Պորտուգալիայում ցանկանում են արգելել սոցիալական ցանցերին անչափահասների հասանելիությունը
Պորտուգալիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որով սահմանվում է «թվային չափահասություն» հասկացությունը։ Ինչպես գրում է BBC-ն, իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (PSD) նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել, որ դեռահասները սոցիալական ցանցերից և առցանց այլ ծառայություններից կարող են օգտվել միայն 16 տարեկանից սկսած։
Նախագծի համաձայն՝ մինչև 13 տարեկան երեխաները չեն կարողանա օգտվել օրենքի կարգավորման ներքո գտնվող հարթակներից, ծառայություններից, խաղերից և հավելվածներից։ 13-ից 16 տարեկանների համար անհրաժեշտ կլինի ծնողների համաձայնությունը։
Տարիքի և ծնողական համաձայնության հաստատումը նախատեսվում է իրականացնել թվային նույնականացման «Chave Móvel Digital» համակարգի միջոցով, որը գործում է Պորտուգալիայում և նման է պետական էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակներին։
Սահմանափակումների շրջանակում կհայտնվեն ոչ միայն սոցիալական ցանցերը, այլև լուսանկարների և տեսանյութերի փոխանակման ծառայությունները, առցանց խաղադրույքների և խաղերի հարթակները, բռնություն կամ սեռական բովանդակություն պարունակող ռեսուրսները, ինչպես նաև միջնորդ ցանկացած առցանց ծառայություն, որի բնույթը, առանձնահատկությունները կամ բովանդակությունը կարող են վնասել երեխաների ֆիզիկական կամ հոգեկան զարգացմանը։
Միևնույն ժամանակ, դեռահասներին կթույլատրվի օգտվել հաղորդագրությունների փոխանակման ծառայություններից (օրինակ՝ WhatsApp-ից), մանկական հավելվածներից, կրթական կամ տեղեկատվական բնույթի առցանց խաղերից, ինչպես նաև կրթության և առողջապահության թեմաներով բովանդակություն տարածող որոշ ռեսուրսներից։
Նույնիսկ ծնողական համաձայնության դեպքում դեռահասների համար կգործեն լրացուցիչ սահմանափակումներ։ Հարթակները պարտավոր կլինեն ապահովել, որ նրանց հաշիվները լինեն փակ, որոնելի չլինեն որոնման համակարգի միջոցով, իսկ առաջարկությունների ալգորիթմներում ցուցադրվի միայն թույլատրելի բովանդակություն։
Նախագիծը նախատեսում է նաև, որ երեխաների համար հասանելի չեն լինի նաև ավտոմատ նվագարկման գործառույթները, տեսանյութերի և պատկերների գեներացման ծառայությունները, ինչպես նաև անընդհատ բովանդակություն դիտելու (դումսքրոլինգ) հնարավորությունը։
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Պաուլու Լոպեշ Մարսելուն ընդունել է, որ որոշ դեռահասներ կարող են փորձել շրջանցել սահմանափակումները, սակայն, նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ պետությունը պետք է դադարի գործել։
Օրինագիծն այժմ կուղարկվի խորհրդարանական համապատասխան հանձնաժողով՝ լրամշակման, որից հետո կվերադառնա վերջնական քվեարկության։ Այն ուժի մեջ կմտնի միայն պաշտոնական հրապարակումից 90 օր անց, ինչը նշանակում է, որ պորտուգալացի դեռահասները կունենան ժամանակ առցանց հարթակներից ազատ օգտվելու համար։
Սոցիալական ցանցերի ազդեցությունը դեռահասների վրա․ հետազոտությունների հակասական արդյունքները
BBC-ն գրում է, որ 2022 թվականին HBSC հետազոտական կոնսորցիումը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ, հարցում է անցկացրել Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կանադայի 44 երկրներում՝ ընդգրկելով 11, 13 և 15 տարեկան շուրջ 280 հազար դեռահասների։ Արդյունքները ցույց են տվել, որ յուրաքանչյուր տասը դեռահասից ավելի քան մեկի մոտ առկա են սոցիալական ցանցերից կախվածության դրսևորումներ․ նրանց դժվար է վերահսկել, թե որքան ժամանակ են անցկացնում բովանդակություն թերթելով։ Ավելին, դա աղջիկների համար ավելի բարդ է եղել, քան տղաների (13% և 9%)։
Հարցված երիտասարդների 36%-ը նշել է, որ սոցիալական ցանցերի միջոցով մշտապես կապի մեջ է ընկերների հետ։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 15 տարեկան աղջիկների շրջանում՝ 44%։
Դեռահասների մեկ երրորդը խոստովանել է, որ ամեն օր խաղում է առցանց խաղեր, իսկ նրանցից 22%-ը խաղերին հատկացնում է օրական առնվազն չորս ժամ։
Պորտուգալական օրենսդրական նախաձեռնության հեղինակները հենց այս հետազոտության տվյալներն են ներկայացնում որպես իրենց որոշման հիմնավորում։
Սոցիալական ցանցերի վնասների մասին խոսում են ոչ միայն օրենսդիրները։ 2024 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրապարակել է «Technology on Her Terms» զեկույցը, որտեղ նշվում է, որ տեսողական բովանդակության վրա հիմնված և ալգորիթմներով աշխատող հարթակները, օրինակ Instagram-ը, մեծացնում են այնպիսի նյութերին բախվելու հավանականությունը, որոնք խթանում են անառողջ վարքագծի մոդելներ և էսթետիկայի ոչ իրատեսական չափանիշներ։
Զեկույցի համաձայն՝ դա կարող է հանգեցնել ինքնագնահատականի նվազման, սեփական մարմնի նկատմամբ ոչ ադեկվատ վերաբերմունքի ձևավորման, հոգեկան բարեկեցության վատթարացման և դպրոցական առաջադիմության անկման։ Հատկապես խոցելի են աղջիկները։
Զեկույցում մեջբերված ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ դեռահաս աղջիկների 32%-ը նշել է, որ սոցիալական ցանցերն ուժեղացրել են սեփական մարմնի նկատմամբ բացասական զգացումները։
Միևնույն ժամանակ, կան նաև լուրջ հակափաստարկներ։ 2019 թվականին Օքսֆորդի համալսարանի գիտնականներ Էմի Օրբենը և Էնդրյու Փշիբիլսկին փորձել են ստուգել վերջին տարիների ամենաքննարկվող թեզերից մեկը՝ «թվային տեխնոլոգիաները վատթարացնում են դեռահասների բարեկեցությունը»։ Նրանք վերլուծել են մոտ 355 հազար դեռահասների տվյալներ և, վերլուծական մեկ մեթոդի փոխարեն, կիրառել ավելի բարդ մոդել, որը հաշվի է առնում տարբեր մոտեցումներ։
Արդյունքում նրանք եկել են այն եզրահանգման, որ դեռահասների բարեկեցության և թվային տեխնոլոգիաների միջև կապ կա, սակայն այն այնքան չնչին է (0,4%), որ նման թվերի հիման վրա բոլոր երկրների քաղաքականությունը փոխելը հիմնավորված չէ։ Գիտնականների հիմնական եզրահանգումն այն էր, որ այս ոլորտում շատ հեշտ է ունենալ խեղաթյուրված արդյունքներ՝ կախված տվյալների վերլուծության մոդելից։
2020 թվականին հրապարակված մեկ այլ վերլուծության հեղինակները ևս նշել են, որ առկա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինտերնետում անցկացրած ժամանակի և դեռահասների բարեկեցության միջև կապը շատ թույլ է։ Բացի այդ, դժվար է հստակ որոշել պատճառահետևանքային կապը, քանի որ հնարավոր է նաև հակառակ ազդեցություն․ օրինակ՝ հոգեբանական վիճակի վատթարացումը կարող է մեծացնել դեպի առցանց կյանք դեռահասի «փախչելու» ցանկությունը։
Պորտուգալիան «թվային չափահասության» հարցում հղում է անում այլ երկրների փորձին
Պորտուգալիան, պաշտպանելով «թվային չափահասության» տարիք սահմանելու նախաձեռնությունը, բազմիցս հղում է անում այլ երկրների փորձին։ Այս հարցում այդ երկիրն առաջինը չէ․ օրինակ, Ավստրալիայում անցած տարվա վերջից արդեն գործում է նմանատիպ սահմանափակում։ Կարգավորող մարմինն այն առաջարկում է անվանել ոչ թե արգելք, այլ սոցիալական ցանցերի հասանելիության «հետաձգում» մինչև 16 տարեկանը։
Ավստրալիայում 16 տարեկանից փոքր դեռահասները չեն կարող գրանցվել Facebook, Instagram, TikTok, Snapchat, X, Threads և YouTube հարթակներում, սակայն նրանց համար հասանելի են մեսենջերները, YouTube Kids-ը, Pinterest-ը և Discord-ը։
Ավստրալական մոտեցման կարևոր տարբերությունն այն է, թե ինչպես է իրականացվում տարիքային ստուգումը։ Ի տարբերություն Պորտուգալիայի առաջարկած միասնական մեխանիզմի՝ Ավստրալիայում յուրաքանչյուր հարթակ ինքն է որոշում, թե ինչպես պետք է ստուգի օգտատիրոջ տարիքը։ Միաժամանակ դրանց հիմնական պարտավորությունն է «ողջամիտ քայլեր» ձեռնարկել, որպեսզի 16 տարեկանից փոքրերը չկարողանան գրանցվել։
Օրինակ՝ Meta ընկերությունը, որին պատկանում են Facebook-ն ու Instagram-ը, առաջարկում է կամ ներկայացնել անձնագիր կամ ինքնությունը հաստատող այլ փաստաթուղթ, կամ էլ անցնել ստուգում՝ ուղարկելով տեսասելֆի։ Նույնիսկ նման «մեղմ» միջոցների պայմաններում Ավստրալիայում կան կազմակերպություններ, որոնք պատրաստ են օրենքը վիճարկել դատարանում։ Դրանով զբաղվում է Սիդնեյում գործող Digital Freedom Project կազմակերպությունը։ Օրենքը դատարանում վիճարկում է նաև Reddit-ը։
Ավստրալիայի կապի նախարար Անիկա Ուելսը հայտարարել է, որ իրենց չեն վախեցնի դատական հայցերը։ «Մեզ չեն վախեցնի խոշոր տեխնոլոգիական ընկերությունները։ Ավստրալացի ծնողների անունից մենք հաստատակամ ենք մեր դիրքորոշման մեջ»,- նշել է նա։
Ավստրալական օրենքը, ինչպես և պորտուգալական նախագիծը, նախատեսում է խոշոր տուգանքներ, եթե ընկերությունները չպահպանեն նոր կանոնները։ Facebook, Instagram, Kick, Reddit, Snapchat, Threads, TikTok, X և YouTube հարթակները կարող են տուգանվել մինչև 33 միլիոն դոլարով։ YouTube-ի սեփականատեր Google ընկերությունը արդեն իսկ ապաակտիվացրել է 16 տարեկանից փոքր օգտատերերի բոլոր հաշիվները։
Նախկինում նման սահմանափակումներ են ընդունել նաև Ֆրանսիան և հարևան Իսպանիան։
Լուսանկարը՝ Dean Lewins/AAP Image/AP
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել