիկյան «Լինքոլն» ավիակիրը Արաբական ծովում, ենթադրաբար, ենթարկվել է Իրանի հարձակմանը. Իսրայելի 9-րդ ալիք

13:27

Իսրայելի 9-րդ ալիքը հայտնում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է 70 000 պահեստազորայինների զորակոչ։

13:26

Կատարի ՀՕՊ ուժերը խոցել են իրանական հրթիռ։ Այդ մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Կատարի իշխանություններին։

13:24

Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին վերջինիս «պատմական առաջնորդության» և ռազմագործողության անցկացման ժամանակ համագործակցության համար։

13:23

Իրանական հրթիռների խոցումը Աբու Դաբիի երկնքում։

13:22

⚡️⚡️⚡️Պայթյուն է հնչել Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում. Reuters

13:21

Համացանցում են հայտնվել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազային հարվածի կադրերը։

13:18

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Al Jazeera-ին հայտարարել է, որ Թեհրանը օրինական ռազմական թիրախ է համարում տարածաշրջանի բոլոր այն օբյեկտները, որոնք կապված են Իսրայելի և ԱՄՆ-ի հետ։

«Այս ագրեսիայից հետո չկա որևէ կարմիր գիծ ու ամեն ինչ հնարավոր է, ներառյալ այն սցենարները, որոնք ավելի վաղ չէին դիտարկվում»,- ասել է հեռուստաընկերության զրուցակիցը։

«Միացյալ Նահանգներն ու Իսրայելը սկսել են ագրեսիա և պատերազմ, որը կունենա լայն ու երկարաժամկետ հետևանքներ: Մենք զարմացած չենք ամերիկա-իսրայելական համատեղ ագրեսիայից, և մենք ունենք համապարփակ պատասխան՝ առանց ժամանակային սահմանափակումների»,- նշել է նա։

13:16

⚡️Կատարը և Բահրեյնը ևս փակել են իրենց օդային տարածքները։

13:13

Բահրեյնի մայրաքաղաքում պայթյուններ են հնչել։

AFP գործակալության թղթակիցները հայտնում են Մանամայում պայթյունների մասին։ Այլ տվյալներ դեռևս չկան։

Բահրեյնում են տեղակայված ԱՄՆ հինգերորդ նավատորմի ռազմանավերը։ Սակայն մի քանի օր առաջ տվյալներ հայտնվեցին այն մասին, որ ամերիկյան բոլոր ռազմանավերը դուրս են եկել Բահրեյնում տեղակայված ռազմաբազայից և անվտանգության նկատառումներով դուրս եկել բաց ծով։

13:11

Հետաձգվել են Դուբայ-Երևան և Աբու Դաբի-Երևան չվերթները։

13:10

Չեղարկվել է Քուվեյթ-Երևան չվերթը։

13:09

⚡️Արաբական Միացյալ Էմիրությունները փակում է իր օդային սահմանը։

13:08

Կատարի ՆԳՆ-ն հայտարարել է, որ երկրում իրավիճակը համեմատաբար կայուն է։

13:06

⚡️Իրանը փորձում է հարվածներ հասցնել Կատարում և Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաներին։

Կատարի իշխանությունները հայտնել են մի քանի հրթիռի խոցման մասին, իսկ Բահրեյնում կան հետևանքներ։

13:03

Flightradar-ը ցույց է տվել Իսրայելի և Իրանի օդային տարածքների փակումը։

13:02

Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդն իր աջակցությունն է հայտնել Իսրայելի կառավարության գործողություններին։

13:00

Պայթյուններ Արևելյան Թեհրանում։

12:55

ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանության բանակ) հայտնել է Իրանի կողմից հրթիռների ևս մեկ խմբաքանակի արձակման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը բնակչությանը դարձյալ կոչ է արել հետևել Թիկունքի հրամանատարության ցուցումներին և թաքստոցներում մնալ մինչև պաշտոնական տեղեկացումը։ Բացի այդ, ՑԱԽԱԼ-ը խնդրել է չհրապարակել և չտարածել տեսանյութեր։

12:51

Բենյամին Նեթանյահուն դիմել է Իսրայելի քաղաքացիներին, ինչպես նաև Իրանի ժողովրդին:

«Ժամանակն է, որ Իրանի ժողովրդի բոլոր մասերը՝ պարսիկները, քրդերը, ադրբեջանցիները, բելուջները և ահվազցիները, իրենց վրայից գցեն բռնակալության լուծը և Իրանին տանեն դեպի ազատություն և խաղաղություն»,- հայտարարել է Նեթանյահուն։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները կշարունակվեն մի քանի օր։ Իսկ գործողության թիրախ նա անվանել է Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծման անհնարինությունը։

12:49

Մոնիթորինգային ծառայությունները հայտնում են, որ Իրանում գրեթե ամբողջությամբ անհետացել է ինտերնետը։ 

«Երկրում ցանցին միանալու մակարդակը կազմում է սովորական մակարդակի մոտ 4%-ը»,- ասված է NetBlocks ծառայության հաղորդագրության մեջ։

12:47

Իսրայելում միացել են օդային տագնապի ազդանշանները։

12:45

⚡️⚡️Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին։

Ինչպես հայտնում է իրանական NourNews գործակալությունը, արձակվել են «տասնյակ հրթիռներ»։

12:29

Իրանի նախկին շահ Ռեզա Փեհլևին իր աջակցությունն է հայտնել Իրանի տարածքի հրթիռակոծմանը և դրանք անվանել «մարդասիրական ինտերվենցիա»։

«Սա մարդասիրական ինտերվենցիա է, դրա նպատակը Իսլամական Հանրապետությունն է, դրա ռեպրեսիվ ապարատն ու սպանությունների համակարգը, բայց ոչ երկիրն ու մեծն իրանցի ժողովուրդը»,- հայտարարել է Փեհլևին։

12:15

Դոնալդ Թրամփի հայտարարությունն ամբողջությամբ։

11:59

Իրանն առաջիկա ժամերին կպատասխանի իր տարածքի վրա հարձակմանը. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարություն

11:54

Չհաստատված տվյալներով իսրայելական հարվածների թիրախ է դարձել նաև Իրանի դատական համակարգի ղեկավարի գրասենյակը։

Նա համարվում է Իրանի գլխավոր դեմքերից մեկը։

11:52

«Մենք հնարավոր է զոհեր ունենանք, ինչը հաճախ է պատահում պատերազմում, բայց մենք սա անում ենք նաև ապագայի համար։». Դոնալդ Թրամփ

11:51

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում լքել Իրանի տարածքը։

11:50

CNN-ին ամերիկյան աղբյուրներից մեկը հայտնել է, որ հարվածները հիմնականում հասցվում են Իրանի ռազմական թիրախներին։

11:49

Իրանական լրատվամիջոցների կայքերը ենթարկվել են կիբերհարձակումների. Fars գործակալություն

11:47

⚡️ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը չի տուժել։

11:44

«Ես իրանական ոստիկանությանն ու ավտանգության ուժերին ասում եմ։ Անհապաղ ցած դրեք զենքը, թե չէ կբախվեք անխուսափելի մահվան հետ։ Իրանական ժողովրդին՝ ազատագրման ժամը մոտենում է։ Մնացեք ձեր տներում և դուրս մի եկեք, փողոցում վտանգավոր է։ Երբ մենք ավարտենք, դուք կկառավարեք ձեր կառավարությանը։ Դա կլինի ձեր միակ շանսը տապալելու ռեժիմը»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։

11:37

⚡️⚡️⚡️Դոնալդ Թրամփը հաստատել է ԱՄՆ-ի մասնակցությունը ռազմագործողությանը։

«Մենք լայնածավալ ռազմական գործողություն ենք սկսել Իրանի դեմ։ Նպատակը դաժան ռեժիմի վերացումն է»,- հայտարարել է Թրամփը։

11:33

The New York Times-ը գրում է, որ հարվածները հասցվում են նաև «մեկ կամ մի քանի ավիակիրներից»

11:30

Տարածվում են Թեհրանում հոգևոր առաջնորդի գրասենյակի մոտ հնչած պայթյունների կադրերը։

11:29

Ենթադրվում է, որ Իսրայելի և ԱՄՆ- նոր հարվածները կլինեն «առավել մասշտաբային», քան այն հարվածները, որոնք հասցվել էին նախորդ ամռանը։

Այդ մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

2025 թվականի հունիսի հարվածները շարունակվեցին 12 օր։

11:27

⚡️⚡️⚡️Թեհրանը պատրաստվում է պատասխան հարվածների, «պատասխանը կործանարար կլինի»։

Այդ մասին Reuters-ին հայտնել է իրանցի պաշտոնյան։

11:26

Al Jazeera-ն, հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյային, նշում է հարվածների նպատակը։ Դա Իրանի անվտանգության ապարատի վերացումն է։

11:25

Reuters գործակալությունը հայտնում է, որ Իրանի դեմ գործողությունը նախապատրաստվել է մի քանի ամիս։

Իսրայելի ՊՆ անանուն ներկայացուցչի խոսքով՝ հարվածի օրը որոշվել էր դեռ մի քանի շաբաթ առաջ։ Դրա նախապատրաստումն իրականացվել է ԱՄՆ-ի հետ համակարգմամբ։

11:23

⚡️Թեհրանում հնչում է պայթյունների երկրորդ ալիքը։

11:21

⚡️Իրաքը ևս փակում է իր օդային սահմանը։

11:20

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ​​ինքնաթիռները Մերձավոր Արևելքի ամերիկյան ռազմաբազաներից մասնակցում են Իրանի դեմ հարվածներին. The New York Times

11:18

Իսրայելի 12-րդ հեռուստաընկերության փոխանցմամբ՝ իսրայելցի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում քառօրյա ինտենսիվ հարվածների համար։

Ըստ նրա՝ դրանց հետևանքով Թեհրանն այլևս նախկին տեսքը չի ունենա։

11:15

Իսրայելը հարվածները համակարգում է ԱՄՆ-ի հետ. CNN-ի իսրայելական աղբյուր

11:13

Իրանի հոգևոր առաջնորդը գտնվում է անվտանգ վայրում՝ Թեհրանից դուրս. Reuters

11:10

Պայթյուններ են հնչել Թեհրանում, Սպահանում (երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը), Ղոմում, Քարաջում (Թեհրանի արվարձան) և Քերմանշահում (Իրանի արևմուտք). Fars գործակալություն

11:07

Թեհրանում հարձակման է ենթարկվել իրանական հետախուզության շենքը. իրանական Mahr գործակալություն

Հարձակման են ենթարկվել նաև կառավարական շենքերը, նախագահական նստավայրը, Թեհրանի օդանավակայանը, ինչպես նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեիի տունը։

11:05

Այաթոլահ Ալի Խամենեին Թեհրանում չէ. Reuters

11:03

Al Jazeera-ն, հղում անելով ամերիկացի պաշտոնյային, ևս հաստատում է հարվածներին ամերիկյան կողմի մասնակցությունը։

11:02

Ամերիկացի անանուն պաշտոնյան The New York Times-ին հաստատել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում Իրանին։

11:00

Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնում է, որ Թեհրանի մի քանի կենտրոնում մի քանի պայթյուն է եղել։

10:58

Իսրայելը փակում է օդային տարածքը։

10:56

Ականատեսները հայտնում են, որ պայթյուններ են եղել նաև Իրանի հոգևոր առաջնորդի գրասենյակի մոտ. Ateo Breaking

10:53

⚡️Իսրայելի 12-րդ հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ սա ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ գործողությունն է։

Ամերիկացիների մասնակցության պաշտոնական հաստատում դեռ չկա։

10:51

Թեհրանից ստացվում են տեղեկություններ պայթյունների մասին։ Խիտ ծուխ է երևում Արգենտինայի հրապարակում։

10:49

⚡️⚡️⚡️ Իսրայելը փորձել է սպանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին. Clash Report

Գործակալությունը նշում է, որ այդ մասին նշված է իսրայելական նախնական հաշվետվության մեջ։

10:48

⚡️Իսրայելը փակել է իր օդային սահմանը։

10:44

Իսրայելը հարվածել է Իրանին։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Իսրայել Պետությունը նախաձեռնողական հարված է հասցրել Իրանին, որպեսզի վերացնի Իսրայել Պետության դեմ սպառնալիքները»,- ասել է նա։

Կացը նշել է, որ առաջիկայում սպասվում է Իսրայելի նկատմամբ պատասխան հարվածը։ Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter