Դպրոցի փոխարեն՝ դատական վեճեր. ինչո՞ւ է ձգձգվում Պռոշյանի և Զովունիի կրթօջախների շինարարությունը
Կոտայքի մարզի Պռոշյան և Զովունի բնակավայրերում նոր դպրոցների կառուցման համար հայտարարված գնման մրցույթը դատական քաշքշուկների պատճառ է դարձել։ Այն տևել է մոտ երկու տարի, և դպրոցներն այդպես էլ չեն կառուցվել։ Իրավական քաշքշուկների պատճառով Քաղաքաշինության կոմիտեն չի կարողացել գնման նոր մրցույթ հայտարարել և սկսել դպրոցների կառուցումը, իսկ այդ նպատակով առկա ֆինանսական միջոցներն ուղղվել են այլ մրցույթների։ Եվ Պռռշյանի, և Զովունիի բնակչությունն արագ աճում է։ Գործող դպրոցների շենքային պայմանները չեն բավարարում դասերը պատշաճ կազմակերպելու համար։ Իսկ թե երբ այս երկու գյուղերի աշակերտները նոր դպրոցներ կունենան, դեռ անհայտ է։
Չկայացած մրցույթներ և փոխադարձ մեղադրանքներ. իրադարձությունների ժամանակագրությունը
2023-ի դեկտեմբերի 2-ին Քաղաքաշինության կոմիտեն հրատապ բաց մրցույթ էր հայտարարել Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում դպրոց կառուցելու համար։ Այս մրցույթին մասնակցել է երկու ընկերություններից կազմված կոնսորցիում՝ առաջարկելով 1 մլրդ 577 մլն դրամ։ Կոնսորցիումը կազմված է «Պրո շին» և «Բիլդինգ կապիտալ» ՍՊԸ-ներից։
Քաղաքաշինության կոմիտեի գնահատող հանձնաժողովի 2024-ի հունվարի 16-ի արձանագրության համաձայն՝ կոնսորցիումի հայտում անհամապատասխանություններ են եղել, որոշ տեխնիկական պահանջներ չեն պահպավել։ Դրանք շտկելու համար Կոմիտեն մեկ աշխատանքային օր է տրամադրել կոնսորցիումին: Հունվարի 22-ին՝ Կոմիտեի գնահատող հանձնաժողովի հաջորդ նիստում, արձանագրվել է, որ կոնսորցիումը մասամբ է շտկել հայտում առկա անհամապատասխանությունները, ուստի որոշվել է կոնսորցիումի հայտը գնահատել անբավարար և մերժել։ Իսկ գնման ընթացակարգը չեղյալ է հայտարարվել։ Փետրվարի 2-ին ընկերությունները Քաղաքաշինության կոմիտեի որոշմամբ ներառվել են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
Հունվարի 26-ին կոնսորցիումի անդամ «Բիլդինգ կապիտալ» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան ընդդեմ Քաղաքաշինության կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել գնահատող հանձնաժողովի որոշումը։ Դատական գործը կարճվել է, քանի որ Քաղաքաշինության կոմիտեն դատարանին հայտնել է, որ վիճարկվող որոշումը, ինչպես նաև հայցվորին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին որոշումը ճանաչվել են ուժը կորցրած, այսինքն՝ կոնսորցիումի պահանջները կատարված են, և վեճն, ըստ էության, սպառված է:
Փետրվարի 9-ին գնահատող հանձնաժողովի արձանագրությամբ կոնսորցիումին տրամադրվել է 5 աշխատանքային օր արձանագրված թերությունները շտկելու համար։ Հաջորդ նիստում գնահատող հանձնաժողովն արձանագրել է, որ կոնսորցիումի հայտը բավարար է, և կոնսորցիումը գնման ընտրված մասնակից է ճանաչվել։ Այս արձանագրություններից հետո կոնսորցիումին ուղարկվել է պայմանագրի նախագիծը և պայմանագիր կնքելու ծանուցումը։
Քաղաքաշինության կոմիտեի 2024 թվականի մարտի 4-ի արձանագրության համաձայն՝ սահմանված ժամկետում կոնսորցիումը չի ներկայացրել ստորագրված պայմանագիրը, պայմանագրի և որակավորման ապահովումները։ Այդ հիմքով կոնսորցիումը զրկվել է պայմանագիր ստորագրելու իրավունքից, և գնումը հայտարարվել է չկայացած։ «Բիլդինգ կապիտալ» ՍՊԸ-ն հանձնաժողովի այս որոշումից հետո կրկին դիմել է դատարան։ Պատմությունը շարունակվել է քաղաքացիական դատարանի բոլոր ատյաններում մինչև 2025 թվականի հոկտեմբեր։
Պռոշյան բնակավայրի վարչական ղեկավար Սևակ Գաբրիելյանի խոսքով՝ բնակավայրում մեկ դպրոց կա, որտեղ սովորում է մոտ 700 աշակերտ։ Աշակերտների թվով պայմանավորված՝ դասերը երեք հերթափոխով են կազմակերպվում։ Գաբրիելյանի խոսքով, վերջին տարիներին աճել է թե՛ Պռոշյանի բնակչությունը, թե՛ աշակերտների թիվը, և շատերը երեխաներին հարակից բնակավայրերի կամ Երևանի դպրոցներ են տանում։ Վարչական ղեկավարը նոր դպրոցի անհրաժեշտություն տեսում է, քանի որ գործող դպրոցը ներքին հարդարման կարիք ունի, դասասենյակները քիչ են, չեն բավարարում։
Գրեթե նույն իրավիճակն է ստեղծվել նաև Զովունի բնակավայրում դպրոց կառուցելու համար հայտարարված գնման մրցույթի շուրջ։ 2023 թվականի դեկտեմբերի 2-ին Քաղաքաշինության կոմիտեն հայտարարել է մրցույթ Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում կրթահամալիր կառուցելու համար։
Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել «Կիր-քար» ՍՊԸ-ն առանձին, «Պրո շին» և «Բիլդինգ կապիտալ» ՍՊԸ-ները՝ կոնսորցիումով։ Քաղաքաշինության կոմիտեն դպրոցի կառուցման նախահաշվային գինը սահմանել էր 1 մլրդ 577 մլն դրամ։ «Կիր-քար» ՍՊԸ-ն առաջարկել է աշխատանքը կատարել 1մլրդ 891 մլն դրամով։ Հանձնաժողովը մերժել է ընկերության հայտը, քանի որ այն գերազանցում էր նախահաշվային գինը։ «Պրո շին» և «Բիլդինգ կապիտալ» ՍՊԸ-ների կոնսորցիումը ներկայացրել է 1 մլրդ 399 մլն դրամի գնառաջարկ։
Գնահատող հանձնաժողովը 2024 թվականի հունվարի 16-ի նիստում թերություններ է արձանագրել կոնսորցիումի առաջարկում և մեկ օր ժամանակ է տվել թերությունները շտկելու համար։ Իսկ հունվարի 22-ի նիստում հանձնաժողովի անդամները արձանագրել են, որ թերությունները շտկվել են մասնակի։ Այդ պատճառով «Պրո շին» և «Բիլդինգ կապիտալ» ՍՊԸ-ների համատեղ հայտը ևս անբավարար է գնահատվել։ Կրկնվել է Պռոշյանում նոր դպրոց կառուցելու համար հայտարարված մրցույթի պատմությունը՝ կապալառուն դատի է տվել Քաղաքաշինության կոմիտեին։ Դպրոցները, որոնք Կոմիտեն ուզում էր արագ կառուցել, դրա համար հրատապ մրցույթ էր իրականացնում, չկան, մրցույթները չեն կայացել, իսկ նոր մրցույթ հայտնի չէ, թե երբ կհայտարարվի։
Զովունիի դպրոցն ունի 970 աշակերտ։ Գործող դպրոցը վերանորոգման կարիք ունի։ Դասերը, ինչպես Պռոշյանում, կազմակերպվում են երեք հերթափոխով։ Զովունի բնակավայրի վարչական ղեկավարի գրասենյակից տեղեկացրին, որ աշակերտների մի մասը Երևանի տարբեր դպրոցներ է հաճախում։ Քանի որ Զովունին մոտ է Երևանին, այստեղ բնակչությունը շատ արագ է աճում, ու նոր դպրոց նանհրաժեշտություն է։
Ինչ են ասում շինարարն ու Քաղաքաշինության կոմիտեն
«Հետքը» փորձեց պարզաբանումներ ստանալ Քաղաքաշինության կոմիտեից եւ շինարարական ընկերություններից։ Առաջին զանգից հետո շինարարական ընկերությունների փաստաբան Լևոն Օհանյանի հետ այլևս չկարողացանք կապ հաստատել։ Հարցազրույցի մեր առաջարկը նա խոստացավ փոխանցել սեփականատերերին, բայց այդպես էլ ո՛չ փաստաբանը, ո՛չ էլ ընկերությունների սեփականատերերից որևէ մեկը մեզ հետ կապ չհաստատեց։
Քաղաքաշինության կոմիտեից զրուցեցինք իրավաբանական վարչության պետ Դավիթ Մարգարյանի հետ։ Պռոշյանի դպրոցի դատական վեճն ավարտվել է ի օգուտ Քաղաքաշինության կոմիտեի։ Զովունիի գործով Կոմիտեն պարտվել է։ Մարգարյանի խոսքով, պարտության պատճառը տեխնիկական խնդիրն է։
«Մենք դատարանում պարտվել ենք զուտ այն պատճառով, որ գործարկվեց դատավարության էլեկտրոնային համակարգը, ու մեր մուտքանունն ու գաղտնաբառը մեզ չէին ուղարկել։ Մեր դեմ դատական պրոցես էր գնում, բայց մենք չէինք ծանուցվում, ոչ մի տեղեկություն չունեինք»,- նշեց Մարգարյանը։
Քաղաքաշինության կոմիտեի իրավաբանական վարչության պետի խոսքով՝ և՛ Պռոշյանի, և՛ Զովունիի դեպքում մրցույթում հաղթած կոնսորցիումի անդամ ընկերությունները դիմել էին դատարան՝ պահանջելով իրենց հաղթող ճանաչելու մասին որոշումները չեղարկել։ ««Պրո շին» և «Բիլդինգ կապիտալ» ՍՊԸ-ները հայցում նշել են, որ իրենց առաջարկած գինը չափազանց ցածր էր, և Կոմիտեն չպետք է իրենց մրցույթում հաղթող ճանաչեր»,- ասաց Մարգարյանը՝ հավելելով. «Այսպիսի իրավիճակ է ստացվում, որ Կոմիտեին դատի են տալիս, ասում են` դուք պետության մասին լավ չեք մտածում, էժան գին ենք ասել, դրանով լավ գործ չէինք անելու, բայց դուք համաձայնել եք։ Սա աբսուրդ իրավիճակ է»։
Վերոնշյալ դատական գործընթացներով պայմանավորված՝ Քաղաքաշինության կոմիտեն դպրոցները կառուցելու համար գնման նոր մրցույթ չի կարողացել կազմակերպել։ Կոմիտեի մեկնաբանությամբ՝ դատական գործընթացների ավարտից հետո (գրեթե երկու տարի անց), նախատեսվում է փոխել դպրոցի նախագիծը և այն կառուցել ավելի շատ երեխաների համար, քանի որ այս ընթացքում Պռոշյան և Զովունի բնակավայրերում բնակչությունն ավելացել է։ Նոր մրցույթ հայտարարելու համար հարկավոր են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համաձայնությունը և ֆինանսական նոր հատկացումներ։
«Պրո շին» ՍՊԸ-ն պատկանում է Անահիտ Բլիկյանին։ «Բիլդինգ կապիտալ» ՍՊԸ-ի 75%-ը պատկանում է Արման Համբարձումյանին, իսկ 25%-ը՝ Մարինա Բադասյանին։ Ընկերությունները նոր չէ, որ մասնակցում են պետական գնումներին։ Շինարարական կազմակերպությունները պայմանագրեր են կնքել տարբեր համայնքների և պետական գերատեսչությունների հետ, այդ թվում՝ Քաղաքաշինության կոմիտեի։ Օրինակ՝ 2025-ի հոկտեմբերի 15-ին Քաղաքաշինության կոմիտեն պայմանագիր է կնքել երեք ընկերություններից կազմված կոնսորցիումի հետ, այդ ընկերություններից մեկը «Պրո շին» ՍՊԸ-ն է։ Ըստ պայմանագրի՝ կոնսորցիումը պետք է ավարտի Արմավիրի մարզի Լենուղի բնակավայրում կառուցվող մանկապարտեզի մնացորդային աշխատանքները, որի համար Կոմիտեն կվճարի 410 մլն դրամ։
«Պրո շին» ՍՊԸ-ն հարուստ դատական պատմություն ունի․ ընկերությունը դատական վեճեր է ունեցել Երևան, Աբովյան, Մեղրի համայնքների, Տարածքային զարգացման հիմնադրամի և Կադաստրի կոմիտեի հետ։ «Բիլդինգ կապիտալ» ՍՊԸ-ն էլ դատական վեճեր է ունեցել հիմնականում Քաղաքաշինության և Վիճակագրական կոմիտեների հետ։ Այս դատական վեճերը հիմնականում կապված են գնումների գործընթացում ծագած խնդիրների հետ։
Արդեն ավելի քան երկու տարի է՝ Պռոշյանի և Զովունիի երեխաները սպասում են նոր դպրոցին։ Թե երբ կիրականանա նրանց սպասումը, անհայտ է։ Եթե դպրոցների կառուցման նոր մրցույթ հայտարարվի, ապա ավելի շատ գումար անհրաժեշտ կլինի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել