Ժնևում ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը
Շվեյցարիայի Ժնև քաղաքում ավարտվել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների եռակողմ բանակցությունները։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Ինչպես գիտեք, բանակցություններն ընթանում էին երկու օր, երեկ շատ երկար, տարբեր ձևաչափերով, ահա նաև այսօր՝ մոտ երկու ժամ։ Դրանք ծանր էին, բայց գործնական»,- ռուսական TACC գործակալության փոխանցմամբ հայտարարել է Մեդինսկին։
РИА Новости-ն էլ գրում է, որ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա առաջիկայում։ Ընդ որում, Интерфакс-ի աղբյուրն էլ պնդում է, որ նոր բանակցությունների անցկացման հստակ ժամկետներ չկան։
Ավելի ուշ բանակցությունների ավարտի մասին հայտարարել է նաև ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի մամուլի քարտուղար Դիանա Դավիթյանը։
Բանակցություններից հետո Ումերովը նշել է, որ «քննարկումները եղել են ինտենսիվ և հանգամանալից»։ Նրա խոսքով՝ պատվիրակությունները «քննարկել են անվտանգության պարամետրերն ու հնարավոր լուծումների իրականացման մեխանիզմները, մի շարք հարցեր հստակեցվել են, մյուսները թողնվել են լրացուցիչ համակարգման համար»: «Առաջընթաց կա, բայց այս փուլում մենք չենք կարող որևէ մանրամասն բացահայտել։ Հաջորդ քայլը կոնսենսուսի անհրաժեշտ մակարդակի հասնելն է՝ նախագահների քննարկման համար մշակված լուծումներ տրամադրելու համար: Մեր խնդիրն է գործնական, այլ ոչ թե պարզապես ձևական հիմք պատրաստել դրա համար»,- ասել է նա։
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ իր թիմին հանձնարարել է Ժնևի բանակցություններում «հարց բարձրացնել» Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման վերաբերյալ: Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ Պուտինի հետ անձնական հանդիպումը «տարածքների հարցում բեկման հասնելու» լավագույն միջոցը կլինի: Axios-ը նշում էր, որ Դոնբասի նկատմամբ վերահսկողությունը շարունակում է մնալ հիմնական վիճահարույց հարցերից մեկը:
Ավելի վաղ նաև գրել էինք, որ Axios-ի փոխանցմամբ՝ ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու դիրքորոշման պատճառով ռուս-ուկրաինական բանակցությունները մտել են փակուղի, մինչդեռ ռազմական թևի բանակցությունները «շարունակում են առաջընթաց գրանցել»։ Աղբյուրներից մեկը հայտնել էր, որ Ռուսաստանի ներկայացուցիչները բողոքել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջին հրապարակային հայտարարություններից։ Նրանց կարծիքով՝ Զելենսկին չի վարում լուրջ բանակցություններ, այլ ավելի շուտ «երկրի ներսում, հնարավոր ընտրություններից առաջ, փորձում է բարձրացնել իր ժողովրդականությունը»։
Լուսանկարը՝ AFP-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել