Գիրքը, որ պիտի վերադարձնեմ
Վահան Հակոբյանին գիտեի դեռ այն ժամանակ, երբ Ստեփանակերտում Հեքիմյանից Վերածննդի հրապարակ կարող էիր հասնել 13 համարի երթուղայինով, երբ Արցախում «շինարարական բում» էր, իսկ Ստեփանակերտի խանութներում կարող էիր գտնել դարչինի համով բարակ ծաղկանման թխուկներ։
Վահանին տեսնում էի բոլոր աշխատանքային օրերին․ Կառավարության շենքի բակի ծաղիկներն էր ջրում: Այդ ժամանակ նույն շենքի միջանցքներում սովորել էի լուրջ դեմքով ու արագ-արագ քայլել, մուննաթ գալ բոլորի վրա և ինձ երևակայել կարևոր մարդ։ Ու չնայած այս գործերի լրջությանը, մի քանի անգամ հասցրել էի մտածել աշխատանքից դուրս գալու մասին։
Երբ առաջին անգամ խոսեցի Վահանի հետ, Baldi խանութից դեպի Կառավարության շենք տանող անցումը ջնջվել էր, իսկ քաղաքում թափառում էր 15 համարի երթուղայինի ուրվականը։ Ես այլևս Արցախի պետական բյուջեից աշխատավարձ չէի ստանում, իսկ Ստեփանակերտի խանութներում միայն 200 գրամանոց բանկաներով տնական դոշաբ էր վաճառվում:
Բարևելուց հետո ասացի, որ երկու տարի է գիտեմ իրեն, կամ գիտեմ միայն այն, որ քաղաքի ծաղիկներն է ջրում, որ Քարվաճառից տեղահանված է ու բանաստեղծություններ է գրում: Ասացի, որ լրագրող եմ, ու եթե դեմ չէ՝ ուզում եմ գրել՝ ինչպես է հաղթահարում շրջափակումը: Մեր հեռախոսհամարները միմյանց փոխանցեցինք. բողոքներ ուներ, քանի որ քնելու տեղ չուներ: Ես գնացի աշխատանքի՝ իրեն զանգելու խոստումով, ինքը՝ զանգին սպասելու:
2023 թվականի սեպտեմբերի 18-ի երեկոյան Ստեփանակերտում ուժեղ անձրև էր: Կառավարության շենքի դիմաց կանգնել ու սպասում էի զանգի: Վահանի հետ պայմանավորվել էինք հանդիպել հրապարակում, երեկոյան ժամը 7-ին: Զանգեց ու հաստատեց, որ անձրև է, որ ավելի լավ է՝ վաղը հանդիպենք:
Ստեփանակերտում շրջանային երթևեկության 2 հայտնի տեղ կար, մեկը՝ քաղաքի ներքևում, մյուսը՝ վերևում: Բայց «Կալցեվոյ» անունը ուներ ներքևինը: Հենց էդտեղ, եռագույնով ներկած անճաշակ շենքերի հարևանությամբ՝ այլևս դատարկ ու փակ «Զեթ» մարկետի դիմաց հաջորդ օրը առավոտյան ժամը 10-ին հանդիպեցինք ես, իմ ընկերուհին (որովհետև նրան հետաքրքիր էր՝ ինչ ենք խոսելու) ու Վահանը՝ փաստաթղթերի տրցակով ու 5 հատ ընկույզով: Ընկույզները նույն օրը գիշերը կերանք Կառավարության շենքի ապաստարանում՝ ամեն մեկս իր բաժին արխիվային փաստաթղթերի վրա նստած:
Վահանի ձայնը երևի հիմա չեմ ճանաչի, բայց հիշում եմ իմ առաջին տպավորությունը, երբ սկսեց տրցակից մեկ-մեկ հանել հին, դեղնած, ինձ որևէ բան չասող փաստաթղթերը. նա շատ բարակ ձայն ուներ, դրանում համոզվում էի, երբ վրդովված ու բորբոքված բողոքում էր քաղաքապետարանից ու նախարարությունից:
Ինչ-որ պահի փաստաթղթերի արանքից մի բարակ գիրք հանեց: Ձեռքում այնպես էր պահում գիրքը, կարծես իր ունեցած միակ բանն էր աշխարհում: Հպարտանում էր: Պնդեց, որ ինքը դեռ պետք է ստեղծագործի:
Քաղաքապետարանը «Կալցեվոյի» հարևանությամբ հին երկհարկանի շենքերից մեկում նրան սևացած պատերով ու փայտով լիքը մի սենյակ էր տվել։ Վահանի ուզածն էլ էր սենյակ։ Հարցրեցի՝ ինչու սենյակը կարգի չի բերում, ասաց՝ փորձում է: Սենյակում դատարկ պատերից ու փայտից բացի մեկ էլ հին «կամոդ» կար, նրանցից, որում հախճապակյա սպասքն ենք դասավորում՝ այնպես, որ ցուցադրենք ու երբեք չհանենք, չօգտագործենք: Վահանը նորմալ սենյակ էր ուզում, սեղան, աթոռ ու անկողին։
Ես չգիտեի՝ ինչպես էի նրան օգնելու։ Որոշեցի դրա մասին հետո մտածել․ ճշտումներ կանեի, քաղաքապետարան կզանգեի ու նորից Վահանին կհանդիպեի։ Քաղաքում ուտելիք չէր գտնվում, ճանապարհները դատարկ էին, բայց արժանապատիվ քնելու իրավունք մինչ օրս ունենք բոլորս, մտածում էի ես։
Այդ օրը բաժանվեցինք հանդիպման տեղում: Վահանի բանաստեղծությունների գիրքը ուժով պոկեցի ձեռքից, չէր ուզում տալ, ասում էր՝ միակ օրինակն է։ Խոստացա, որ կկարդամ ու երեկոյան կվերադարձնեմ, ու որ ավելի երկար կխոսենք։ Մի քանի օր անց, երբ հինգ հոգով շունչներս պահած անցնում էինք Հակարի կամուրջը, մեքենայի նստատեղին շարված գրքերից մեկը Վահանի «Թևավոր խոհերն» էին: Բերում էի այն համոզմամբ, որ Արցախից դուրս, ինչ-որ մի տեղ նրան կգտնեմ ու կվերադարձնեմ, որովհետև գիրքն այդքան կարևոր էր նրա համար: Բանաստեղծությունները չէի հավանել, բայց դա որևէ բան չէր նշանակում։
Արդեն երրորդ տարին է՝ իմ գրադարակների մշտապես փոշոտվող գրքերը վերադասավորելիս ամեն անգամ փոխում եմ «Թևավոր խոհեր»-ի տեղը, պարբերաբար մաքրում։
Վերջին երկու տարին Վահանը Ստեփանակերտում էր: Դա իմացա Կարմիր մահիկի հրապարակած նկարներից՝ տեղահանվելուց շաբաթներ անց: Նկարում կարմիր շորեր հագած աղջիկը և տղամարդը Վահանի կողքին էին, Վահանը նստած էր, նայում էր տեսախցիկին:
2026-ի հունվարի 23-ին հայտարարություն եղավ․ վերջին հայերը լքում են Արցախը։ Վահանը հիմա Հայաստանում է, չնայած չգիտեմ՝ որտեղ են տեղավորել։ «Թևավոր խոհեր»-ը հիմա պայուսակիս մեջ եմ պահում։ Այն վերադարձնելու հնարավորությունն արդեն իրական է։
***
Ինձ տարեք մի տեղ,
Ինձ տարեք հեռու,
Այնտեղ, ուր չկա
Աղաղակ ու ճիչ,
Ուր բերկրանքն է շատ,
Տառապանքը քիչ,
Ուր չկա դրժում,
Կա վստահություն,
Ուր կա միայն սեր
Եվ իշխանություն,
Ուր չկա խանդող
Ու չկա կավատ,
Ուր ոչինչ չկա,
Կա միայն հավատ։
***
Հաճախ ուզում եմ
Ինքս ինձ հետ լինել,
Ինքս ինձ հետ մնալ,
Մեղքիս տարածքին
Հավատ փակցնել,
Մենությանս հետ
Լուռ մտերմանալ,
Չարից խուսափել,
Ինձնով ջերմանալ,
Ավերված տունս
Ինքս կառուցել,
Իմ լավին, ցավին
Ինձնով դիմանալ,
Ինքնասիրության
Գաղտնիքն իմանալ,
Հաճախ ուզում եմ
Ինքս ինձ հետ լինել,
Ինքս ինձ հետ մնալ,
Իսկ հենց ուզում եմ
Ինքս ինձ հետ լինել,
Սիրտս ուզում է մեկի մոտ գնալ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել