Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով և բացակայելու արգելքով։ Այսօր՝ փետրվարի 6-ին, Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց խափանման միջոցի փոփոխության մասին Միքայել Աջապահյանի պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը։
Միքայել Աջապահյանը 2025-ի դեկտեմբերի 26-ին վիրահատվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Նրա պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ հայտնելով, որ Աջապահյանի առողջական վիճակը համատեղելի չէ կալանքի հետ։
Հիշեցնենք՝ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին Միքայել Աաջապահյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։ Նա հունիսի 28-ից կալանավորված էր, և դատարանի որոշմամբ՝ Աջապահյանը շարունակում էր մնալ կալանավորված՝ մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեղավոր էր ճանաչել Միքայել Աջապահյանին Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով կատարված արարքի համար։ Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ։
Միքայել Աջապահյանի պաշտպանները բողոք էին ներկայացրել Վերաքննիչ դատարան։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել