HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նախկին փոխնախարարին հայտնաբերելու համար հանձնարարվել է ձեռնարկել թույլատրելի ցանկացած օպերատիվ-հետախուզական միջոցառում

Ֆինանսների նախկին փոխնախարար, ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արթուր Աֆրիկյանին առնչվող քրեական վարույթներով նախաքննությունները շարունակվում են, երկու վարույթով նախկին պաշտոնյան ունի մեղադրյալի կարգավիճակ եւ հետախուզվում է:

Դրանցից մեկը նախաձեռնվել է 2017 թ. ապրիլին, եւ այժմ գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում, մյուսը նախաձեռնվել է 2019 թ. փետրվարին ԱԱԾ-ի կողմից, իսկ ավելի ուշ փոխանցվել է Քննչական կոմիտեին (այս վերջինը էլեկտրոնային կողպեքների գործն է, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ):

Երկու դեպքում էլ Աֆրիկյանը մեղադրյալ է ներգրավվել 2003 թ. ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, պատժվում է 2-6 տարի ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով):

Սակայն Աֆրիկյանը 2018-ի հունիսին՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, հեռացել է երկրից, եւ ըստ «Հետքի» տվյալների՝ մեկնել է ԱՄՆ: Նրա հանդեպ վերոնշյալ երկու քրեական վարույթներով հայտարարվել է միջազգային հետախուզում, խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ Հովհաննես Մարտիրոսյանը «Հետքին» հայտնել է. «Քրեական պատասխանատվությունից խուսափող Արթուր Աֆրիկյանի հետախուզումն իրականացնելու, նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու նպատակով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով թույլատրելի եւ անհրաժեշտ ցանկացած օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու համար ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը տրվել է համապատասխան հանձնարարություն»:

Ա. Աֆրիկյանի վերաբերյալ կա նաեւ երրորդ քրեական վարույթը, որը նախաձեռնվել է 2023-ի հուլիսին՝ նախկին պաշտոնյայի արաբական ունեցվածքի մասին «Հետքի» հերթական հրապարակումից հետո:

Այն, որ Աֆրիկյանը Դուբայի հյուրանոցներում 5 միավոր անշարժ գույք է գնել (աշխարհում կան բազմաթիվ հյուրանոցներ, որոնք առաջարկում են իրենցից բնակարաններ ձեռք բերել սեփականության իրավունքով), իսկ 2-ն էլ վաճառել, «Հետքը» գրել էր դեռ 2018-ի նոյեմբերին: Ավելի ուշ պարզել էինք, որ նախկին փոխնախարարը հյուրանոցներում ձեռք է բերել ոչ թե 5, այլ 9 բնակարան: Ավելին՝ 2018 թ. մեր առաջին հետաքննությունից հետո դրանք գրանցվել էին Արթուր Աֆրիկյանի կնոջ՝ Ալվարդ Մովսեսյանի անունով, վերջինս էլ բնակարաններն օտարել էր: Ընդ որում՝ պարզել էինք, որ օտարված 9 անշարժ գույքից 2-ը գրանցվել են Աֆրիկյան-Մովսեսյան զույգին սերտ առնչություն ունեցող եւ Դուբայի անշարժ գույքի ոլորտում ներգրավված մի հայի անունով, ինչը կասկած է հարուցում, որ նախկին պաշտոնյայի ընտանիքը իրականում ոչ թե օտարել է գույքը, այլ ձեւական անվանափոխություն կատարել:

Օտարված 9 միավոր գույքից բացի՝ Ալվարդ Մովսեսյանի անունով գտել էինք եւս 4 անշարժ գույք՝ 2 բնակարան ու 2 խանութ Դուբայում, սակայն հնարավոր չի եղել պարզել, թե արդյոք սրանք եւս օտարվել/անվանափոխվել են:

Ստացվում է, որ տարբեր տարիների Արթուր Աֆրիկյանի ընտանիքը Դուբայում ձեռք է բերել առնվազն 15 միավոր անշարժ գույք՝ 13 բնակարան եւ 2 խանութ: «Հետքի» ունեցած տվյալներով՝ օտարվել են 13 բնակարաններից առնվազն 11-ը:

Նկատենք, որ Ա. Աֆրիկյանն իր մեծածավալ արաբական գույքն ու դրան առանչվող գործարքները չի հայտարարագրել պաշտոնյա եղած ժամանակ:

2023 թ. հուլիսին «Հետքի» հրապարակումն ուսումնասիրվել էր Գլխավոր դատախազությունում, ապա ուղարկվել Քննչական կոմիտե, որտեղ քրեական վարույթ էր նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ու 3-րդ կետերով: Այն է՝ փողերի լվացումը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով (2-րդ կետ) կամ առանձնապես խոշոր չափերով (3-րդ կետ), պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով: ՔՕ 296-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում 10 մլն դրամը գերազանցող գումարը:

Հետագայում ՔԿ-ից վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե: Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ այս վարույթով նախաքննությունն ընթացքի մեջ է, սակայն մեղադրյալներ չկան:

Հիշեցնենք, որ 2023-ի օգոստոսին Ա. Աֆրիկյանն ու նրա ընտանիքի անդամները՝ կինը, դուստրը (Դիանա Աֆրիկյան), հրավիրվել էին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող եւ բռնագանձման ենթակա իրենց գույքի վերաբերյալ գործին: Մանրամասներ Գլխավոր դատախազությունը չէր հայտնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter