HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերիներին ազատ արձակման Վենսի խնդրանքը, ՀՀ Սահմանադրությունն ու Ֆրանսիայի հետ հարաբերությունները. Ալիևը հարցազրույց է տվել France24-ին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այս օրերին մեկնել է Մյունխեն` մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին, հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերության Tête-à-Tête հաղորդմանը։ «Հետք»-ը ներկայացնում է այդ հարցազրույցի կարևոր հատվածները։

Հայաստանի հետ հակամարտության ավարտի մասին

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի հետ հակամարտությունն ավարտված է, ու կողմերը մտել են խաղաղության շրջան։ «Այդ պահից անցել է ավելի քան վեց ամիս, և Հայաստանի հետ սահմանին իրավիճակը շատ հանգիստ է։ Կրակոցներ այլևս չկան, զոհեր չկան, վիրավորներ չկան»,- նշել է նա։ 

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները։ «Մենք նաև սկսել ենք Հայաստանի համար կրիտիկական նշանակություն ունեցող նավթամթերքի մատակարարումը, ինչը փաստացի ազդարարում է մեր առևտրային հարաբերությունների սկիզբը։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել»,- նշել է Ադրբեջանի նախագահը։ 

Ալիևը հավելել է, որ խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է կատարել «որոշակի ձևականություններ»։ «Բայց հռչակագրի հետ մեկտեղ, որի մասին Դուք նշեցիք, երկու երկրների արտաքին գործերի նախարարները նաև Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագրի տեքստը։ Այնպես որ, իմ կարծիքով, գործն արված է։ Կարծում եմ՝ նույն կարծիքին է նաև Հայաստանի վարչապետը։ Մենք միայն սովորում ենք ապրել խաղաղության մեջ, և դա շատ լավ զգացողություն է»,- Հայաստանի հետ լիակատար խաղաղության ներքո կյանքի հեռանկարների մասին հարցին պատասխանել է Ալիևը։

Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին

Ադրբեջանի նախագահը դարձյալ հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, որը «պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ ձևակերպում»։

«Որքան ես գիտեմ, Հայաստանը նախատեսում է հանրաքվե անցկացնել։ Եվ հենց դա արվի, որևէ խոչընդոտ չի լինի խաղաղության համաձայնագրի պաշտոնական ստորագրման համար։ Բայց ես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ Ադրբեջանի համար խաղաղությունն արդեն ձեռք է բերվել։ Կարգավորման գործընթացը հաջող է ընթանում։ Եվ ես հուսով եմ, որ երբ այս իրավական ձևականություններն ավարտվեն, մենք կհասնենք պաշտոնական խաղաղության»,- նշել է նա։

Գերիներին ազատ արձակելու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խնդրանքը

Իլհամ Ալիևը խոսել է նաև Ադրբեջան ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի մանրամասների մասին։ Նրա խոսքով՝ ամերիկացի պաշտոնյան բարձրաձայնել է Արցախի քաղաքական ղեկավարության ազատ արձակման և ներման հարցը, որոնք գտնվում են Բաքվի բանտերում։ Նրա խոսքով՝ նրանց ներում շնորհելու հնարավորությունը բացառվում է։

«Նա բարձրացրել է նաև այդ հարցը, և ես ներկայացրել եմ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, և այսքանով վերջ<...>։ Նրանց տրամադրվել են փաստաբաններ։ Դատավարությունը բացարձակ թափանցիկ էր։  Նրանց հանցագործություններն ապացուցվել են վկաների բազմաթիվ ցուցմունքներով։ Իսկ նրանց նկատմամբ որևէ իրավախախտում կատարելու մասին խոսք լինել չի կարող»,- ասել է Ալիևը՝ Արցախի առաջնորդների դատավարությունը համեմատելով «Նյուրնբերգյան դատավարության հետ»։ 

Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին

Հարցազրույցի ընթացքում Ալիևը նաև պատասխանել է Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ո դրա հեռանկարներին։ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկսվելուց և մեր տարածքային ամբողջականության վերականգնումից հետո, ցավոք, Ֆրանսիայի դիրքորոշումը բացարձակ անհասկանալի դարձավ։ Ֆրանսիան պաշտպանում է երկրների տարածքային ամբողջականությունը։ Փորձում է պաշտպանել սեփական տարածքային ամբողջականությունը, այժմ պաշտպանում է Դանիայի, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Բայց հետո, ցավոք, Ֆրանսիան սկսեց աջակցել անջատողականներին (ի նկատի ունի Արցախին՝ խմբ.)։ Ազգային ժողովի և Սենատի ավելի քան տասը բանաձևեր ուղղված էին անջատողականներին աջակցելուն: Եվ նույնիսկ ձեր խորհրդարանն է ճանաչել, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղը, թեև նույնիսկ Հայաստանն այն չի ճանաչել։ Բացի այդ, մենք լարված հարաբերություններ ենք ունեցել այդ երկրի կառավարության հետ։ Բայց, կրկին, մենք չենք եղել այդ լարվածության աղբյուրը։ Մենք միայն ուզում էինք, որ հարգեն մեր ինքնիշխանությունը»,- նշել է Ալիևը։

Ալիևը, սակայն, հավելել է, որ անցած տարվա վերջին դրական հանդիպում է ունեցել նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ «Մենք պայմանավորվել ենք սեղմել հարաբերությունների վերսկսման կոճակը <...>: Հիմա ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ ավելի պատրաստ են հարաբերությունների կարգավորմանը, հատկապես այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն հասել են խաղաղության»,- եզրափակել նա։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter