HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի կենտրոնում մայթը դարձել է մասնավոր սեփականություն 

Երևանի կենտրոնում՝ Մհեր Մկրտչյան և Դեղատան փողոցների խաչմերուկում, հետիոտնները քայլում են փողոցի երթևեկելի մասով: Նրանք ստիպված են դա անում, քանի որ մայթը հայտնվել է թիթեղյա ցանկապատի ներսում։ «Հետքի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարիներ առաջ կասկածելի հանգամանքներում մասնավորեցվել է մայթին հարող տարածքը՝ չնայած օրենքն արգելում է փողոցների և մայթերի սեփականաշնորհումը։ 

Երևանի Մհեր Մկրտչյան և Դեղատան փողոցների խաչմերուկում մայթը հայտնվել է թիթեղյա ցանկապատի ներսում: Դեղատան փողոցի մայթի մեծ մասը կառուցված է և օգտագործվում է մարդկանց կողմից: Սակայն մայթի՝ խաչմերուկին հարող հատվածում այն սահմանազատված է թիթեղյա ցանկապատով՝  Մհեր Մկրտչյան 5Ա (Գուգլի հղումը) հասցեին կից հողամասի (հասցեն ըստ սեփականության վկայականի՝ Հանրապետության փողոց, թիվ 6) հետ միասին: 

2025 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ Երևանի քաղաքապետարանը բարեկարգման աշխատանքներ էր իրականացնում նշված փողոցների խաչմերուկում: 

Google Street հավելվածում տարածքի նկարները ցույց են տալիս, որ առնվազն 2024 թ. հուլիսից հողամասի Դեղատան փողոցի հատվածում գտնվող մայթը հողամասի ամբողջ տարածքի հետ միասին թիթեղյա ցանկապատով սահմանազատված է փողոցից: Մինչև 2026 թվականի հունվարի 15-ը ցանկապատի ներսում էր գտնվում նաև մայթի վրա տեղադրված սյունը, որը նախատեսված էր էլեկտրական լարերի, փողոցային լուսավորության, տեսահսկող սարքերի (պատկանում է ՆԳՆ-ին) և ճանապարհային նշանների տեղադրման համար: Ավելի ուշ սյունը հանվել է։ 

Դեղատան փողոցի մայթը մինչև թիթեղյա ցանկապատը ամբողջությամբ կառուցված է: Մայթի կառուցված հատվածով քայլելիս մարդիկ հայտնվում են թիթեղյա ցանկապատի առաջ և ստիպված շրջանցում են այն՝ հայտնվելով փողոցի՝ երթևեկության համար նախատեսված մասում: 

Նշված հողամասը 2003 թվականից սեփականության իրավունքով պատկանում է Սուրեն Արծվունուն։ Կադաստրի էլեկտրոնային քարտեզի համաձայն՝ մայթի տարածքն ընդգրկող հողամասը 85 քմ է, մինչդեռ սեփականատիրոջը Կադաստրի կոմիտեից տրված վկայականում հողամասի մակերեսը նշված է 110 քմ (0.011հա)։ Սուրեն Արծվունին հողամասը գնել է Համազասպ Գրիգորյանից 2003 թվականին։ Հ․ Գրիգորյանն էլ հողամասը ձեռք է բերել դատարանի վճռով՝ գնման նախապատվության իրավունք ձեռք բերելով։ Սակայն հողամասի գնման նախապատվության իրավունքի ճանաչումից հետո Երևան համայնքի հետ չի կնքվել հողամասի առքուվաճառքի պայմանագիր։ Այդ պայմաններում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գրության հիման վրա Կադաստրի կոմիտեում գրանցվել է Հ. Գրիգորյանի սեփականության իրավունքը։ Այդպիսով սեփականաշնորհվել է նաեւ Դեղատան փողոցին հարող մայթի տարածքը։ Ու չնայած ըստ օրենքի մայթերը, փողոցները չեն կարող լինել մասնավոր սեփականություն, այստեղ մայթի հատվածը գրանցվել է որպես հողատարածքի մաս: 

Բացի այդ, Կառավարության 2004 թվականի որոշմամբ Դեղատան եւ Մհեր Մկրտչյան փողոցների հատման մասում գտնվող 1500 քմ մակերեսով հողամասը հանրային գերակա շահ է ճանաչվել։ Որոշման հավելվածում պատկերված հատակագծի եւ արբանյակից արված լուսանկարների համադրությամբ պարզում ենք, որ գերակա շահ ճանաչված տարածքն ընդգրկում է ինչպես կասկածելի հանգամանքներում սեփականաշնորհված մայթի տարածքն ու հողամասը, այնպես էլ հարակից ավտոտնակների եւ անկանոն շինությունների զբաղեցրած հողամասը։ Կառավարության նշված որոշմամբ՝ պետության կարիքների համար հողամասը պետք է օտարվեր «Էն դաքսի» ՍՊԸ-ին, որը երեք տարվա մեջ պետք է կառուցեր բազմաբնակարան բնակելի շենք։ Այս ծրագիրը կյանքի չի կոչվել։

Տարածքի բնակիչների խոսքով, ցանկապատված հողամասը վերջին տարիներին օգտագործվել է որպես վճարովի ավտոկայանատեղի: Սակայն, «Հետքի» հարցմանն ի պատասխան, Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ այս հասցեում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարող գրանցված չէ: Այսինքն՝ ավտոկայանատեղիի համար գանձվող գումարներից հարկ չի վճարվում։

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սուրեն Արծվունուց ցանկապատված մայթի վերաբերյալ, սակայն նա չարձագանքեց սոցցանցի իր էջին ուղղված մեր նամակին։ Այլ միջոցներով նրա հետ կապ հաստատել չի հաջողվել։ 

2025 թվականի նոյեմբերի 27-ին «Հետքը» հարցում է ուղարկել նաև Երևանի քաղաքապետարանին: Խնդրել էինք տրամադրել տարածքի բարեկարգման պլանը և հարցրել էինք՝ արդյոք նշված տարածքը մայթի հետ միասին ներառված է դրա մեջ: Երևանի քաղաքապետարանը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, 69 օր անց պատասխանել է հարցմանը։ Օրենքով գրավոր հարցումներին պետք է պատասխան տրվի առավելագույնը 30 օրվա ընթացքում։ Երևանի համայնքապետարանը հարցման պատասխանի մեջ անդրադարձել է միայն Մհեր Մկրտչյան փողոցի մայթին։ Քաղաքապետարանը հայտնել է, որ Դեղատան ու Մհեր Մկրտչյան փողոցների խաչմերուկում գտնվող հողատարածքը համայնքի սեփականություն չի հանդիսացել, այն 2003 թվականից պատկանում է Սուրեն Արծվունուն, հավելելով, որ նշված հողամասի հետ կապված այլ տվյալներ չեն հայտնաբերվել: Քաղաքապետարանը նշել է, որ «Մհեր Մկրտչյան հասցեում համայնքային հողի վրա կառուցված ինքնակամ ցանկապատը 2025 թվականի դեկտեմբերին կառուցապատողը ապամոնտաժել էր և իրականացվել էին մայթի բացազատման աշխատանքներ»: Փաստացի այս աշխատանքները մեկնարկվել են «Հետքի» հարցումից հետո։ Քաղաքապետարանի հաղորդմամբ Սուրեն Արծվունին դրանից հետո նորից է փորձել միջոցառումներ ձեռնարկվել մայթի սահմանազատման ուղղությամբ, սակայն նախաձեռնման փուլում դրանք կասեցվել են: 

Երևանի քաղաքապետարանը այդպես էլ չի մեկնաբանել Դեղատան փողոցի մայթի՝ կից հողամասի հետ ցանկապատված լինելը, կամ Դեղատան փողոցի մայթի՝ բարեկարգման ծրագրում ընդգրկված լինելու կամ չլինելու հանգամանքը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter