HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ճապոնիայի իշխող կուսակցությունը պատմական հաղթանակ է տարել արտահերթ խորհրդարանական ընտրություններում

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրություններում հաղթել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է վարչապետ Սանաե Տակաիտին։ Այդ մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ 

Ինչպես իր հերթին նշում է Reuters-ը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է խորհրդարանի 465 մանդատներից 316-ը, ինչը դարձել է կուսակցության պատմության լավագույն արդյունքն ու 64-ամյա Սանաե Տակաիտիի մեծ հաղթանակը։

Ճապոնիայի առաջին կին վարչապետն ավելի վաղ պնդում էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին։ Պատճառն այն էր, որ 64-ամյա Տակաիտին 2025 թվականի վերջին իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնն ստանձնելուց հետո ունի մեծ հեղինակություն։ 

Ընտրություններին մասնակցել է 1284 թեկնածու։ Նրանք պայքարում էին պատգամավորական 289 մանդատի համար, որոնք որոշվել են մեծամասնական ընտրակարգով, իսկ 176 մանդատ բաշխվել է համամասնական ընտրական համակարգով՝ կուսակցությունների ցուցակներով։

64-ամյա Սանաե Տակաիտին Ճապոնիայի վարչապետի պաշտոնում նշանակվել է 2025 թվականի հոկտեմբերին։ Դրան նախորդել էր Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Սիգերու Իսիբայի կամավոր հրաժարականը։ Լրագրողների կարծիքով՝ նրա հեռանալը կապված էր 2024 թվականի ընտրություններում կուսակցության պարտության և ներկուսակցական պառակտման հետ։ 

Տակաիտին հայտնի է իր աջ հայացքներով։ Նրան անվանում են «կոշտ պահպանողական, ազգայնական» և Շինզո Աբեի քաղաքական իրավահաջորդը, որն սպանվեց 2022 թվականին՝ վարչապետի պաշտոնը թողնելուց հետո։ Ավելի վաղ, Տակաիտին երկու անգամ զբաղեցրել է ներքին գործերի և հաղորդակցության նախարարի պաշտոնը։

Ստանձնելով կառավարության ղեկավարի պաշտոնը՝ Սանաե Տակաիտին խոստացել էր վերանայել Ճապոնիայի քաղաքականությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում, ուժեղացնել երկրի հարձակողական ռազմական հնարավորությունները, վերացնել սպառազինությունների արտահանման արգելքն ու, ընդհանուր առմամբ, հեռանալ պացիֆիստական սկզբունքներից, որոնց Ճապոնիան հավատարիմ էր Երկրորդ համաշխարհային պատերազմից ավարտից ի վեր: Բացի այդ, Տակաիտին աջակցում է ներգաղթյալների նկատմամբ Ճապոնիայի օրենսդրության խստացմանը։ 

Ճապոնիայի առաջին կին վարչապետն իրեն հաճախ անվանում է ճապոնական «երկաթե լեդի»՝ համեմատականներ անցկացնելով Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի հետ։ Ճապոնիայի վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո նա կարողացել է սերտ կապեր հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և Պեկինի կողմից քննադատության արժանացել Թայվանի վրա Չինաստանի հնարավոր հարձակման մասին իր հայտարարությունների համար:

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter