«Պուտինն արդեն իսկ սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը». Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արդեն իսկ սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը։
«Հարց է, թե որքանով նա կարող է գրավել այս կամ այն տարածքը։ Եվ հարցն այն է, թե ինչպես կանգնեցնել նրան»,- BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Զելենսկին՝ հավելելով, որ «Ռուսաստանը ցանկանում է բերել իր խաղաղությունը և փոխել մարդկանց համար իրենց դուր եկած կյանքը»։
Զելենսկին դարձյալ հայտարարել է, որ Ուկրաինան չի գնա տարածքային զիջումների, որոնք պահանջում են ՌԴ իշխանությունները։ «Ես դրան նայում եմ ոչ միայն որպես հող։ Ես դրան նայում եմ այսպես. դուրս գալ, այսինքն՝ թուլացնել մեր դիրքերը, թողնել այնտեղ գտնվող մեր հարյուր հազարավոր մարդկանց։ Ահա թե ինչպես եմ ես նայում դրան: Այդ ելքը կկիսի մեր հասարակությունը»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նաև նշել է, որ Պուտինը կանգ չի առնի, նույնիսկ եթե նրա պահանջները կատարվեն: Նրա կարծիքով՝ Պուտինին դադար է պետք վերականգնվելու համար, իսկ հետո «նա կցանկանա շարունակել. դա փաստ է»: Վերականգնման ժամանակը, ըստ Վլադիմիր Զելենսկու, Ուկրաինան գնահատում է մի քանի տարի, իսկ եվրոպացի գործընկերները՝ երեքից հինգ տարի:
Զելենսկին կրկին ընդգծել է, որ Ուկրաինան չի պարտվում, «քանի որ մենք պայքարում ենք Ուկրաինայի անկախության համար»: Հաղթանակը, ըստ Զելենսկու, կլինի «նորմալ կյանքի վերադարձը և մարդկանց սպանությունների դադարեցումը», իսկ ավելի լայն իմաստով՝ գլոբալ սպառնալիքի վերացումը, որը, նրա խոսքով, գալիս է Պուտինից:
Նա հավելել է, որ Ուկրաինան կվերադարձնի իր բոլոր տարածքներ։ Դա, ըստ նրա, ժամանակի հարց է։ Սակայն դա հիմա անելը, նրա կարծիքով, կնշանակի միլիոնավոր մարդկանց կորուստ, իսկ դա խիստ բարձր գին է Ուկրաինայի համար։
Վլադիմիր Զելենսկին ընդգծել է նաև, որ Ուկրաինան պատրաստ է անցկացնել նախագահական ընտրություններ, սակայն միայն անվտանգության երաշխիքների պայմաններում՝ հավելելով, որ դեռևս չի որոշել՝ հավակնել նախագահի պաշտոնին, թե՝ ոչ։
Լուսանկարը՝ BBC-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել